Հոդվածի բուն խնդիրներին անցնելուց առաջ կարևոր ենք համարում նրա գրության նախապատմությանն անդրադառնալը։
Գուրգեն Մահարու տասնութ տարվա աքսորական կյանքի ընթացքում ստեղծված գրեթե բոլոր գործերը, ի մի բերված, անհրաժեշտ և սպառիչ ծանոթագրություններով լուսաբանված գրողի որդու՝ Գրիգոր Աճեմյանի աշխատասիրությամբ, 2009 թ. լույս տեսան նրա «Սիբիրական» (Արձակ, չափածո, նամակներ) ստվարածավալ գրքում։ Այստեղ էլ կարդացի «Կարմիր կակաչ» բանաստեղծությունը, և այն ինձ հիշեցրեց Համո Սահյանի հայտնի «Մասրենին»։ Սակայն ինչպես հաճախ, առաջին տպավորությունը խաբուսիկ է լինում, և հնարավոր ազդեցության և զուգահեռի քննությանը ընթացք չտրվեց։
Վերջերս պատահաբար վերընթերցեցի Մահարու «Կարմիր կակաչը», որը զբաղեցնում է «Սիբիրականի» 545-546-րդ էջերը։ 545-րդ էջում արդեն «Կակաչը» հիշեցրեց «Մասրենուն», և ահա 546-րդ էջում հանդիպեցի 2009 թ. իմ կողմից արված հետևյալ գրառմանը, որն էլ դարձավ այս հոդվածի ստեղծման շարժառիթը. «Սահյանի «Մասրենին»»։ Եվ այս անգամ արդեն գրական ազդեցության ու զուգահեռի խնդիրներին անդրադառնալուց խուսափել չհաջողվեց։
Համաշխարհային գրականության պատմության փորձն ու տեսությունը վկայում են, որ գրական ազդեցությունները գրականության չափ հին ու նրա ընթացքի մշտական ուղեկիցն են։ Այստեղ անխափան գործում է մի օրինաչափություն ևս. տաղանդավորների գիրը ազդեցություններից ու շփումներից մշտապես շահում է, հղկվում ու բյուրեղանում։
Մահարին «Կարմիր կակաչը» գրել է երկրորդ աքսորի ժամանակ, և թվագրված է 1949 թվականի սեպտեմբերով, ձոնել է աքսորական ընկերոջը՝ նկարիչ Աշոտ Սանամյանին։ Ուշադրության է արժանի այն փաստը, որ հեղինակն անթաքույց բարձր է գնահատում բանաստեղծությունը՝ այն համարելով իր որդին (հիշենք, որ Պարոնյանը ևս սեփական ստեղծագործությունները համարում էր իր «մտաց զավակները»)։ Շարունակության մեջ Մահարին բանաստեղծության ստեղծման միջավայրի (հայրենիքից հեռու) վերաբերյալ անկեղծ խոստովանություն է անում բախտակից ընկերոջը. «Եթե գրեի երկրում, ուրիշ երանգ, միտք ու իմաստ կստանար։ Կուռայում ստացավ ուրիշ երանգ- և դա վատ չէ։ «Կակաչը» նվիրել եմ քեզ։ Այդ խոստացա ես քեզ Բաքվի ամառանոցում (նկատի է ունեցել Բաքվի միջանկյալ բանտը – Մ.Ս)»։[1]
Այսքանով Մահարին չի բավարարվում և իր բանաստեղծության արժևորման տեսանկյունից վերջում վկայակոչում է Չարենցի հայտնի տողերը․
Լավ եմ գրել թե վատ՝ սրտովդ իմացի,
Չկա ուրիշ քննադատ քո սրտից բացի․․․
Բանաստեղծության սկզբում և վերջում տրվող հեղինակային մեկնաբանությունները փաստում են, որ «Կակաչը» բանտային սուղ պայմաններում ընկերոջն ուղարկված սովորական «հոգեկան կերակուր» չէր, և այն Մահարու համար առանձնակի արժեք ուներ։
Սիբիրի տանջարաններից գրողի երկրորդ վերադարձը միանգամայն անսպասելի էր անգամ նրան սպասողների համար։ Եվ միանգամայն հասկանալի էր, որ ընթերցողներն ու հատկապես գրչակիցները պիտի սևեռուն ուշադրությամբ հետևեին, թե բրուտանոցում սեփական ոտքերով հունցած կավի հետ իր գիրը թրծած աքսորական գրողն այն աշխարհից իր հետ ի՞նչ մատյան է բերում։ Այն չուշացավ, և 1954 թ․ Հայպետհրատը հրատարակեց նրա բանաստեղծությունների գիրքը։ Աքսորում գրված բանաստեղծություններից մեկը՝ «Կարմիր կակաչը», ոչ պատահականորեն, առանց փոփոխությունների, սակայն հասկանալի պատճառներով առանց ձոնի և թվագրության տեղ գտավ գրքում։
Հ․ Սահյանի «Մասրենու» վրա «Կակաչի» հնարավոր ազդեցության վերաբերյալ մեր պնդման հիմքն այն է, որ անցյալ դարի 50-ականներին բուռն ստեղծագործական կյանքով ապրող Համո Սահյանը, որ նաև անձնական ջերմ կապեր ուներ Մահարու հետ, դժվար թե ծանոթ չլիներ Սիբիրում «ծաղկած» նրա «Կարմիր կակաչին»։ Ահա թե ինչու 1956 թ. լույս տեսած նրա «Մասրենին» շփման բազում եզրեր ունի Մահարու «Կարմիր կակաչի» հետ։
Մինչ հիշյալ բանաստեղծությունների զուգահեռ քննությանն անդրադառնալը նկատենք, որ Սահյանի բանաստեղծությունը ևս նվիրված է նկարչի՝ Մարտիրոս Սարյանին։
Երկու ստեղծագործություններում էլ ժայռ-անդունդ կապը դառնում է շարժման, գործողության սկիզբ։ Ահա «Կարմիր կակաչի» առաջին քառատողը․
Որպես վիթխարի, քարացած բռունցք,//Ահեղ, մթամած անդունդի վրա,//Թևերը ծալած քարեղեն կռունկ-// Նայում է ժայռը անդունդին ահա։[2]
Մեջբերենք «Մասրենու» առաջին քառատողը, ուր հստակ է միավորող պատկերների (ժայռ) հարազատությունը․
Կախվել է ժայռը անդունդի վրա//Եվ դարեր այդպես կախված է մնում,//Ջրերի մեջ են ոտքերը նրա, //Իսկ գլխին հոգնած ամպերն են քնում։[3]
Սրան հաջորդում է ժամանակի նույն զգացողությունը, ուր չափման միավորը (դար) երկու դեպքում էլ կրկին նույնն է։
Կարծես անցել են տարիներ, դարեր… («Կարմիր կակաչ»)
Եվ դարեր այդպես կախված է մնում… («Մասրենի»)
Տեղին է հիշատակել Մահարու խոհ-նկարագրությունը, երբ կակաչի սերմը գերագույն մի ճիգով՝
…– թևերով հողմի//Եկավ ու ընկավ այս ժայռի վրա//Անպաշտպան մի հունդ անհայտ մի կողմից,//Գտավ ապրելու, ծաղկելու հնար։
Ահա Սահյանն էլ ներկայացնում է համանման դժվարություններով լի «Մասրենու» կյանքի ուղին։ Նկատենք, որ մեր պատմական ուղուն գրեթե մշտապես ուղեկցող հողմը հավասարապես դաժան փորձությունների է ենթարկել թե՛ Մահարու «Կարմիր կակաչին», թե՛ Սահյանի «Մասրենուն»․
Ցուրտ քամիներն են ոստերը քրքրել,//Հողմերն են ծեծել բոլոր կողմերից,//Բայց նա ժեռ քարից սնունդ է առել//Եվ ջուր է առել խոնավ հողմերից: («Մասրենի»)
Հիմա ուշադրություն դարձնենք «Կակաչի» «սննդառությանը», որը, չնչին տարբերություններով, երկու դեպքում էլ նույնն է․
Սնունդ առավ նա ժայռի ճեղքերից,//Խմեց անձրևի, արևի բույրը//Ունկնդիր եղավ հովի երգերին,//Գիշերով առավ լուսնի համբույրը… («Կարմիր կակաչ»)
Ահա նման բիրտ պայմաններում են (ժայռ, անդունդ, հողմ) դարերով մաքառել կակաչն ու մասրենին, բայց և զգայուն կերպով դյուրահաղորդ մնացել ծփացող բնության մեծ շնչին և «ճոճվել անգամ ճնճղուկի շնչից» («Մասրենի»)։ Սակայն այս դյուրաբեկ ու երերուն քնքշությունը չի խանգարել, որ բազում արհավիրքներին մասրենին դիմադրի «պիրկ պարանի նման» և, այդուհանդերձ, կարողանա նաև «ամեն գարնան քնքշորեն ծաղկել»։ Սա բնապաշտ բանաստեղծի՝ բնության պես-պես ձևերի, անտեսաների շարժման ու խուլ պայքարի խորը իմացության արդյունքում ծնված բանաստեղծական փայլուն գյուտ է, որ արգասաբեր շարունակություն է ստանում նրա պոետական աշխարհում։
Փոքր-ինչ այլ է «Կակաչի» պարագան։ Վերստին վայրի բնության անզիջում պայքարի միջավայրում այն առավել դյուրաբեկ է ու խոցելի, անգամ ինքնապաշտպանվելու փուշ չունի։ Ահա թե ինչու անհավասար պայքարով ապրելու նրա տենչն առավել սուր է ընդգծվում։ Նկատենք, որ «Կակաչը» ևս փարթամորեն ծաղկում է հենց անմատույց ժայռի կրծքին․
…Ու ծաղկեց փարթամ անմատույց կրծքին//Անդունդին նայող հպարտ այս ժայռի… («Կարմիր կակաչ»)
«Մասրենու» վրա «Կարմիր կակաչի» հնարավոր ազդեցության և զուգահեռ քննության տիրույթում տեղին է անդրադառնալ նաև Սահյանի «Կակաչ» (1940 թ.) բանաստեղծությանը։ Այս պարագայում որևէ հիմք չկա խոսել ինչ-ինչ տպավորությունների կամ ազդեցության մասին։ Մահարին չէր կարող ծանոթ լինել Սահյանի «Կակաչին», քանի որ նա այդ ժամանակ արդեն անազատության մեջ էր։ Այս երկու կակաչներին միավորողը նրանց բաժին հասած ծանր ճակատագիրն է։ Սահյանի «Կակաչի» դժբախտությունը մի տեսակ «մասնավոր» բնույթ է կրում (վիրավոր եղնիկի ցավն է կրում իր մեջ)։ Այս բանաստեղծությունն իր կառուցվածքով (հարցում) սկիզբ է առնում ժողովրդական մտածողության վճիտ ակունքներից՝ հիշեցնելով հայտնի դարձվածքը՝ սևը ներս գցել, սպիտակը՝ դուրս։ Ուշադրություն դարձնենք հովի հարցմանը, երբ կակաչը արտաքինից կարմիր է, իսկ ներսում սևն է.
– Դու ինչո՞ւ ես այդքան կարմիր,//Այդ ի՞նչ սև է քո միջին։[4]
Հովի հարցմանն ի պատասխան՝ կակաչը վերհիշում է իր կյանքի երջանիկ շրջանը՝ «գարնան շուշան ամպի տակ»։ Իսկ երբ հանդիպում է վիրավոր եղնիկին, զգայուն կակաչը չէր կարող անհաղորդ մնալ նրա ցավին։
Եվ սգավոր նրա սրտի//Սևը մնաց իմ սրտին։
Սահյանի «Կակաչի» խաղաղ կյանքը մեկեն փլուզվում ու պատվում է սևով։ Այստեղ ևս նկատելի է ժողովրդական մտածողության պարզ ձևերի վարպետ կիրառումը, որն էլ բանաստեղծությանը հուզական մեծ լիցք է հաղորդում։
Վերստին դառնալով մասրենու պոետիկային՝ շեշտենք, որ հակառակ իր դժվարին, զրկանքներով լի ուղուն, որ հայոց հողում մաքառելով արմատներ է ձգել, այն լրացնում է Սահյանի բանաստեղծական աշխարհի տոհմիկ մշտաբնակների շարքը՝ ձեռք բերելով խոհի ծավալման նորանոր տարածքներ։ «Ժայռից մասուր է կաթում», և աշնան մեղմահոս առվի հանգույն կենդանանում է սիրո վերհուշը, բայց արդեն «աշուն է, ուշ է» («Ժայռից մասուր է կաթում» (1968 թ.)։ Այնուհետև բանաստեղծը ցավ է ապրում, որ մասրենու պտուղը «քաղող չկա», պատիվը «պահող չկա»։ Իսկ ահա ժողովրդական մտածողության մեջ ամուր նստած է այն համոզմունքը, որ եթե ի վերուստ մարդուն նվիրաբերված պտուղը չեն քաղում, ապա բույսը խռովում է («Պտուղդ քաղող չկա» (1972 թ.)։ Այս դեպքում մարդը ցավալիորեն օտարվում է իրեն սնող մայր բնությունից։ Մեկ այլ պարագայում մասրենին «լքված այրի է», որ ժովրդական մտածողության մեջ նրա մենության այլ դրսևորումներ ևս կարելի է նկատել, երբ նրա տան դուռը բախող չկա, նրա հացը կտրող չկա։
Սահյանի մեկ ուրիշ բանաստեղծության մեջ արդեն («Մասրենի, միտս եկար…» 1977 թ.) մասրենին դառում է սպեղանի․
Սպիտակ մի թերթ պոկեմ//Որ դնեմ վերքիս վրա…
Գալիս է խոստովանության մի պահ («Մասրենի»), երբ մասրենին ու բանաստեղծը շատ նման են իրար․
Տեսնո՞ւմ ես, թե ես ու դու//Ինչքա՜ն ենք իրար նման։
Իսկ ահա այս դեպքում արդեն նույնանում են մասրենին ու Հայաստանը, և Հայաստան անունը տալիս բանաստեղծը հիշում է «մասրենու վարսաթափ մի թուփ» («Անունդ տալիս» (1964 թ.)։ «Ժայռից մասուր է կաթում» անչափ տպավորիչ պատկերը Սահյանի պոեզիայում առավել մեծ կարևորություն է ստանում՝ դառնալով արդեն առանձին գրքի վերնագիր («Ժայռից մասուր է կաթում» (1979 թ.)։
Այսպիսով, մասրենին վայրի վարդն է՝ վարդի նախահայրը, որ ծնունդ է տվել վարդի ու սոխակի քնարերգությանը։
Մասուրը չափման միավոր է ու նախապայման մեր էպոսում, որ Փոքր Մհերը դուրս գա ագռավաքարից («երբոր ցորեն ելավ քանց մասուր մի, ու գարին էլավ քանց ընկույզ մի»)։
Կարմիր կակաչն ու մասրենին Գուրգեն Մահարու և Համո Սահյանի պոետիկայում դառնում են ազգային նկարագրի գերխիտ սիմվոլներ, որոնց ծնունդն ու կյանքի հետագա ընթացքը սերտորեն միահյուսվում են ազգային գոյի ուղուն՝ վերստին և նորովի բացահայտելով նրա հազարամյա խորհուրդը։
Մուշեղ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
բան․ գիտ․ թեկնածու, դոցենտ
[1] Գ․ Մահարի, Սիբիրական (Արձակ, չափածո, նամակներ), Երևան, ԵՊՀ հրատարակչություն, 2009, էջ 545։
[2] Գ․Մահարի, Երկեր, Երևան, Հայպետհրատ, 1954, էջ 12։
[3] Հ․ Սահյան, Երկեր երկու հատորով, հատոր առաջին, Երևան, Սովետական գրականություն, 1984, էջ 134։
[4] Հ․ Սահյան, Երկեր երկու հատորով, հատոր առաջին, Երևան, Սովետական գրականություն, 1984, էջ 150։
