Ռումինահայ պատվիրակությունը ՀԳՄ-ում
Ապրիլի 4-ին, Հայաստանի գրողների միությունում ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն ընդունեց ռումինահայ գործարար և ստեղծագործ մտավորականների պատվիրակությանը` ռումինահայ ճանաչված գրող և հասարակական գործիչ Վարուժան Ոսկանյանի գլխավորությամբ: Կողմերը զրուցեցին գրական-տնտեսական հարցերի շուրջ, քննարկեցին Ռումինիայի և Հայաստանի գրական կազմակերպությունների հետագա համագործակցության մի շարք ծրագրեր: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը հյուրերին համառոտակի ծանոթացրեց Գրողների միության հիմնական գործառույթներին, խոսեց հայաստանյան գրական դաշտում առկա խնդիրների մասին: Իր հերթին, Վարուժան Ոսկանյանը ներկայացրեց Ռումինիայի գրողների միության հանդեպ Ռումինիայի պետական մարմինների աջակցության ծրագրերի փորձը՝ խոստանալով այդ ամենն առավել հանգամանորեն ներկայացնել ՀԳՄ-ին:
Հայ բանաստեղծների գործերը հեռարձակվել են գերմանական ռադիոյով
Փետրվարի 22-ին Գերմանիայի Բավարիայի մարզի «Բլաու» ռադիոկայանի գրական հաղորդումների բաժինը եթեր է հեռարձակել Սևակ Արամազդի, Մանվել Միկոյանի, Վաչե Պետրոսյանի և Հարություն Հովակիմյանի բանաստեղծությունների շարքերը: Ինչպես տեղեկանում ենք ռադիոկայանի տնօրեն Դիթեր Կալկայի՝ հեռարձակմանը համաձայնություն տալու մասին նամակից, այս հեղինակների գործերը թարգմանել է Բիթնա Վյուրմանը:
Գերմանիայում բնակվող հայ բանաստեղծ Սևակ Արամազդը օրերս տեղեկացրեց, որ հաղորդումը վերահեռարձակվել է նաև Պոեզիայի համաշխարհային օրվա առթիվ` մարտի 23-ին:
Հայ գրողների ստեղծագործությունները տպագրվել են Գերմանիայի «Բավուլոն» գրական հանդեսում
Գերմանիայում հրատարակվող «Բավուլոն» (BAWULON) գրական հեղինակավոր հանդեսի 2018 թվականի 4-րդ համարում հատուկ բաժին է հատկացվել ժամանակակից հայ գրականությանը` այդ երկրում բնակվող բանաստեղծ Սևակ Արամազդի «Ժամանակակից հայ գրականություն» վերտառությամբ նախաբանով:
Հայ գրողները ներկայացվել են «Աշխարհն ու նրա բանաստեղծները» ընդհանուր խորագրի ներքո, որտեղ տպագրվել են նաև այլ երկրների գրողների գործեր:
Հանդեսում տպագրվել են Սևակ Արամազդի, Մանվել Միկոյանի, Վաչե Պետրոսյանի և Հարություն Հովակիմյանի բանաստեղծությունների շարքերը, ինչպես նաև Աննա Քոչարյանի արձակ գործը:
Հանդեսը ներկայացվել է Լայպցիգի գրքի ցուցահանդես-տոնավաճառում: