Լևոն ԲԵԺԱՆՅԱՆ

 

Խաչատուր Աբովյանին

 

Աղջիկները կանաչ գարի,

Կանայք՝ ոսկե գարեջուր,

Խմեմ, փռվեմ ոսկե արտին՝

Հողեմարմին ու փխուր։

 

Գարեջուրը՝ ոսկե գինի,

Կանայք աղ են ու փրփուր,

Շուռ գամ պատմեմ Արարատին

Ինչուները իմ տխուր։

 

Ագռավի պես պիտի թռչեմ

Մեղքերի մեջ ծովական,

Գնամ, կորչեմ Մասիս սարի

Ձյուների մեջ ու չգամ։

 

Եվ ցավերում անմարդկային,

Ձյուների մեջ մարդամոտ,

Ձյուների մեջ Մասիս սարի

Գլուխ կտա մի անցորդ։

 

Գլուխ գլխի կտանք գավով,

Իրար աչքից կխմենք,

Սարի գլխից դեպի գարին

Կբարակի երկու վերք։

 

Մեկը կիջնի՝ Հրազդանի

Ջրերի մեջ հովանա,

Մյուսը՝ Գյումրու փողոցների

Սև քարերը լվանա։

 

Ու կմնան երկու անցորդ,

Երկու գարուն, երկու եռք,

Մասիսական հույսից կառչող

Արձակագիր ու պոետ։

 

***

Անգույն-ճերմակ փաթիլ,

Տավար սնող դաշտեր,

Թրջած հողի տակից

Ելան կարմիր վարդեր։

 

Ելան, հասան, մինչև

«Ա՛խ» բղավեց տղան,

Մատը տարավ համին,

Համը արեց հարամ։

 

«Կարմիր շուրթո՛վ տղա».

Ձայն կրակեց հեռվից,

Կարմիր աղջիկ՝ շուրթով

Սիրտը հանեց գրկից։

 

Անգույն-ճերմա՛կ կաթիլ,

Աչքո՛վ սնվող դաշտեր,

Թրջած հողի տակից

Ինչո՞ւ ելան վարդեր։

 

***

Երկնեց երկիրը` ուռուցք,

Երկինքը ցավերով երկնեց,

Մի Պոետ պոետի պտղունց

Էս անհամ շիլային խառնեց։

 

Էս անհամ շիլայի վրա

Յուղացան արև ու որոտ,

Չկերանք, չկերանք – սառեց,

Չիմացավ կույս համը ոչ ոք։

 

Մնացինք, մնացինք, Չարե՛նց,

Խելագար ամբոխին կարոտ,

Խելահաս ամբոխը, գուցե,

Էլ չունի՞ արևին բողոք։

 

Երկնեց երկիրը` ուռուցք,

Երկինքը ցավերով երկնեց,

Մի Պոետ պոետի պտղունց

Էս անհամ շիլային խառնեց։

 

Իմ հայրենիք, իմ մեծ,

Իմ եռագույն սալյուտ,

Ո՛չ մի կեսդ է կարմիր,

Ո՛չ մյուս կեսդ է կապույտ,

 

Բաժան-բաժան մտքով

Հայանման մի կույտ

Քո ձեռքերը կապեց

Քո ձեռքերով…

 

Գլխովդ անցավ կարմիր,

Գլխիդ փլվեց կապույտ

Եվ դրոշիդ բելվեց

Նարնջագույն ձևույթ։

 

Ինձնից բաժան իմ սեր,

Չկրակված բարութ,

Ո՛չ մի կեսդ է կարմիր,

Ո՛չ մյուս կեսդ է կապույտ։

 

Ի՞նչ է մնում միայն-

Դաշտից պոկած թեյուրց,

Ոտնամաններ անհագ,

Աներիվար պախուրց։

 

Ի՞նչ է մնում միայն-

Կուսազրկված մի պուտ,

Ուր գրված է «բարի»,

Ուր գրված է «գալուստ»։

 

Մեզ մնում է միայն

Անլուսակիր մի մութ,

Գարեջրված թմբիր

Եվ գլխի տակ` շան բուրդ…

 

Ինձնից բաժան իմ սեր,

Ծիրանագույն խարույկ,

Իմ հայրենիք, իմ մեծ,

Իմ եռագույն սալյուտ։

 

***

Սիրո մեջ փաթաթվեմ` ճչաս,

Սիրո մեջ լողանաս` տեսնեմ,

Գետանամ, վարարվեմ, խաղաս

Մեղավոր կրակով գեհեն։

 

Սիրո մեջ լողանաս` տեսնեմ,

Ջրերի աչքերով կաթոց,

Դառնամ երկարող էսսե,

Գլորվեմ սարերիդ փողոց։

 

Գետանամ, վարարվեմ, խաղաս

«Փոթորիկ ծովի երեսին»,

Հունական կրակ ու պառնաս,

Մուսանե՛ր, փարատե՛ք Զևսին։

 

Մեղավոր կրակով գեհեն

Սիրո մեջ փաթաթվեմ` ճչաս,

Դու դաղես, ցավածդ դեղեմ`

Աչքերիս արցունքը չլաս…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։