Թափառող լույսի արձագանքը / ԼԻԼԻԹ

Ամեն մարդ աշխարհ է գալիս իր առաքելությունը կատարելու: Ու քայլում է ինքնահաստատման կյանքի խորդուբորդ և դժվարին ճանապարհներով: Սակայն եթե ի վերուստ նրան տրված է հոգևոր արձագանքով ապրել, միևնույն է, այն երբեք նրան հանգիստ չի տալիս, և որ տարիքում էլ լինի՝ հոգին ալեկոծում է: Ինչպես բանաստեղծուհի Մետաքսեն էր ասում՝ կյանքում երեք հայից չորսը բանաստեղծ է:
Դավիթ Ավետիսյանի կյանքի ճանապարհն էլ այդպես եղավ: Ավարտեց իրավաբանական ֆակուլտետը, այդ ոլորտում հասավ բարձունքների, բայց բանաստեղծելու կրակը երբեք հանգիստ չէր տալիս: Եվ տպագրվեցին նրա գրքերը՝ «Կյանքն իմ աչքերով», «Ես հյուլեն եմ ամպերի», «Կյանքը երեկոյան սրճարանում», «Հոգևոր աքսոր», «Աֆորիզմներ, ասույթներ, խոհեր»:
Այսօր ընթերցողի սեղանին է դրված Դավիթ Ավետիսյանի «Թափառող լույս» բանաստեղծական ժողովածուն: Գիրք, որ նրա վերջին տարիների սիրային, խոհափիլիսոփայական և հայրենասիրական բանաստեղծությունների հանրագումարն է: Ծանոթ լինելով Դավիթ Ավետիսյանի գրչին՝ պետք է ասեմ, որ նա բազմաբնույթ ստեղծագործող է: Նրա և՛ բանաստեղծությունները, և՛ պատմվածքները, և՛ ասույթները վկայում են, որ Դավիթ Ավետիսյանը իր հոգում լույս ունի՝ այն տեսնող աչքը, որն անտարբեր չէ ոչնչի և ոչ մեկի հանդեպ: Մեր օրերում սա կարևոր, ես կասեի՝ անգնահատելի մարդկային հատկանիշ է: Եվ «Թափառող լույս» ժողովածուն բացահայտում և ներկայացնում է հեղինակին նաև այս տեսանկյունից:
Դավիթ Ավետիսյանի բանաստեղծական աշխարհի կիզակետում մարդն է՝ իր հոգևոր վերուվարումներով.
Եվ ինչ է ուզում//Քո ալեկոծ հոգին՝//Ամպերի պայթյո՞ւն,//Թե՞ ընդերքի շառաչ…
Եվ պատասխանը բոլոր ժամանակների համար միանշանակ նույնն է. «Կյանք ու սեր»: Սակայն բանաստեղծ Դավիթ Ավետիսյանի էությունը փոթորկված է, որովհետև.
Հոգուս ցավերը//Ոռնում են շնագայլի պես,//Հոգուս թանձրույթի տակ// Ստվերները այրվում են անձայն…
Այո՛, այդպես է, քանզի նրա հատու գրիչը տեսնում է դարի ծանրությունն ու դաժանությունը և խարազանում այն.
Օդը շիկացել է//Մարդկանց շնչառությունից,//Օդում խոսքեր են թևածում//Անբարո, անաստված,//Երգեր՝ առանց հոգեշաղախի,//Պատկերներ՝ դաժանության//Եվ խաբկանքի…
Դ. Ավետիսյանը յուրօրինակ պատկերավոր մտածողությամբ հոգեհարազատ է դառնում ընթերցողին, խոսում է նրա զգացմունքների լեզվով.
Ծաղիկների բույրով//Բառեր եմ հավաքել,//Որ անուշահոտով//Քեզ ներբողներ հղեմ…
Այսպիսի նուրբ ասելիքով է շաղախում Դավիթ Ավետիսյանը իր տողերը: Էջից էջ թերթելով նրա գիրքը՝ զգում ես, որ նրա բանաստեղծական հոգին սրտացավ է նաև իրեն շրջապատող հարազատ մարդկանց նկատմամբ ու մի հատուկ անթեղված սեր ունի իր ծնողների հիշատակի առջև.
Արցունքներդ//Լուսաբացի ցողեր դարձան,//Ժպիտներդ՝ արևի շողեր,//Աչքերդ՝ բարության ծով,//Օրհնանքներդ՝ թալիսման,//Որ զավակներդ խավարի մեջ//Չկորցնեն հույսի ճամփան…
«Թափառող լույս» գրքում հեղինակի համար առանձնահատուկ դեր ու նշանակություն ունի հայրենիքն ու հայրենասիրությունը: Միշտ և հատկապես այսօր մենք կարիք ունենք նվիրյալ զինվորների, որոնց հայրենասիրությունը չափվում է անմահությամբ, ինչպես դա եղավ ապրիլյան մարտերում.
Դուք նման եք մեռնող աստղերին,//Որոնք ընկնելիս անգամ//Լույս են բերում:
Դ. Ավետիսյանը կյանքին փիլիսոփայորեն նայող բանաստեղծ է, իսկ այդ փիլիսոփայության մեջ անպայման լավատեսություն կա: Ինչպես նա է գրում իր բանաստեղծություններից մեկում, որ արևներին է սպասում, որպեսզի նոր երգեր հյուսի:
Դավիթ Ավետիսյան մարդն ու բանաստեղծը իր «Թափառող լույս» գրքով գալիս է մերօրյա ժամանակներում ասելու, որ մարդը չտրոհվի դարի դաժանության մեջ, այլ պահպանի իր մարդկային էությունն ու բարությունը: Այս գիրքը բարության շնորհանդես է, որ ընթերցողին տանում է դեպի հոգևոր բարձունքներ…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.