ՀԳՄ անդամ գրողների լուսանկարների ցուցահանդես

Նոյեմբերի 29-ին ՀԳՄ առաջին հարկում բացվեց ՀԳՄ անդամ գրողների լուսանկարների ցուցահանդես, որտեղ ներկայացված էին դասական և ժամանակակից գրողների անհատական և խմբակային լուսանկարներ:

ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ ցուցադրված լուսանկարները որոշակի առումով ցույց են տալիս ՀԳՄ 85-ամյա պատմության ընթացքը, նշեց, որ այդ լուսանկարներին նայելով երևում է տվյալ ժամանակը: Ամեն ժամանակ գրողի դեմքին իր կնիքը դրել է: «Տեսնում ենք դասական անուններ, որոնք ժամանակին եղել են՝ Չարենցից, Իսահակյանից սկսած: Ներկայացված են նաև հետագա սերունդները և ժամանակակից գրողները առավելապես»,- նկատեց նա՝ հավելելով, որ այս ցուցահանդեսը որոշակի տուրք է ՀԳՄ 85-ամյա պատմությանը, որում նաև մռայլ էջեր են եղել՝ Չարենցի, Բակունցի, Թոթովենցի, Զապել Եսայանի և այլ գրողների կորուստներով ու բանտարկումով: 85 տարիների ընթացքում Միության անդամները մասնակցել են բազմաթիվ միջոցառումների, եղել տարբեր վայրերում և անմահացրել են իրենց հիշողությունները խմբակային լուսանկարներով, որոնք ներկայացված են ցուցահանդեսում: «Մեզ համար առաջնահերթ է գրական մթնոլորտի պահպանումը, և պետք է շեշտեմ, որ յուրաքանչյուր գրող իր ստեղծագործական աշխարհով, ներկայությամբ ուրույն երևույթ է»,- ամփոփեց ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը:

Ցուցահանդեսից հետո ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ պոեզիայի ցերեկույթ «Ազատ հարթակ» խորագրով, որի ընթացքում ներկա բանաստեղծները կարդացին վերջին հինգ տարիներին կյանքից հեռացած գրչընկերների բանաստեղծություններից:

Ցուցահանդեսը դիտելուց հետո ներկաները մասնակցեցին պոեզիայի ցերեկույթին, որտեղ ներկայացվեցին հետաքրքիր և բազմաբովանդակ բանաստեղծություններ:

Շ. ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։