Թիկունքից երևացող Շուշվա քերծերի խորապատկերի վրա այդ տունը ինձ միշտ տեսլանում է նկարչի վրձնին արժանի ժայռաքարերի գույնն իր վրա առած մի կտավով, որի բնաշխարհիկության հմայքն ապահովող լրագույնը փողոցին նայող բաց պատշգամբում նստած ծեր կնոջ պատկերն է:
Տարվա բոլոր տաք օրերին՝ վաղ առավոտից ուշ երեկո, մի ձեռքով բազրիքին հենված, մյուսը ճակատին հովանի արած՝ Մանուշ բաբոն թաղի անցուդարձն է հսկում: Ասում են՝ իննսունը վաղուց է անցել. ըստ իրեն՝ ութսունն է նոր-նոր անցնում:
Թաղի նախկին հարսները, որոնց հարսնության տարիները հոգսերի ու պատերազմական դառնությունների մեջ մոլորվել-կորել են, և իրենք վաղուց թոռնահարսների տեր են, Մանուշի՝ տարիքը թաքցնելու փորձերին ավելի շատ ձեռք առնելուն նմանվող հումորով էին վերաբերվում: Նրանք, ովքեր դեռ կան, հո հիշում են, որ քարենտակեցի Մանուշը երեսունը, ով գիտի, ինչքան անցած, տանը մնացած աղջիկ է եղել, որին կրկժնեցի թուրք Զեյնալը կնության է առել, բերել գյուղ:
Սիրում եմ առիթ ստեղծել և լսել թաղի «հին հարսների» պատմությունները, որոնց շատերի վկան եմ եղել մանկությանս տարիներին: Այս անգամ նյութը հայ Մանուշի ու թուրք Զեյնալի «սիրավեպն էր»: Իրարից խոսք խլելով՝ կանայք պատմում էին, թե երկու կողմի հարազատները ինչպիսի դժվարությամբ էին հաշտվել իրողության հետ: Մեկի երևակայությունը փորձում էր ավելի հեռուն գնալ և ժողովրդական սիրային ավանդապատումների դրվագներով էր համեմում Մանուշի պատմությունը, թե եղբայրները, ձորերն ու անտառներն ընկած, քրոջն ու նրա սիրածին էին փնտրում, որ սպանեն: Երևի շատ ավելի հեռուն կգնար, եթե Վարդին դեմը չառներ.
– Լեյլիմեջլունների պատմություններով գլուխներս մի՛ տար: Ասա՛, որ մի բան էլ թաքուն տեղ պար են եկել, որ տանը մնացած էդ շէշին ուզող-կին դարձնող է եղել:
Վարդու կծու լեզվի տակ չընկնելու համար կանայք լռեցին: Վարդին խոսքն առավ ու սկսեց պատմել… Այնքան տիպիկ էր ստեղծում ծնողների կերպարները, խոսք-պատկերներն ու երկխոսությունները, որ թվում էր՝ վկան ու մասնակիցն էր եղել բոլոր խոսքուզրույցների:
Կարճեմ Վարդու պատմածը:
Մանուշը գյուղի երգի-պարի ինքնագործ խմբի պարողներից է եղել. միայն իրենց չէ, նաև շրջակա հեռու ու մոտ գյուղերի տղաներից շատերն էին նրա շախով պարելը հավանում. համակվում էին շախով, նրա ապագա տիրոջը երանի տալիս: Բայց արի ու տես՝ ոչ մեկի մտքի ծայրով էլ չէր անցնում այդ «երանուն» տեր կանգնել. կոտրատվելը դուրները գալիս էր, ինքը՝ ոչ:
Մայիսմեկյան տոնակատարության առթիվ Ստեփանակերտի թատրոնի բեմը տրամադրվել էր գյուղական ինքնագործ խմբերի լավագույն երգող-պարողներին: Արհմիություններից ստացված տոմսերից օգտվում էին նաև մոտակա գյուղերի՝ իրենց «հարվածային աշխատանքով» աչքի ընկած գյուղացիները: Նման մի տոմս էլ կրկժնեցի Զեյնալին էր հասել, որը բեմից աչքն իրենից չկտրող աղջկա պարից խելքահան էր եղել: Մանուշն այդ օրվան անդրադառնալիս ասում էր, թե իրեն «աչքերով ուտող» տղային ինքը հայի տեղ էր դրել, ու երբ իմացել էր նրա թորք լինելը, «բանը բանից անցած էր եղել. խելքը կորցրած սիրահարված էր եղել…»:
Մանուշի մայրը, ոտուձեռ ընկած, ամեն ինչ արել էր, որ ամուսնուն համոզեր աղջկա բախտին քար չգցել.
