ԱՀԱԶԱՆԳ
Վառվում են անտառներն աշխարհի,
Ամենուր աղետ է ու քաոս,
Չեն հանգչում մոլուցքները վայրի,
Չեն լռում կրքերը բարբարոս:
Սրբազան տաճարն այրվեց,
Փարիզում տագնապ է սոսկալի,
Սիրիայում ժողովուրդ կոտորվեց,
Ցեղասպանը դավում է էլի:
Աշխարհում դեռ շահն է թագավոր,
Չեն հաշտվում ժառանգները Նոյի,
Ընչաքաղց, նենգ մարդիկ բյուրավոր
Լողում են ծովերում մեղքերի:
Մի՞թե, Տե՛ր, լինելու է այն,
Ինչ հնուց գրված է Սուրբ Գրքում,
Այրվելո՞ւ է Զարդը քո արարչության,
Կրակով պատժելո՞ւ ես մարդուն…
Խնայիր, Տե՛ր Աստված, խնայիր,
Խնայիր մեր մանկանց, մայրերին,
Աշխարհն այս դու սիրով կերտեցիր,
Շնորհիր օրհնանքը քո վերին:
Իջնում են, բախվում են մայր հողին
Արարչի նշանները ցասման,
Տեր կանգնենք,
տեր կանգնենք աշխարհին,
Աշխարհը մեր տունն է սրբազան:
Տեր կանգնենք,
տեր կանգնենք աշխարհին
Եվ պարզենք ամենուր` որպես ջահ –
Երկնային խորհուրդները վերին`
Արարչի պատգամները անմահ:
ՏԱԳՆԱՊ
Թռչում են բոցերը մոլեգին,
Բոցերը երկնքին են հասել,
Գրկել է կենգուրուն իր ձագին,
Աչքերում սարսափն է քարացել:
Դողում է ձագուկը մոր գրկում,
Վառվում է հիացմունքը վայրի,
Ամենուր հրդեհն է մոլեգնում,
Չեն սթափվում այրերը աշխարհի:
Հրդեհը քիչ էր, և հիմա
Ուղտերի սպանդ է այդ երկրում,
Զոհվում են զավակները բնության
Աղետի և զենքի բոցերում:
Աշխարհը դեռ խելքի չի եկել,
Լողում է օվկիանում մեղքերի,
Չեն տեսնում` մոտեցել է երկրին,
Մի ահեղ, հրեղեն ցունամի:
ՆԵՐԵՔ ԻՆՁ, ՀԱՎՔԵՐ
Սարյակներն եկան, եկան կռունկները,
Եվ կեռնեխներն են այգում գեղգեղում,
Կանչում են, թովում ձնծաղիկները,
Եվ մեղուներս են նոր խինդով երգում:
Գարուն է, զարթոնք, բայց տխուր եմ ես,
Ներեք ինձ, հավքե՛ր, որ չեմ գեղգեղում,
Առաջվա նման չի ճախրում սիրտս,
Թախծի գետերն են իմ մեջ հեղեղվում:
Ես ինչպե՞ս խնդամ, ես ինչպե՞ս երգեմ,
Երբ որ աշխարհը տնքում է ցավից,
Ժանտախտի անտես
վիշապն է զարկում,
Զոհվում են մարդիկ հրեշի թույնից:
Մի քարե սալ է ընկել իմ հոգուն,
Չեմ կարող ճախրել, չեմ կարող խնդալ,
Ներեք ինձ, հավքե՛ր,
որ չեմ ձայնակցում,
Ներիր ինձ, ի՛մ գետ, չեմ կարող ցնծալ:
***
Այս կյանքով չի ավարտվում
մեր կյանքը,
Մեր կյանքը շարունակվելու է հար,
Կա հոգիների սուրբ արքայություն,
Կա մեռյալների ստորգետնյա աշխարհ:
Մեր մարմնի տերը հողն է հայրենի,
Իսկ հոգու տերը` երկինքը լաջվարդ,
Երանի նրան, ում հոգին կապրի
Երկնի ծիրերում, կապույտում զվարթ:
Ի՞նչ է դառնալու հանդերձյալ կյանքում
Մարմինը մեր որբ` թրթո՞ւր, թե՞ մրջյուն,
Ի՞նչ ենք մենք եղել մեր
նախորդ կյանքում,
Դեռ անհայտ է մեզ,
հայտնի է Աստծուն…
Ապրել, արարել ջանքով վիթխարի,
Հավատով խորունկ ու խղճով զուլալ,
Որ բացվեն կապույտ դռները երկնի,
Որ ոգին ճախրի անհունում օրհնյալ:
