Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ

– Ընթերցողն ինչպե՞ս է ընկալում, երբ գրողը ճշմարտությունից ավելի ներկայացնում է ճշմարտանմանը:

Ներսես ԽԱՌԱՏՅԱՆ – Թեև ճշմարտանմանը ճշմարտության հետևանք պիտի դիտարկել, այդուհանդերձ, արվեստում, մասնավորապես գրականության մեջ, առավել զգալի ու շոշափելի է հենց նրա, այլ ոչ ճշմարտության ներկայությունը: Եթե կողք կողքի դնենք ծառի կամ որևէ այլ առարկայի լուսանկարչական և գեղանկարչական պատկերը, ապա դիտողի ընտրությունը լինելու է գեղանկարչականը, քանի որ իրական ծառն ու իրական առարկան հետաքրքիր չեն այնքանով, որ ծանոթ են, ճանաչելի և նոր զգացողություններ չեն հաղորդելու, երբ գեղանկարը անծանոթ ընկալումների դաշտ է ու, ամենակարևորը, հնարավորություն` պատկերացնելու ինչ է փոխվել ու դեռ ինչ է հնարավոր փոխել: Ֆրանսիացի հայտնի գրող Ժորժ Սանդը իր «Կոնսուելա» վեպում խորհուրդ է տալիս. «Երբեք չնմանակել բնության հնչյունները, օրինակ` փոթորիկի աղմուկը, անհրաժեշտ է միայն հաղորդել այն զգացողությունը, որ մարդը զգում է փոթորիկի ժամանակ»: Անգամ վավերագրական գրականության մեջ հեղինակները նյութն ավելի գրավիչ և ընթերցողին ավելի ընկալելի դարձնելու համար ստիպված են փոխել կատարվածի, փաստերի իրական մանրամասները` ճշմարտությանը համազոր ներկայացնելով ճշմարտանմանը: Հետևությունը մեկն է` ճշմարտությունը գիտնականների մենաշնորհն է ու նրանց տիրույթում է, ճշմարտանմանը` արվեստի ու արվեստագետների, թեև գիտնականները նույնպես ավելի հաճախ իրենց մտահղացումները ծրագրում և իրականացումները փնտրում են վիրտուալ իրականության մեջ: Հայտնի է, որ ճշնարտությունը մեկն է, մինչդեռ ճշմարտանմանի դրսևորումների թիվը գուշակելն իսկ անհնարին է: Ամեն պահի տասնյակ գրքեր են լույս տեսնում, յուրաքանչյուրը ճշմարտանմանի իր բանաձևով: Եվ ընթերցողը Չարենցի «Լուսամփոփի պես աղջիկ»-ը կարդալով չի մտածում` հնարավոր չէ, սխալ է: Նույնն է պատմական, արկածային, ֆանտաստիկ, դետեկտիվ և այլ ժանրի ստեղծագործությունները կարդալիս: Երևակայությունը միայն մարդու մենաշնորհն է, որն օգնում է կարդացածն ու տեսածը իրականության հետ համադրելով ունենալ այն զգայական պատկերն, ինչը ներդաշնակ է իր ներաշխարհին:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։