Հոկտեմբերի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ Եղեռնը վերապրած հայուհու` Պերճուհու «Խանձված օրերը» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը բացման խոսքում նշեց, որ «Խանձված օրերը» գիրքը հրատարակվել է 1938-39 թթ. Բոստոնի «Հայրենիք» ամսագրում, հայերեն, որից հետո թարգմանաբար տպագրվել է 2004 թ., ֆրանսերեն՝ հեղինակի որդու թարգմանությամբ և թոռների օժանդակությամբ: «Խանձված օրերը» գրքում ներկայացվում է Հայոց եղեռնի պատմությունը հիշողությունների ձևով, որոնք, սակայն, հեղինակի, իր շրջապատի մարդկանց հետ կատարված պարզապես կենցաղային հիշողություններ չեն, այլ ներկայացվել է որպես գեղարվեստական պատում, գրականություն: Մեջբերելով Հակոբ Պալյանի առաջաբանից մի հատված` «Պերճուհին Հիշողություն կը վերծանէ, չի գրեր, չի պատմեր: Կը թափանցէ բջիջներու մեջ», Պ. Դեմիրճյանը վստահեցրեց. «Այսինքն, սա այն է, ինչը ներկայացնում է իրական դեպքերի գեղարվեստական պատմությունը: Ամեն մի դրվագ, հիշողության ամեն մի հատված, որ ներկայացվում է ականատեսի կողմից, ինքնին մեծ արժեք է պատմության համար»: Ամփոփելով խոսքը` նա կարևորեց, որ գիրքն ավարտվում է մայիսի 28-ի տոնի` հաղթանակի, անկախության նկարագրությամբ:
Ըստ Ղուկաս Սիրունյանի` գիրքը եզակի է և՛ թեմատիկ առումով, և՛ գեղարվեստականությամբ, և՛ իբրև փաստագրություն, և՛ իբրև գեղարվեստական աշխատանք: Նա հավաստիացրեց, որ հեղինակը հրաշալի ներկայացնում է ժամանակաշրջանը, Պոլսի կյանքը մինչ երիտթուքերի իշխանության գալը, իսկ գրքի դետեկտիվ տարրերն ավելի են շիկացնում իրադարձությունները: «Սա մի մեծ հանրագիտարան է, որով կարող ես ապրել այն օրերի և՛ սարսափը, և՛ հայ կանանց քաջությունը: Նա կարողացել է ստեղծել իրականի և անիրականի աշխարհը` գեղարվեստի սուրբ օրենքներով հյուսելով այդ ամենը իրար»,- ամփոփեց Ղ. Սիրունյանը:
Ալիս Հովհաննիսյանն անդրադարձավ Հ. Պալյանի գրած առաջաբանին` այն համարելով գրականագիտական հիանալի վերլուծություն, որը ոչ միայն գրքի, այլև հետեղեռնյան շրջանի գրականության վերաբերյալ է: «Վերապրելու խնդիրը շատ լավ է տրված Երվանդ Օտյանի, Արամ Հայկազի, Վազգեն Շուշանյանի, Պերճուհու մոտ. այս գրողները ոչ թե պատմություն են գրում, այլ հիշողության հայելին են»,- ասաց նա և հավելեց, որ թեև 1930 թ. տպագրված գրքի մասին իմանում ենք այսօր, սակայն այն իր նշանակությունը չի կորցրել:
Արձակագիր, հրապարակախոս Գրիգոր Ջանիկյանը խոստովանեց, որ գիրքը կարդացել է տարիներ առաջ ֆրանսերենով և հիացել է, որ արտերկրում այդպիսի հրաշալի գրող ենք ունեցել: «Հանձին Պերճուհու` կա հրաշալի հայ գրող, որին հիմա հետաքրքրությամբ կարդում են նաև ֆրանսիացիները` այս գիրքը ընկալելով ոչ որպես հայ իրականության փաստ, այլ որպես գեղարվեստական գրականություն»,- շեշտեց նա:
Ելույթ ունեցան նաև Արտեմ Հարությունյանը, Հովհաննես Զատիկյանը և ուրիշներ` ընդգծելով, որ Պերճուհին հիշեցնում է մեր արմատները գտնելու մասին:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Հակոբ Պալյանը: