«Անտարես» հրատարակչությունը Գուրգեն Խանջյանի ծննդյան 70-ամյակի կապակցությամբ վերահրատարակել է գրողի վիպակները։ Այս վերահրատարակությունն ստիպում է նորովի արժևորել Գ. Խանջյանի ստեղծագործության այս չափազանց ուշագրավ մասը։ Հարցազրույցներից մեկում գրականագետ Ա. Նիկողոսյանն ընդգծում է Գ. Խանջյանի՝ այս վիպակներում ավելի գլոբալիստ, կոսմոպոլիտ և փոքր-ինչ պաթոլոգիկ լինելու հանգամանքը. «Այստեղ մենք գործ ունենք մի փոքր ուրիշ Գուրգեն Խանջյանի հետ, շատ ավելի էքզիստենցիալ, գլոբալիստ, կոսմոպոլիտ, նաև մի փոքր պաթոլոգիկ, որը հետաքրքիր է իր բոլոր դրսևորումներով, որովհետև փոխանցում է 90-ականների ամբողջ դրամատիզմը, որ ապրել է այդ շրջանի հայ մարդը»1։ Նույն հարցազրույցում գրականագետն անդրադառնում է նաև տպագրության հանգամանքներին։ Պարզ է դառնում, որ վիպակները խմբավորվել են ոչ թե ժամանակագրական, այլ՝ թեմատիկ-գաղափարական ընդհանրությունների կամ հակադրությունների սկզբունքով։ Այսպես, «Սպանել Փրկչին» և «Հիստերիաներ» վիպակները միասին են հրատարակվել, քանի որ ունեն թեմատիկ-գաղափարական ընդհանրություն։ Այս ստեղծագործություններում տեսնում ենք Քրիստոսի կերպարի և քրիստոսականության համաժամանակյա և տարժամանակյա վերամեկնաբանություններ2։ Ըստ գրականագետի՝ «Ստվերներ խամաճիկների փողոցում» և «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակները գաղափարական տեսանկյունից ինչ-որ առումով հակադիր գործեր են. «Առաջին վիպակում շատ ներվ, ըմբոստություն կա, իսկ վերջին վիպակում հասուն Խանջյանը կոչ է անում խաղաղության, հանդարտության, նաև ինչ-որ առումով՝ քրիստոնեական արժեքների հավատարմության»3։ Առանձին է հրատարակվել «Խրամատային գրառումներ» վիպակը, որ, գրականագետի խոսքով, ձգտում է վիպայնացման և առանձնանում է մյուս վիպակներից4։
Այս վիպակները բավականին խոր առնչություններ ունեն հեղինակի մյուս ստեղծագործությունների հետ։ Դրանք ունեցել են գրականագիտական անդրադարձներ։ Օրինակ՝ Հասմիկ Խեչիկյանի «Անկախության շրջանի հայ արձակը» հոդվածում Գ. Խանջյանի «Սպանել Փրկչին» և «Հիստերիաներ» վիպակները ներկայացվում են պոստմոդեռնիզմի պոետիկայի, ավելի կոնկրետ՝ «մետանարատիվի ժխտման, ինտերտեքստայնության, միֆի դեկոնստրուկցիայի» տեսանկյունից5։ Այդ համատեքստում անդրադարձ է կատարվում նաև աստվածաշնչյան իրողությունների խանջյանական այլ մեկնաբանություններին՝ «Անիծված թզենին և խումհարի սինդրոմը», «Գիր-ղուշ»6։ Համեմատության դաշտը կարելի է ավելի ընդլայնել։ Ակնառու է այս վիպակների կապը նաև «Ըստ Թովմասի կամ Թովմաս առաքյալի մենախոսությունը խաշի սպասելիս» պատմվածքի և «Թատրոն 301» պիեսի հետ։ Առաջինը գրված է «Գիր-ղուշի» սկզբունքով և հիմնականում ներկայացնում է աստվածաշնչյան իրողությունների առօրեական վերամեկնաբանությունները։ «Թատրոն 301» պիեսի և «Սպանել Փրկչին» վիպակի գաղափարական զուգահեռներն ավելի քան ակնառու են. «Աստղիկ – Նոր աստված։ Աստված նոր կլինի՞։ Իսկ ի՞նչ է ուզածը նոր աստծո։
