Լեհական մրցանակ հայ բանաստեղծին

Լեհաստանի «Տեմատ»-ի գրադարան հրատարակչությունը, սեփական միջոցներով, «Արդի հայ պոեզիա» մատենաշարով Վարշավայում հրատարակել է Գագիկ Դավթյանի բանաստեղծությունների ժողովածուն՝ «Աստանդական սիրտը» խորագրով: Գիրքը թարգմանել և վերջաբան է գրել բանաստեղծուհի Կալինա Իզաբելլա Զիոլան, խմբագրել և ձևավորել է հրատարակչության տնօրեն, Լեհաստանի գրողների միության (ԼԳՄ) Բիդգոշչ-Տորունյան վոյեվոդության բաժանմունքի նախագահ, բանաստեղծ, հումանիտար գիտությունների դոկտոր Դարիուշ Տոմաշ Լեբյոդան:
Սեպտեմբերի 24-ին Բիդգոշչում կայացած պոեզիայի միջազգային սիմպոզիումում «Հայ պոեզիայի այսօրը» թեմայով Գ. Դավթյանի զեկուցումից հետո գրքի հանգամանալի վերլուծությամբ հանդես եկավ Կալինա Իզաբելլա Զիոլան: «Գագիկ Դավթյանի յուրաքանչյուր բանաստեղծություն,- կարդում ենք գրքի վերջաբանում,- ուշադրություն է գրավում, ստիպում է խորհել, մնում է հիշողությանդ մեջ: Սա շատ բարձր մակարդակի պոեզիա է: Ես անչափ ուրախ եմ, որ կարողացել եմ լեհ ընթերցողներին ծանոթացնել այս բանաստեղծություններին, որոնք, հիրավի, արժե կարդալ»:
Պոեզիայի հայերեն-լեհերեն ընթերցումներն ու ելույթներն ընդմիջվում էին ճանաչված երգահան-բարդ Տոմեկ Բատենչուկի երգերով՝ ստեղծված հայկական թեմաներով բանաստեղծությունների խոսքերով:
Գլխավոր անակնկալը եղավ վերջում, երբ ԼԳՄ-ի որոշումը հրապարակեց սիմպոզիումի կազմկոմիտեի նախագահ Դարիուշ Տ. Լեբյոդան. «Հարգելի Գագիկ Դավթյան, Դուք տակավին երիտասարդ տարիներից մեծ աշխատանք եք կատարում եվրոպական պոեզիայի արժեքները հայ ժողովրդին ներկայացնելու ուղղությամբ, և մենք բարձր ենք գնահատում Ձեր թարգմանական գործունեությունը: Եվրոպական մշակույթին մատուցած ծառայությունների համար Դուք պարգևատրվում եք Կլեմենս Յանիցկու անմահ անունը կրող ՅԱՆԻՑԻՈՒՍ մրցանակով»:
Սիմպոզիումի շրջանակներում սեպտեմբերի 26-ին ջերմ մթնոլորտում անցավ նաև Գագիկ Դավթյանի հանդիպումը Պոզնանում ապրող և ստեղծագործող գրողների հետ, որը վարում էր Կալինա Իզաբելլա Զիոլան:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։