ԼԵՑՈՒՆ ՕՐ՝ ՏԱՐԻՆԵՐԻ ԳՆԱՀԱՏԱՆՔՈՎ

Վարդգես Պետրոսյանի անվան Գեղարքունիքի մարզային գրադարանը մարզպետարանի ու Գավառի քաղաքապետարանի աջակցությամբ կազմակերպել էր «Ապրած օրերիս մեղեդին» խորագրով գրական-երաժշտական ցերեկույթ՝ նվիրված մեր հայրենակից, բանաստեղծ, թարգմանիչ, հրապարակախոս, Գավառի պատվավոր քաղաքացի Լևոն Բլբուլյանի 75-ամյա հոբելյանին:
Միջոցառումն սկսվեց գրադարանի տնօրեն Մարիամ Համբարձումյանի՝ Լևոն Բլբուլյանին ներկայացնող ջերմ խոսքով, ապա ընթերցվեց ՀԳՄ վարչության շնորհավորական ուղերձը, ուր մասնավորապես ասված էր. «Հրաչյա Մաթևոսյանի բնորոշմամբ՝ տրամադրություն ստեղծող և քեզ իր տրամադրության դաշտում պահող հեղինակ է տարբեր լեզուներով թարգմանված Լևոն Բլբուլյանը, որի ստեղծագործություններից մեղեդիներ են պեղել երգահանները: Շնորհավորում ենք մեր սիրելի տաղանդաշատ ընկերոջը, մաղթում պինդ առողջություն ու բեղուն, բերրի ճանապարհի շարունակություն»:
Դահլիճում մթնոլորտն ավելի ջերմացրեց տեսանյութը՝ ավագ ու սերնդակից գրչակիցների, արվեստագետ ընկերների՝ տարբեր առիթներով հոբելյարի հասցեին ասված խոսք ու գնահատականների ծաղկաքաղով (Սիլվա Կապուտիկյան, Ռոբերտ Ամիրխանյան, Արամայիս Սահակյան, Հակոբ Մովսես, Սասուն Պասկևիչյան, Պետրոս Դեմիրճյան, Սամվել Սևադա, Հրանտ Հորիզոն և այլք). կարճ, բայց դիպուկ բնորոշումներ, որոնք իրար լրացնելով՝ գրողի ու մարդու համակրելի դիմանկար ստեղծեցին ներկաների համար:
Մայրաքաղաքից ժամանել էին անվանի հյուրեր՝ գրականագետ, ԵՊՀ-ի հայ գրականության պատմության ամբիոնի վարիչ, դոկտոր պրոֆեսոր Սամվել Մուրադյանը, կոմպոզիտորների միության նախագահ Արամ Սաթյանը, սիրված դերասանուհի Էվելինա Շահիրյանը, գեղանկարիչ Հաղթանակ Շահումյանը, կոմպոզիտոր Էդգար Գյանջումյանը, բանաստեղծուհի Անահիտ Դանիելյանը: Հաճելի առիթով Ֆրանսիայից ու Բելգիայից հատուկ ժամանել էին բանաստեղծի քույրը՝ երգահան, դերասանուհի Ժաննա Բլբուլյանը և նրա դուստրը՝ երգչուհի, դաշնակահարուհի Նառա Նոյանը:
Ս. Մուրադյանը, Ա. Սաթյանը, Ա. Դանիելյանը, Էդ. Գյանջումյանը, Ժ. Բլբուլյանը իրենց ելույթներում ներկայացրին Լևոն Բլբուլյան գրողին ու մարդուն՝ ընդգծելով նրա և՛ մասնագիտական ակնառու շնորհները, նվիրումը գործին, և՛ անհատական գնահատելի հատկանիշները: Գավառի քաղաքապետի առաջին տեղակալ Գրիգոր Դաշտոյանը, շնորհավորելով հոբելյարին, ընդգծեց նրա և քրոջ՝ Ժաննա Բլբուլյանի դերը գավառի երիտասարդության հոգևոր-մշակութային դաստիարակության, մասնագիտական կողմնորոշման առումով, արժևորեց ծննդավայրի հետ նրանց մշտական կապը:
Սամվել Մուրադյանը ցերեկույթը երգի ու պոեզիայի յուրահատուկ փառատոն որակեց՝ Բլբուլյանի խոսքերով գրված մոտ երկու տասնյակ՝ հին ու սիրված, նաև նոր երգեր վայելեց հանդիսատեսը (միայն նոր երգի հինգ պրեմիերա)՝ տեղի շնորհալի ուժերի և Երևանից ժամանած արտիստների՝ Հայ երգիչ հեռուստամրցույթի հաղթող Սաթենիկ Սահակյանի, «Սլավյանսկի բազար» միջազգային մրցույթի մրցանակակիր Մարիա Խանդանյանի, Հանրային հեռուստատեսության էստրադային-սիմֆոնիկ նվագախմբի մենակատար Նաիրա Մանուչարյանի, Նառա Նոյանի, աշուղ Նազելիի, «Արևիկ» մանկապատանեկան համույթի կատարմամբ, բանաստեղծական կոմպոզիցիաներ՝ Լ. Քալանթարի անվան թատրոնի առաջատար դերասանների մատուցմամբ:
Ջերմ ծափողջույնները վկայում էին հանդիսատեսի գոհ ու տպավորված լենելու մասին: Լևոն Բլբուլյանի՝ միջոցառման կազմակերպիչներին ու հանդիսատեսին հղած շնորհակալանքի ջերմ խոսքն ավարտվեց խոստում-համոզումով, որ ցերեկույթից ստացած դրական լիցքերն ու էներգիան վաղ թե ուշ նոր ստեղծագործությունների կվերածվեն:
Անահիտ ԽԱՉԻԿՅԱՆ
Գեղարքունիքի մարզային
գրադարանի գրադարանավար

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։