ԼԵՌՆԱՅԻՆ ԳՅՈՒՂԵՐ
Կոմբայնն ասես ոսկե նավ լինի,
Լողում է գարու ոսկե արտերում:
– Տարին երաշտ է,
բայց փա՛ռք Արարչին,-
Հողվորներն են իրար հորդորում…
Լեռնային գյուղեր, լանջեր լեռնային,
Անջրդի դաշտեր, հողեր անբերրի,
Դարեր շարունակ այստեղ ցանում են
Մի տարի ցորեն, մյուս տարում` գարի:
Մի տարի` կարկուտ, մի տարի` երաշտ,
Էլ ի՞նչ գութաներգ, էլ ի՞նչ հորովել,
Ուժասպառվել է հողը արգավանդ,
Եվ հողվորներն են հողից խռովել:
Էլ ինչպե՞ս հերկել, էլ ինչպե՞ս հնձել,
Հողվորի հույսը երկինքն է մնում,
Արծվաբներում արծիվներն են ծեր,
Արծվաձագերը չվում են, չվում:
Լեռնային գյուղեր, բույրեր հայկական,
Ես ինչպե՞ս տեսնեմ ձեր մով ապագան:
***
Վայրի բադերի երամներն երգով
Կտրեցին, անցան մեծ լեռնաշղթան
Հայկական Պարի,
Գնում են նրանք, չվում են խաղաղ
Տաք հովիտները չքնաղ Տիգրիսի:
Գիտեմ` գարնանը նրանք կդառնան
Գետահովիտներն իմ Ախուրյանի:
Գնում են նրանք, չվում են խաղաղ,
Իսկ ո՞ւր են չվում սեգ կռունկները
Իմ Երազգավորսի…
Մեր հողվորները` հողից խռոված,
Խռոված կյանքից,
բախտից, աշխարհից,
Նրանք չվում են, չվում են հյուսիս`
Գետահովիտները Դոնի, Վոլգայի,
Տայգաներն անծայր հեռու Սիբիրի:
Գնում են նրանք, հաց են հայթայթում
Օտար ափերում,
Իսկ արտագաղթի դևը մոլեգնած,
Անտեսանելի քլունգներ առած`
Մեր բնօրրանի հիմքերն է քանդում:
ԽՌՈՎՔ
Էլ չեմ զարմանում, էլ չեմ զայրանում,
Երբ որ ոռնում է ինչ-որ վայրահաչ,
Երբ որ դարանից ինձ է քարկոծում
Մի խղճուկ գրչակ, մի խղճուկ գաճաճ:
Ո՞ւմ չեն հալածել, ո՞ւմ չեն քարկոծել
Անտաղանդները` նախանձ, դիվահար,
Նարեկացուն են նույնիսկ այպանել,
Չի ծլարծակել որքան ձիրք, հանճար:
Անցնում ես խոնարհ, ջանում ես արդար,
Բայց խաղաղ ապրել
քեզ չի հաջողվում,
Քո խաղաղ ճամփին բուսնում է մի ցավ,
Չարն է օձի պես ոտքիդ փաթաթվում:
Օ՜, հայի նախանձ` թույնից ահավոր,
Գազազած մի դև` մոլեգին, դաժան,
Որ քանդեց երկրի բերդերը հզոր
Եվ գետնին զարկեց երկրի ապագան:
ԻՆՉՆ Է ԱՆՓՈՓՈԽ
Փոխվում են օրերը,
փոխվում են դարերը,
Եվ տարիներն են փոխվում շարունակ,
Չեն փոխվում լեռները,
չեն փոխվում գետերը,
Նույնն են ծովերը այս արևի տակ:
Թոշնում են վարդերը,
թոշնում են կյանքերը,
Եվ սերունդներն են
փոխվում շարունակ,
Հավերժ են աստղերը, անմար է արևը,
Երկինքը էլի ջինջ է, կապուտակ:
Խամրում են գույները,
հանգչում են հուրերը,
Եվ սահմաններն են
փոխվում շարունակ,
Չեն փոխվում իղձերը,
չեն փոխվում հույսերը
Եվ աղոթքները այս արևի տակ:
Ընկնում են կուռքերը,
հառնում են նորերը,
Բռնակալներն են հողվում շարունակ,
Չի փոխվում մայր հողը,
չի փոխվում մոր սերը
Եվ հայրենիքը այս արևի տակ:
ՈՐՍՈՐԴԱԿԱՆ
Հարսանքատնից որսի էի գնում`
Անզուսպ մոլուցքով, կրքերով վայրի,
Իմ հրացանն էր անվերջ որոտում,
Տիրակալն էի իմ դաշտավայրի:
Որքան եմ խփել վայրի բադիկներ,
Լորեր, կաքավներ, հավքեր հազարան,
Քարացան օդում անթիվ թռիչքներ,
Որքան ճախրանքներ իմ
ձեռքով հանգան…
Բայց ես զսպեցի իմ մոլուցքները,
Որսորդական իմ գայթակղությունը,
Երբ որ ծնվեցին իմ լորիկները
Եվ գեղգեղանքով լցրին իմ տունը:
Օ՜, մա՛յր բնություն, ների՛ր ինձ, գթա՛
Եվ թողություն տուր իմ կույր մեղքերին,
Որ ես գործել եմ կամա-ակամա
Իմ պատանության այն գիժ օրերին:
Կողպում եմ ամուր իմ հրացանը,
Սակայն հրաժեշտ չեմ տալիս զենքին,
Աշխարհում դեռ շատ
մարդագայլեր կան,
Դեռ սպառնում է մեր հին թշնամին:
ՀԱՎԵՐԺԱԶԱՆԳ ԶԱՐԿԵՐԱԿ
Իմ մանկության գետահովիտ,
Իմ աստղագորգ մարգագետին,
Դուք ինձ տարաք, հասցրեցիք
Երազանքիս սուրբ երկնքին:
Իմ Արփաչայ, իմ Ախուրյան,
Իմ տաղասաց ոսկեբերան-
Եղար օրրան ու օրորոց
Եվ սրբազան աղոթարան:
Եղաք մոր գիրկ, մայրական ծոց,
Մայրական կաթ ու պորտալար,
Շնորհեցիք ներշնչանքի
Ու թովչանքի ոսկե քնար:
Ձեր բույրերն են իմ արյան մեջ,
Տրոփյունը հավերժակյանք,
Դրախտաբույր իմ Ախուրյան,
Հավերժազանգ իմ զարկերակ:
ԻՄ ՏԱՆՁԵՆԻՆ
Հոկտեմբերին իմ տանձենին
Հագավ դեղին, ալվան շորեր,
Ծափ է զարկում աշնան քամին
Եվ երգում է սիրո երգեր:
Եվ պարում է իմ տանձենին
Աստեղային մի նազանքով,
Եվ բուրում է իմ տանձենին
Եթերային երազանքով:
Եվ ինձ թվաց` իմ ճոխ այգում
Հյուր է եկել դրախտի փերին,
Նա երգում է ու ասմունքում
Գազելները արևային:
Շշնջում է իմ տանձենին`
– Սիրի՛ր, պոե՛տ, կյանքն այս բուրյան,
Կյանքն ունայն է, երբ սեր չկա,
Սիրահարվիր ամեն վայրկյան…
Մոտենում է ձմռան շունչը,
Նա բուրում է հրաշագեղ
Եվ պարում է հովերի հետ
Աշնան վերջին վալսը շքեղ:
ՃԵՐՄԱԿ ՎԱՐԴ
Տե՛ս, որքան անբիծ են ձյուները,
Ճերմակ է գագաթը Մասիսի,
Մի՛ ներկիր սպիտակ վարսերդ,
Ճերմակն է իմ գույնը սիրելի:
Վարսերիդ էլ մի՛ դիր դու հինա,
Ճերմակն է բուրմունքը մաքրության,
Վարսերիդ ճերմակը թող մնա,
Ճերմակն է նշանը հաշտության:
Գալիս են օրերը ծերության`
Անհաստատ, մոխրագույն ու անզարդ,
Դու ճերմակ վարսերով ինձ ժպտա,
Իմ կյանքի, իմ աշնան ճերմակ վարդ:
ԵՐԵՔ ԵՐԳ` ԵՐԱԶՆԵՐԻՍ ԱՂՋԿԱՆ
Ապրում է հուրին իմ երազներում,
Մի ջահել աղջիկ` աստղահուր մի վարդ,
Նա ինձ գրկում է ցուրտ գիշերներում
Այնքան թովչանքով և այնքան զվարթ:
Հոգնած, բեզարած
երբ տուն եմ դառնում
Եվ երբ գլուխս դնում եմ բարձին,
Իմ խռով հոգին երբ չի խաղաղվում,
Ես սպասում եմ քո հրաշք այցին:
Ահա, դու նորից աստղերից իջնում,
Գրկում ես հոգին իմ կարոտակեզ,
Իմ ալիքներն են կրկին խաղաղվում,
Երբ երազներում համբուրում եմ քեզ:
Վազում եմ, հոգնում,
արթնանում, նիրհում,
Եվ երբ իմ սիրտն է ցավից սրսփում,
Դու հայտնվում ես ցուրտ գիշերներում
Եվ քո հուրերով սիրտս սփոփում: