ՄԱՆԱՍԵ

***
Փողոցների վրա երթևեկն է սառել,
ու քաղաքն է ստում, թե լռել է,
սալարկներին սմբակների զարկեր,
շրջադարձի ծայրին
նախրահոտն է ելել:

Մայր փողոցն ի վար` ոլորանի վրա
ելել ու երերում է սովորական նախիր,
ու քաղաքը, որ արձագանքել գիտեր
բեռնատարի բառաչ` ստում է,
թե լռել է:

Ցասկոտ ցայտեցնում են
մայթեզրի ցեխեր,
ու փնչում են` բոթբոթելով իրար,
ինչպես մոտենալիս լինեն մորթանոցի,
սոթք են տալիս կճղակները-ասես
մեկը բոթի նրանց դեպի բաղնիք:

Չխենթանալու համար, որ
ես նրանց մեջ եմ,
ու գրոհն է նստել եղջույրներիս –
բառաչում եմ` կանգ առ, գռեհ,
գոհ կլինեմ, եթե ինքս լինեմ զոհը:

Սալարկների վրա, ուր
փողոցն է թեքվում,
շուռ է գալիս դեպ ինձ խառնահոտը
խրտնած,
ու դառնում է աղերս
վառվող մայրամուտում
փոշու միջից խնդրող բառաչյունս.

– Հորիզոնի ետև վերջալույսը այլ է,
թող սա լինի վերջին ընդվզումը,
միևնույն է, մենք չենք պատմությունը
փոխում,
այլ մեր գլխին կարգված մեր իսկ
նախրա – հայրը:

***
Կոփված կռներով ասես կոթող
ռամիկներին, որ կարող են նրանք
հավերժանալ որպես ամբոխների գրոհ,
սովորեցրին ինձ էլ նայել ապագային
պայծառորեն- ու չմարող աչքով լողալ
հազարավոր մղոն թողած ներկան –

բայց ինձ համար էլի մորմոքողը մնաց,
թե ինչպե՞ս են պոետները
ծակվում մորֆի,
ի՞նչ լքումից մղված ու
ի՞նչ ցավից ներքին,
որ կարող են թմրության մեջ լողալ,
և մոռացած ներկան, և ապառնի ծովեր,
ինձ տանջել է, որ չի հասել
նրանց քիմքին`
ի՞նչ համ ունի քունը-

երբ թմրել են ու արթնացել
ասեղների վրա,
չե՞ն զարմացել` ի՞նչ են այդքան հղկել
մասսաների համար`
նրանց կոփված երազանքին
ի՞նչ փայլեր են բերել, թե՞ կարծել են էլի
երազող ենք ծնվում ենք ի բնե,
ու չգիտեն մարդիկ`
մասսայական ախտից
խելագարվել:

***
Սահմանին զոհված մեր
որդիներին
Դագաղին փռված դրոշ,
քեզ վրա խոնարհված սուգն ես
հպարտությամբ սնել –
բայց ինքդ դաղվել ես կորստի ցավից,
ինչքան էլ դագաղը դարձնես սիմվոլ:

***
Բողոքել եք գուցե
մռայլությունից տեսքիս,
ու երևի նմանություն տեսել.- Ասես լինի
թավջութակի բողոք:
Իսկ ի՞նչ բանի կուզեիք համեմատել,
երբ ինձ` թավջութակի pizzicato`
ձեր գորշության մատների տակ
կսմթել եք:

***
Դելփյան գունատությունը որ գրքերիս է,
ես չեմ վստահի գրավաճառին,
նա գրքեր ունի` թոքախտավոր են
իրենց բացիլից` ինչպե՞ս վաճառվել:

Ու նա չգիտի տարբերել մի բան`
նրանք որ Մահից հիվանդանում են,
գունատ են դելփյան ուխտավորներից,
ու ինչքան էլ գոհ գրավաճառվենք,

չգրված Գիրն է որ անվաճառ է:

***
Եթե չգիտեմ` ձեռքս մասունք է,
պատճառը – որ դեռ չեմ մեռել:
Սրսունք է փշրվում սովորական բառից,
երբ այն սահում է իմ ձեռքից…:

Հիսուս ուր ծնվեց` մսուրք էր,
ոտքերս ի սպաս պաշտմունքի,
նախապատմական մասնատուրք
պալատը` փարախին պիտի տա:

Եթե չգիտեք` այդպես է,
պատճառը – որ դեռ ապրում եք,
չգիտեք` փտում են ապրելիս,
ու կան մեռյալներ` անփուտ են:

***
Քամին ձյան վրա ճանկռում է աքսոր,
որով ձմռան օրերը պիտի գան ու անցնեն,
հալչող ձյուների մեջ փողոցի լացն է,
որ հոսում է սալարկներով ոնց որ արցունք:

Լուսաբացից առաջ սսկվում է բուքը,
ու տողերիս համար տեղ է մաքրում ձյունից,
բաց ու խուփ են լինում ճռռոց դրած`
դռները դեռ չգրած քառատողի:

Մինչ տողերի մայթի երկարությամբ
չգան ու չանչ չանեն ձմռան ագռավները –
դուռը ես չեմ բացի որ ներս մտնեմ
ճերմակ թղթից դեպի… քառատողը:

One thought on “ՄԱՆԱՍԵ

  1. Իմ սրտից է բանաստեղծը խոսում: Արաջին անգամ է կարդում եմ Մանասեից:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։