Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ

 

 

Սիրահարվել եմ

Սիրահարվում եմ տարվա ամեն մի օր, ամեն մի ժամ,

Երբ սերը չկա՝ կյանքս դժոխք է, ցնորք է ունայն:

Սիրահարվել եմ ես դրախտաբույր իմ հուրիներին,

Սիրահարվել եմ ծաղկանց, ծառերին ու ծիածաններին:

Սիրահարվել եմ կանչող աստղերին Աստծո եզերքի,

Մշո հերկերին, սուրբ ակունքներին իմ հայրենիքի:

Սիրահարվել եմ մեղվի տքնանքին, կամքին մրջյունի,

Արծվի ճախրանքին, գարնան կանչերին իմ կռունկների:

Սիրահարվել եմ թոթովանքներին մեր մանուկների,

Վարդի թովչանքին, աստղացոլքերին ձնծաղիկների:

Սիրահարվել եմ իմ Ախուրյանին, իմ Արագածին,

Երգում են ինձ հետ իմ Մեղրագետը, իմ Արածանին:

Իմ ծնված օրից սիրահարվել եմ Հայոց աշխարհին,

Աշխարհը կերտող, աշխարհը փրկող Աստծո հանճարին:

 

Սիրում եմ

ա) Աշուն է, ամպերն են հեկեկում,

Չվում են հավքերը, չվում են,

Կան սիրո ճամփաներ երկնքում,

Սիրու եմ քեզ, երկի՛նք, սիրում եմ:

 

բ) Աշուն է, խնկաբույր կա օդում,

Նիրհում են հերկերը, նիրհում են,

Թախիծ կա, արցունք կա գետերում,

Սիրում եմ ձեզ, գետե՛ր, սիրում եմ:

 

գ) Փարվում են հուրերը սրբազան,

Արեգակն իր սերն է շնորհում,

Արեգա՛կ, գոյության մայր օվկիան,

Սիրում եմ քեզ հավետ, սիրում եմ:

 

2

Մի անհայտ աշխարհից ես եկա,

Կավ էի ես կենաց ջրերում,

Խավարի անդունդից բարձրացա,

Սիրում եմ քեզ, աշխա՛րհ, սիրում եմ:

Ես սիրո տաճարում մարդացա

Եվ սիրով օծվեցի բարուրում,

Մայրական սուրբ կաթից զորացա,

Սիրում եմ քեզ, մա՛յր իմ, սիրում եմ:

Իմ Շիրա՛կ, Արարա՛տ, Արագա՛ծ,

Մշո՛ դաշտ, Մեղրագե՛տ իմ զնգուն,

Արմատնե՛ր, ակունքնե՛ր իմ նախնյաց –

Սիրում եմ ձեզ հավետ, սիրում եմ:

Հուրինե՛ր, ծաղկեցիք իմ ճամփին,

Ձեզ սերն է ինձ անվերջ ցնորում,

Կերտեցիք դրախտի իմ այգին –

Սիրում եմ ձեզ հավետ, սիրում եմ:

Այս կյանքը մի սիրուն տեսիլք է,

Ցավերը զարկում են ու այրում,

Իմ կյանքը կռիվ է, ճախրանք է,

Սիրում եմ քեզ, կյա՛նք իմ, սիրում եմ։

 

3

Փա՜ռք քեզ, Տե՛ր, քո կամքով ծնվեցի

Շիրակի աստղազարդ այս հովտում,

Քո կենաց լույսերով օծվեցի,

Պաշտում եմ քեզ, Տե՛ր իմ, պաշտո՜ւմ եմ…

 

Իմ մայր բնություն

Ես հաղորդվում եմ խոսքով ու հոգով,

Ես հաղորդվում եմ երգով, աղոթքով

Եվ միշտ ասում եմ՝ իմ մայր բնություն,

Դու մայրական գիրկ, հայրական իմ տուն:

Երկրպագում եմ քեզ, Հայոց բնաշխարհ,

Հայ ժողովրդի սուրբ ծննդավայր,

Դու իմ պորտալար, իմ հոգու տանիք,

Իմ մայր բնության իմ խաս հայրենիք:

 

Կապույտ արոսները

Ձյունահողմ էր երկինքներում,

Ձյունաբուք էր, ահեղ քամի,

Իջան նրանք երազի պես

Գետահովտում Ախուրյանի:

Իջան նրանք՝ արոսները,

Եվ դաշտերում հանգիստ առան,

Խաղաղվեցին բիրտ հողմերը,

Եվ ջերմացավ շունչը գարնան:

Եվ երգեցին արոսները՝

Կռունկները իմ հայրենի,

Թվաց՝ կապույտ իմ հավքերը

Հրեշտակներն են երկինքների:

Եկան նրանք ու լցվեցին

Իմ հոգու լուրթ երկինքներում,

Ես նրանց հետ սավառնեցի

Երազանքի հեռուներում:

 

Ապրենք

Ապրել, ապրել, այնպես ապրել…

                                    Պ. Սևակ

Ապրենք՝

Հոգու, արյան մեր թռիչքով,

Լուսաբացի զուլալ երգով,

Մայր բնության խաղաղ հևքով,

Արեգակի սուրբ օրհներգով:

Ապրենք՝

Արարումի հզոր ջանքով,

Կատարյալի սուրբ տենչանքով,

Հավիտյանս հավիտենից՝

Սիրահարված ու սիրաթով:

Ապրենք՝

Ծաղկեցնելո՜վ, ապրեցնելո՜վ

Եվ իղձերը մեր հոգեթով՝

Հայրենիքին ընծայելով:

Ապրենք՝

Գետերի պես եղբայրանանք,

Հայրենիքում հզորանանք,

Մեր ձեռքերով ճամփա հարթենք,

Մեր ոտքերով վեր բարձրանանք,

Ճամփաները, անդունդները

Մեր աչքերի լույսով անցնենք,

Որ տեղ հասնենք:

Թե սխալվենք՝

Սրբագրենք սխալները եղբայրաբար,

Թե վրիպենք՝

Գտնենք ազնիվ հնար ու ճար:

Չգոհանանք մեր գտածով,

Մեր կերտածով, ձեռք բերածով,

Միշտ գոհանանք երկնատիրոջ

Շնորհածով:

Չապավինենք մենք ուրիշի

Աչքի լույսին

Եվ հույսերին անգո ու սին:

Ապավինենք տիեզերական

Մեր ուժերին, մեր ջանքերին,

Մեր ճրագին,

Մեր կրակին,

Մեր բանակին:

 

Հայոց առագաստանավը

Խիզախ ազատամարտիկ

Բագրատ Մարտիրոսյանի հիշատակին

Լողում է հայոց առագաստանավը

Օվկիանում ահեղ, տարերքում դաժան,

Չորս կողմում՝ խութեր, անդունդներ, ցավեր,

Պայքար հարատև, պայքար անվախճան:

Ծովագայլերն են շարունակ դավում,

Ծովահեններն են զարկում շարունակ,

Մեր նավազներն են անվերջ մաքառում,

Նավը գնում է դեպի հաղթանակ:

Ծովամարտերում առասպելական

Նավը կորցրեց գանձեր աստղային,

Քաջ նավազներից շատերը ընկան,

Նավը չկորցրեց ուղին երկնային…

Անսանձ ալիքներ, անզուսպ որոտներ,

Դեռ չի հանդարտվել օվկիանի ցավը,

Ջրերի խավար անդունդներից վեր

Թռչում է հայոց առագաստանավը:

Գնում է հայոց նավը սրընթաց

Դեպի ոսկեափ, լույսի հրվանդան,

Դեպի իղձերի զվարթ լուսաբաց,

Դեպի պայքարի խաղաղ հանգրվան:

 

***

Չկա աշխարհում մի խաղաղ անկյուն,

Մի խաղաղ երկիր, վայր երջանկության,

Մի տեղ կռիվ է, պատերազմ, արյուն,

Մի տեղ՝ արհավիրք, վշտերի օվկիան:

Քայլում եք դուք աշխարհից աշխարհ

Քույրե՛ր, եղբայրնե՛ր իմ թափառական,

Հայոց երկիրն է մեր հոգու տունը,

Հայոց հողում է սերն ու ապագան:

 

***

Քո անմահության խորհուրդներն ինձ տուր,

Անվախճան ոգիդ տուր ինձ, ժամանա՛կ,

Քո խոհեմությունը, քո իմաստնությունը,

Հանդարտությունդ տուր ինձ, ժամանա՛կ:

Որ հասնեմ կապույտ իմ երազներին,

Իմ նախնիների բաղձանքին հասնեմ,

Հասնեմ իմ Սասնա խորոտ սարերին,

Հայոց պատմության նոր էջ զարդարեմ:

 

«Օջախ երջանկության» շարքից

 

Թերեզա

Այս կյանքը տենդ է, պատրանք է, Թերե՛զա,

Երազ է, տեսիլք է, տանջանք է, Թերե՛զա:

Այն, ինչ ծնվում է՝ վաղը հուզվում է, Թերե՛զա,

Այն, ինչ ծաղկում է՝ վաղը թոշնում է, Թերե՛զա:

Այն, ինչ վառվում է՝, վաղը հանգում է, Թերե՛զա,

Այն, ինչ ժայթքում է՝ վաղը սառչում է, Թերե՛զա:

Լոկ սերն է, ոգին տիեզերական, Թերե՛զա,

Որ չունեն սկիզբ և չունեն վախճան, Թերե՛զա:

Այս աստվածային սիրո ափերում, Թերե՛զա,

Գտնում ենք իրար, իրար կորցնում, Թերե՛զա:

Այս կյանքը ունայն, եկ, սիրով լցնենք, Թերե՛զա,

Սիրով ընթանանք, սիրուց հրդեհվենք, Թերե՛զա:

 

Ես կգամ

Թե կարող ես բուժել իմ հին վերքերը –

Ես կգամ, սիրելի՛ս, ես կգամ,

Թե կարող ես վառել իմ թոնիրները –

Ես կգամ, սիրելի՛ս, ես կգամ:

Թե չես մոռացել սիրո խոստումները,

Կարոտի թևերով ես կգամ,

Թե չես ուրացել քո երդումները –

Լեռներով, ծովերով ես կգամ:

Ասա, որ սիրում ես, ինձ չես մոռացել,

Ձնծաղիկի բույրերով ես կգամ,

Ասա, որ սիրո առագաստ ես պարզել,

Կռունկի կանչերով ես կգամ:

Ես կգամ երկնային աստղալույսերով,

Իմ հոգու գանձերով ես կգամ,

Դու ինձ սպասիր հավատով ու սիրով,

Ես կգամ, սիրելի՛ս, ես կգամ:

 

Աստղանվագ

Աստղահանդես է ձմռան գիշերում,

Վառվել են անթիվ – անհամար ջահեր,

Աստղափնջեր կան Տիրոջ եզերքում,

Կրկին թովում են աստղերը ջահել:

Ես աստղեր ունեմ երկնքի ծոցում,

Երեք ջինջ աստղեր՝ երեք արևներ,

Նրանց հետ խորհում եմ, երգում, զրուցում,

Պարգևում են ինձ աստղահաց ու սեր:

Ձայնում է, կանչում սերն աստեղային,

Աստղաբոցերից իմ սիրտն է զնգում,

Իմն են գանձերը անհաս, երկնային,

Ես ամենահարուստ մարդն եմ աշխարհում:

Սեր են շնորհում սիրո աստղերը,

Աստղալույսերն են կրկին համբուրում,

Շուրջպար են բռնել մոլորակները,

Աստղանվագ է Տիրոջ եզերքում:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։