Վրիվ – Ասում է՝ ամեն ինչ թողեք, եկեք իմ ետևից։
Աստղիկ – Ինքն ո՞ւր է գնում։
Օվակ – Պարզ չէ։
Աստղիկ – Իսկ ամեն ինչ ասելով՝ ի՞նչ է հասկանում։
Օվակ – Տունտեղ, ունեցվածք…
Աստղիկ – Ամբողջությա՞մբ։
Վրիվ – Անմնացորդ։ Իսկ առաջին հերթին՝ հին աստվածներին։
Աստղիկ – Ահա թե ինչ։ Լավ, իսկ եթե իսկապես ամեն ինչ թողնենք, փոխարենը ի՞նչ կտա։
Օվակ – Այս կյանքում՝ ոչինչ, հալածանքից ու անարգանքից բացի, իսկ մյուս կյանքի մասին էլ խուսափուկ, աղոտ բաներ են խոսում»7։
«Գոռում է, թե՝ ամեն բան թողեք, տվեք աղքատներին ու եկեք իմ հետևից… Իսկական երեխա, թուլա, կյանքից բան չի հասկանում։ Էհ…»8։ Սրանք ներկայացնում են քրիստոնեական օրենքների անհամապատասխանությունն առօրեական կյանքին։ Եվ դա է պատճառը, որ առանձին դեպքերում դրսևորվում է քրիստոնեական իրողությունների հեգնական վերապատմման եղանակը։
Ուշագրավ են նաև վիպակների ձևաբովանդակային ընդհանրությունները։ Այսպես, «վիպայնության ձգտող»9 «Խրամատային գրառումներ» երկը, որ ներքին տարածականության առումով տարբերվում է մյուս վիպակներից, որոշակի ընդհանրություններ ունի հենց առաջին՝ «Ստվերներ խամաճիկների փողոցում» վիպակի հետ։ Այդ առնչությունները նախ և առաջ պայմանավորված են հասարակությանը «խորթ» անհատի էքզիստենցիալ ապրումների վերհանմամբ և «տգեղի գեղագիտության»10 դրսևորումներով։ Այս երևույթները նկատելի են Գ. Խանջյանի ողջ ստեղծագործության մեջ։ Դեռևս Գրիգոր Հակոբյանն է «Հիվանդանոց» վեպի կապակցությամբ նկատել, որ Գ. Խանջյանը «հայաստանյան արձակում հաստատագրում է «դաժան» էքզիստենցիալիզմի հատկականություններ»11։
Վերջիններս էլ Գ. Խանջյանի ստեղծագործություններում պայմանավորում են սահմանային վիճակների, պաթոլոգիկի, «խորթության», ենթագիտակցականի, հակագեղագիտականի գեղագիտացման դրսևորումներ։ Այս ամենը ձևակերտեց պատկերավորման ուրույն համակարգ, գեղարվեստական պատկերների որոշակի ընդհանրական մոդելներ, որոնք ստեղծագործությունից ստեղծագործություն ենթարկվում էին տարբեր վարիատիվ փոփոխությունների՝ խորքային մակարդակում համահունչ մնալով ընդհանուր մոդելներին։ Մղձավանջները, տեսիլքները, ենթագիտակցականի գերիշխումը, հարբեցողության և սեռական հարաբերությունների տեսարանները, վերջինիս դաշտում գռեհիկի և պաթոլոգիկի դրսևորումները համահունչ էին սահմանային վիճակում գտնվող