ՀԱԿԱՄԱՐՏՈՒԹՅԱՆ ԽՆԴՐԻ ԲԱՆԱԼԻՆ ՀԱՎԱՍԱՐՈՒԹՅԱՆ ՆՇԱՆԸ ՉԷ / Սամվել ԿՈՍՅԱՆ

Սամվել-ԿոսյանՄիջազգային ճգնաժամային խումբը (International Crisis Group) հրապարակել է Լեռնային Ղարաբաղի հիմնախնդրի վերաբերյալ հերթական զեկույցը, ինչը մեկ անգամ ևս արձանագրում է, որ «Հայաստանի ու Ադրբեջանի միջև հակամարտությունը դանդաղ, բայց հաստատուն կերպով թևակոխել է գերբարձր զգայունության փուլ: Լեռնային Ղարաբաղի խնդրի շուրջ խաղաղ բանակցային գործընթացը կանգ է առել 2011թ., երկու պետությունների միջև սկսվել է սպառազինման մրցավազք, ու ավելացել է կոշտ հռետորաբանությունը: Այնպիսի արտահայտություններ, ինչպիսիք են` «կայծակնային պատերազմ», «նախազգուշական հարված» և «ամբողջական պատերազմ», ավելի հաճախ են սկսել շրջանառվել երկու կողմերում էլ»: Անառարկելի է, որ զեկույցը հիմնականում փորձում է իրավիճակը ներկայացնելիս պահպանել նյութի բովանդակության անաչառությունն ու օբյեկտիվությունը: Իրականում այդպես է, և զգացվում է զեկույցի հեղինակների շահագրգռվածությունը հնարավորինս քաղաքակիրթ և խաղաղ ճանապարհով լուծելու տարիներ ձգվող հակամարտությունը, սակայն առանձին հայտարարություններ, մեղմ ասած, ոչ միայն կասկածելի, այլև բարեկիրթ չեն: Նույն զեկույցի մեջ ասվում է. «Թեև երկու պետությունների միջև փխրուն հրադադար է գործում, այնուհանդերձ, սադրիչ բնույթի գործողությունները հաճախակի են: Վառ օրինակ է Բաքվի կողմից հայազգի սպային կացնահարած ադրբեջանցուն ներում շնորհելը, ինչպես նաև Երևանի այն հայտարարությունը, ըստ որի, ԼՂ-ում վերաբացվելու է օդանավակայանն ու ֆիքսված չվերթներ են իրականացվելու»: Համեմատությունը մարդասպանին հերոսացնելու և քաղաքացիական օդանավակայան գործարկելու միջև ոչ միայն արտառոց է, այլև վտանգավոր և ապացույցը նրա, որ զեկույցի հեղինակները, չնայած իրենց մարդասիրական նկրտումներին, խորությամբ չեն տիրապետել նյութին, այլապես ավելի պատասխանատու կլինեին իրենց ձևակերպումների մեջ և գոնե այս դեպքում կհրաժարվեին հավասարության նշանից: Եվրոպացիներին որքան էլ փորձես համոզել, որ ազերիներին դժվար է քաղաքակրթության ընդունված շրջանակի մեջ տեղավորել, միևնույն է, շարունակելու են հավասարման նշանը որպես ռազմավարության կարևոր գործոն դիտել, ինչն էլ իրականում խանգարում է իրականության օբեյեկտիվ գնահատմանը: Զեկույցի հեղինակներն այնուհետև հակամարտության երկարաժամկետ լուծման համար առաջարկում են «խելամիտ և կանխարգելիչ» գործողություններ կիրառել, ներկայացնելով իրենց առաջարկություններն առանց դրանց իրագործման մեխանիզմները նշելու, առաջարկներ, որոնք քանիցս քննարկվել են հայ-ազերիական բանակցություններում և արդյունք չեն գրանցել, որովհետև միջազգային հանրությունը, սեփական շահերից ելնելով, ամեն անգամ ազերիական կողմի վարքագծի վայրիվերումները շրջանցելով, մշտապես փորձել է քաղաքական նժարները հավասարակշռել և որպես հակամարտության լուծման բանալի ընտրել հավասարության նշանը, ինչով էլ բոլոր բանակցու­թյուններում պայմանավորվում է փոխզիջումային տարբերակի գերակա լինելը: Սա այն դեպքում, երբ Ադրբեջանի արտգործնախարար Էլմար Մամեդյարովը վերջերս ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայում կրկին հայտարարեց, թե Ադրբեջանը «երբեք զիջումների չի գնա տարածքային ամբողջականության հարցերում»: Ինչպես իրավացիորեն նշում է «Արցախի եվրոպական շարժում» հասարակական կազմակերպության նախագահ Հայկ Խանումյանը. «Սա լավ «մեսիջ» է Հայաստանի իշխանություններին, որ Ադրբեջանը ոչ մի զիջումների չի գնալու: Իսկ Հայաստանի իշխանությունները խոսում են փոխզիջումների մասին: Սա լավագույն «մեսիջն» է, որպեսզի մենք նույնպես բացառենք փոխզիջումների մասին խոսելը»,- ապա արցախցի փորձագետը հավելում է, որ դրա համար լավագույնը կլինի «ոչ մի թիզ հող»-ի սկզբունքը: Ազերիների քաղաքական ներկա դիրքորոշումն ու անպատասխանատու վարքագիծը պիտի վաղուց կողմնորոշած լիներ խնդրով շահագրգիռ երկրներին, սակայն այս խնդրով հայկական կողմի հուշումները կարծես թե նրանց չեն համոզում, ճիշտ ինչպես հայտնի անեկդոտում, երբ հիվանդը բողոքում է հոգեբույժին, որ ինքը մարդ չէ, այլ կուտ է: Հոգեբույժին հաջողվում է հակառակը համոզել: Հեռացած հիվանդը քիչ անց վերադառնում է և հարցնում. «Այդ ես և դու գիտենք, որ կուտ չեմ, մարդ եմ, իսկ հավերը գիտե՞ն»: Ասել կուզի՝ մենք գիտենք, որ ազերիները չեն զիջելու, որ շարունակելու են իրենց կոշտ մերժողականությունը, հարց է` միջազգային հանրությունը գիտի՞… Հենց այս հանգույցն է, որ չեն կարողանում կամ չեն ուզում քանդել:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։