ՌՈՒԶԱՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ «ՕՐԵՐԻ ԴԵՄՔԸ» ԳԻՐՔԸ / Անի ՓԱՇԱՅԱՆ

Խոսել հրապարակախոսի մասին, նշանակում է խոսել Հայրենիքի ներկայի մասին, որ անցյալից է հունցված և մտքով շարժվել դեպի ապագան, եթե, իհարկե, գիրն ուժեղ է: Գրի մասին յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Շատերն են պնդում, որ այն մտքի բեռից ազատագրվելու լավագույն հնարավորություն է: Իսկ Ռուզան Ասատրյանի դեպքում այլ է: Նա գրում է, որովհետև ուզում է օգնել, գոտեպնդել: Այսպես է ծնվել «Օրերի դեմքը», որտեղ նրան հաջողվել է կանխազգալ, բայց ոչ գուշակել, խորապես հավատալ, և, ամենակարևորը, չբողոքել: Խոսուն է վերնագիրը: Օրվա մտորումները, խոհերը սեփական փորձառությամբ նախ հանձնել հազարավոր ընթերցողների դատին, լսել նրանց կարծիքները ֆեյսբուքի (դիմատետրի) միջոցով, իսկ հետո ընտրողաբար ներկայացնել ժողովածուում: Եվ անել նորարարություն, նաև՝ տեղ հատկացնելով կարծիքներին: Հենց այս մոտեցումն էլ շատ կենդանի է դարձնում գրքի բովանդակությունը: Չկա փաստ, չկա իրական գիր, գիտություն, արվեստ, ուր մնաց՝ հրապարակախոսություն: Պատմական և մերօրյա իրականության վրա խարսխված այս գրառումները նաև վերլուծություններ են մանրազնին, որ կօգնեն պատկերացնելու՝ ինչ հետևանքների կարող է հանգեցնել այս կամ այն անցանկալի երևույթը, որը տեսել ու նկատել է հրապարակախոսը: «Օրերի դեմքը» ժողովածուն չորս տարվա տարեգրություն է, որ գրվել է գրեթե ամեն օր: Եվ քիչ իրադարձություններ չեն տեղի ունեցել հենց 2013-2016 թվականներին՝ թե՛ քաղաքական, թե՛ մշակութային և թե՛ պատմական: Ամենայն խնամքով և ուշադրությամբ է նա վերաբերվել իր երկրում կատարվածին, շունչ տվել մտքի ընթացքին և հետո միայն հանձնել սպիտակ թղթին մտավորականի տնտեսվարությամբ: Ամենօրյա գրառումների այս ձևը՝ երկխոսությունների, օգնել է նաև գրողին անվերջ կռելու-կոփելու բուն ասելիքը, որն էլ դարձել է բացառիկ հնարավորություն՝ անմիջապես զգալու հաջորդ գրառման անհրաժեշտությունը: Այսպիսով՝ արրժևորելով եղածը՝ փաստը, իրադարձությունը՝ Ռուզան Ասատրյանն իր ընթերցողին է ներկայացնում կարևոր ժողովածու՝ ամուր և տոկուն եզրահանգումներով: Գիրքը փակելիս հստակ է դառնում, որ հաղթանակի համար հարկավոր է ամեն ինչ հաշվարկել, ազգային նոր զարթոնքների համար կարևորել հրապարակախոսի ձայնը, որ օդ ու ջրի պես անհրաժեշտ է: Նրա ձայն-կոչը կարող է սնել հասարակության բոլոր բջիջները, գրականությունը, արվեստը տոգորել նոր ասելիքով և ուղի հարթել ապագայի ճիշտ օրերի համար:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։