Փետրվարի 19-ին, Ամենայն Հայոց Բանաստեղծ Հովհաննես Թումանյանի 155-ամյակի և Գիրք նվիրելու օրվա առթիվ, Վանաձորի «Վերնատուն» մշակութային կենտրոն հ/կ-ն նախաձեռնել էր «Թումանյանի նամականին» խորագրով միջոցառում Դսեղի տուն-թանգարանում։ Միջոցառման մեկնարկը տրվեց Վանաձորում` «Վերնատուն» մշակութային կենտրոնում։ «Վերնականները» միմյանց գրքեր նվիրեցին, ասմունքեցին Թումանյանի քառյակները։ Դսեղում պատվիրակության անդամները և հյուրերը ծաղիկներ խոնարհեցին Ամենայն Հայոց Բանաստեղծի հուշարձանին, Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում մոմավառությամբ աղոթք բարձրացրին առ Աստված։ Տուն-թանգարանում միջոցառումն սկսվեց Դսեղի տարածաշրջանի հոգևոր հովիվ Տեր Գրիգորիս քահանա Դեմենջյանի աղոթքով։ «Թումանյանի նամականին» զեկուցումով հանդես եկավ բան. գիտ. թեկնածու, դոցենտ, թումանյանագետ Արտակ Սարուխանյանը։ Վերնատան անդամները ընթերցեցին Թումանյանի նամակները, ելույթ ունեցան ՀՀ վաստակավոր արտիստ Ստեփան Դալլաքյանը, «Պոեզիայի թատրոնի» հիմնադիր Ջիվան Սարգսյանը, դերասան Էդգար Քոչարյանը։ Օրը հատկանշական դարձավ «Վերնատուն» մշակութային կենտրոնի և Հովհ. Թումանյանի տուն-թանգարանի միջև համագործակցության հուշագրի կնքմամբ։ Բազմաթիվ շնորհավորանքների թվում ընթերցվեց բանաստեղծ, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Դսեղի վաղեմի բարեկամ Կորյուն Առաքելյանի շնորհավորանքը։ «Վերնատան» համահիմնադիր, նախագահ Գայանե Անտինյանը թանգարանի տնօրեն Ռոզա Ղազումյանին նվիրեց գիրք և «Վերնատուն» խորհրդանշական գաթան։
Լաուրա ԱՄԻՐԽԱՆՅԱՆ
բանաստեղծուհի