ՆՎԻՐՈՒՄԻ ԳԻՆԸ / Ռայա ԽԱՍԱՊԵՏՅԱՆ

Մարդու բազում տեսակների մեջ կա մեկը, որի կենսական գործողությունների առաջնահերթում ինքը չկա. ծնողներն են, հարազատները, իրեն վստահված աշխատանքն է, պարտքի, պարտականության գիտակցումը, ուրիշի հոգսը կիսելը:
Այդպիսի մեկին ճանաչում եմ` նույն հիմնարկում միասին աշխատելու բերումով: Կարինե Մեսրոպյանն է: Համալսարանն ավարտելուց հետո, 1986 թվականից մինչև օրս աշխատում է Գրողների միության մշակույթի բաժնում: 33 տարվա ընթացքում հարյուրավոր միջոցառումներ` գրողների հոբելյաններ, գրական-մշակութային բազմազան ասուլիսներ, քննարկումներ, շնորհանդեսներ, հիշատակի օրեր, հանդիպումներ սփյուռքահայ գրողների, ուսուցիչների, անվանի մարդկանց, պետական գործիչների հետ և ոչ միայն. այս ամենի կազմակերպիչն է նա` Կարինեն, և բնավ հեշտ գործ չէ զանգահարել գրողներին, բացատրել միջոցառման, ինչպես նաև նրանց ներկայության կարևորությունը, և անհանգստանալ ամեն ինչ ըստ պատշաճի անցկացնելու և ավարտելու համար: Արժանին այն խորին հարգանքն ու գնահատանքն են, որ նրա անձի ու գործի հանդեպ տածում են բոլոր ճանաչողները:
Դեռևս ուսանելու տարիներից նա զբաղվել է գրական թարգմանությամբ: Մամուլում տպագրվել են մի քանի փորձեր և արժանացել ուշադրության: Ի վերջո, ինչպես հողի ծոցում քլթքլթացող ջուրն է մի երջանիկ օր դուրս հորդում ու գտնում իր ճանապարհը, այդպես էլ հոգևոր արժեք ստեղծելու մղումն է դառնում իրական: Պատահականորեն թե կանխորոշված, Կարինեի ձեռքն է ընկնում Բորիս Պաստեռնակի, Ռայներ Մարիա Ռիլկեի և Մարինա Ցվետաևայի` 1926 թվականին միմյանց գրած նամակների ռուսերեն հավաքածուն: Ժամը հնչելու պահն էր:
Ափսոսանքով նշեմ, որ գրական մշակույթի մեջ էպիստոլյար ժանրի անհետացումը մեծ կորուստ է: Մի պահ պատկերացնենք, որ չկան, չեն գրվել Թումանյանի, Իսահակյանի, Չարենցի, Մահարու, մյուս հայ մեծերի (թեկուզ և քիչ), Տոլստոյի, Չեխովի, Տուրգենևի (և ռուս մյուս մեծերի) նամակները: Ինչպիսի աղքատություն կլիներ: Ինչպես էինք առնչվելու նրանց հոգու տվայտանքների, խոհերի, ժամանակի և մարդկանց բարքերի վերաբերյալ արտահայտած խորունկ, փիլիսոփայական մտքերին: Նամակը հոգևոր հարստություն է: Նրա դերը ստանձնած հեռախոսի և մյուս տեխմիջոցների մեղքով կանչող-տենչող հոգիների արձագանքները գնում-կորչում են փոշառատ, բացիլներով հագեցած օդում` մեզ զրկելով մարդկային խորը և նուրբ զգացմունքներին հաղորդակից դառնալու և դրանց օգնությամբ մենք մեզ ավելի լավ ճանաչելու հնարավորությունից:
«Ձայներ մենությունից» նամակների հավաքածուն կազմել և թարգմանել է Կարինե Մեսրոպյանը: Դա ամենևին հեշտ գործ չէ. հախուռն տաղանդի ու բնավորության տեր երեք բանաստեղծներ, դարձած մի զարմանալի բարդ եռանկյունի, իրար են փոխանցում իրենց կրքոտ զգացմունքները, որոնք որքան քնարական, հուզիչ ու հասկանալի են, նույնքան էլ` հակասական, խճճված, անհեռանկար, ցավալի, ողբերգական: Տարբեր, բայց և հոգիների անսահման հարստությամբ նման երեք քրմապետները` պոեզիան կրոն դարձրած, աղոթք են հղում միմյանց` ակնկալելով (բայց և թերահավատ) երկնային ողորմությամբ իրար հանդիպելու հնարավորություն:
