ԸՆԹԵՐՑԱՆՈՒԹՅՈՒՆԸ՝ ԵՐԵՎԱԿԱՅՈՒԹՅԱՆ ԱՂԲՅՈՒՐ

Ապրիլի 5-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ ավանդական դարձած Մանկապատանեկան գրքի շաբաթի փակումը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ մանկագիրների հետ հանդիպումները անհրաժեշտ են ոչ միայն երեխաներին, այլև գրողներին, նկատեց, որ ընթերցողի աչքը շատ կա­րևոր է գրողի համար: «Գրողը պիտի կարդա իր գրածը, լսի ձեր արձագանքը, վերաբերմունքը, որը գուցե կհուշի ավելի լավ գրել»,- ասաց նա՝ մանուկներին ուղղորդելով դեպի լավ գրականություն: «Գրախանութներում առկա ամեն մի գեղեցիկ նկարազարդված գիրք չէ, որ ճաշակ թելադրող, լավ մանկական գիրք է, պետք է ճիշտ ընտրություն կատարել և դասական ու ժամանակակից գրողների լավ գրքերը տրամադրել մեր երեխաներին»,- ամփոփեց նա:
Բանաստեղծ Ռոլանդ Շառոյանի կարծիքով՝ համաշխարհային մանկական գրականությունը այսօր դեռևս չի կարողանում անել այն, ինչ 19-րդ, 20-րդ դարերի մանկական գրականությունը՝ դաստիարակելու, կրթելու իմաստով: «Պատճառն այն է, որ երեխաները սկսել են, դժբախտաբար, քիչ ընթերցել»,- ասաց նա՝ ընդգծելով, որ նաև ճիշտ չի ուղղորդվում այն մանկական գրականությունը, որը անհրաժեշտ է տարբեր ազգության երեխաների համար, քանի որ նրանք տարբեր գրական ճաշակներ ունեն:
«Գրողի համար մեծագույն հրճվանք է մանկան շուրթերից լսել իր գրած բանաստեղծությունը»,- ընդգծեց «Ծիծեռնակ» հրատարակչության տնօրեն, մանկագիր Անուշ Վարդանյանը և արժևորեց գրադարանի դերը, որն ամուր է պահում կապը մանուկների ու գրողների հետ: Ներկայացնելով Ծիծեռնակ ամսագիրը՝ նա տեղեկացրեց, որ ամսագրի էջերում տեղ են գտնում այսօրվա գրողների ստեղծագործությունները, թարգմանությունները, ինչպես նաև տպագրվում են ստեղծագործող երեխաների գործերն ու նկարչական աշխատանքները: «Երևակայությունը, միտքը զարգացնելու համար անհրաժեշտ է գիրք կարդալ»,- ասաց Ա. Վարդանյանը՝ հորդորելով ճանաչել ու կարդալ հատկապես ժամանակակից գրողների գործերը:
Շանթ Մկրտչյանի հավաստմամբ՝ մարդու ուղեղը զարգացած է համարվում, եթե նա կրթվում է իր մայրենի լեզվով: «Այլ լեզուներին տիրապետելը ևս կարևոր է, բայց նախ և առաջ պետք է շատ լավ իմանալ մայրենի լեզուն, իսկ դրա համար պետք է անընդհատ կարդալ»,- ասաց նա և երեխաներին հորդորեց անտարբեր չլինել ընթերցանության նկատմամբ:
Ելույթ ունեցան նաև մանկագիրներ Սաթենիկ Ղազարյանը, Օլգա Դարյանը: Գրադարանի ակտիվ ընթերցողները ներկայացրին գրական կոմպոզիցիա ժամանակակից հայ մանկագիրների ստեղծագործություններից:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։