մարդու ներաշխարհին։ Մարդ-հասարակություն հարաբերությունների դաշտում խորթության երևույթը պայմանավորում է փակ տարածությունների անհրաժեշտություն։ Եվ հենց դրանք են, որ ստեղծագործությունից ստեղծագործություն դրսևորվում են տարբեր փոփոխակների ձևով՝ հիվանդանոց12, գնացք13, բանտային խուց14, մութ պատուհան15 և այլն։ Վերը նշված երկու վիպակները նույնպես ենթարկվել են պատկերավորման այդ օրինաչափությանը։ Մի դեպքում՝ սեղմված զսպանակի, մյուս դեպքում խրամատի պատկերներն են դառնում փակ և խորթ տարածությունների գեղարվեստական արտահայտիչներ. «Կարոն հաճախ էր ինքն իրեն պատկերանում սեղմված զսպանակի ձևով. ոսկրոտ վերջավորություններով կորամեջք իրան՝ հոգնած ու անվճռական, նիհար, հաճախակի վերվարող ցցուն խնձորակով վիզ, երկարավուն, գունատ դեմք, բարձր ճակատի տակ՝ մոխրագույն մեծ աչքեր, մռայլ աչքեր, որոնց պղտոր, տարակուսած-վերացած հայացքի առջև հանկարծ սկսում էր ոլորվել սեփական մարմինը՝ աստիճանաբար վերածվելով զսպանակի»16։ «Ապրում եմ՝ ասես խրամատներում, ասես դարանած, որ հետևեմ, որ դիտեմ»17։ Ե՛վ սեղմված զսպանակը, և՛ խրամատը նախ և առաջ ներկայացնում են մարդկային հոգեվիճակ՝ հար-հարազատ Գ. Խանջյանի մյուս ստեղծագործությունների կերպարների հոգեվիճակներին։ Նման դեպքերում սովորաբար կիրառվում է փոխաբերական պատկեր։ Ե՛վ հիվանդանոցը, և՛ գնացքը, և՛ բանտային խուցն ունեին փոխաբերական նշանակություններ։ Վիպակներում կիրառվել է համեմատության հնարը։ Սեղմված զսպանակի և խրամատի ուղղակի արտահայտությունները չկան. կա մարդկային հոգեվիճակի զուգահեռումն այդ պատկերներին։ Սակայն հենց այդ պատկերներն են դառնում ողջ ստեղծագործության հիմնակմախքը։
«Խրամատային գրառումներ» վիպակի ներքին մթնոլորտն անմիջապես վարիատիվ զուգահեռների դաշտ է ստեղծում։ Խանջյանական «պատկերամթերքը» հիմնական գծերով դրսևորվել է այստեղ։ Գաղափարական ընդհանրությունները և զուգահեռներն ավելի քան ակնառու են. հիպիների և «մայլի» տղաների բախում, պաթոլոգիկի վերհանում, «մոդեռն» արվեստի հեղինակային մեկնություններ, վիպական տարածություններում Ռուսաստանի պատկերների ներբերում, գնացք, օլիգարխիայի ներկայացուցչի խարազանում և այլն։ Սոսկական թվարկումն արդեն բացում է զուգահեռների դաշտը։ Այսպես, հիպիներին ներկայացնող սեղմ պատկերներն առանձին վեպի՝ «Լուր չկա»-ի միջով «բացվեցին» և ընդհանրացան, «մոդեռն» կոչված արվեստի անբովանդակ արտահայտությունները քննվում են «Նստիր Ա գնացքը» վեպում18. երկու դեպքում էլ ցուցահանդեսի պատկեր-գործողությունն է դառնում ավանդույթի և նորարարությունների մասին մտորելու դաշտ19։ Պաթոլոգիկի տիրույթներում ներկայացվում են