Դո՛ւրս արի
Հագի՛ր քո պահարանի ամենաթեթև զգեստը, շրթունքներիդ ամրացրու ամենակարմիր շրթներկի գույնն ու դո՛ւրս արի…
Շարժվիր դանդաղ, մտածված քայլերով ու նմանը չունեցող կանացիությամբ… քայլիր երևանյան ամենահին փողոցներով ու լցրու Սարյանը քո ներդաշնակությամբ, որովհետև այս քաղաքը կարոտ է քո նմաններին, ու ես եմ կարոտ քեզ…
Թուլացրու նյարդերդ ու հեռու հայացք նետիր արցունքերից թրջված սրճարանների պատուհաններին… սեր փնտրիր, կարոտով փնտրիր ու տխրիր… հեկեկա, որովհետև այս քաղաքում սեր գտնել էլ չե՛ս կարողանա…
Թող լռի գեղեցիկ բառերի ամենանուրբ սիմֆոնիան, ու դու խոսիր…
Որովհետև դու չես տարբերվում անգամ փողոցներին գունավորող երաժշտությունից, որովհետև քո նմանների գրկում ես կորցնում եմ երաժշտության ամենամեծ քերականությունը՝ քո ու ինձ տաքացնող այս սառը քաղաքի միաձուլումը։
Հստակ կանգնիր պատահած առաջին հայելու դիմաց ու շրթներկդ կրկին ուղղիր։
Ուղղիր այնպիսի քնքշությամբ, որ փողոցը թուլանա քո ներկայության հաճույքից…
Իսկ երբ դու հոգնես սեր փնտրելուց ու չգտնելուց, երբ հոգնես այս դատարկ սիմվոլիզմից, թող հայտնվեմ ես ու քեզնով տարված հայացքով քեզ սիրել սովորեցնեմ ու մոռանամ, որ չսիրելուց առաջ խենթանալ չի կարելի։
Ու պատրաստ կլինեմ քայքայել քաղաքի բոլոր տանիքները քեզ հետ ու պատրաստ կլինեմ քայքայել քեզ իմ ձեռքերի մեջ։
Ես կսովորեցնեմ քեզ սեր չփնտրել այնտեղ, որտեղ այն վաղուց մոռացել են, ու քո երիտասարդ քայլվածքը կփոխարինեմ ջրի հետևից վազող հոգնած ճանապարհորդի դանդաղ քայլվածքի, որ հասկանաս՝ սեր փնտրելուց առաջ սիրել է պետք… ու որ հասկանաս՝ սերը չեն փնտրում, այն տալիս են ու չեն ստանում… այն տալիս են, որպեսզի փոխարինեն արցունքներից ողողված պատուհաններով, ու պատուհանների մեջ կորցրած սերեր փնտրելու համար են տալիս…
Ու տալիս են, որ քայլեն երևանյան սառած Սարյանով, քայլեն ամենաթեթև զգեստով, ալ կարմիր շրթներկով… պատուհանների մեջ կանացի սիլուետներ դաջելով…
Չեն տալիս, որ չգամ ու սիրել չսովորեցնեմ ու տանիքները չքայքայեմ ու պահեմ միայն ինձ համար, որ նայեմ վերևից այս քարացած քաղաքին ու նորից համոզվեմ, որ այս քաղաքում կորան բոլոր սերերը…
Ազատ անկում
Բետոնե փոշուց շնչակտուր է լինում քաղաքը, ու ժամանակին խլացնող խոստովանությունները արձագանքներ են դառնում դատարկ։
Կարճ է հագեցման ընթացքն իր մեջ փաթաթած անծանոթի միտքն ու երկար լեզուն, որ վաղուց պատանդն է դարձել իր չարության։
Բետոնե փոշին շնչում է մայթերի պատմությունը, որոնք ափսոսանքներ հիշեցնող ակնթարթային ժպիտի են նման, և սեզոնային կանաչը լքում է քաղաքին այնպես, ինչպես մարդն է մի առավոտ զարթնում ու հրաժարվում ինքն իրենից։
Եվ այս ամենի մեջ թոքախտն է բուրում… ամեն օր, ամեն գիշեր նա կենաց է խմում իր սեփական ընտրության համար, հետո ազարտորեն նվիրվում այն ներկին, որը ծածկում է ժանգը ժամանակի… նա անցում է կատարում քարից ցեմենտի, կերտումից կործանման, ապրելուց գոյատևման ու երկրից՝ քաղաքի…
Նուրբ քայլերով, ծխամորճը ձեռքին, վեհ հայացքով, ճամփաբաժանին կանգնած է ժամանակը ու սպասում է, որ պիտի կանաչն ազդարարի առաջ շարժվել, անցնել մի մայթից մյուսը, մի պատմությունից մեկ ուրիշը։ Ու այսպես խաղում է ժամանակը ծխամորճը ձեռքին ու չի դադարում պայքարել սպասելու համար։
Այս դարում, ավարտի շեմին կամ վերջաբանի սկզբին կանգնած, ժամանակը անկեղծանում է ժամանակ չունենալու մասին։
Խցանումներ…
Հերթեր…
կարմիր…
դեղին….
կանաչ…
երեսուն վայրկյան…
Շտապողը տուգանվեց,- մեջբերում է քարոզիչը։
– Ինչքան պիտի վճարեմ,- ծովացած աչքերը հայհոյախառն շարժումներով մի կողմ են հրում թարթիչներին ու կառչում են օրենքի պարանոցից։
– Երեք օրվա ժամանակ։
– Անխի՞ղճ եք…
Անխիղճ են աչքերի նկատմամբ թե՛ ժամանակը, թե՛ օրենքը, թե՛ աշխատանքը, թե՛ երեք գույնանի վանդակը, որը կառավարելուց բացի, գողանում է նաև առավոտյան քունդ, կրկնապատկում է հոգնածությունդ ու ծիծաղել է տալիս քեզ վրա երազանքներիդ ճանապարհին, որի կարգախոսը կյանքն է՝ այս ամենից հետո։
Շարունակում է փոշոտվել քաղաքը մեր ավելցուկներից, ու մեր իսկ ընտրություններից դրդված՝բետոնվում են երազանքները։
Ծխամորճը դեռ տաք-տաք քուլաներով գրկում է մայթերին,որոնց վրա ժամանակը պատմություն է կերտել…