Մարտի 4-ին ՀԳՄ Կլոր սրահում հավաքվել էին գրողներ` իրենց զորակցությունը հայտնելու Թուրքիայում քաղբանտարկյալ պոլսահայ գրող, հրապարակախոս Սևան Նշանյանին:
ՀԳՄ քարտուղար Պետրոս Դեմիրճյանը՝ փաստելով, որ Հայաստանը գտնվում է մի տարածաշրջանում, որի շուրջ տեղի են ունենում գլոբալ գործընթացներ, որոնք կարող են մտահոգիչ լինել, նշեց, որ ամենախոցելի և վտանգավոր հարցերից մեկը կապվում է բարեկամ և ոչ բարեկամ (Թուրքիա) երկրներով շրջապատված լինելու հետ: Ըստ նրա` ժամանակակից Թուրքիայում երկու գործընթաց է տեղի ունենում. մի կողմից Օսմանյան Թուրքիայից ժառանգված անիրավությունների խնդիրներ, որոնք շարունակվում են, և մյուս կողմից նկատվում է Թուրքիայում իրենց ձայնը բարձրացնողների, ազատ կամք արտահայտողների խումբ, որոնք կարողանում են դեմ դուրս գալ ժողովուրդների, հասարակության, ազգերի նկատմամբ ժառանգված վերաբերմունքներին: Հայոց Մեծ եղեռնի100-ամյակին ընդառաջ այդ երկրում տեղի են ունենում իրադարձություններ, որոնք ներքին ջղաձգման արտահայտություններն են` հասնելով երբեմն զավեշտական հետևանքների, ինչպիսին նշանավոր լեզվաբան, գրող-մտավորական Սևան Նշանյանի դեպքն է, ում բանտարկել են սեփական հողամասում շինարարություն կատարելու պատճառաբանությամբ:
Տարածաշրջանային հարցերով փորձագետ-վերլուծաբան Սարգիս Հացպանյանը, ներկայացնելով Սևան Նշանյանին իբրև մեծ արժանիքներ ունեցող հայի, բազմաթիվ գրքերի, ճանապարհորդական նոթերի հեղինակի, միաժամանակ փաստեց, որ նա պատմամշակութային արժեք ներկայացնող բազմապիսի շինարարական աշխատանքներ է կատարել, ինչի համար թուրքական իշխանությունների հետ անընդհատ և լուրջ խնդիրներ է ունեցել: Ս. Հացպանյանն ընդգծեց, որ Ս. Նշանյանի դեմ նման ծանր ու անարդար վճիռը պայմանավորված է ոչ թե ապօրինի շինարարության իրականացմամբ, այլ իսլամի վերաբերյալ իր արտահայտած մտքերով, ինչպես նաև առաջադեմ հասարակության կողմից պաշտպանված լինելու հանգամանքով: Նա ավելացրեց, որ ստորագրահավաք է սկսվել Ս. Նշանյանի բանտային պայմանները բարելավելու և նրա նկատմամբ ճնշումները դադարեցնելու նպատակով:
Ցավով փաստելով, որ Ս. Նշանյանին իր հայրենիքում, մտավորական շրջանակներում, գրողական աշխարհում չեն ճանաչում, հույս հայտնեց, որ հայ գրողները ևս իրենց զորակցությունը կհայտնեն նրան:
Շաքե Երիցյան