Շուշանիկ ԹԱՄՐԱԶՅԱՆ

Վերջինը

14․02. 2023

                             ք. Ծաղկաձոր 

                               Հորեղբորս՝ Սմբատին 

Թվում է՝ արդեն վերջացած է

ամեն ինչ,

Ու բառերս նորից ծանոթ

արահետն են փնտրում,

Անտառը եկել է, նայում է

ուղիղ աչքերիս,

Ճնճղուկներն արծաթե զգեստն են

կարկատում.

-Ես այն կվերցնեմ ինձ հետ

դանդաղ հեռացող վերելքների

համար,

որ խորտակվում են հիշողության

անտառներում:

 

Գունատ առավոտ

Գունատ առավոտ. ես հերթով հավաքում եմ

իրերը գրասեղանից… 

Ես հրաժեշտ էի տալիս աշխատասենյակիս,

Ու պարզվեց՝ իսկապես, վերջինն էր հրաժեշտը…

Գիշերը շղարշե շորերով

եկել էր զգուշացնելու, թակել էր պատուհանս:

Ես դուրս էի եկել պատշգամբ

ու երկար նայել էի

կապտած աստղերին,

փորձել էի վերծանել շղարշե լեզուն,

որ փաթիլե ճյուղերով

անվերջ հոսում էր ներքև

-Չէ՛ր ստացվել:

Գունատ առավոտ. ես հերթով հավաքում եմ

իրերը գրասեղանից…

Ես հրաժեշտ էի տալիս աշխատասենյակիս,

Ու պարզվեց՝ իսկապես, վերջինն է հրաժեշտը:

Հորեղբայրս սպիտակ արահետներով

հեռանում էր ինձնից:

Շունչը պահել էր անտառը,

Մանուկ արևը հերթով

արթնացնում էր ոսկեփորիկներին:

 

Քամին                                            

Դատարկ խոռոչներ՝ բառերի փոխարեն:

Քամին գիշերից մի խուրձ

հողմածաղիկ է պոկել ու

լցրել իմ պատշգամբ:

Ու սիրելի է ինձ թերթիկների

քամոտ ցրվածությունը,

մինչ ներսում չհնչող լարերի

տագնապն իր ցատկող վերելակներն է

փորում:

 

Դատարկ խոռոչներ՝ բառերի մետաքսե

սահանքի փոխարեն:

Ու անտառն ինձ մետաքսե թաքուն

զգեստներ է նվիրում

Հրաժեշտի կապույտ խարույկների

համար:

 

Կյանքը՝  սանտիմետրերով

Ճնճղուկը լույսի հասկերն է կտցում

պատշգամբիս սառած սալիկներին:

Ու ամեն առավոտ ինձ մի քանի

սանտիմետր կյանք է նվիրում:

Հնչյունները լռություն են ուխտել՝

հագցված մետաղյա զսպանակներին,

Ու բառերս ժպտալով ճեմում են

բա՜րձր, բարձր բազրիքներին:

 

Հողմածաղիկ

Անտառը կախարդել էր քամիներին:

Ու աստղերը հերթով կախել էր

նոճիների կատարներից՝

կարծր, սուր-սուր եղունգներով:

Ես դուրս էի եկել պատշգամբ,

Մթության մեջ փնտրել էի

փախուստների պսպղուն աղվեսներին…

ու հեռվում՝ աղոտացող մի դիմագիծ:

Ու քամին ինձ նվիրել էր

երեք կարմիր հողմածաղիկ:

 

Պայտեր փաթիլե բառերի համար                        

Լույսի փչակում պահ մտած

հնչյուններ,

մինչ բազմապատկվում են

ոլորանները,

Ու ձյունոտ լապտերներ ինձ

օտար մի պատմություն են պատմում

այլևս լռող արահետին:

Ինչ-որ տեղ արծաթե մուրճիկը

մեծ ու փոքր պայտեր է

հագցնում բառերին:

Մի՞թե, մի՞թե վերջնական է

մետաղյա այս անշարժությունը:

Ընտրվել են անթերի կաղապարներ:

Կեսգիշերը հռչակել է պայտառի

խրախճանքներ:

Թիթեղյա սարյակները լաց են լինում

մոխրագույն արցունքներով:

Լույսի փչակում պահ մտած

հնչյուններ…

 

Մեկնումների ձմեռը

Եկավ մեկնումների ձմեռը,

Երկար սպասված մեկնումների,

Ու մենք փակվեցինք մտքի

ճերմակ անտառներում:

Ուղեվարը քուն էր մտել,

ու սկյուռիկն էր ճյուղից ճյուղ

գծում տարանցիկ արահետներ:

Մոլորվել էր ձյունը:

Ու բարձրաբուն մի լռություն

երկար, երկար

իջնում էր հոգնած մեր

դեմքերին:

 

Պարահանդես բացակա թագուհիներով

Դատարկ տանը ժամերը

պարահանդես են հայտարարել

ու կախել լռության մարգարիտներ

հոգնած առաստաղներից:

Մի ամբողջ հետկեսօր

լույսի ժապավենները

շրջել են սենյակներով

ու ընտրել բացակա թագուհիներ:

Ծաղիկները դրսում եղել են

ցրված ու արևոտ:

-Մեզ միայն լռության

արահետներն են մնում,

որ դանդաղ պարպում են իրենց հեռվում:

Ես սառած փեղկերը զարդարել եմ

չսպիացող իմ բառերով:

 

Անշարժության աճպարարները

Տխրությունը վաղուց լքել է քաղաքը:

Շատրվանները փակվել են իրենց ներսում:

Ու մնում են դատարկ ջրափոսեր:

Լռության ցախավելները հոգնած

մայթերից քշում են ճնճղուկներին:

Ես չգիտեի, որ պողպատե փշալարերը

մի օր իջնում են քաղաքի կոկորդին,

ու զանգակները ցնցվում են ցավից

ամեն անգամ:

Այդ քաղաքը իմ մեջ է՝ ճնճղուկներն են

ասում,

Ու ես ստիպված եմ վարժվել

պողպատե ճռնչյունին՝ ներսում:

Ինձ ասում են, որ դրանք հնչյուններ են,

Ու ես մտքում երկար փնտրում եմ

պայտառին:

Ո՛չ, հեքիաթ չեն կապույտ, նկարեն

պատշգամբները,

Ու հնչյունների սահանքը, որ

ծնվում էր այնքան թեթևորեն…

Հիմա անշարժության աճպարարները

փոխել են վարագույրները…

Ծաղկավաճառը պայտած հեքիաթների

Շարաններ է կապում փողոցի ծայրին:

Ճնճղուկներն ինձ ամեն օր

բարի ճանապարհ են մաղթում:

 

 

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։