ՀԳՄ – ՀՀ ՄԱՐԶՊԵՏԱՐԱՆՆԵՐԻ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ ՊԱՇՏՈՆԱԿԱՆ ԱՐՁԱԳԱՆՔՆԵՐ

ՀԳՄ նախագահ
պարոն Էդ. Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան
Ի պատասխան ՀՀ Արմավիրի մարզպետարան հասցեա­գրած Ձեր 28.01.2014 թ. թիվ ԳՄ-6 գրության, տեղեկացվում է, որ մարզպետարանը ողջունում է Ձեր առաջարկը և պատրաստակամություն հայտնում համագործակցելու Հայաստանի գրողների միության հետ` ներկայացված ծրագրերի և միջոցառումների շրջանակներում:

Հարգանքով՝ Ա. ՂԱՀՐԱՄԱՆՅԱՆ
ՀՀ Արմավիրի մարզպետ

***
ՀԳՄ նախագահ
պարոն Էդ. Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան
Գրական-մշակութային կյանքի բարելավմանն ու աշխուժացմանն ուղղված միջոցառումների ծրագիրը քննարկվել և արժանացել է հավանության:
Միաժամանակ տեղեկացնում ենք, որ 2013 թ. ընթացքում ՀԳՄ Արարատի «Պարույր Սևակ» մասնաճյուղի և մարզային գրադարանի հետ համատեղ իրականացվել են Հ. Դադամյանի «Իմ սերը պետք է ծնվի ապտակից», Հ. Բժշկյանի «Բանը» բանաստեղծական ժողովածուների, Յու. Պետրոսյանի «Պարույր Սևակ» մատենագիտական աշխատության, «Բարի երազս ձեզ, սիրելինե՛ր» հանրագիտակի, «Արարատ» ալբոմի, Վ. Սաղաթելյանի «Ճաքած հայելի» գրքի շնորհանդեսները:
Մատաղ սերնդի մոտ գրքի ու գրականության նկատմամբ հետաքրքրություն առաջացնելու նպատակով կազմակերպվել են «Խոնարհվի՛ր գրքին, որ այն քեզ բարձրացնի» նշանաբանով ընթերցանության մրցույթ-փառատոն, «Լեզու և հայրենիք» խորագիրը կրող, ինչպես նաև Պ. Սևակին և Հ. Սահյանին նվիրված պոեզիայի փառատոներ:
Սկսնակ և երիտասարդ գրողներին աջակցելու նպատակով 2015-17 թթ. միջնաժամկետ ծախսային ծրագրով նախատեսվել է նրանց ժողովածուների կամ տարեգրքի հրատարակումը:

Հարգանքով՝ Ա. ՎԱՐԴԱՆՅԱՆ
ՀՀ Արարատի մարզպետարանի
աշխատակազմի ղեկավար

***
ՀԳՄ նախագահ
պարոն Էդ. Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան
Հայտնում եմ, որ ՀԳՄ Շիրակի մարզային բաժանմունքը միշտ էլ եղել և մնում է Գյումրու քաղաքապետարանի հոգածության և ուշադրության շրջանակներում, այսուհետև ևս բաժանմունքի կողմից կազմակերպվող կարևորագույն միջոցառումները հնարավորության սահմաններում կֆինանսավորվեն Գյումրու քաղաքապետարանի կողմից:

Հարգանքով` Ռ. ՍԱՆՈՅԱՆ
ՀՀ Գյումրի համայնքի ղեկավարի տեղակալ

***
ՀԳՄ նախագահ
պարոն Էդ. Միլիտոնյանին

Հարգելի պարոն Միլիտոնյան
Գոհունակությամբ ծանոթացանք Ձեր նամակին և մեր շնորհակալությունն ենք հայտնում մարզերի գրական-մշակութային կյանքի բարելավմանն ու աշխուժացմանն ուղղված ՀԳՄ վարչության կողմից մշակված միջոցառումների ծրագրի վերաբերյալ, հավաստիացնելով, որ մարզպետարանը բոլոր հնարավոր միջոցներով կաջակցի այդ խնդիրների լուծմանը:
Համոզված ենք, որ ծրագրի իրականացումը էապես դրականորեն կանդրադառնա մեր սահմանամերձ մարզի գրական կյանքի ակտիվացման գործընթացի վրա:
Սիրով հրավիրում ենք Ձեզ Տավուշի մարզ` ավելի մոտիկից ծանոթանալու առկա խնդիրներին և նախանշելու դրանց իրականացման հետագա համատեղ քայլերը:

Հարգանքով՝ Ա. Ղուլարյան
ՀՀ Տավուշի մարզպետ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։