Թարգմանելու համար, կրկնում եմ, հեշտ չէ այս խճճված հանգույցը բացելու ճիշտ արտահայտչամիջոցներ գտնելը: Կարինե Մեսրոպյանը գտել ու ընթերցողին է նվիրել գրական արժեքավոր հուշարձանի անբասիր հայերենով փոխադրված տարբերակը: Նամակների դերն ու նշանակությունը, հասկանալի է` նաև թարգմանության կարևորությունը արժևորել է պոեզիայի խորագետ Հակոբ Մովսեսը գրքի առաջաբանում:
Անցյալ տարի Կարինեի թարգմանությամբ լույս տեսավ ազգությամբ հրեա ռուս գրող Յուրի Կարաբչիևսկու «Կարոտ առ Հայաստան» վիպակը:
Օտարազգի ցանկացած գրողի` Հայաստանին նվիրված գիրքը, անգամ մի ակնարկը կամ բանաստեղծությունը, երախտագիտության զգացում է հարուցում հայ ընթերցողի հոգում, մանավանդ եթե գրվածքը հագեցած է մեր ժողովրդի ազգային կերպարի ճշմարիտ ընկալմամբ ու սիրով: Հենց այդպիսին է «Կարոտ առ Հայաստան» վիպակը:
Հայաստանի հանդեպ Կարաբչիևսկու հետաքրքրությունը ծնվել է Հրանտ Մաթևոսյանի ստեղծագործությունների ռուսերեն թարգմանությունը կարդալուց հետո: Անծանոթ երկիր, անծանոթ ժողովուրդ` իր ուրույն պատմությամբ: Բայց հայ գրողի արտակարգ, հանդուգն մտքերը, դատողությունները, գնահատականները (չմոռանանք` խորհրդային տարիներին) ասես հրեա հեղինակին տարիներով զբաղեցնող ու տանջող մտքերի ու զգացողությունների արձագանքը լինեն: Երկու հինավուրց` հայ ու հրեա ժողովուրդների ճակատագրերի, անցած պատմական ճանապարհի ընդհանրությունը եղել է, կա, բայց և` հայրենիքի, ժողովրդի հանդեպ վերաբերմունքի ինչպիսի տարբերություն: Կարաբչիևսկին Մաթևոսյանին անձամբ տեսնելու, նրա հետ զրուցելու բուռն ցանկությամբ գալիս է Հայաստան, շրջում երկրում, ծանոթանում մարդկանց հետ, ապա և հանդիպում Մաթևոսյանին, երկար զրուցում նրա հետ: Հրանտը դառնում է Հայաստանն ու հայերին ճանաչելու, գնահատելու, ապա և անկեղծորեն սիրելու աղբյուր: Եվ ծնվում է «Կարոտ առ Հայաստան» գիրքը:
Կարինեն աշխատել է Հրանտ Մաթևոսյանի հետ, և ակնածանքը նրա հիշատակի հանդեպ արտահայտվել է «Կարոտ առ Հայաստան» վիպակի թարգմանությամբ` ռուս գրողի հայրենասիրությանը գումարելով իր սերը Հայրենիքի և մեծանուն գրողի հանդեպ:
Թարգմանիչների ընտանիքը համալրվեց ևս մեկով, ակնհայտ շնորհքով օժտված, հայերենին անթերի տիրապետող, գրական միջավայրում զարգացած ճաշակի տեր մեկով, և նա Կարինե Մեսրոպյանն է:
Հաջողություն նրա ստեղծագործական ընթացքին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։

This site uses Akismet to reduce spam. Learn how your comment data is processed.