Հունիսի 26-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ արձակագիր Ներսես Խառատյանի «Պատասխան տալու ժամանակը» գրքի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, տեղեկացնելով, որ օրերս Կլոր սրահում կազմակերպվել էր «Արդի հայ գրողներ և բանաստեղծներ» քրդերեն ժողովածուի (թարգմ.՝ Մրազե Ջամալ Խմոյան) դիմակահանդես-շնորհանդեսը, նշեց, որ այդ շարքը շարունակվելու է, և ներկայացրեց արձակագիր Ն. Խառատյանի «Պատասխան տալու ժամանակը» գիրքը: Փաստելով, որ դետեկտիվ ժանրի գրքերն ամբողջ աշխարհում ամենաընթերցվողն են, մեծ տպաքանակներով հրատարակվում են ու տարածվում, Էդ. Միլիտոնյանը միաժամանակ շեշտեց, որ հայ գրականության մեջ այս ժանրի պակասը զգալի է: Անդրադառնալով Ն. Խառատյանի գրքին՝ նա նշեց, որ այն դետեկտիվ ժանրով գրված առաջին՝ «Ո՞վ սպանեց Էլենին» գրքի շարունակությունն է: Նրա հավաստմամբ՝ իրավաբանի մասնագիտությունն օգնել է հեղինակին գեղարվեստորեն ներկայացնելու սպանությունները, հետաքննությունները՝ իրավական, հոգեբանական վերլուծություններով, դիտարկումներով: «Ներսես Խառատյանն այդ գործը, այսպես ասած, հիմքից գիտի և կարևորելով խոսքի արժեքը, խոսքի նրբերանգները՝ յուրաքանչյուր հերոսի նույնիսկ մի բառի տակ կարող էր հոգեբանական ճյուղավորումներ ենթադրել, տեսնել»,- ասաց Էդ. Միլիտոնյանը:
Սամվել Կոսյանը՝ գրքի խմբագիրը, նկատեց, որ «Ով սպանեց Էլենին» վեպում արդեն կային վարկածներ այս գրքում արծարծվող նկարների մասին, սակայն, ըստ երևույթին, հեղինակին այդ պահին ուրիշ սյուժե էր հետաքրքրում, և այնտեղ նշում կար, որ այդ գիրքը շարունակություն է ունենալու: Եվ այսօր այդ շարունակությունը դրված է ընթերցողի սեղանին: Նա ևս ընդգծեց, որ դետեկտիվի ժանրը այսօր համաշխարհային գրաշուկայում առաջատար դիրքեր է գրավում, մինչդեռ մեզ մոտ այդ առումով բացեր կան, և Ն. Խառատյանի վեպերը լրացնում են այդ բացը: Ըստ Ս. Կոսյանի՝ սովորաբար դետեկտիվի ժանրում առկա է երկու կարևորագույն հանգամանք՝ հանցանք և պատիժ: Դասական դետեկտիվը այս ուղղությամբ է շարունակվում: «Ի տարբերություն դասական գործերի՝ Խառատյանն իր գրքերում ոչ միայն հանցանքի և պատժի մեխանիզմն է զարգացնում, այլև փորձում է ներկայացնել այն պատճառները, որոնք ծնում են հանցանքը: Դա շատ կարևոր է, քանի որ թույլ է տալիս, բացի հետաքննչական գործողություններից, ներկայացնել նաև մարդկային բնավորություններ, մարդկային ճակատագրեր, որոնք, ի վերջո, հասցնում են նրան, որ մարդը, իրենից անկախ, ստիպված է գնալ հանցագործության»,- ասաց Ս.Կոսյանը և վստահեցրեց, որ «Պատասխան տալու ժամանակը» գիրքը ընթերցանության լավագույն պահեր է խոստանում ընթերցողներին:
Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Ներսես Խառատյանը՝ խոստովանելով, որ այս ժանրով ստեղծագործելու գաղափարը Սամվել Կոսյանինն է:
«Պատասխան տալու ժամանակը» գիրքը տպագրել է «ՎՄՎ-Պրինտ» հրատարակչությունը:
Շաքե ԵՐԻՑՅԱՆ