հասուն մարդու՝ երիտասարդ աղջկա նկատմամբ տածած անառողջ հակումները. «Աղջի՛կս, սիրելի՛ աղջիկս… Որքան եմ սիրում քեզ…»20։ Սրա զուգահեռը կարելի է տեսնել «Ենոքի աչքը» վեպում. «Մի հատ հարևանի աղջիկ կար, Գրոֆո՛ ջան, մի տասնչորս-տասնհինգ տարեկան մարալ, ես էլ արդեն հիսունի մոտ էի, բայց թունդ սիրահարվել էի, նայում էի, մտքիս մեջ գրկում, խտտում…»21։ Օլիգարխիայի ներկայացուցիչների խարազանումը առավել տեսանելի է պիեսներում («Կոլիզեյ 21», «Արմագեդոն» և այլն)։ Փաստորեն, «Խրամատային գրառումներ» վիպակը պահպանում է խանջյանական պատկերամթերքի և Գ. Խանջյան գրողի կենսափիլիսոփայության հիմնական հատկանիշները՝ դրանք բեկելով միջին ծավալի արձակի տարածություններում և ներկայացնելով այդ տարածություններին համապատասխան։
«Ստվերներ խամաճիկների փողոցում» վիպակի գլխավոր կերպարի՝ Կարոյի մղձավանջների դաշտում տեսնում ենք բանակային պատկերների արտահայտություններ։ Դրանց ուղղակի զուգահեռներն առկա են նաև «Լուր չկա» վեպում։ Այդ պատկերներն այստեղ ներկայացվում են անցյալի ժամանակային տիրույթներում։ Երկու դեպքում էլ պատկերները տեղավորվում են մարդկային ազատությունը կաշկանդող գործոնների շարքում։ Այս թեմայի շրջանակներում ընդհանրացնող արժեք ունի «Համբերություն քեզ, մարդ» էսսեն. «Որսը սկսված է… Սա քո մայրենին է՝ սա՛ սովորիր, սա քո հայրենին է՝ էստե՛ղ պիտի ապրես, սրանք քո ավանդույթներն են՝ պիտի կրկնե՛ս, սա գեղեցիկն է, սա՝ տգեղը, սա բարին է, սա՝ չարը, սա՝ ճիշտը, սա՝ սխալը, հանկարծ չշփոթես…»22։ Գ. Խանջյանի այս երկը կարծես թե հավաքագրում է մարդկային ազատությունը կաշկանդող այն բոլոր գործոնները, որոնք դրսևորվել էին մյուս ստեղծագործություններում։
«Մարդկանց տուն ուղարկիր» վիպակը ժամանակագրական առումով վերջինն է այս շարքում և ինչ-որ առումով ունի վերջնահանգրվանային նշանակություն։ Վիպակը տան արքետիպի շրջանակներում քննելու փորձ է կատարել Ռուզաննա Ոսկանյանը23։ Հոդվածագիրը տան արքետիպը քննում է տարբեր մակարդակներում։ Այս համատեքստում անդրադարձ է կատարվում նաև մարդու օտարման խնդիրներին. «Հոգնել եմ։ Տուն եմ ուզում, տուն…» արտահայտությունն իր արձագանքն է գտնում Խանջյանի հաջորդ՝ «Մարդկանց տուն ուղարկիր» վիպակում՝ «Կա՞ արդյոք տուն և ինչպե՞ս հասնել» տողատակի հարցադրման տեսքով»24։ Փաստորեն, այս վիպակն էլ է շարունակում հասարակություն-մարդ հարաբերություններում իր տեղը չգտնող մարդու թեման։ Կենտրոնում որոնումների մեջ գտնվող անհատն է, որ փնտրում է խաղաղության վերջնահանգրվան, և, ըստ էության, առկախ է մնում վերը բերված հարցադրումը։
