Սամվել ՄՈՒՐԱԴՅԱՆ
պրոֆեսոր, ՀՀ գիտության
վաստակավոր գործիչ
Բնական է, որ Հովհաննես Շիրազը՝ որպես հայրենապաշտ ու ծնողապաշտ զավակ, ճշմարիտ ու արդարախոս համաժողովրդական հայ բանաստեղծ, հավասարատես պիտի լիներ մոր և հոր նկատմամբ և գրական ուղու սկզբից պիտի կերպավորեր երկուսին էլ: Հորը կորցրել էր 1920 թ. աշնանը՝ թուրքերի՝ Ալեքսանդրապոլ ներխուժելու ծանր օրերին, երբ ինքը 5-6 տարեկան էր, իսկ իր 50-ամյակի նախօրերին մոր՝ Աստղիկի մահը նրա համար ճակատագրի մի նոր ծանր հարված էր: Այդ և հաջորդ տարիներին բանաստեղծը, իր հզոր արվեստի ներգործուն ուժին գիտակ, մոր կորստյան վշտի մեջ միավորեց մայրական թեմայով առաջներում գրած բանաստեղծությունները, ավելացրեց նորերը և 1968 թ. մի գրքով հրատարակեց «Հուշարձան մայրիկիս» խորագրով՝ 50 000 տպաքանակով:
Իր տեսակի մեջ առաջինը լինելով՝ այն բացառիկ ընդունելության արժանացավ և նոր համալրումներով ունեցավ մի քանի վերահրատարակություն: «Քաղցի տարիներին մատնաքաշ հացի արագությամբ սպառված» (սա Գուրգեն Մահարու բնորոշումն է) այդ գիրքը հարուցել էր գրական մարդկանց զարմանքը, որ դրսևորվել էր Մեծ վանեցու հայտնի գրախոսության մեջ: Միևնույն թեմայով տարբեր տարիների բանաստեղծությունները, սակայն, գեղարվեստական ինքնուրույն միավորներ լինելով, ունեին բազմաթիվ ընդհանրություններ և կարող էին միավորվել գեղարվեստական մեկ ամբողջի մեջ, որն ունեցավ իր ժանրային շիրազյան բնորոշումը՝ «պոեմ բանաստեղծություններով»: Ճիշտ այդպիսի մի պոեմ էլ կյանքի վերջին տարիներին Հովհ. Շիրազը ձևավորել է հոր մասին բանաստեղծություններով՝ «Հուշարձան հայրիկիս» խորագրով, և ականավոր գրականագետ Սուրեն Աղաբաբյանի «Երկու խոսք» բնութագրական առաջաբանով ներկայացրել հրատարակման: Սակայն սա էլ խորհրդային ժամանակներում, Հովհ. Շիրազի մյուս գրքերի նման, հանդիպեց արգելքների և լույս չտեսավ: Ժամանակին գրամեքենայով հնարավոր էր տպագրել առավելագույնը չորս ընթեռնելի օրինակ՝ աստիճանաբար աղոտացող: Ըստ երևույթին՝ գրահրատարակչական մարմինները հեղինակից պահանջած են եղել մեքենագրված երեք օրինակները, բայց ո՛չ տպագրել են, ո՛չ վերադարձրել` «Ձեռագրերը չեն վերադարձվում» սկզբունքով: Արտակարգ լավատեսությամբ միայն կարելի է կարծել, թե դրանք կորած չեն: Բարեբախտություն է, սակայն, որ պահպանվել է միակ՝ 4-րդ օրինակը, որն անցած չորս տասնամյակներին խունացել ու աղոտացել է այնքան, որ դարձել է դժվարընթեռնելի ու վերծանելի թե՛ տպագրության պատրաստողների, թե՛ խմբագրի և թե՛ շարողի համար:
Մի ուրիշ բարեբախտություն էլ կա. Հովհ. Շիրազի բանաստեղծությունների մի զգալի մասը տպված է եղել երկերի նախորդ ժողովածուներում, և մոտ կեսը՝ շուրջ 100 բանաստեղծություն, հենց «Հուշարձան հայրիկիս» խորագրով տպվել է Երկերի վերջին ժողովածուի 4-րդ հատորում (Ե., 1986)՝ «Հուշարձան մայրիկիս» պոեմից անմիջապես հետո: Երկուսն էլ ունեն «պոեմ հյուսված բանաստեղծություններով» ժանրային բնորոշումը: Փաստ է, որ խորհրդային հրատարակիչները 200 բանաստեղծություններից 103-ն են համարել տպագրության թույլատրելի, և հոր մասին Հովհ. Շիրազի շուրջ 100 բանաստեղծություն թաքցվել է ժողովրդից (տեղը չէ խոսել հազարավոր անտիպների, մի քանի հազար միավոր կազմող շիրազյան նամականու և ակադեմիական բազմահատորյակի բացակայության մասին):
Երկերի 4-րդ հատորը թեև կազմվել էր հեղինակի մասնակցությամբ, սակայն տպագրվել է նրա մահից երկու տարի հետո: Այսինքն՝ այլևս չի եղել կրճատողի ձեռքը բռնող հեղինակը, և դրանից էլ արդեն անցել է ավելի քան երեք տասնամյակ: Ոչ ոք չի կարող ասել, թե տպագրվածը հեղինակի վերջին կամքի արտահայտությունն է, մանավանդ որ հիշում ենք Հովհ. Շիրազի մի տագնապալի մտավախությունը «Հայոց դանթեականը», «Անի», «Թոնդրակեցիները» պոեմների առիթներով. «Դիտմամբ գործերիս տպագրությունը կձգձգեն, որ մահիցս հետո ձեռքները բռնող չլինի և իրենց ուզած խմբագրումով ու կրճատումներով տպեն»: Ցավոք, այդպես տպագրվեց «Հայոց դանթեականը», որից կրճատված է մոտ 460 տող: Վերջին երկու պատմափիլիսոփայական պոեմները՝ «Անին»՝ 2011 թ. և «Թոնդրակեցիները»՝ 2014 թ., մեր աշխատասիրությամբ լույս են տեսել առանց կրճատումների: Բայց ահա «Հուշարձան հայրիկիս» պոեմից 1986 թ. հանվել է նրա ուղիղ կեսը՝ 100 շիրազյան բանաստեղծություն, որով աղճատվել են հեղինակային մտահղացումն ու գրքի բովանդակությունը: Միշտ չէ, որ խելամտորեն կրճատելուց շահում է երկի գեղարվեստականությունը: Սակայն երեք տասնամյակ առաջ տպագրվածը մի կողմից օգնում է բացահայտելու, թե ո՛ր բանաստեղ-ծություններն են հանված ու որից ի՛նչ է կրճատված, մյուս կողմից՝ լիակատար պատկերացում է տալիս շիրազյան մտահղացման, բանաստեղծությամբ հյուսված պոեմում միավորների հեղինակային դասավորության ու գեղարվեստական ամբողջի մասին:
Բանաստեղծությունները, ցավոք, ոչ բոլորը, կրում են գրության տարեթվեր, բայց դասավորված են ոչ թե ժամանակագրական կարգով, այլ ըստ բովանդակության, գաղափարագեղագիտական հարցադրումների և խոհազգացմունքային տրամադրությունների: Այս ամենով հանդերձ՝ դժվար է դրանք բանաստեղծական շարք անվանելը, որովհետև շարքի մեջ մտնող գեղարվեստական միավորներն ունենում են տրամադրությունների և խոհերի աստիճանական զարգացում, և յուրաքանչյուր հաջորդ, այդ իմաստով, լինում է նախորդի շարունակությունը: Ուստի շարքի միավորներն ունենում են կայուն դիրք ու հաջորդականություն: Հովհ. Շիրազի բանաստեղծությունները թեև տրամաբանորեն հաջորդում են միմյանց, սակայն որոշ դեպքերում հնարավոր է դրանց պայմանական տեղաշարժ, բայց դա, ինչպես շարքի պարագայում, կարող է առաջացնել գեղարվեստական միասնական ամբողջի բովանդակային աղճատում: Իսկ սա նշանակում է, թե հեղինակն իր գիրքը «պոեմ բանաստեղծությամբ» ժանրային բնորոշումով համարել է մեկ միասնական ստեղծագործություն: Նախերգանքից հետո նա իր