Ելենա Վիկոլ

Մոլդավ բանաստեղծ Ելենա Վիկոլը (ծնվ. 1950 թ.) «Հայրենիքի աչքերը» գրքում հանդես է գալիս որպես քնարական մանրապատումների (սպիտակ ոտանավորների) հեղինակ:
Ճանաչված բանաստեղծ Սերգեյ Սմիրնովը «Երկու խոսքում» նշել է. «Այստեղ չկան հանգավորված տողեր, սակայն բանաստեղծը, ինչպես ինձ է թվում, վստահաբար ապացուցում է, որ աշխարհի բանաստեղծական ընկալումը և ճշմարիտ պոեզիան գոյություն ունեն և մեզ վրա ներգործում են իրենց ամենատարբեր ձևերով»:
Եվ, իսկապես, Ե. Վիկոլի բանաստեղծություններն ինքնատիպ են, հակիրճ, խոր ենթատեքստով, աֆորիստիկ և հուզումնալից:
«Հայրենիքի աչքերը» ժողովածուից մեր կատարած ծաղկաքաղը հայերեն ներկայացվում է առաջին անգամ:

ԵԼԵՆԱ ՎԻԿՈԼ

* * *
Ծաղկի պես ապրիր.
Գլուխ մի՛ ծռիր
Կայծակի առաջ.
Մայր հողի հանդեպ
Լոկ ծունկըդ ծալիր:

* * *
Պատուհանները՝
Աչքեր են նախնյաց,
Դռները՝ սրտեր…
Տանիքը՝ վահան,
Պատերն՝ ապրածը…
Մե՛ր տներում ենք
Բոլորս ապրում:

* * *
Տանը կից՝ ջրհոր,
Ջրհորի մոտ՝ դույլ.
Դույլի մեջ, հույս ու…
Շուրջօրյա ծարավ…

* * *
Ձկնորս կինը
Սպասում է
Ձկնորս մարդուն…
Նրա հոգին
Եվ ծովը մեծ՝
Դուրս են եկել
Ափ-ափունքից…

* * *
Հիմա հիշում եմ՝
Ինչպես մաղթեցիր
Այն՝ շա՜տ ցանկալին…
Ես խոսքդ, սակայն,
Չեմ հիշում, բնավ,
Քանզի… լռեցիր:

* * *
Ես ոչ ոքի
չեմ խանգարել.
Եղի՝ր երջանիկ…
Ես քեզ ևս
չեմ խանգարի.
Եղի՛ր երջանիկ…
Մաղթանքս դու
Մեկ-մեկ հիշիր.
Եղի՛ր երջանիկ,
Երջանիկ եղի՛ր…

* * *
Կուզեմ ժողովել
Տառապանքը ողջ
Եվ թաղել ծովի
Խորխորատներում…
Կուզեմ մայրական
Հույս-սպասումներից
Կամուրջներ սարքել,
Որ որդիները՝
Տնից հեռացած,
Նրանցով հետ գան՝
Տունը հայրական…

* * *
Մի տես՝ ի՜նչ Արև է,
Ինչպես է այրում՝
Իմ սիրտը,
Շուրթերս…
Այրում է մարմինս,
Երբ դու էլ ես կողքիս…
Մի տես՝ ի՜նչ Արև է:
* * *
Համբուրում եմ,
Շուրթերով համտեսում
Ծովը…
Այսօր նա
Բարի է,
Համե՜ղ…

* * *
Իմ խելք ու միտք,
Եղեք հավերժ
Դուք բանական…
Եվ դու, հոգի՛,
Մի՛ ծերացիր,
Մի՛ մարմրիր…
Բարիք գործեք,
Եվ իմ ձեռքե՛ր,
Լոկ այդպիսով
Գեղեցիկը
Դուք կփրկեք…

* * *
Իրար հետև ընկած՝
Վազում են, հա վազում՝
Ցերեկն ու գիշերը,
Գիշերն ու ցերեկը…
Չես նկատում անգամ,
Ինչպես նետ սրընթաց,
Փայլեց, ցոլաց, անցավ՝
Մի տարի էլ անդարձ…

* * *
Ծառերը նույնպես
Խոր ցավ են ապրում
Ե՛վ ցնցումներից,
Ե՛վ հարվածներից,
Նրանք երջանիկ
Արցունք չեն հեղում…
Երբ պտուղները,
Արմատից սնված,
Կախվում են ծառից,
Ծառը օրհնում է
Պտուղ քաղողին…

* * *
Լողում են ու շռայլ
Հեկեկում ամպերը,
Նրանց առատ լացից՝
Լցվում են հասկերը,
Եվ մենք ճաշակում ենք
Ամպերի թախիծը…

* * *
Երբ տողս չի ծնվում,
Թվում է՝ ես չկամ,
Թվում է՝ իմ տան մեջ,
Ե՛վ հոգով, և՛ մարմնով,
Ապրում եմ բոլորից
Խորթացած…

* * *
Անկամությունը –
Այդ հաշտություն է՝
Ձախորդության հետ,
Համակերպությո՜ւն…
Հեռո՛ւ աչքիցս,
Հեռո՛ւ իմ ճամփից,
Չեմ ուզում ես ձեզ
Ճանաչել անգամ…

Թարգմանությունը՝
Նիկոլայ ՇԱՀՆԱԶԱՐՅԱՆԻ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։