Մանկագիրները երկար են ապրում, որովհետև գրում են երեխաների համար

Մայիսի 19-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում տեղի ունեցավ հանդիպում ՀԳՄ նախագահ, բանաստեղծ Էդվարդ Միլիտոնյանի հետ` նրա ծննդյան 65-ամյակի առիթով:
Հանդիպումն սկսվեց գրադարանի ակտիվ ընթերցողների գրական կոմպոզիցիայով՝ նվիրված Էդ. Միլիտոնյանի ստեղծագործությանը: Այնուհետև գրչակից ընկերները երեխաներին ներկայացրին Էդ. Միլիտոնյան մանկագրին: Գրող, մանկագիր Սուրեն Մուրադյանի հավաստմամբ՝ Էդ. Միլիտոնյանը հայ գրականության, մշակույթի նվիրյալներից է: Համազոր են նրա պաշտոնավարությունները, գրական գործունեությունն ու վաստակը: Դա են վկայում «Գարուն», «Ծիծեռնակ» ամսագրերում, ռադիոհեռուստատեսությունում, գրահրատարակչությունում, Գրողների միությունում Էդ. Միլիտոնյանի եռանդուն աշխատանքն ու նվիրվածությունը:
Լյուդվիգ Կարապետյանը, նշելով, որ մանկական ստեղծագործությունը պետք է խոսի երեխայի հետ, նկատեց, որ Էդ. Միլիտոնյանի յուրաքանչյուր ժողովածու հեքիաթի ձիու նման այցելում է մանուկների մոլորակ, սավառնում ու պարգևում է նրանց հրաշալի պահեր:
Արմեն Շեկոյանը փորձեց կատակել՝ ասելով, թե Էդ. Միլիտոնյանին պաշտոններ են տվել, ամեն ինչ արել են, որ կտրեն գրականությունից, սակայն չի ստացվել, և նա շարունակել է ստեղծագործել՝ հատկապես երեխաների համար:
Ըստ Ռոլանդ Շառոյանի՝ Խնկո-Ապոր գրադարանը միակ տեղն է, որտեղ մանկագիրները կարողանում են ապացուցել, որ իրենք ոչ միայն գրում են մանուկների համար, այլև իրենք էլ մանուկ են: Իսկ Էդ. Միլիտոնյանն ապացուցել է դա իր բոլոր մանկական գրքերով և նաև նկարչությամբ:
Էդ. Միլիտոնյանը, շնորհակալություն հայտնելով կազմակերպված հանդիպման համար, ընդգծեց՝ որպեսզի մանուկների համար գրես, պետք է մանուկ լինես հոգով: «Մանկագիրները երկար են ապրում, որովհետև գրում են երեխաների համար»,- ասաց նա՝ վկայակոչելով մանկագիր Ս. Մուրադյանին, ում գրքերի թիվը անցնում է 100-ից: Այնուհետև դիմելով դահլիճում ներկա գտնվողներին՝ նա առաջարկեց կարդալ, ճանաչել ժամանակակից գրողներին, քանի որ լավ գործեր այսօր էլ ստեղծվում են: Իսկ գրողի համար մեծագույն ուրախություն է, երբ իր գործը երեխան կարդում և արտասանում է:
Հանդիպման ընթացքում երաժշտական կատարմամբ ելույթ ունեցան փոքրիկները (խոսք՝ Էդ. Միլիտոնյանի, երաժշտությունը՝ Լիլիթ Համբարձումյանի):

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։