ՄԻ ՀՐԱՊԱՐԱԿՄԱՆ ԱՌԻԹՈՎ / Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ

Անհամբերությամբ եմ սպասում յուրաքանչյուր ուրբաթ օրվան, երբ ձեռքիս տակ կունենամ հարազատ «Գրական թերթ»-ի հերթական համարը: Այս անգամ առավե՛լ ևս, մանավանդ, որ առաջին էջում («Գ.թ.», թ. 14, 5.05.2017) կարդացի աչքի ընկնող «Մուշեղ և Մամիկոնյաններ» խորագիրը: Սպասելի էր, որ հոդվածում ներկայացված լինեն Մամիկոնյան տոհմի անցած արգասաբեր ուղին, հայոց պատմության մեջ ունեցած կարևոր դերը թերևս նաև Մամիկոնյաններ-Թումանյաններ առնչակցությունը: Բայց…
Հոդվածի ատաղձը հիմնականում քաղված լինելով Րաֆֆու վիպասանությունից՝ առանձին նկատումների հավելումով փորձ է արված ներկայացնել Մամիկոնյան տոհմի ներկայացուցիչներին՝ իրենց գործած կամ չգործած եղերական մեղքերով (սպանություններ, վրեժխնդրություններ, դավաճանություններ և այլն), կամ նրանց վերագրել հատկանիշներ, արարումներ, որոնք բան չեն ավելացնում իմացությանն ու գեղարվեստականությանը: Ահավասիկ. «Մանվելի ժամանակ կար մի թուլակամ, անհայտ ծագումով արքա՝ Վարազդատը, որին նա հեշտությամբ ջախջախեց, դուրս քշեց Հայաստանից», «Մուշեղի պես յուրայինի դավադրության զոհ դառնալը. նա պետք է ընկներ հարազատ որդու՝ Սամվելի սրով խոշտանգված», «իր հորեղբայրն ու Մերուժանը նպատակ ունեն գերեվարել անհնազանդ նախարարների ընտանիքների կանանց ու երեխաներին», «իր ընտանիքը թողնելով բախտի քմահաճույքին՝ փախել էր: Համազասպուհու սոսկալի մահը հենց նրա վախկոտության հետևանք էր», «Այնուհետև Մանվելը Մուշեղին նենգ սպանության համար վրեժ է առնում Վարազդատ թագավորից», «Նիզակով հարվածեց նրա բերանին: Մանվելը բռնեց նիզակից, նրանից պոկելով իր թշովն անցկացրեց, որի ժամանակ շատ ատամներ կոտրեց և նիզակը թագավորի ձեռքից խլեց», «Մանվելի բանակում եղած կանայք, երբ Մերուժանի գլուխը տեսան, մեծ ճիչ ու աղաղակ բարձրացրին, որովհետև կարծեցին, թե այս գլուխը Սամվելինն էր…», «Մուշեղը Պապ թագավորի ժամանակներում աչքի էր ընկնում նաև դաժանությամբ: Հայր Մարդպետի դատաստանը սահմռկեցնող էր… Այնտեղ էլ սատկեց: Մյուս օրն էլ գնացին տեսան, որ ցրտից գլխի ուղեղը քթից դուրս է թափվել» և այլ սահմռկեցուցիչ և տաղտկալի իրողություններ, լցնելով թերթի 1,5 էջ բռնող ողջ հոդվածը: Դրանում բերվում են տվյալներ, արվում հարցադրումներ, որոնք հայեցողական են, ոչինչ չեն տալիս տոհմի իմացությանը, ճանաչմանը, ինչպիսիք են հետևյալները. «ոչ մի տեղ չի ակնարկվում Մամիկոնյանների շեղաչք լինելու մասին: Նույնիսկ Սամվելը նման էր քեռուն՝ Մերուժան Ամատունուն», «Գարեգին իշխանին Րաֆֆին դուրս էր բերել քաջարի մեկը, որ որսատեղում լինելով չի կարողացել իր ամրոցն ու կնոջը պաշտպանել», «Մինչև Հայաստան հասնելու այդ դաժան ճանապարհին եղբայրներից Կոմսը, օրական 52,5 կմ քայլելով շալակած է բերում ոտքի ահավոր ցավ ունեցող եղբորը», «Մանուելը նիզակի տեգը ձեռքին բռնած՝ նիզակի կոթովը ծեծում էր Վարազդատ թագավորի կառափը, և այսպես քշում էր չորս ասպարեզ (մոտ 230 մ)» և այլն:
Եվ զարմանալիորեն քանիցս հիացմունքով է արտահայտվում իր այդ նկատումների վերաբերյալ («Ի՜նչ հրաշալի նյութ. չինացի կինեմատոգրաֆիստները ո՜նց կնկարահանեին սա», «Ժամանակակից «ադրենալինային» կինոյի ի՜նչ նյութ…»):
Փաստորեն Րաֆֆու գեղարվեստական ստեղծագործություններից քաղվածքներ կատարված մեջբերումները փորձ է արվել դարձնել Մամիկոնյան տոհմի իմացության աղբյուր, ինչը հանգեցրել է դժգույն արդյունքի: Իրավ է, որ գեղարվեստական ստեղծագործության հիմքում կարող են լինել պատմագիտական իրողություններ, սակայն գեղարվեստական ստեղծագործությունը (ինչպիսին Րաֆֆու վեպն է) չի կարող հիմք դառնալ պատմագիտության համար:
