2015 թ. հունվարի 2-ին, 64 տարեկան հասակում մահացավ ջավախքցի ճանաչված բանաստեղծ, արձակագիր, հասարակական գործիչ Գուրի Եթերը (Գուրի Դանիելի Ավետիսյան): Նա իր ողջ գիտակցական կյանքում ապրեց և ստեղծագործեց հայրենի Տուրցխ գյուղում: Լինելով ութ զավակի հայր` Գուրի Եթերը հոգու հազար թելերով կապված էր հայրենի գյուղի, Ջավախք աշխարհի հող ու ջրի հետ:
Հայ ընթերցասեր հասարակայնությունը Գուրի Եթերի, առանձնապես պոեզիային ծանոթ է դեռևս 1960-ական թվականներից հայկական ռադիո-հեռուստատեսությունից, մամուլից: Գուրի Եթերը մի շարք գրքերի հեղինակ էր. չնայած անտիպ գործերը տասնապատիկ ավելին են: Նա ժամանակին սերտ կապերի մեջ է եղել հայ մեծանուն գրողների, հատկապես Հովհաննես Շիրազի, Պարույր Սևակի, Համո Սահյանի, Գևորգ Էմինի, Սիլվա Կապուտիկյանի, Սերո Խանզադյանի, Հովհաննես Մելքոնյանի, Մկրտիչ Սարգսյանի, Մետաքսեի հետ:
Գուրի Եթերի հիշատակը վառ կմնա ոչ միայն նրա գրչակից ընկերների, այլև բոլոր նրան ճանաչողների սրտերում:
Հակոբ ԱՎԵՏԻՍՅԱՆ
Ու գնա
Վերքերդ տուր երգերիդ,
Հոգսերդ տուր երգերիդ,
Ետ մի՛ նայիր՝ ինչ թողիր –
Թեթևացիր ու գնա…
Սերերդ տուր երգերիդ,
Հուշերդ տուր երգերիդ,
Անցյալդ մի՛ որոնիր –
Թեթևացիր ու գնա…
Մեղքերդ տուր երգերիդ,
Կրքերդ տուր երգերիդ,
Կյանքդ էլ տուր երգերիդ –
Թեթևացիր ու գնա…
Հավատդ տուր երգերիդ,
Գալիքդ տուր երգերիդ,
Մահդ էլ տուր երգերիդ
Անմահացիր ու գնա…
ՓՈԽԱՏԵՂՈՒՄ
Երկինքը կուլա՝ օգտակար լաց է,
Հողը ծարավ է,
ջրտուն Աստված է:
Խղճի պես բաց է դուռը երկնքի.
Երկնքից-երկիր ի՞նչ վերադարձ է:
Սրտաբաց սեր է հույսը Աստծո,
Ծաղկավար կյանք է հողը բրածո:
Հողը սոված է՝
հանգուցյալն հաց է:
Մարմնից հոգու չվելը հարց է…
Իրենցը կուզեն հողն ու երկինքը,
Երկինքը բաց է՝
սուրբ հոգեհաց է…
Աստծո խոսքն է
ճշմարիտ կյանքը,
Երկնքից-երկիր ի՞նչ հոգեհաց է…
***
Մարդ եմ, մեկ-մեկ զարմանում եմ,
Համբերիր, զուր մի՛ անիծիր:
Պատահում է՝ հայհոյում եմ,
Չլսելու տուր ու անցիր:
Մարդ եմ, է՛լի, բազմաբնույթ,
Սովորական ու անսովոր.
Մերկությունը՝ իմ մեղավոր…
Չտեսնելու տուր ու անցիր:
Մերթ ապուշ եմ, մերթ՝ իմաստուն,
Քեզ ո՞րն է պետք՝ դա՛ ունեցիր:
Ու իմ մեղքով և ոչ էլ՝ քո,
Տրված բախտղ մի՛ անիծիր:
Ապրիր, ինչպես կամքդ կուզի,
Ուրիշին մի՛ կամազրկիր…
Իմ ուզածը բարի խոսք է,
Դժվար բան չէ, տուր ու անցիր:
***
Կյանքս չեղա. ձեր կյանքն եղա.
վկան եղա իմ կյանքի:
Իմը չեղա, ձերը եղա`
կրկնակին եմ ձեր կյանքի:
Ի՞նչ ունեի` ձեզ կամեցա,
չկամ եղա ինձ համար:
Կյանքս թողի, մահս տարա,
կյանքը եղա ձեր կյանքի:
***
Տանելուց ի՞նչ օգուտ ունեմ`
մահս աղքատ թող լինի:
Ձեր կյանքն` հարուստ,
վարձս հաստատ թո՛ղ լինի:
Ձեր տաք աչքը հողիս պահեք`
ձվաբարուրս բացվի…
Իմ վերջինը սկիզբն է ձեր`
դարձս հավատ թող լինի: