ՎԱՐԹԻՎՈՌ/ԱՐԾՈՒԻ

(Հատված «Հիշաչարի հիշատակարանը» անտիպ վեպից)

 

Ճառագա՜յթ փառաց Հօր, Որդի՜դ Միածին,

որ ըզԼոյսդ անվայրափակ մարմնով պարագրեալ,

այսօր ի Թաբոր փառօք փայլեցեր…

Ներսէս Շնորհալի, Կանոն Վարդավառի երկրորդ աւուրն

 

Ամառային արձակուրդներս մեծ մասամբ անցկացնում էի գյուղում։ Այլընտրանք չկար։ Ես, ասֆալտին սովոր, վատ էի զգում բնության, ծառ ու ծաղիկի մեջ։ Մնում էր մի գիրք առած՝ փակվել տան մի պուճախում, բայց կարդալուց էլ էի ձանձրանում… Սակավաթիվ զարմիկ-զարմուհիներիս հետ խաղալուց ավելի էի ձանձրանում, մանավանդ երբ նրանք կպչում էին քաղաքացի, երևանցի լինելուս, կարծես էդպիսին լինելն ամոթ բան էր։ Ես էլ ամեն ինչից ջղայնանում էի, դեբոշներ անում։ Օրինակ, մի անգամ մեծ կռիվ սարքեցի, երբ մի զարմիկս ասաց. «Խոսում է Երևանը, էշերի կայարանը, միկռաֆոնի[1] մոտ է Օֆելյա Համբարձումյանը»… Ո՞նց թե էշերի կայարան, ինչի երևանցիները էշ ե՞ն… ու արժանապատվորեն կանգնեցի քաղաքիս ու տատիկիս սիրելի երգչուհի Օֆելյա Համբարձումյանի պատվին՝ թեթևակի դնգստելով զարմիկիս, բայց ի վերջո ինձ սխալ հանեցին փոքրե՛րն էլ, մեծե՛րն էլ…

Ինչևէ, մի անգամ ինձ քեռի Սեյրանը որոշեց հանել իմ գյուղական ձանձրալի առօրյայից։

– Գնանք վարթիվոռի, նենց լա՜վ ա անցնում…

Լսել էի, որ վարդավառին դիտմամբ թե պատահմամբ այստեղ վարթիվոռ են ասում…

Գյուղի բակում հերթական գրքի վրա աչք չքոռացնելու համար որոշեցի միանալ գյուղի խալխին ու գնալ էդ վարթիվոռ կոչվածին ու տեսնել, թե իսկապե՞ս շատ լավ ա անցնում..

Եկավ մի բեռնատար, մեծ ու փոքրով վրա տվին, լցվեցին թափքը։ Իսկ ինձ պատիվ արեցին.

– Դու ավելի լավ ա նստես Անդոյի ավտոն…

Անդոյի ավտոն «Երազ» էր, հայրենի մեքենաշինության վաղամեռիկ արտադրանքը, որի հարգը էն թվերին չէինք հասկանում։ Հայկական մակնիշի ավտոմեքենա, հիմա ի՜նչ անսովոր է թվում, ազգային հպարտությունից մարդու կուրծք է ուռչում…

Բայց իմ բախտից հայաշունչ, սակայն ո՛չ երազային «Երազն» արդեն լիքն էր։

– Դե լավ, ոչի՛նչ, գնա, նստի՛ ավտոյի հետևի մասում դրած էն գազի բալոնի վրա…

Ես նստեցի գազի բալոնի վրա։ Ավելի ճիշտ՝ բալոնի վինտիլի վրա, քանի որ բուն բալոնն արդեն զբաղեցրել էին երկու ինձ տարեկից տղաներ, երկուսն էլ՝ թմբլիկ, որոնց իսկի չէր հուզում իրենց թմբլիկությունը ու վինտիլի վրա մի կերպ հարմարված մայրաքաղաքացի տղան, որին նրանք չէին էլ նկատում։

– Ա՛րա, բա էնի՜նչը…

– Ա՛րա, բա էսի՜նչը,- ասում էին ու հռհռում։ Էլի լավ էր, որ հռհռում էին բաս ձայնով, ոչ թե Երևանում ընդունված կոնտրատենորով… Ամեն ինչի մեջ մի դրական բան տեսնեմ, թե չէ անունս դուրս է եկել որպես երդվյալ վատատես…

Ես անմեղ նահատակ ու զոհ եղա, մինչև որ մեր մեքենան հազալով ու փռշտալով մի կերպ հաղթահարեց ասֆալտի երես չտեսած լեռնային ճամփեքն, ու վերջապես երեսի զոռով հասանք տեղ։

Ու ի՞նչ։ Վարթիվոռն արդեն սկսված էր։ Բայց իրար ջրող մարդիկ չկային, քանի որ մոտակայքում աղբյուր չկար։ Փոխարենը դաշտում, կիզիչ արևի տակ խանձված խոտերի վրա փռված էր մի հսկայական սփռոց, որի շուրջը բոլորված էին բոլոր տարիքի տղամարդիկ ու խորոված էին ուտում (մեղմ ասած), իսկ կանայք, մեր բազմաչարչարուհիները… էստեղ-էնտեղ կանգնոտած էին շրջակայքում, ձեռքներին՝ հիմնականում լոլիկ-վարունգ կամ պանիր-կանաչիով լավաշի բրդուճ։ Չհասկացա, էս խորովածը չի հասնո՞ւմ կանանց… Չէ, ոնց որ մի քանի ընտրյալների հասել է, երևի մեկը կոլխոզի թե սովխոզի նախագահի յարն է, մյուսն էլ՝ ֆերմայի վարիչի…

Տղամարդկանց ուտելը չպրծած ու շա՜տ սովորական թվացող բխկոցները (վը՛խք) չսկսված՝ սկսեցին թևածել անհամ զրույցներն ու կատակները (իրենց իսկ լեզվով ասած՝ լոբերոցները), որոնք հեզասահ պտտվում էին իրենց գեղացոնց գերազանցության ու հարևան գյուղի տղամարդկերանց խիարության ու կնանոնց լրբության, սարի գլխից պակռիշկա[2] գլորելու, պիսկի[3]ախմության ու կանեփածխության պատճառած աննկարագրելի հաճույքների, էշ բրդելու միշտ ակտուալ ավանդույթի ու նման չքնաղ թեմաների շուրջը, ու նաև էն մասին, որ իրենց պուճուր վախտերը բալիշ կանֆետը մրջյունով ուտելը (՞՞՞) ուժեղ տռացնում էր, ու թե ի՛նչ շուստրիությամբ եսիմ ո՛ւմ բաջանաղը քանի՛ տարի իր ջերմոցում բադրջան է մշակում, որ դեռ սեզոնը չսկսված՝ տանի, թանկ վաճառի կանանց գաղութի անտղամարդ մնացած կալանավորուհիներին…

Հետո բիձեքից մեկը պատմեց, թե ինչպես տասը թե քսան թե քսանհինգ տարի առաջ մի Վարթիվոռի ժամանակ ոմն Շավարշի ֆինկով սպանել են։ Ես ֆինկան գիտեի որպես ֆիզկուլտուրայի շոր, ֆինկա-բլուզ ու ոչ մի կերպ չէի հասկանում, թե ինչպես է հնարավոր սպորտային համազգեստով մարդ սպանել։ Երբ կողքինիս հարցրի, թե ի՞նչ ֆինկայի մասին է խոսքը, մոտիկ նստածները մի լավ հռհռացին իմ անգրագիտության վրա ու չէին ուզում բացատրել՝ ցանկանալով ինձ թողնել խավարի մեջ, մինչև որ մեջների բարեսիրտը բացատրեց, որ ֆինկա ասում են նաև ֆիննական դանակին…

Մի խոսքով, ձանձրույթից մարտիրոսվում եմ։ Ռեմարկս կիսատ եմ թողել, բա չբերեի՞ էս քառ ու քռաները, թքա՛ծ, թե վրես կծիծաղեին… Գոնե ջուր լիներ, իրար վրա պզզացնեինք, եթե ոչ շպպացնեինք։ Երբեմն-երբեմն ինձ էլ են փորձում ներքաշել խոսակցության մեջ, բայց դե ես՝ քաղաքացիս, սնոբս, քիթս ցիցս, ինտելիգենտիկս, խըդըրս, տուֆտյակս, նվազս, կոլոտս… իսկի լսելիք չունեմ, ուր մնաց՝ ասելիք-խոսելիք ունենամ…

– Ա՛րա, դե մի բան էլ դո՛ւ ասա, մեծ տղա ես,- բշտեցին ինձ։

– Ծը՛պ,- ծպպացրի լեզվով,- ի՞նչ ասեմ,- թոթվեցի ուսերս։

– Քանի՞ աղջկա հարցեր ես լուծել, ձեր քաղաքի աղջկերքը սաղ դուս ընկած են, չէ՞,- հարցրեց մեկը, ու բոլորը սկսեցին ախորժակով քահքահել։

Ըհը՛, մեր աղջիկների աչքը դուրս գար, անունը դուրս չգար… Գուցե մի բան ասեի, բայց հերթ տվի՞ն որ, չորս կողմից սկսեցին մեկնաբանել.

