ՖԵՌՆԱՆԴՈ ՊԵՍՍՈԱՅԻ ԲԱՆԱՍՏԵՂԾՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ ՀԱՅԵՐԵՆ

107605371_4018517168219425_1229109372313475770_oՀամավարակով պայմանավորված՝ շարունակվում է սահմանափակ մասնակիցներով շնորհանդես-դիմակահանդեսների (կապված դիմակ կրելու հետ) շարքը ՀԳՄ Կլոր սրահում: Հերթական հանդիպումը բանաստեղծ, թարգմանիչ Շանթ Մկրտչյանի հետ էր՝ պորտուգալական պոեզիայի դասական Ֆեռնանդո Պեսսոայի «Քնարերգություն» հայերեն թարգմանական գրքի առիթով:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նախքան գրքին անդրադառնալը, ուրախությամբ տեղեկացրեց (առցանց հետևորդներին), որ արդեն թղթային տարբերակով լույս են տեսնում «Գրական թերթը», «Երկունքը», «Եղեգան փողը», և հույս հայտնեց, որ գրական ընթացքը բնականոն հունի մեջ կմտնի:
Այնուհետև անդրադառնալով ԿԳՄՍ նախարարության հայ գրականության թարգմանության ծրագրի վերաբերյալ համացանցում ծավալված քննարկումներին՝ նա նշեց, որ այդ ծրագրով դեռևս 2000-ական թվականներին հրատարակվել են ալբոմներ՝ երկլեզու, եռալեզու, հայ գրականություն է թարգմանաբար ներկայացվել տարբեր լեզուներով՝ իսպաներեն, արաբերեն, ռուսերեն, գերմաներեն, անգլերեն, շվեդերեն և այլն: 2016 թ. Մշակույթի այն ժամանակվա նորանշանակ նախարարի կողմից փակվեց գրականության աջակցության ծրագիրը, որի մեջ էր մտնում նաև թարգմանական գրականության ծրագիրը՝ այդ գործը թողնելով հրատարակչությունների վրա: Սակայն պարզվեց, որ հրատարակչությունները ի զորու չեն իրականացնելու այդ աշխատանքը: «Այնպես որ, կառավարությունը պետք է ուշադրություն դարձնի նման մշակութային կարևոր ծրագրերին, թարգմանական քաղաքականության շուրջ քննարկումների արդյունքում դասական և ժամանակակից մեր լավագույն գրողների գործերը թարգմանվեն պետական լծակներով»,- ասաց Էդ. Միլիտոնյանը և հիշեցրեց, որ ՀԳՄ վարչության՝ ԿԳՄՍ փոխնախարար Նարինե Խաչատուրյանի հետ քննարկման ընթացքում ընդգծել էին այդ ծրագրի կարևորությունը: Այս առումով ՀԳՄ-ն ամեն տարի Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հետ համատեղ «Կանթեղ» և տարվա լավագույն գրքերի անվանացանկում Հովհաննես Մասեհյանի անվան թարգմանական գրականության մրցանակ է հանձնում լավագույն թարգմանական գրքի համար:
Անցյալ տարի այդ մրցանակին արժանացավ Շանթ Մկրտչյանի թարգմանությամբ ՀԳՄ հրատարակչության հրատարակած Ֆեռնանդո Պեսսոայի բանաստեղծությունների գիրքը: Նշելով, որ հայ ընթերցողը այնքան էլ ծանոթ չէ պորտուգալական գրականությանը, Էդ. Միլիտոնյանը կարևորեց Շ. Մկրտչյանի և Սյուզի Խաչիկյանի (տողացիներ) աշխատանքը և ներկայացրեց Ֆեռնանդո Պեսսոային. «Իմ մտքում նա զուգահեռվում է Չարենցի հետ՝ թե՛ ծննդյան-մահվան տարեթվերով, թե՛ պոեզիայի խտությամբ: Անցած դարասկզբի եվրոպական մշակութային գիտակցության մեջ խիստ կարևոր անուն է Ֆեռնանդո Պեսսոան»:
Շանթ Մկրտչյանը տեղեկացրեց, որ Պեսսոայի բանաստեղծություններին ծանոթացել է գրեթե 35 տարի առաջ՝ ռուսերենով, և մեծ տպավորություն է ստացել այդ թարգմանություններից: Ընդգծելով Ֆեռնանդո Պեսսոայի ինքնատիպ, փիլիսոփայական մտածողությունը՝ Շ.Մկրտչյանը նշեց, որ նա իր կյանքի ժամանակահատվածով շատ մոտ է Չարենցի ապրած ժամանակահատվածին: «Բռնապետների ամբողջ շղթան, որ ուղեկցեց Եվրոպային, Ռուսաստանին, ուղեկցել է նաև Պորտուգալիային, ուստի՝ բռնապետության, տիրանների դեմ բանաստեղծական դրսևորումները նաև նրա մոտ են յուրովի արտահայտվել»,- ասաց թարգմանիչը՝ հավելելով, որ քնարականությունը հատկանշական է Պեսսոայի բանաստեղծություններին: «Այդ ամենը գալիս է նրանց երգարվեստից: Գրքի թարգմանությունից առաջ ես ունկնդիր եմ եղել այդ երաժշտությանը և փորձել եմ ինչ-որ չափով այդ թախիծը մտցնել Պեսսոայի հայերեն թարգմանությունների մեջ»,- ամփոփեց Շ. Մկրտչյանը:
Ի դեպ, Պեսսոան ստեղծագործել է երեք լեզվով՝ անգլերեն, ֆրանսերեն, պորտուգալերեն:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։