– Էսքան տարի դուռդ ծեծող, աղջկադ ուզող չի եղել, ա՞ղ ես դնելու, թող գնա, գոնե երեխատեր դառնա…
– Ախճի՛, թորքից եղածը ի՞նչ պիտի լինի, որ թամահ ես անում… Թուո՜ւ… Նամուսս ոտի տակ գցեք ու պրծեք, էլի…
Ասում են՝ հայրը մեռնելիս էլ չի ուզել Մանուշի երեսը տեսնել:
Պակաս «թուրութվանքով» չէին հայ հարսին վերաբերվել նաև թուրքերը. աղջիկը հերիք չէ, որ հայ է, տարիքով էլ իրենց տղայից բավականին մեծ է. դեռ ասում են, որ կարգին անող-դնող էլ չէ (վստահ եմ՝ վերջին մասը Վարդին իր կողմից էր ավելացնում):
– Պա՛խ-պա՛խ,- չի դիմանում Ժենյան,- իրենց տղան ինչացո՞ւ էր… տնաշենի աչքուհոնքից լուն ընկներ՝ հազար կտոր կդառնար. խտուտ տայիր՝ չէր խնդա…
– Ախճի՛, դու որտեղի՞ց գիտես, կարո՞ղ է փորձել ես:- Սա էլ Նորան է,- Մանուշը չիմանա. գլխիդ մնացած երկու մազն էլ ինքը կպոկի:
– Ձայնդ կտրի՜ր, դատարկ-մատարկ դուրս մի՛ տուր. սարի նման մարդս գլխիս… Տնազ անողիս նայիր…
Կանայք սկսեցին շատ բաներ հիշել ու իրար երեսով տալ…
Զեյնալն ու Մանուշը տնավորվեցին Ստեփանակերտում: Երկու աղջիկ, մի տղա ունեցան. ընտանիքի լեզուն հայերենն էր: Թաղեցիները երևի մոռանային էլ, որ այդ տան շեկ ու կապուտաչ հայրը հայ չէ, եթե ժամանակ առ ժամանակ Մանուշն ինքը չշեշտեր:
Ի պատիվ թաղեցիների, որոնց երեխաներն իրար ետևից դպրոցահասակ էին դառնում, ասեմ, որ մեծ մասը կարևորում էր զավակների հայկական կրթություն ստանալը: Երբ հերթը հասավ Մանուշի առաջնեկին, թաղի յոթծովիմերան Վարդին ոչ առանց ետին մտքի հարցրեց.
– Մանո՛ւշ, ո՞ր դպրոցն ես տանելու աղջկադ:
– Դե՛, ի՞նչ անեմ. ուզեմ-չուզեմ՝ հայրը թորք է. ազգանուն-հայրանունն էլ՝ թորքի… Ռուսական դպրոց պիտի տանեմ, էլի: Ձեր երեխաներն ավարտեն, երևաններում կշարունակեն… Իմոնք ի՞նչ պիտի անեն… Ռուսերեն իմանան՝ գոնե մի հիմնարկում մեքենագրուհի, քարտուղարուհի կաշխատեն: (Ի դեպ, թաղում ասելիք-պատմելիք էր դարձել Մանուշի ռուսերենը): Ռուսերենի ուսուցչուհին հորդորել-պահանջել էր՝ ծնողները տանը երեխաների հետ ռուսերեն խոսեն, որ «լեզուները բացվեն»: Մանուշը մտել էր պարտաճանաչ ծնողի դերի մեջ: Հարևաններին էլ ասել-խոսելու, պատմել-ձեռք առնելու նյութ ու թեմա էր պետք. Մանուշը պակաս տեղ չէր թողնում: Մեկ էլ բակից բակ կլսվեր նրա աղմկոտ կանչը.
