Մայիսի 19-ին Թբիլիսիում տեղի ունեցավ Սայաթ-Նովային նվիրված ավանդական Վարդատոնը: Հայկական Սուրբ Գևորգ առաջնորդանիստ եկեղեցու Սուրբ պատարագից հետո Սայաթ-Նովայի շիրիմի մոտ տեղի ունեցավ հիշատակման կարգ, և ներկաները վարդեր դրեցին հուշաքարին: Այնուհետև միջոցառումը շարունակվեց եկեղեցուն հարակից հրապարակում: Այս տարի ևս այն անցկացվում էր «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության կողմից, Թբիլիսիի քաղաքապետարանի, Հայաստանի և Վրաստանի մշակույթի նախարարությունների, Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան պետական դրամատիկական թատրոնի և Վրաստանում ՀՀ դեսպանության աջակցությամբ: Միջոցառումը սկսեց Թբիլիսիի տիկնիկային թատրոնի «Կար-չկար, մի Սայաթ-Նովա կար» բեմադրությամբ: Ելույթ ունեցան Վրաստանում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը, Ախալցխայի հոգևոր հովիվ Հայր Հակոբ Սահակյանը, Վրաստանի Հաշտեցման ու քաղաքացիական ինտեգրման պետնախարար Լիա Գիգաուրին, բանաստեղծ, թարգմանիչ Գիվի Շահնազարը, «Վիրահայերի միություն» հասարակական կազմակերպության ղեկավար Մարի Առաքելովան: Նրա հավաստմամբ` այս տարվա Վարդատոնը տարբերվում էր միջոցառումների բազմազանությամբ: Ամփոփվեցին նախապես հայտարարված թեմատիկ մրցույթի արդյունքները, որին մասնակցում էին հայ և վրացի գեղանկարիչներ, որոնց աշխատանքները ցուցադրվում էին: Միջոցառմանը մասնակցեց Հայաստանի հանրային ռադիոյի «Սայաթ-Նովա» աշուղական երգի վաստակավոր անսամբլը` գեղարվեստական ղեկավար, ՀՀ ժողովրդական արտիստ Թովմաս Պողոսյանի ղեկավարությամբ:
Հովհաննես Թումանյանի, Գևորգ Բաշինջաղյանի և Իոսեբ Գրիշաշվիլու նախաձեռնությամբ Վարդատոնով հիմնված բարեկամությունը այժմ շարունակում են Հայաստանի և Վրաստանի գրողների միությունները: Վարդատոնին մասնակցում էր բանաստեղծուհի, ՀԳՄ աշխատակից Հերմինե Նավասարդյանը: Նա վրաց բանաստեղծ Բաղաթեր Արաբուլիին հանձնեց նրա` վերջերս «Վան Արյան» հրատարակչությունում տպագրված «Ուրիշ երկինք» գիրքը` Էդվարդ Միլիտոնյանի և Գագիկ Դավթյանի թարգմանությամբ, որն այդ բարեկամության արգասիքն է:
Վրաստանի հայ համայնքի հետ հանդիպման ընթացքում բանաստեղծուհին նշեց, որ Սայաթ-Նովային նվիրված տոնը ոչ միայն արտահայտում է հայ և վրաց ժողովուրդների բարեկամությունը, այլև շարունակում է լինել ամենամյա մշակութային կամուրջ: Նա ասաց. «Սայաթ-Նովան, գրելով թե՛ հայերեն, թե՛ վրացերեն, միատեղել է երկու լեզուները, ցույց տալով, որ կարևորը ճշմարիտ պոեզիան է. այն մի լեզվից մյուսը միշտ կարելի է թարգմանել, այսինքն` կամրջի մի կողմից մյուսն անցնել: Ժողովուրդների բարեկամության կամուրջը մշակույթն է, որը կառուցվել սկսում է խոսքով, քանզի այն է ազգի շնչառությունը»: Հ. Նավասարդյանը առաջարկեց Վարդատոնին Թումանյանի թբիլիսյան տանը կազմակերպել հայ և վրաց գրողների ստեղծագործությունների ընթերցումներ, որը նոր շունչ ու երանգ կավելացնի տոնին:
Սեփ. լրտ.