Նոյեմբերի 27-ին՝ Եղիշե Չարենցի մահվան օրը, բանաստեղծի հուշակոթողի մոտ տեղի ունեցավ ոգեկոչման արարողություն: Գրողներ, մտավորականներ, Ե. Չարենցի անունը կրող դպրոցի սաները մեկ անգամ ևս արժևորեցին գրողի ստեղծագործությունները: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը խորհրդանշական օր համարեց նոյեմբերի 27-ը՝ վստահեցնելով, որ Չարենցով խորհրդանշվում է Վահան Թոթովենցի, Ակսել Բակունցի, Զապել Եսայանի և այն գրողների մահվան օրը, որոնք զոհ գնացին 30-ականների դաժան նախճիրին: Ապա խորհուրդ տալով կարդալ Չարենցի ստեղծագործությունները, ինչպես նաև դասական ու ժամանակակից գրականություն՝ Էդ. Միլիտոնյանը նկատեց. «Եթե ցանկանում ենք հզոր պետություն ունենալ, նախ պետք է իմանանք անցյալը, ճիշտ ըմբռնենք ներկան, որպեսզի լավ հիմքեր ստեղծենք ապագայի համար»:
Բանաստեղծ, հրապարակախոս Ռուզան Ասատրյանի հավաստմամբ՝ «Չարենցը համառ էր, հզոր, իր մեծությամբ եղել է ու կմնա հայ գրականության ոգին ու բոլորիս համար կդառնա մշտապես վեր ձգտելու ակունք»:
«Այսօր մեկտեղվել ենք Չարենցի հուշակոթողի շուրջ՝ սնուցվելու, լիցքավորվելու պայծառատեսության, հաստատակամության, հավատի, հույսի այն աղբյուրից, որը բխեցրեց Եղիշե Չարենցը»,- ընդգծեց Ե. Չարենցի անվան գրականության և արվեստի թանգարանի տնօրեն Կարո Վարդանյանը և դիմելով հատկապես աշակերտներին՝ կոչ արեց կարդալ մեծ գրողի գործերը, քանի որ դրանք ունեն ուղղակի և անուղղակի պատգամներ՝ ուղղված գալիք սերունդներին: Բանաստեղծ Շանթ Մկրտչյանի կարծիքով՝ «Բանաստեղծների մեծությունը չափվում է ոչ միայն նրանց թողած էջերով կամ հատորներով, այլև իրենց կենդանության օրոք և մահից հետո ստեղծած անհատականություններով»:
Ելույթ ունեցան նաև բանաստեղծներ Անուշ Վարդանյանը, Լևոն Բլբուլյանը, Չարենցի թոռնուհին՝ Գոհար Չարենցը, Ե. Չարենցի տուն-թանգարանի տնօրեն Անահիտ Ասատրյանը: Գրողի ստեղծագործություններից ասմունքեցին Ե. Չարենցի անվան դպրոցի աշակերտները:
Շ. ԵՐԻՑՅԱՆ