– Վա՛յ քու, բանից բեխաբար ա…

– Տո լա՜վ, դա հլը քյոռփայա…

– Հետն էլ՝ հարիֆ քաղաքացի…

Ի՞նչ անեմ, նեղվե՞մ, որ տասնվեց տարեկան տղայիս ինչ-որ անծանոթ անվանեց հարիֆ…

Բայց մինչև հիմա չեմ մոռանում էդ անհամ վարթիվոռյան մթնոլորտը…

Հե՜յ գիտի հայոց հեթանոսական սիրո և գեղեցկության տոն Վարդավառ, հա՜յ գիտի Աստղիկ աստվածուհի կամ, ինչպես քրիստոնյա հավատացյալներն ինձ կուղղեին, չաստվածուհի, հո՜ւյ գիտի իրար վարդ նվիրելու ու աղավնիներ թռցնելու սովորություն… հիմա իսկականից Վարթիվոռ ես դարձել։ Հա, հենց էդպես։ Քաղաքում մի ավարայություն է՝ ծանոթ-անծանոթին դույլերով ջրելը, իսկ գյուղում, պարզվում է, դարձել է չոլերում հաց ուտելու մի անկապագույն ավանդույթ…

Երբ էս մասին օրեր անց բարձրաձայնեցի, հայրս ասաց.

– Մարդիկ տարին տասներկու ամիս շան պնչից ջուր խմելով ոռ են տալիս (ոչ միասեռական իմաստով – ծանոթագրությունը՝ Հիշաչարի), էդ էլ իրանց հանգիստն ա, դու էլ հերի՛ք քննադատես, ոչ մի բան քթիդ չես դնում…

Ինչևէ, ամենաշատը ես ուրախացա, երբ քեռի Սեյրանն ազդարարեց, որ վերադառնալու ժամանակն է։ Բայց նստատեղս դեռ նվվում-մզզում էր գազի բալոնի վինտիլից…

– Մեռնեմ՝ էլ էդ ավտոն նստողը չեմ,- կտրուկ ասացի ես։

– Դե, ուրեմն, թռի՛ էն մի ավտոյի կուզովը[4],- ասաց քեռին։

Թռա կուզովը։ Մի տասը րոպե անց պիտի երանի տայի գազի բալոնի վինտիլի վրա նստելուն։ Պարզվում է՝ մեր ճանապարհն անցնում էր անտառներով։ Այսինքն՝ պիտի պաշտպանվես դեմքիդ վրա հարձակվող ճյուղերից։ Գլուխդ վե՛ր, հիմա ձա՛խ, հետո ա՛ջ, հետո է՛լի ձախ, հետո կոլեկտիվ պպզե՛լ, եթե չես ուզում տուն վերադառնալ դեմքդ ամբողջովին ճանկռոտած, աչքդ սուր բաներ մտած, գլուխդ մի բանի դխկացրած…

Գիշերը երազումս տեսնում էի, որ չորս կողմից դեմքիս են խուժում չռված մատներով ճյուղեր, ոստեր, ես ընկրկում էի, պպզում, խույս տալիս, բայց ճյուղերը, մեկ է, ճանկռտում էին ինձ ականջից ականջ, ճակատից դունչ, մխվում էին աչքերիս, քթածակերիս ու ականջներիս մեջ, ծակում էին պռոշներս, մտնում էին բերանս… ու ես րոպեն մեկ վեր էի թռչում՝ մոլագար ճյուղերից հալածված…

Գնացինք վարթիվոռի. նենց լա՜վ էր, որ անցավ…

[1] Բարձրախոս (ռուսերեն՝ микрофон)։

[2] Անվադող (ռուսերեն՝ покрышка)։

[3] Շաքարավազի օղի։

[4] Թափք (ռուսերեն՝ кузов)։