– Ռիմա՜, Ռիմըչկա՜ (էս էլ «Ռիմա»-ի ռուսերենացվածն էր), бежи домой, урок-ներդ մնացին…
Կամ՝
Ռիմա՜, игра-ն некуда бежат չի անում, повторени արա, որ забывать չանես:
Կամ՝
– Ռիմըչկա՛, мама воду варила, иди ноги купай…
Մանուշի «ռուսերենը» հարևանությամբ ապրող Վարդու բերանն էր ընկնում, ու թաղում ստեղծվող բանահյուսության էջերը հարստանում էին նոր պատումներով:
Արցախյան դեպքերից մի քանի ամիս առաջ էր Զեյնալը մահացել: Դեպքերի, հետո էլ կռիվների օրերին Վարդուն մեկ-մեկ մի հարց էր «տանջում»՝ տեսնես Զեյնալն ո՞ւմ կողմը կանցներ, ի՞նչ կաներ, որդու՝ Կամոյի՝ հայ աշխարհազորայինների շարքերում լինելն ինչպե՞ս կընդուներ, ու մեկ էլ՝ շատ էր ուզում իմանալ՝ Կամոյի գնդակից թուրք սպանվե՞լ է… Բայց երևի տղային խնայում էր ու այդ մասին չէր հարցնում, մանավանդ որ Կրկժանում կռվող հակառակորդ կողմում նրա հորեղբոր ու հորաքույրերի տղաներն էին նաև:
Պատերազմ էր, և այսպիսի բաներ էլ կային…
Զեյնալի և Մանուշի երկու աղջիկների համար շատ ավելի հեշտ էր թուրքական կիսաարմատները թաքուն պահելը. ամուսնացել էին հայ տղաների հետ, ընդունել նրանց ազգանունները: Դժվար էր Կամոյի կացությունը. մի կողմից՝ հոր հիշատակը նաև ազգանունը կրելով պահելու ազնիվ ցանկությունը, մյուս կողմից՝ այդ ազգանունով ապրելու հոգեմաշ զգացողությունը այն միջավայրում, որտեղ ապրող յուրաքանչյուր մարդու ամեն պահի կարող ես հիշեցնել քո ցեղակիցների պատճառած անասելի տառապանքներն ու կորուստները. ու նաև վաղը մյուս օր ծնվելիք իր զավակների խնդիրը կար: Երբ մտերիմ ընկերների հետ բացվել ու խոսել էր իր մտահոգություններից, ցնցվել էր նրանց վերաբերմունքից.
– Ա՛, էդ ի՞նչ ես խոսում, էդ ո՞ր շան տղան կասի հորդ ազգանունից հրաժարվի: Հայրդ մեր ծնողների հարյուր տարվա հարևանն է եղել, դու էլ մեր հարյուր տարվա ընկերն ես: Նույնն էլ վաղը մեր երեխաններն են լինելու: Մտքիցդ նման բաները հանի՛ր,- ասաց թաղի տղաների շրջապատում իր հեղինակավոր խոսքն ունեցող Արկադին, ու թեման փակված համարվեց:
Կամոյի սրտից մի մեծ քար ընկավ: Ինչո՞ւ… և ի՞նչ ուներ հորն ասելու. վաղվան չսպասելով՝ մեն-մենակ այցելեց հոր շիրիմին, երկա՜ր նստեց եզրաքարին, մոլախոտերից մաքրեց դեպի հանգստարան տանող արահետն ու բռնեց տան ճամփան…
Մանուշը հաճախ է հպարտանում.
– Տղաս իր քեռիներին է քաշել, մեռնեմ ջանին…- Լինում է, որ մեղքի մի թաքուն զգացում խղճին հանգիստ չի տալիս, և ավելացնում է:- Ախր, հայրն էլ էր լավ մարդ. ո՞վ կասեր, թե թուրք է…
Կին է էլի. նման մի զեղման պահի էլ Վարդու ներկայությամբ էր անկեղծացել, թե՝ «Զեյնալս ոչ մի բանով թուրքի նման չէր»: Վարդի դու Վարդի, ի՞նչ ասած լինի, որ լավ լինի. «Ես էլ ասեմ՝ ո՞ւր էր կորել մինչև մեռնելը, դու մի ասա գնացել էր Երուսաղեմ՝ ցեղակիցների մեղքերի համար թողություն խնդրելու…»:
Ասել էր լուրջ-լուրջ, անթաքույց չարությամբ ու հեռացել: Հանկարծակիի եկած ներկաները շփոթված իրար էին նայել. ո՞ւմ մտքով կանցներ, թե Վարդին «էդքան գրագետ, մաքուր երևանսկի լեզվով» ձևակերպած խոսք կասեր: Մեկ-մեկ ասում էր, իհարկե, բայց այն ժամանակ, երբ հատուկ ընդգծված՝ մեկնումեկի տնազն էր անում: Իսկ այս անգամ սկի էլ տնազ չէր…
Կանայք անսովոր վիճակից դուրս էին եկել, երբ հումոր անելու առիթը բաց չթողնող Լենան ասել էր.
– Վարդու հետ էլ խոսել չի լինի. Երուսաղեմի տեղն էր մնացել, էդ էլ իմացավ… Էսպես որ գնաց, կոֆե խմելն էլ կսովորի…
Իսկ երբ Վարդու հարձակումից շշմած Մանուշը միամիտ-միամիտ հարցրել էր՝ «Էդ ի՞նչ ասաց, է՛… Չհասկացա՝ Զեյնալս էդ ե՞րբ էր կորել, որ ես չէի իմացել… », պայթել էր կանանց ծիծաղը՝ անզուսպ ու զրնգուն:
Վաղուց թաղը ծիծաղի ձայն չէր լսել…