ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ ԲԱԶՄԱԲՈՒՅՐ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ / Սոկրատ ԽԱՆՅԱՆ

ԲԱՆԱՍՏԵՂԾԱԿԱՆ
ԲԱԶՄԱԲՈՒՅՐ ԾԱՂԿԵՓՈՒՆՋ
Սոկրատ ԽԱՆՅԱՆ
Բան. գիտ. դոկտոր, պրոֆեսոր

Ռոբերտ Եսայանը լուսաշող անակնկալների բանաստեղծ է: Ասվածի նոր վկայությունը բանաստեղծի 33-րդ ժողովածուն է, նրա հերթական զավակը` կնքված «Ինքնության դռներ» անունով: Իսկ ինչո՞ւ «Ինքնության դռներ», որովհետև Ռոբերտը էն գլխից ականջին օղ է արել այն ճշմարտությունը, որ բանաստեղծը կյանքի-սիրո-ապագայի դռներին հասնում ու բացում է միայն այն դեպքում, երբ ստեղծածը ինքնատիպ է, իր բառով` «Ինքնություն» է:
Ռ. Եսայանը` որպես արդի հայ պոեզիայի աշխարհում հայտնություն, գնաց դեպի ազատ բանաստեղծության օրինաչափությունների տեսադաշտ, սակայն երբեք չմոռացավ ո՛չ Նարեկացու դասը, ո՛չ Սիամանթոյի փորձը, ո՛չ էլ Թումանյանի մարգարեական պատգամը` «Հարազատ ժողովրդի միջավայրն է հյութ տալիս արվեստին ու գրականությանը… Արվեստը պետք է լինի աչքի նման թափանցիկ, պարզ ու աչքի նման բարդ»:
Գիրքը բացվում է բանաստեղծական մի պատկերով, որտեղ ընդգծված երևում են Ռոբերտի պոեզիայի ինքնության ներկապնակը և արարող ձեռքի հրաշագործությունը: Այն բերում ենք ամբողջությամբ.
Եվ գրասեղանին դիպչող ձեռքս//մտահղացումն է երկնքի,//որով հոսող լույսը//հանապազօր հաց է…//Եվ Անհայտի բացվող դուռը//մաշկիս ծակոտինն է,//և մանկության հեծանիվով գրում եմ//տողերը կյանքիս://Եվ այդ օրը չէ, այլ ես եմ//կանգնել իմ դիմաց…//Եվ բառն ազատվելով կապանքներից դարի`//լուսավորում է խորքերը Հոգու: (էջ 2)
Այստեղ են ասում` դե էլ ի՞նչ բանաստեղծ, որ չի կարողանում բացել մարդու հուզաշխարհի դռները որպես հոգեբան-երգիչ: Ռոբերտը գրքի առաջին շարքը կոչել է «Ոգեհայտնության ժամը» ու հմտորեն, սակայն զգույշ, առաջին հերթին երկրպագումի զգացումով դիմում է հայրենիքին ու խոսքն անվանում «Պատգամ»: Այդ պատգամից ժայթքում է և՛ սեր, և՛ հպարտություն, և՛ պատասխանատվություն` երդում իմաստով: Երկրի և նրա որդիների միասնության կարևորագույն հասկացությունը ծածանվում է եռագույնի ծփանքով: Բանաստեղծի քնարական հերոսի համար հայրենիքը «Աստղանկար եզերք» է: Նրա «արյան մեջ մի ողջ տիեզերք» է շնչում, «ձայնի արձագանքն անգամ հասել է դաշտերին», իսկ «մատները ծաղկեփունջ են, երկրի գոյության սյուները, որոնց վրա հենված են երկինքը, հավատքը, լեզուն, հողը և զորքը»: Աշխարհասփյուռ հայության միակ անփոխարինելի մայրը Հայաստանն է, որը Ռոբերտի բնութագրմամբ` «Թագավոր, Զինվոր» է, որի լինելությունը փոխվում է հավատի և յուրաքանչյուր հայի շուրթերին ծիածանվում որպես աղոթք.
Եռագույնով է դիմավորում մեզ Մասիսն արևկա…//Եվ սաղմոսում է տիեզերքն համայն ձայնով Նարեկա…//Երկի՛ր իմ, ներկադ//քո ապագան է,//իսկ քո ապագան`//խարիսխն անցյալի//և տիգրանաթագ տերությունն է քո: (էջ 5-6)
Եվ այս երդում-հավատի շարունակությունը ձգվում է դեպի լույսի երկիր, դեպի «կողմնացույցն Աստծո», ասել է թե` «հաստատ ու տեսանելի ապագա»: Հետաքրքիրն այն է, որ քնարական հերոսն իրեն տեսնում է հարազատ երկրի պատկերով և ընթերցողին ներկայանում որպես ժողովրդի ճակատագիր.
