***
Ինձ հետ առաջինը նոր տուն եմ բերել
հին ու փայտյա զարդասեղանը քո, մա՛մ,
որ հատուկ վեհություն ունի:
Հայելու մեջ քո հուզումներն են ուրվագծված
ու ինձ տանում են բոլորովին այլ աշխարհներ:
Բազմաչափ մակերեսին
հիշողություններ է փայփայում քո հայելին՝
դառնալով դստեր ու մոր
նույնական հայելային ճակատագիրը,
զրույցը, որից բարձր ոչինչ չկա:
Փոքրիկ մատներիս հետքերն են վրան,
երբ ծածուկ փորձել եմ վերցնել շրթներկը քո
ու նկարել երեսիս ուրիշ մի կյանք:
Չկա աշխարհում ինձ համար ավելի կարևոր իր,
քան քո զարդասեղանն է, մա՛մ,
իմ բագինն է, որի վրա
զոհվում եմ՝ ամեն օր, ամեն օր, ամեն օր…
***
Այս ինչ սիրո՜ւն ես ծերանում, մայրս,
որպես ձմեռնամուտին
պատրաստվող քաղաք՝
անհաստատ լույսով ու ծույլ հիշողությամբ:
Կապույտ ջրերում լողացող
մայր կարապի երգն է քո շուրթերին.
ես սիրում եմ այդ երգը՝
նվաղուն, բեկ-բեկ,
որ օրոր էր մի օր:
Վերքը, քո վերքը բաց մնաց,
տուր ինձ՝ շքեղությունդ նվագելուց առաջ,
հևքը, ցավի հևքը ինձ նվիրիր՝
որպես հիշատակ,
առանց հետ նայելու:
Այս ինչ սիրո՜ւն ես ծերանում, մայրս,
վարդի նման, որ բողբոջ-բողբոջ
սարսռում է ձմռան կոպին:
Նախշուն-նախշուն ծերս,
վարդաբույրս, սերս՝
լողա՛, երջանկության ջրերում լողա՛,
ու թող շողա հետքը
մայրաստվածային,
հավերժական,
որ հար մնա մոլորակի ծիրը:
Այս ինչ սիրո՜ւն ես ծերանում, մայրս…
***
Իմ ու քո
կոշիկները բոլոր
հավասար են մաշվում
ու նմանվում են իրար:
Միասին ենք անցնում
ճակատագրի
վար ու վերով, լույս ու ստվերով:
Հիմա գիտեմ արդեն,
որ այսպես ծերանում են միասին՝
ձեռք ձեռքի, աչք աչքի, սիրտ սրտի…
***
Ֆրիդան մահացել է
քառասունյոթ տարեկանում,
ես քառասունութ կլինեմ
ու ապրում եմ դեռ:
Իմ ու ֆրիդայի ապրած կյանքը
շատ տարբեր չէ իրարից՝
ֆիզիկական արատներ,
հոգեկան ցավեր ու ցնցումներ,
բուռն սիրահարություններ,
առավե՛լ բուռն սիրաթափություններ:
Ես ու Ֆրիդան
երկու տարբերություն ունենք միայն՝
իմ Դիեգոն ինձ չի դավաճանում՝
երբե՛ք չի դավաճանում,
և «Երկու Ֆրիդաները» կտավում
ես աջն եմ միշտ մնում:
***
Ես մրսում ու մի քիչ հիվանդ եմ,
իմ սիրտը խոցել են երևի,
մի քիչ հազում եմ, մի քիչ քարուքանդ եմ․
այն Մեկը վերևում կների՞։
Խոսեցի՝ լսեցին, դաղեցին,
ես էլի՝ հլու, վիրավոր,
ցավերս դես-դեն մաղեցին՝
աշխարհում էլ ի՜նչ կա կարևոր։
Ես մրմուռ, մամուռ եմ քարին,
ծաղկաաչք՝ երկնքին բացված,
արյուն է կաթում ժայռից՝
Արևս, թևերդ բա՜ց։
Ես մրսում եմ ու մի քիչ հիվանդ եմ,
իմ սիրտը խոցել են երևի,
քարմամուռ, լլկված, քարուքանդ եմ․
այսօր թույլ եմ, վհատ՝ կերևի՞։
Գրող, թարգմանիչ ՀԳՄ անդամ
