Հոկտեմբերի 6-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ մանկագիր Ֆիրա Ակյանի «Հեքիաթներ» (առաջին հատոր) ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանը, ներկայացնելով ամերիկահայ արձակագիր, բանաստեղծ, երգահան, տիկնիկագործ, նկարիչ Ֆիրա Ակյանին, խոսեց մանուկների հետ նրա բարեկամության մասին: «Եթե մարդ մանկագիր չի ծնվել, չի կարող գրել, ինչ էլ որ անի: Հոգեբանությունդ այդպիսին պիտի լինի: Մանկության շունչը պիտի երեխայի հետ քայլի նույն ճանապարհով, նույն հոգեբանությամբ»,- ասաց նա: Ապա անդրադառնալով Ֆ. Ակյանի «Հեքիաթներ» ժողովածուի առաջին հատորին, որտեղ ամփոփված են հեքիաթներ նախորդ գրքերից, դրանք բնորոշեց իբրև սրամիտ, հետաքրքիր պատմություններ, որոնք սիրելի են մանուկներին: «Ամերիկայում փորձում է իր ուսերին պահել հայ մանկագրության ծանր լուծը»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և Ֆիրա Ակյանին պարգևատրեց «Գրական վաստակի համար» մեդալով:
«Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն Անուշ Վարդանյանը, ով նաև վարում էր շնորհանդեսը, ընդգծեց, որ Ֆ. Ակյանն այսօրվա խառնաշփոթ ժամանակներին հակադրվում է իր հեքիաթներով, որոնց հերոսները ընկալելի, մարդկային, բնության, Աստծու ստեղծած կենդանիներն են, որոնք դառնալով մարդկային զգացմունքներ արտահայտողներ` օգնում են երեխաներին պատկերացնել իրենց շրջապատող աշխարհը:
Սերժ Սրապիոնյանը Ֆ. Ակյանի գրականությունը նախ և առաջ գնահատեց աշխարհագրությամբ, քանի որ ԱՄՆ-ի նման քաոսային երկրում ստեղծագործելը, որտեղ աշխարհի բոլոր մշակույթները իրենց լավ ու վատ, ընդունելի ու մերժելի կողմերով խառնվել են իրար, մաքուր հայկական խոսք բերելը, մաքուր հայկական գիրը պահպանելը հերոսություն է: Նա կարևորեց այն, որ հեքիաթներում պահպանված է հայ հեքիաթագրության կարևորագույն նորմը` չարի ու բարու հավերժական պայքարը և բարու հավերժական հաղթանակը: «Ֆ. Ակյանի գրքերը մանուկներին կտրում են այսօրվա բարձր տեխնոլոգիաների ավերող աշխարհից, նորից բերում են գրքերի աշխարհ»,- ամփոփեց նա:
Ըստ Լյուդվիգ Կարապետյանի` Ֆ. Ակյանի հեղինակած հեքիաթները, բանաստեղծությունները, երգերը, հանելուկները, ուսուցողական-դաստիարակչական ընդգծված նպատակադրումով հանդերձ, որոշակի գեղարվեստական մակարդակ ունեն, աչքի են ընկնում երեխայի ներաշխարհի հոգեբանական ընկալումների, մտածողության ճշմարտացի զգացողությամբ:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծներ Արտեմ Հարությունյանը, Հռիփսիմէն, Անահիտ Դանիելյանը, Ֆ. Ակյանի գրքերի խմբագիր Հասմիկ Բաբայանը:
Հեքիաթներից հատվածներ կարդաց Գայանե Սամվելյանը:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Ֆիրա Ակյանը: