Ալբինա ԲՈՒՋԱՏՅԱՆ

 

 

***

Բանաստեղծելու համար

պետք է ինքդ քեզ հետ անես մտերմություն,

յուրաքանչյուր այլ մտերիմ ոխերիմ է,

հին է գուցե, հա՛,

բայց սարքովի է և սուտ։

 

Բանաստեղծելու համար պետք է օրերով հաց չուտել,

կանգնել լիքը մեխերի վրա,

գոռալ ու հայհոյել։

Բանաստեղծելու համար պետք է բաբախել,

ոչ միայն սրտով՝

ողջ բջիջներով,

բանաստեղծելու համար պետք է պատշաճ պատշար լինել,

որ բառը բառին կապել,

կտոր-կտոր կարելով։

 

Բանաստեղծելու համար պետք է անդադար,

օրվա մեջ երեք անգամ

սիրահարվել,

հիասթափվել,

սիրահարվել,

հիասթափվել,

հետո՝ էլի, ավելի

սիրահարվել,

սերը թափել։

 

Բանաստեղծելու համար պետք է քաշ հավաքել

և միաժամանակ պահել դիետա,

պետք է հորոսկոպով մի քիչ երկվորյակ լինել

և պետք է մորոսկոպով լինել մի քիչ ջրհոս,

պետք է նետվել գետն ու խելառ հոսանքին տրվել,

ընտրվել իբրև տիեզերքի հերոս։

 

Բանաստեղծելու համար

ոչինչ էլ պետք չէ,

պետք է ժխտել,

ջարդել

պետքերը բոլոր…

 

***

Կներես.

ստիպված եմ վռնդել քեզ

գլխիցս,

աչքերիս միջից,

ականջներիցս,

մաշկիս վերնաշերտից.

այդպես ավելի հեշտ է ապրելը,

հա՛,

իսկ ես ուզում եմ հեշտ ապրել։

 

Մի տեղ լսել էի,

որ սերը ոչ մի կապ չունի պահելու հետ,

ու չէի հավատում լսածիս,

իսկ հիմա՝ հավաստում եմ.

Սերը

ոչ մի

կապ

չունի

պահելու

հետ,

սիրելի՛ս։

 

Էնպես որ,

ինքնակամ,

առանց ձեն ու ծպտունի,

սիրուն ու պատշաճ

մի եռատող թող սեղանիս,

աթոռիս,

մահճակալիս կամ

ու նոր գնա,

գնա՝ ոնց մոդայիկ ֆիլմերում,

իբր էլ չենք հանդիպելու երբեք,

և թող հանդիպենք մենք տարիներ անց,

ասենք՝ Պերուում կամ Պրահայում,

ու անպայման՝

երկուսս էլ այլանդակորեն փոխված։

 

Ներիր.

ոչինչ անել չեմ կարող

էն ամենի հետ,

ինչ կտակեցիր ինձ,

ոչինչ անել չի ստացվի նաև

էն սիրո հետ,

որով կրակեցիր ինձ։

 

Ուրեմն,

ստիպված եմ վռնդել քեզ

գլխիցս,

աչքերիս միջից,

ականջներիցս,

մաշկիս վերնաշերտից.

այդպես ավելի հեշտ է ապրելը,

հա՛,

իսկ ես կարող եմ հեշտ ապրել։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։