Լույս է տեսել բանաստեղծ, արձակագիր Ժաննա Հակոբյանի «Ճակատագրով դատապարտվածները» վեպը, որի առաջին մասն առնչվում է Հայոց ցեղասպանությանը: Երկրորդ մասում անցյալ դարի 20-ական թվականներին Լեռնահայաստանում թուրքերի դեմ մղվող կռիվներն են` Գարեգին Նժդեհի հրամանատարությամբ: Արևմտյան հատվածում ապրող հայ ժողովրդի ծանր ճակատագրին գրողն անդրադարձել է «Գողգոթայի երդվյալ վրիժառուն» վեպում: Նոր գիրքը նախորդի օրգանական շարունակությունն է: Վեպում գործող մի շարք կերպարների մեջ առավել գծագրվում է Ավետիսի կերպարը` մի պատանի, որը սնված լինելով հայ ֆիդայական ազգային-ազատագրական շարժման գաղափարներով, իր կյանքի ուղեցույց է դարձնում վրեժխնդրությունը թուրքերից: Հակոբյանը գեղարվեստական վարպետությամբ դեպքերն այնպես է զարգացնում, որ հայրենիքին, հայ ժողովրդին նվիրվածությունն առաջին պլան է մղվում: Գլխավոր հերոսը` Ավետիսը, առաջնորդվում է նժդեհյան սկզբունքներով: Զրկանքներով, տանջանքներով ու մահվան տեսարաններով լի գաղթի ճանապարհներին նա երազում էր կռվել Գարեգին Նժդեհի զորագնդում, լինել քաջ մարտիկը մի զորավարի, որը Բալկանյան պատերազմի ժամանակ բուլղարական դրոշի տակ հերոսությամբ մարտնչել էր թուրքերի դեմ: Իր բախտակցին` Մելքոն պապին, ասում է. «Մենք էլ պետք է հետևենք բալկանյան ժողովուրդների օրինակին, կռվենք, արյուն թափենք, թե չէ ազատությունը հենց այնպես, հեշտությամբ չի տրվում» (էջ 68): Եվ Եղեռնից մի կերպ փրկվելով` Ավետիսը որբանոցից ընկերացած Զավենի հետ հայտնվում է Հունաստանում, սակայն մի քանի տարի անց վերադառնում է Պոլիս` հորեղբոր մոտ: Մեկ ամիս ընկերոջ հետ աշխատում է նրա սրճարանում, որտեղ էլ հանդիպում է «Նեմեսիսի» խմբի անդամներից Արշավիր Շիրակյանին, մասնակցում նրա հետ հայ մատնիչին` Վահե Իհսանին վերացնելու գործողությանը, հետո միայն ուղևորվում է Լեռնահայաստան: Կարծես ճակատագիրը բարեհաճ գտնվեց նրա նկատմամբ, քանի որ թուրքերից վրեժխնդիր լինելու նրա ծրագիրը մոտ էր իրականանալուն: Չափազանց հուզիչ է այն տեսարանը, երբ պատանին առաջին անգամ հանդիպում է Գարեգին Նժդեհին և ոգևորությամբ է լսում զորավարի հայրենաշունչ կոչերն ու ճառերը: Մասնակցելով մի քանի մարտերի, ցավոք, դեպի Արցախ գնալու ճանապարհին` լեռներում տարվող կռիվներից մեկի ընթացքում Ավետիսը նահատակվում է: Գրողն ասես իրականացրել է իր հերոսի իղձը` մեռնել հաղթական մահով, սուրը ձեռքին: Անկասկած, վեպում հրաշալի է ներկայացված Գարեգին Նժդեհի կերպարը որպես զորավարի, մարդու, հայրենասերի, որի հերոսական պայքարի շնորհիվ Զանգեզուրը միացվեց Հայաստանին: Ուսումնասիրելով ռազմական մեծ գործչի մարտավարական արվեստը` հեղինակին հաջողվել է բավականին հետաքրքրությամբ ներկայացնել նաև մարտական գործողությունները: Հավատարիմ մնալով պատմական դեպքերի հաջորդականությանն ու ընթացքին` արձակագիրն իրավամբ ջանք ու եռանդ չի խնայել` ընթերցողի առջև բարձր պատվանդանին դնելու Գարեգին Նժդեհի անզուգական կերպարը: Եվ պատահական չէ, որ հայրենասիրական ոգով գրված իր երկերի համար դեռ 2016-ին Ժաննա Հակոբյանն արժանացել է ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» հուշամեդալին:
Ռազմիկ ԳԱԼՍՏՅԱՆ