Այսպիսով, այս վիպակներն ամենատարբեր առնչություններն ունեն Գ. Խանջյանի մյուս ստեղծագործությունների հետ։ Այստեղ տեսնում ենք խանջյանական կենսափիլիսոփայության զանազան դրսևորումները, գերիշխող պատկերների վարիատիվ անցումները՝ համապատասխանեցված վիպակի ժանրային տարածություններին։ Վիպակներն ուշագրավ են նաև կոմպոզիցիոն ձևերի հարստության տեսանկյունից։ Խանջյանական կոսմոպոլիտիզմի հիմքում ազգային խնդիրներն են։ Գ. Խանջյանի բարդ կենսափիլիսոփայությունը, սնվելով ազգային ակունքներից, հանգում է ընդգրկուն կոսմոպոլիտիզմի՝ արտաքին պլանում կարծես թե քողարկելով ազգային շերտը, որ շատ դեպքերում «սոսկ խորք է, ուրվագիր»25։ Այս վիպակները միմյանց և Գ.Խանջյանի մյուս ստեղծագործություններին համահունչ են այնքանով, որ այս կամ այն կերպ ներկայացնում են խորթության գոյավիճակում գտնվող մարդու պաթոլոգիկ ապրումները և վերջնահանգրվանի ապարդյուն որոնումները։
——————————————–
#1. https://mediamax.am/am/news/BookHouse/37672/։
2. Տե՛ս նույն տեղում։
#3. Նույն տեղում։
4. Տե՛ս նույն տեղում։
5. Տե՛ս Հասմիկ Խեչիկյան, Անկախության շրջանի հայ արձակը, http://litinst.sci.am/am/Book/Book2016/Khechikyan.pdf, էջ 194։
6. Տե՛ս նույն տեղում, էջ 196։
7. Գուրգեն Խանջյան, Թատրոն 301, Երևան, 2008, էջ 22։
8. Գուրգեն Խանջյան, Սպանել Փրկչին, Հիստերիաներ, Երևան, 2020, էջ 40։
9.# https://mediamax.am/am/news/BookHouse/37672/։
10.# Նույն տեղում։
11.# Գրիգոր Հակոբյան, Հոդվածներ, Երևան, 2018, էջ 136։
12.# Տե՛ս Գուրգեն Խանջյան, Հիվանդանոց, Երևան, 2018։
13.# Տե՛ս Գուրգեն Խանջյան, Նստիր Ա գնացքը, Երևան, 2018։
14.# Տե՛ս Գուրգեն Խանջյան, Լուր չկա, Երևան, 2016, էջ 176-178։
15.# Տե՛ս Գուրգեն Խանջյան, Համբերություն քեզ, մարդ, Երևան, 2019, էջ 33-38։
16.# Գուրգեն Խանջյան, Ստվերներ խամաճիկների փողոցում, Մարդկանց տուն ուղարկիր, Երևան, 2020, էջ 7։
17.# Գուրգեն Խանջյան, Խրամատային գրառումներ, Երևան, 2020, էջ 18։
18.# Դրանց հպանցիկ արտահայտությունները նկատելի են նաև «Հիվանդանոց» և «Լուր չկա» վեպերում։
19.# Տե՛ս Գուրգեն Խանջյան, Խրամատային գրառումներ, Երևան, 2020, էջ 49-61, Գուրգեն Խանջյան, Նստիր Ա գնացքը, Երևան, 2018, էջ 92-101։
20.# Գուրգեն Խանջյան, Խրամատային գրառումներ, Երևան, 2020, էջ 19։
21.# Գուրգեն Խանջյան, Ենոքի աչքը, Երևան, 2012, էջ 85։
22.# Գուրգեն Խանջյան, Համբերություն քեզ, մարդ, Երևան, 2019, էջ 440։
23.# Տե՛ս Ռուզաննա Ոսկանյան, Տարածական արքետիպերը Գուրգեն Խանջյանի արձակում, https://www.cultural.am/hy/gradaran/tester/3481-taracakan-arqetipiery-gurgen-khanjyani-arzakum։
24.# Տե՛ս նույն տեղում։
25.# Գրիգոր Հակոբյան, Հոդվածներ, Երևան, 2018, էջ 136։