Ի՞նչ է տալիս այսօր «Մուշեղ և Մամիկոնյաններ» հոդվածի ողջ ծավալը բռնող տոհմի ներկայացուցիչների «մեղքերի» այդ շարանը: Դրանք Րաֆֆու վիպասանության ընդհանուր կոնտեքստում արտառոց չեն դրսևորվում, սակայն կտրված միջավայրից և ներկայացված մեկուսի, ոչինչ չեն տալիս Մամիկոնյան տոհմի իմացության և կատարած դերի վերաբերյալ, ավելին՝ անիմաստ և տխուր տպավորություն են թողնում: Այդ ամենը միայն երկրում միասնականության և համերաշխության բացակայության մասին են ասում, ինչի հետևանքով հայերս շատ ենք տուժել: Հայաստանն առավելապես գտնվելով օտարերկրյա պետությունների գերիշխանության ներքո, ապրել է անհամեմատ կարճատև պետականության կյանքով: Աղբյուրներում հաճախ կարելի է հանդիպել ցավալի մտքի, որ հայերն իրենց անհամերաշխությամբ և անհանդուրժողականությամբ ավելի շատ են վնասել միասնական պետության կազմավորմանը, քան թե՝ օտարները:
«Գրական թերթ»-ի նույն համարում կա նաև Ս. Խանյանի հոդվածը (Բ. Կարապետյանի «Շուշեցու հիշատակարանը» պատմավեպի վերաբերյալ), որտեղ հեղինակը նշում է. «Ինչքա՜ն ազգօգուտ կլիներ եթե հայ ժողովրդի համար այդ ճակատագրական ժամանակներում հայ քաղաքական ուժերը միասնաբար մարտնչեին մեր հին ու նոր թշնամիների դեմ, երևի չկորցնեինք Նախիջևանը, Հյուսիսային Արցախի հայաշունչ տարածքները…»: Ցավոք, այդ միասնությունն ու համերաշխությունն այսօր էլ բացակայում է: (Մեր այս փոքր հանրապետությունում ստեղծվել են մեծաթիվ «հայ քաղաքական ուժեր»՝ երկրի քաղաքական, սոցիալ-տնտեսական և այլ խնդիրների վերաբերյալ իրենց առանձին մոտեցումներով: Շատերի մոտ ձգտումը ոչ թե երկրի և ժողովրդի շահերն են, այլ՝ նեղ անձնական-անհատականը):
Հովհ. Թումանյանի բարեկամ Մարգար Ավետիսյանը տեղեկացնում է, որ Թումանյանը հավանում էր Րաֆֆու նկարագրությունները, գնահատում նրա վառ երևակայությունը, հարուստ լեզուն, միաժամանակ գտնում էր, որ «երբ Րաֆֆին անցնում է տիպերի, այստեղ նրա գրիչը թույլ է, որովհետև դավաճանում է իրականությանը…»: Բերում է այդ մասին Թումանյանի կարծիքը. «Վա՜հ, էս տեսակ էլ սպանություն կլինի՞, որ կատարել է տալիս Րաֆֆին.- «…ահա այն սուրը, որը սպանեց դավաճան հորը, կսպանի և ուրացող մորը…»: Որտե՞ղ է ծնողասպան որդու հոգեբանությունը: Մի տես Շեքսպիրը մինչև մի մարդ է սպանել տալիս, որքան է կանգ առնում բացատրելու սպանողի հոգեբանությունը…»:
Չծանրանալով պատմագիտական աղբյուրների ընձեռումների քննության վրա, նկատենք, որ Մամիկոնյան նախարարական տոհմը դրսևորվել է իշխանության հանդեպ իր հավատարմությամբ և կենտրոնամետ քաղաքականությամբ Հայոց պատմության մեջ փառահեղ շատ էջեր է գրել՝ նշանակալից դեր կատարելով երկրի սոցիալ-տնտեսական, ռազմաքաղաքական կյանքում: Հատկապես մեծ է եղել տոհմի ներդրումը երկիրն արաբական ուծացումից զերծ պահելու գործում: Լոռու X-XII դդ. հուշարձանների զգալի մասը Մամիկոնյանների շինարարական-բարեգործական գործունեության արդյունք է, որ ծավալվել է հատկապես Դսեղում և մերձակայքում: Փաստական նյութի և պատմագիտական ընձեռումների վրա է հիմնված այն, ինչ գրել է Հովհ. Թումանյանը Մամիկոնյանների մասին. «Նրանք ճանապարհներ շինեցին այդ ահռելի ձորերում, կամուրջներ կառուցեցին «գիժ» Ձորագետի վրա, հուշարձաններ ու աղոթարաններ կանգնեցրին… Որ կողմը դառնաս, որ կողմը նայես՝ ամեն մի նշան ցույց է տալիս նրանց հետքը, ամեն արձան նրանց մասին է խոսում» (Հովհ. Թումանյան, ԵԼԺ, հ. 6, Ե., 1994, էջ 93):
«Մուշեղ և Մամիկոնյաններ» հոդվածը, կարծում ենք, անհամատեղելի է ճանաչված և վաստակաշատ հրապարակախոս, գրող Ալիս Հովհաննիսյանի գրչին, նաև անհարիր՝ գրական-գեղարվեստական առումով բարի համբավ վայելող և բարձր համարում ունեցող «Գրական թերթ»-ին:

Գառնիկ ՇԱԽԿՅԱՆ
ՀՀ գիտության
վաստակավոր գործիչ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։