ԿՈՐՈՆԱՐՈԳՐԱՖԻԱ/Մանվել ՄԻԿՈՅԱՆ

Խղճի կորոնարոգրաֆիայի

արդյունքներն անհուսալի են,

խցանված են վաղուց

բոլոր անոթները,

չի փրկի ստենդավորումը,

նույնիսկ բաց վիրահատությունը,

քանզի այդ անոթները

փոխակերպվել են

կարծր մետաղալարերի…

– Զգուշացեք նրանց բարևելուց,

կարող եք հոսանքահարվել…

Իսկ ֆեյսբուքյան իրենց էջերում

նրանք բարության տիպար են,

համարյա հրեշտակ…

Արհեստական բանականությամբ

գերժամանակակից կլինիկաներում

ապշած են բժիշկները։

Պարզվում է՝ առանց սրտի

հնարավոր չէ ապրել,

իսկ առանց խղճի

նույնիսկ հարմարավետ է…

Հետազոտություններն

ինտենսիվ շարունակվում են,

հայտնվել է մի պայծառատես,

ով աչքերին նայելով`

ընտրում է հետազոտվողներին,

ցուցակները պահվում են

մահացու գաղտնիության մեջ։

Նրանց քանակը երբեմն

ուղիղ համեմատական է

եկեղեցիներում ամեն օր

մոմեր վառողներին

և խաչակնքողներին…

Հոգևոր զրո մակարդակ

ունեցող մի կատարյալ ապուշ

անընդհատ կրկնում է.

– Աստված ներում է բոլորին…

Իսկ մեկ ուրիշը

փորձում է պատառոտել

«Տիրոջ դատաստանը» գիրքը,

և ոչ մի կերպ չի ստացվում։

 

***

Դժվար է անգամ նշմարել աղոտ

լույսն արեգակի,

երբ աչքերիդ դեմ սատանաները

հրեշտակներ են խեղդամահ անում

անտարբերության քարե երախում։

Ու ես ամեն օր

տեսնում եմ նրանց,

սակայն չեն լսվում

ճիչեր, աղերսանք, փրկության կանչեր։

Եվ այն պահերին,

երբ արդեն անհույս էլ վեր չեմ նայում,

մի կուրացուցիչ լույս է երևում,

ճեղքում մշուշը

անսահման երկնի…

Հրեշտակները

շարժվում են հանկարծ,

հարություն առնում

սատանաների մոխիրներից վեր…

 

ԴԵՊԻ ՄԱՅՐԱՄՈՒՏ

Քո ճանապարհը

չի վերջանում այնտեղ,

ուր հասել ես մի խարխուլ կամրջի…

Չնայե՛ս վիթխարի անդունդին,

որտեղ ննջում է

ահարկու լռությունը

արթնացող տագնապի…

Նա, ով հասցրել է քեզ այդտեղ,

իր վրա կվերցնի քո ծանրությունը,

միայն չդողան ոտքերդ,

քանզի մյուս կողմում

ճանապարհը կարճ է

մինչև հաջորդ կամուրջը…

Չթողնե՛ս անդունդը սողոսկի

հոգուդ խորքերը,

դա ավելի վտանգավոր է…

Ետդարձի ճանապարհը փակ է,

քայլի՛ր, չես սայթաքի,

քանի որ ժամանակը

վաղուց է սայթաքել

քեզ մոտենալիս`

անտերունչ թողնելով

քո արահետը…

Մի՛ մտածիր վերջի մասին,

վերջը մշտապես

մտածում է քո մասին…

Տագնապը չի կարող

չեղարկել մայրամուտը՝

գունաշատ նախահիմքը

նոր լուսաբացի,

որի շողերը կջերմացնեն

բոլորովին ուրիշ դեմքեր։

 

***

Անտեսված լռությունն

ավելի անկանխատեսելի է,

քան անտեսված ձայնը,

որ լսվում է հեռվից՝

խառնիճաղանջ խաչմերուկից

քեզ ուղղորդելով

դեպի այն արահետը,

որը նման է բոլորին,

բայց հենց քոնն է…

Լուռ են մյուս ձայները,

որոնք ստիպում են լսել

միակ Ձայնը…

Ես սիրում եմ լռության

համբերատար խոնարհությունը

նույնքան, որքան

բախտորոշ Ձայնը՝

դուրս թռչող ակնթարթորեն

ճակատագրի հոգուց…

-Ես այստեղ եմ,- ասում է ՆԱ,-

դու քայլում ես

անծանոթ ու հարազատ

Քո արահետով,

որն անվերջ է թվում՝

խնամքով հյուսված

քո պատրանքի

լույսով ողողված…

-Ետ չնայես,-

հորդորում է մյուս ձայնը,-

չխախտվի լռության

փխրուն առեղծվածը…

 

***

Անձրևը նույն մեղեդին է նվագում

տանիքների վրա,

փողոցի լվացվող դեմքը

խտացնում է գույները

սպասման պատրանքի…

Տների լուսամուտները մշուշվել են,

որ թաքցնեն այդ պահերին

ոչ մեկի չսպասող

մարդկանց առօրյան…

Անձրևը նույն մեղեդին է նվագում

տանիքների վրա…

Ես կանգնած եմ իմ տան շեմին՝

առանց անձրևանոցի,

բայց անցորդներն ուրիշ են,

չկան այն մարդիկ,

որոնք շտապում էին ինձ մոտ…

Երբ դադարում է անձրևը,

ամբողջովին չոր են հագուստներս…

Անձրև՛, գոնե դու

ինձ հուսախաբ չանեիր։

 

***

Մի՛ փնտրիր նրա հասցեն,

ով հեռանալիս չի ասել՝

ցտեսություն,

ետ չի շրջվել, որ վերջին անգամ

տեսնի քո տարակուսած հայացքը՝

հարցականներով աղավաղված։

Ասված է արդեն՝

քո մենակությունն է

միակ հավատարիմ ընկերդ,

որի տիրույթում կհայտնվեն

ուրիշ մարդիկ, որ երբ պահը գա,

դարձյալ հեռանան՝

առանց ետ շրջվելու։

Մի՛ հավատա ջերմ խոսքերին,

այլ՝ վստահիր լուռ հավատարմությանը

և քեզ պարզված ձեռքին,

երբ սայթաքում ես

ահասարսուռ վիհի եզրին։

Միշտ կգա մեկը, ում ճանաչում ես,

կամ ինքն է միայն քեզ ճանաչում,

կպարզի ձեռքն ու կհեռանա՝

քեզ թողնելով քո միակ ընկերոջ՝

մենակության հետ՝

գալիք օրերիդ

ցուրտ լաբիրինթոսում։

 

***

Դու չես վերադառնում

այնտեղից, որտեղ

այդպես էլ չգնացիր,

սակայն երազները

չեն թողնում, որ մոռանաս

ոչ մի պատկեր

այդ երանելի վայրից։

Այնտեղ լռությունը

մաքրված է աղմուկի

անվերջ տագնապներից,

ձայները թարմ են,

ինչպես նոր բացվող

ծաղկաթերթերն առավոտյան,

մի անսովոր լույս

խտացնում է գույները

ծառերի ու խոտերի,

թռչունները երգում են

գետերի հոսանքաձայնի

երաժշտության ներքո…

Դու նայում ես

լճերի մաքուր հայելում,

ճանաչում ՔՈ դեմքը,

հոգիդ հաշտ է

ու խաղաղ,

և մարմնիդ վարքաքարտեզում

անդունդներ ու խութեր

չի գտնում երբեք…

Դու չես վերադառնում

այնտեղից, նույնիսկ

երբ քայլում ես այստեղ՝

շնչելով մեղսամաղ օդը

իրականության ծամածռված

հայացքի ներքո…

Չգիտես նույնիսկ,

որ երբ վերադառնաս,

դա կլինի քո վերջին օրն

այս կյանքում…

 

***

Դու միշտ զգում ես

մի հայացք քո թիկունքից,

մի ուրիշ հայացք

առջևից նայում է

ուղիղ աչքերիդ։

Նրանք որքան օտար են քեզ,

այնքան էլ հարազատ։

Ո՞վ ես դու հիմա,

որ քայլում ես մտամոլոր,

ըմպում գլխավերևումդ թափառող

ձանձրույթի ամպերը,

չես ուզում ո՛չ ետ նայել,

ո՛չ առաջ…

Այդ հարազատ դեմքերի շուրթերը

չեն շարժվի,

քեզ ոչինչ չեն ասի։

Ինչ պետք է ասվեր,

ասվել է վաղուց,

ասվելիքը հետո կասվի,

բայց դու չես լսի երբեք,

իսկ հոգիդ գիտե,

սակայն լռելու է…

Հնամաշ վերարկուիդ

կոճակները պոկվել են,

մի՛ սպասիր ոչ ոքի, ինքդ կարիր…

Հավատա՛ ճանապարհիդ

անվերջության պատրանքին,

որ հետո

վերջին քայլն անելիս

չվարանես հանկարծ,

որ քեզ առջևից նայող հայացքը

չտխրի երբեք։

 

***

Լույսը, որ դու նվաճել ես՝

լծորդելով ցերեկն ու գիշերը,

լռությունն ու աղմուկը,

լքումն ու հանդիպումը,

ողբն ու ծիծաղը,

քեզ ուղեկցում է այնտեղ,

ուր դու հասել ես

քո տեսիլքների սլացքով

մինչև ճանապարհ ընկնելը։

Այնտեղից անդին

հասնում են նրանք,

ովքեր հասել են նախապես…

Դու կանգնել ես մոլորված,

ետդարձի ճանապարհ չկա,

առջևում ուրիշի ճանապարհն է,

որով լույսն ուրիշին է ուղեկցում…

Քեզ սպասող տեսիլքները

նիրհում են անցյալում։

Վերադարձի ոչ մի հույս…

Կկոցում ես աչքերդ

օտար լույսի ճառագայթներից,

որոնք կլանում են քեզ,

առնում պտտահողմի մեջ

ու անհետանում,

քո կանգնած տեղում

թողնելով քո ստվերը՝

պաղ ու անհաղորդ…

 

***

Ասում են՝

բանտարկյալներն ենք

մենք մեր մարմնի,

որի ցուցումներն ենք

կուրորեն կատարում

այնքան կանոնավոր

ու սարսափելի հնազանդ,

որքան թվերի

անխախտ հաջորդականությունը…

Մեր հոգիները

ճչում են աղեկտուր,

ձայները խլանում են՝

հեռանալով մեզնից,

մենք ոչ մի հնչյուն

չենք լսում այնքան,

որ մեզ թվում է՝

խուլ ենք առհավետ…

Մեր ներսում

լոկ անշարժացած

ստվերն է մեր հոգու՝

իբրև վերջին փրկօղակ,

որի միջոցով

երբ հաղորդվենք

աղերսանքին Վերին,

մեր ունկերը կմաքրվեն

մարմնի թողած

անհոդաբաշխ աղմուկից,

և կլսենք հնչյունները

հեռացած Ձայների…

Սակայն մենք

բանտարկյալներն ենք

մեր մարմնի,

մեր տեսողությունը

կորել է աստիգմատիկ

հարթություններում

մոլորության։

– Վերադարձրու մեզ, Տե՛ր,

մեր նախնական

Տեսողությունը։

 

***

Դու նման ես փողոցն անցնողի,

ում կյանքը կախված է

վարորդների ուշադրությունից։

Լուսացույցեր չկան,

չես նայում ո՛չ աջ, ո՛չ ձախ,

առջևդ տեսնում ես միայն

անծիր մի դաշտ՝

թառամած ծաղիկներով։

Հայացքիդ մեջ

անթափանց մշուշ է,

հոգուդ մեջ մարմրող լույսը

հապաղում է

աչքերիդ անթափանցությունից։

Քո մտապատկերում

չես տեղավորում այն,

ինչը քո շրջապատում է։

Քեզնից դուրս

ամեն ինչ փոշիանում է

մինչև քեզ հասնելը,

կարծես ճանաչում ես միայն

քո աներևույթ նմանակին,

որը քեզ հաստատ

վրաերթի չի ենթարկի…

Քեզ համար սթափությունը

հավասարազոր է կործանման,

Սկիզբն ու Վերջը

նույնքան մոտիկ են,

որքան շատ հեռու…

– Նայի՛ր էությանդ լճակին,

գուցե տեսնես նրան,

ով քայլում ու շնչում է

քո փոխարեն։

 

***

Դու հորինել ես մի երկինք,

ուր խավարն անընդհատ

դրժում է առավոտյան

հեռանալու մասին

արևին տված խոստումը,

ամպերը վերածվել են

անթափանց քողի,

թռչունները ճախրում են

այլ երկինքներում,

անձրևը դրժում է

հողին տված խոստումը

և ոռոգում այլ հովիտներ…

Իսկ դու նայում ես վեր

և տրտնջում, որ քո երկնքում

գիշերն աստղեր չեն երևում։

 

***

Բառերը ծիծաղելի են դառնում,

երբ բոլոր հարցերին

պատասխանելու է գալիս արարքը։

Մի՛ ասա՝ քեզ կարոտել եմ,

եթե ոտքերդ քեզ անընդհատ

ուրիշ տեղ են տանում

կամ պարզապես ոչ մի տեղ։

Դու խաղա քո՛ դերը,

ուրիշների դերերը

խաղում են միայն թատրոնում։

Անհեթեթությունն անցնում է

թույլատրելի սահմանները,

երբ թույլ ես տալիս,

որ ուրիշները քեզ

ավելի լավ ճանաչեն,

քան ինքդ։

Դու գնա այնտեղ,

ուր դեռ լսվում է սպասման ձայնը…

Բառերը գերադասում են այրվել,

քան դառնալ կեղծ թղթադրամ։

 

***

Դու ինքնաներփակ մի լույս էիր

տխրության մութ տիեզերքում…

Մի անհայտ էություն

գիշեր ու ցերեկ ինձ շշնջում էր

դեպի քեզ բերող

երկնային ճանապարհը,

որը զարմանալի փորձությամբ

անցնում էր նաև մոլորակի

ինձ հատկացված տիրույթով…

Մի ամբողջ կյանք պահանջվեց

քեզ հասնելու համար։

Հպվեցի, և լույսը

բացեց իր ճառագայթները,

որ տեսնեմ սպասմանս

երանելի վերջնագիծն

այնպիսին, ինչպիսին

ես ուրվապատկերել էի

լուռ դեգերումներիս

անքուն գիշերների

ակնթարթային նիրհման

անիմանալի երազներում…

Կյանքում ոչինչ այնպիսին չէ,

ինչպիսին կա իրականում,

այլ՝ այնպիսին,

ինչպիսին մենք արարել ենք

մեր փխրուն մտապատկերում…

Դու հերքում ես

իրականի ու անիրականի

անըմբռնելի սահմանը,

թափանցում ես անարգել

իմ ներաշխարհը

և սահուն միավորում

իմ անցյալը, ներկան

ու ապագան,

լուսաբացն ու մայրամուտը…

Տո՛ւր ձեռքդ,

ճանապարհը հոգնել է

մեզ սպասելուց…

Բերկրությունը չի ներում

շոշափելիության ու թափանցումի

հապաղումը։

 

***

Լռությունը հպվում է

հիշողությանս ապակուն…

Արևի լույսի մի շերտ

ճեղքում է քողը մթի,

դեղնաճերմակ շողերի մեջ

դանդաղ թափվում են

մանր փաթիլներն ապակու՝

հորիզոնում ուրվագծելով

դողացող պատկերը

քո դիմանկարի,

որը դանդա՜ղ մոտենում է։

Ես ընդառաջ եմ վազում

ինքնամոռաց ու անդադար,

բարձրանում վեր այնքան,

որ փշրվում եմ

հիշողությանս ապակու հետ…

Մենք ձուլվում ենք միմյանց,

Ես ոչինչ չեմ զգում

քեզնից բացի…

– Վերադարձ չկա, վերադարձ չկա,-

լսվում է Անմատչելի հեռվից։

 

ԷԼԵԳԻԱ

Դու անհանգիստ

կնայես լուսամուտին

նաև այն ժամանակ,

երբ վաղուց արդեն

ինձ ոչ ոք սպասելիս չի լինի,

կփնտրես քեզ դրսում, ներսում,

հեռացման ու սպասումի

բոլոր խաչմերուկներում

և չես գտնի…

Կզգաս պաղությունը

չհեռացող լռության՝

իմ շրջանակված դեմքով։

Հետո կպատրաստվես

մեր հերթական հանդիպմանը,

կնստես բազմոցին

ու կփակես խոնավ աչքերդ…

Կլսես քո անունը,

որը շարունակում ես ճանաչել

միայն իմ ձայնով…

Կլցվի ներսիդ

համառ դատարկությունը։

Երբ զգաս

հպումներիս ջերմությունը,

հոգիդ կհաշտվի մարմնիդ հետ,

պատրանքի ստվերում

անտեսանելի կդառնա

գունազուրկ իրականությունը…

Նորից կլսես իմ ձայնը.

– Վերջին համբույրն

ամենևին էլ վերջինը չէր…