հայրապատումը, նախորդի նման, բաժանել է գլուխների՝ առաջին, երկրորդ և վերջին, որով ամբողջական պոեմի տպավորություն է ստեղծվում: Եվ ընթերցողը, 1986 թ. տպվածի հետ համեմատելով, կարող է համոզվել, թե 100 բանաստեղծության բացակայությամբ որքան է աղճատված առաջին տպագրությունը: Միամիտ չպիտի լինել՝ կարծելու համար, թե բանաստեղծն իր այս երկու պոեմներում միայն իր մորն ու հորը կամ Շիրակ ծննդավայրն է գովերգել: Բանաստեղծություններում հայրն ու մայրը բարձրանում են մասնավոր անձի կարգավիճակից և ընդհանրացնում զավակ-ծնող-հայրենիք հարաբերություններն ու մեր ժողովրդի ազգային բնավորության լավագույն գծերը: Իհարկե, այս ամենին զուգահեռ՝ ինքնակերպավորվում է նաև հեղինակը՝ որպես մեր ազգային երազանքների իրականացման ճանապարհի գալիքնատես ջահակիր ու մարտիրոս-վկա: Այս պոեմում կերպավորված հայրը՝ գյումրեցի Թադևոսն իր այգի-բոստանով դառնում է ողջ Հայաստանի ու հայության ճակատագրի շուրջ բանաստեղծի խոհերի ու զգացմունքների արտահայտման միջոց: Իզուր չէր բանաստեղծն իր հայրապատումը նախապես «Գյումրինամե» անվանում, և պատահական չեն բանաստեղծությունների խոսուն վերնագրերը՝ «Հայրս՝ մի ողջ գյումրինամե», «Հայրենատեսիլ. գյումրինամե», «Գյումրեցիները մեր այգում», «Հայ- րիկիս համազգայինը», «Գյումրեցու մենախոսությունը» և այլն: Մանկական վերհուշերով ու պատկերավորման բազմազան միջոցներով կերպավորված քնարական հերոս հայրը, գյումրեցի լինելով, խտացնում է ոչ միայն ավանդական գյումրեցու անսահման խիղճն ու բնական բարությունը, ներսից ողբերգական, դրսից հումորային աշխարհընկալումը, աշխատասիրությունն ու անմրցելի հյուրասիրությունը, նրա կյանքի ու կենցաղի լիարյուն պատկերը: Հոր կենսագրությունը միահյուսված է հայոց ողբերգական պատմությանը և, մանավանդ, Ցեղասպանությանն ու հայրենի տարածքների ծանրածանր կորուստներին, որոնք, որպես ցավալի հիշողություն, խորապես ազդում են հայ մարդու բնավորության ու վարքագծի վրա: Այս հիմքով էլ հյուսվել են գալիքի ազգային երազանքները:
Գեղարվեստականի հետ միասին՝ պոեմն ունի պատմաճանաչողական ու ազգագրական կարևոր արժեք՝ Հայաստանի ու, մանավանդ, Շիրակի բնության, ծառերի ու մշակաբույսերի խնամքի, հայ շինականի՝ արդեն մոռացված աշխատանքային հագուստների, գործիքների, համայնքային փոխօգնության ձևերի ու որոշակի մարդկային հարաբերությունների վերհիշման իմաստով: Բանաստեղծական այս հուշարձանն առատ է բնաբաններով ու հեղինակային ծանոթագրություններով: Այս իմաստով, կարևորվում են հին գյումրեցիների հավատալիքների, կենցաղային սովորության, զբաղմունքների, աշխարհաշեն կառուցողների, քարագործների ու դարբինների, հողագործների ու արհեստավորների, խոսքաշեն սրամիտ մարդկանց, երգիչ գուսանների, այս կամ այն առարկայի, ծառի, բույսի վերաբերյալ հեղինակային կարճ կամ ծավալուն բացատրություն-ծանոթագրությունները:
Ներդաշնակության սովոր, ըստ ամենայնի դասական այդ բանաստեղծը բնավ չէր հանդուրժում ուրիշների՝ նորարարական մոլուցքով ձևական ծամածռությունները, այլ գերադասում էր բովանդակային նորություններն արտահայտել դասական հղկված ձևերով և իր մեծ նախորդների՝ Թումանյանի, Իսահակյանի, Մեծարենցի, Վարուժանի, Տերյանի ու Չարենցի նման հասնել խոսքի պատկերավորության ու առավելագույն բնականության: Որպես խոշոր արժանիք՝ պետք է նշել ոչ միայն ձևի կատարելությունը, տաղաչափական կանոնավոր, հղկված ձևերի և հատկապես օղակաձև հանգավորված տների հմուտ կիրառությունը, այլև քնարական հերոսի բնավորության ու մարդկային նկարագրի լիարժեք բացահայտումը, նրա անհատականացված խոսքի ոճավորումն ու հատկապես այդ մեծ դասականի շքեղ պատկերավոր լեզուն՝ առանց որի անհնար է պատկերացնել Հովհ. Շիրազ երևույթը: Նա հրաշակերտել է աշխատանքն ու մարդկային ներաշխարհի գեղեցկությունները բանաստեղծականացնող հզոր մի գիրք, որը ազնիվ շարունակությունն է Վերգիլիոսի «Մշակականքի» և Դանիել Վարուժանի «Հացին երգի» լավագույն ավանդների: Այստեղ էլ կարելի է տեսնել հողը մշակելով բարիք արարելու ողջ գործընթացը, որն սկսվում է վաղ գարնանից՝ ձնհալից, մինչև ուշ աշնան այգեկութն ու ծառերի ձմեռման նախապատրաստումը: Համեմների ու թարխունի բույրերով օծված, բերքուբարիքով առատ այդ դրախտանման այգու աշխատանքներն իրականացնում է ներքին գեղեցկությամբ ու արժանապատվությամբ օժտված հյուրասեր ու պատվախնդիր գյումրեցի հայ մարդը, որ լուսաբացից բանում էր քանի արև կա և արքայավայել շռայլությամբ ցրում էր բարիքներն ու հպարտանում հենց իր ստեղծածով: Ինքը հողի լիիրավ տերը չէր, կիսրար մշակում էր «աղոնց հողը», բայց բոստանը նրա յուրօրինակ թագավորությունն էր, և ինքն էր նրա արքան.
Անտեր արքա էր հայրս՝
գլխի թագն էր լոկ արփին…
«Հուշարձան հայրիկիս» գիրք-պոեմի ժամանակին տպագրումը, անշուշտ, կունենար իր անմիջական ազդեցությունը ընթերցողների նախորդ սերունդների վրա, բայց այդ գիրքն իր հույժ արդիական հարցադրումներով, աշխատավոր հայ մարդու հարուստ ներաշխարհի, բարոյական վեհության և հայկական համամարդկայնության, պատմական արդարության վերականգնման ու մեր կորուստների վերադարձի, հայրենիքի արժևորման և աշխարհացիր հայության համախմբման պատգամախոսությամբ, ազգային սրբազան նպատակների արծարծումներով, անկախ պետականություն ունենալու երազանքով («Ե՞րբ պիտի դառնամ իմ գլխի տերը») հասցեագրված է նաև ներկա ու գալիք սերունդներին:
Գիրք-պոեմի գրականագիտական հանգամանալից վերլուծությունն ու արժևորումը թողնելով հետագային՝ հարմար համարեցինք այն ընթերցողին հանձնել երջանկահիշատակ Սուրեն Աղաբաբյանի առաջաբանով. նրա՝ առաջին տպավորությամբ բանաձևումները մասնագիտորեն ճիշտ են բնորոշում հանճարեղ բանաստեղծի ամբարներից պեղված այս հրաշակերտությունը, որի գեղարվեստական, գաղափարական ու ճանաչողական մեծ արժեքը վեր է ամեն կասկածից:
08 օգոստոսի, 2017, Երևան