Ինձ թալանել են,//բայց ես չեմ զատվել ոգուց պատմության,//զարկել են,//իսկ ես վերածնվել եմ//որպես Հայաստան://Ես հայ եմ, անսպառ մի աղբյուր//Արևելքի ոգու խորանում: (էջ 7-8)
Ազգային հպարտության և արժանապատվության այս խոսքը հնչում է իբրև հայ մարդու կենսափիլիսոփայություն` ծալքերին այսպիսի թևավոր մտքեր. «Տարածությունն ի՞նչ է առանց հիշողության», «Աստծո արցունքը, որպես ակ, փայլում է մեր Խաչին խնդությամբ», «Հողի խորքից բխող երկինքը թագուհի մանուշակն է», «Իմ երազը ճանապարհից բխող ծաղիկ է», «Գրիչս դարձել է ոգին ժամանակի», «Իմ բացվող երազի մեջ իրականության դեմքն է Շուշին», «Անցյալը համբուրում է ինձ ապագայից», «Ժամանակը ճանապարհի գիրն է», «Առաջին համբույր, իմ սկիզբն ու վերջը թողել եմ քո մեջ» և այլն, և այլն:
Իմաստասիրության այդ ուղին բանաստեղծին տանում է «դեպի պատգամը կյանքի», «դեպի հայրենիքի ցավը» ու երախտագիտության փեշերով հասցնում լեռնաբուխ մի ակունքի, որտեղ լսում է «հոր ձայնը, որպես ծաղկած ճյուղ… և թռչող երամի հետքերով կարմիր ծագում է լույսը»:
Համաշխարհային գրականության բոլոր նշանավոր գործիչները հաստատել են, որ գրականությունը պատկերավոր մտածողություն է: Ինչ վերաբերում է Ռ. Եսայանի պոեզիային, չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ նրա մտածողությունն ամբողջությամբ պատկերների համանվագ է: Նրա պոեզիայում պատկերների բոլոր տեսակները փայլում են արվեստի փիլիսոփայության ընդգրկումներով: Մարդու-բնության-տիեզերքի միասնությամբ Ռոբերտն ընթերցողին տանում է պատկեր-կերպարի, բնապատկերի, պատկեր-ապրումի, պատկեր-գործողության, անգամ կոլեկտիվ-պատկերի հիասքանչ աշխարհը: Ասել է թե` Ռոբերտի խոսքն աչքի է ընկնում ոչ միայն պատկերավորությամբ, այլև կոմպոզիցիոն բազմազան ձևերի թարմությամբ: Այսպես, վերցնենք թեկուզև «Օրագրի էջերից» ենթաշարքը: Ներկայացնելով տարածության և հիշողության փոխկապակցվածության հիմնախնդիրը` նա թերթում է անհատի շնչից արթնացող հունդերի մատյանը, ապա շոշափում Անհայտի զոհասեղան-ճակատը, ընթերցում ցավի հասցեները և այնտեղից օրվա հրումով քայլում դեպի նոր ասպարեզ: Եվ հաճելին այն է, որ բանաստեղծը լավատեսության արևով է օծում իր ճամփան` ծիածանված «հայացքի հացով», «լույսի ծագումով», ու գոհունակությամբ բացականչում.
Աստվածային խոսքով ծաղկող իմ շուրթերին// արշալույսը գլորվեց,//որպես նոր Ավետիս: (էջ 13)
Կյանքի դժվարին խաչուղիների մասին լինի խոսքը թե սիրո շղթաների, երազի սապատության թե հողմաշունչ ճանապարհի, միևնույն է, բանաստեղծը վերջին հաշվով իրեն ներկայացնում է որպես լույսի սերմնացան, մտնում է բառերի աշխարհ և ցնծում` տեսնելով, որ «Լուսավորվում է խորքից ամեն բառ»: Դեռ ավելին, նա ձեռքը դնում է կրծքին ու խոստովանում. «Ես միտքն եմ լույսի, տարածության հոգին»:
Ռ. Եսայանի զրույցն ավելի շատ հենց իր հետ է, ինքն է ասում. «Շարունակում եմ խոսել ինքս ինձ հետ»: Սակայն այդ զրույցը հիվանդ հոգու խոսք չէ, այլ ժողովրդի դարավոր ցավը կրելու, նրա ծանր ճակատագրի մատյանն ընթերցելու, նրա տիեզերքն ամբողջացնելու և Ոգու դեմքը դառնալու երազանք: Բանաստեղծն իմաստնաբար հիշեցնում է հայրերի և որդիների աստվածային միասնության, ասել է թե` անցյալի ու ներկայի սերտ կապի նշանակությունը.
Հորս հայացքը մի բույն է կարծես,//որ մնացել է ծառի կատարին,//Անսահմանության անուրջ է, որից//թափվում են ճռվողյունները հիշատակների: (էջ 21):
Ելնելով մայր ժողովրդի անցած դժվարին-հերոսական ճանապարհից` բանաստեղծը գրում է.
Երկրի սահմանները հուշարձաններ են,//ցավի զսպանակներ…//երկրի սահմանները//բռունցքներն են մեր,//մեր նախնյաց ոգու հենարանները…//Պատմության լույսից պայթող բողբոջները//նահատակների երազանքներն են: (էջ 22)
Ժողովածուի հերթական շարքով Ռ. Եսայանը բացում է «Ինքնության դռները»: Բանաստեղծական տողերն ազատելով ոգու վանդակից` նա փնջում է առավոտի շողերը, բառերին հագցնում ոգու զգեստներ, գտնում խոսքի ճանապարհը, տեսնում վերածնվող ժամանակի դեմքը, հորինում ստեղծագործական եղանակը` կյանքի հյուսվածքով: Այն հույսի կամուրջ է, կենաց ծառ և Տիրոջ լուսաշող դեմքին ծաղկող Հարության ճյուղեր: Դժվար չէ նկատել բանաստեղծի ինքնության դռների հետևում կամարված կյանքի ծիածանը, որի շողերի տակ ծածանվում են սիրո զգացումները, երկրի դարաշունչ ձայնը, ազատության թևերը, և այդ թևաբախումի ներքո բացականչում է.
Ազգ իմ, քո ձայնը տարերք է ծնում//Ժայռերին ոգու, աստղերի վրա,//Ամեն մի խոսքդ խորանն է Աստծո,//Ամեն երազդ հատի՜կ է նռան,//Ազգ իմ, քո ձայնը` պտտահողմ ոգու,//Հիմնդ խորան է, լույս է ամեն տող: (էջ 40):
Ռ. Եսայանը որոնումի ճանապարհին է միշտ: Նա գտածով չի բավարարվում, քանզի հայացքն ուղղված է ինքնության ծաղկադաշտերին: Որոնումը նրան տանո՜ւմ-հասցնում է Մհերի դուռը` չգրված տողերը գտնելու հույսով, համոզված, որ այնտեղ են ոտնահետքերը դառնում մատենագրեր: Բացի այդ, Ռոբերտն ընտրել է նաև ինքնազննումի ուղին` այն համարելով «սրբազան ուխտի ճանապարհ»: Այդ ճանապարհին էլ նա հանդիպում է Կոմիտասին ու Սիամանթոյին… խոնարհվում նրանց առջև, Մեծ Երաժշտին համարում «երգի տարերք, հովի շունչ, երկնային տաք արցունք», իսկ տաղանդաշատ պոետին բնութագրում որպես «առասպելյան ներշնչանքի մոգ… տեսիլքի աղոթք, թռիչքի հատակ, վշտաբուխ խոսքի խաչված մարտիրոս»:
Ռ. Եսայանի պոեզիան մարդկային բազմաշերտ ապրումների աշխարհ է: Պատահական չէ, որ նա խոստովանում է. «Ես իմ երազն եմ»: Ու երազ-բանաստեղծի գրիչը նկարում է կյանքի ուղիներն ու հանգրվանները: Ռոբերտի «Ինքնության դռներ» ժողովածուի թեմաներն այնքան են բազմազան, բանաստեղծությունները` բազմաբնույթ, որ դրանց վերլուծական-գնահատականները պահանջում են լուրջ ու համբերատար վերաբերմունք: Գրքի «Ոգեհայտնության ժամը», «Ես իմ երազն եմ», «Ոգու ծաղիկն է դա», «Հրեշտակը և ես», «Մինչև… վաղը, մինչև… հանգրվան» շարքերից յուրաքանչյուրը բանաստեղծական թռիչքների եսայանական հանգրվան է` պատրաստ նոր թռիչքի: Այսպես անընդհատ` ծաղկաբույր ու պտղաբեր: Մեր այս գնահատականի վառ ապացույցը Ռոբերտի գրքի նախավերջին հյուսվածքն է` «Իմ հավատը» խորագրով.
Ամեն մարդու մեջ մի լուսավոր կետ կա,//որը գործում է հաղորդակցության դաշտում,//դառնում հիմնականն ու գերակշռո՜ղը: //Ամեն սիրո մեջ լույս հանգրվան կա,//որը խթանում է ընթացքը կյանքի,//դառնում անընթեռնելի էջը Հավերժի://Ամեն երգի մեջ անակնկալ ելք կա,//որը բեկում է ընթացքը սովորույթի,//դառնում անըմբռնելի պահը Հրաշքի: (էջ 204)
Ընդհանրացնելով մեր խոսքը` վստահորեն և գոհունակությամբ կարող ենք արձանագրել, որ Ռ. Եսայանի յուրաքանչյուր գիրք եղել է հրաշքի լուսառատ պահ, որի տրամաբանական շարունակությունը «Ինքնության դռներ» ժողովածուն է` ժամանակակից հայ պոեզիայի բազմերանգ ու բազմաբույր մի ծաղկեփունջ:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։