Միխայիլ Լերմոնտով
Երգում է նա՝ հալում ձայներ,
Ինչպես համբույրը շուրթերին:
Նայում է նա՝ շարժում ամպեր
Աստվածային իր աչքերին:
Գնում է նա՝ նրա քայլերը,
Թե խոսք ասի՝ դիմագծերը
Զգացմունքով, խոսքով են լի
Եվ գեղությամբ իր հրաշալի:
Աֆանասի Ֆետ
Ես ոչինչ չեմ ասի քեզ բնավ,
Չեմ փորձի վրդովել քեզ իսկի,
Այն մասին, ինչ մտքովս անցավ
Ոչ մի կերպ ես քեզ չեմ ակնարկի:
Գիշերվա ծաղիկներն են քնած.
Երբ արևը պուրակն է լքում,
Թերթիկները բացվում են կամաց,
Ես լսում եմ, որ սիրտն է ծաղկում:
Եվ հիվանդ ու հոգնած իմ կրծքին
Երբ փչում է գիշերը խոնավ,
Չեմ փորձի վրդովել քեզ իսկի,
Ես ոչինչ չեմ ասի քեզ բնավ:
Աննա Ախմատովա
Դուք կապրեք, ես՝ ոչ այնքան.
Պահն է մոտ շրջերեսի:
Խիստ ու ստույգ է, օ՜, որքան
Նա՝ հաշվարկը անտեսի:
Գազան խփում են տարբեր,
Ամենքին՝ հերթով սովոր,
Որն ունի մի շարք ձևեր,
Բայց գայլին՝ տարին բոլոր:
…Մի՛ լացիր, միա՛կ ընկեր,
Երբ գայլի արահետից,
Ամառ լինի թե ձմեռ,
Լսես ձայնս ետևից…
* * *
Նրանք երդվեցին Մուրճ ու Մանգաղով՝
Վախճանից առաջ քո բազմաչարչար:
Դավաճաններին գնում են ոսկով,
Արճիճ վճարում՝ երգերի համար…
Էդուարդ Ասադով
Բարություն
Եթե ընկերդ վեճի մեջ միայն
Կարողացել է վիրավորել քեզ,
Դառնալի է դա, բայց վիշտ չէ սակայն,
Դու նրան հետո պետք է որ ներես:
Կյանքում լինում են պահեր անհարմար:
Ընկերությունը թե պինդ է, ամուր՝
Անմիտ ու դատարկ բաների համար
Թույլ մի՛ տուր, որ նա փշրվի իզուր:
Թե սիրեցյալիդ հետ ես խռովել,
Նրա կարոտն էլ վառում է հոգիդ՝
Դա էլ չի կարող վշտոտ համարվել՝
Մի՛ շտապիր, կտրուկ մի՛ գործիր անմիտ:
Եթե անգամ դու պատճառ չդարձար
Կտրուկ խոսքերի և ձեր գժտության,
Տղամարդ եղիր՝ վսեմ ու արդար:
Չէ որ քոնն է այդ սերը հավիտյան:
Կյանքում լինում են պահեր անհարմար:
Ընկերությունը թե պինդ է, ամուր՝
Անմիտ ու դատարկ բաների համար
Թույլ մի՛ տուր, որ նա փշրվի իզուր:
Ու որ դու հետո քեզ չկշտամբես,
Որ ինչ-որ մեկին ցավ ես պատճառել,
Լավ է աշխարհում բարեսիրտ լինես.
Չարն առանց այն էլ աշխարհն է առել:
Սակայն մի բանում երբեք չզիջես:
Գժտվիր, հրաժեշտ տուր անգամ անցյալիդ,
Միայն ստորություն երբեք չներես
Եվ դավադրություն երբեք չներես՝
Ո՛չ ընկերոջդ, ո՛չ սիրեցյալիդ:
Միխայիլ Դուդին
Իմ ճակատագրում՝ դժվար, տատասկոտ
Դու մնալու ես հավիտենապես:
Գնացքները ինձ բերեցին քեզ մոտ,
Եվ այդ գնացքները սիրեցի ես:
Ճանապարհները գալարվում էին,
Հնչում էր քամին ազդահրերով:
Ընդմիշտ սիրեցի ես հողը անգին,
Որ դու ես քայլում նրա վրայով:
Ինձ հետ էիր դու անթափանց ծխում՝
Դու իմ ապավենն ու զրահն էիր:
Գուցե ինքս էլ ես ինձ եմ սիրում,
Քանի որ դու ինձ ինքդ սիրեցիր:
Սերգեյ Միխալկով
Առյուծն ու պիտակը
Առյուծն արթնացավ, դես ու դեն նետվեց,
Մռնչյունն ահեղ անդորրը խախտեց:
Առյուծին ինչ-որ գազան էր ծաղրել՝
Առյուծի պոչին պիտակ էր կախել:
Գրված էր. «Էշ», ամսաթիվ ու համար,
Կլոր կնիք ու ստորագրություն կար:
Կատաղեց. ի՞նչ անել և ինչի՞ց սկսել:
Պոկե՞լ, իսկ համարն ու կնիքն ի՞նչ անել:
Իսկ եթե պատասխան պահանջեն ինձնի՞ց:
Ու որ օրենքով ազատվի պիտակից,
Գազանաժողովին եկավ բարկացած.
– Առյո՞ւծ եմ, թե ոչ,- հարցրեց զայրացած:
Բորենին ասաց. «Փաստացի Առյուծ եք,
Բայց ըստ օրենքի, տեսնում ենք, որ Էշ եք»:
-Ինչպե՞ս թե էշ եմ, եթե խոտ չեմ ուտում:
Առյո՞ւծ եմ, թե ոչ, հարցրեք կենգուրուին:
Կենգուրուն այսպես պատասխան տվեց.
-Ինչ-որ Առյուծի բան կա ձեզանում,
Իսկ թե ինչ՝ ես էլ գլուխ չեմ հանում:
Գռմռաց Առյուծը՝ խուճապը սրտում.
-Ա՛յ էշ, դու ասա, էս ինչո՞ւ ես լռում,
Նմա՞ն եմ նրանց, ով քնում է գոմում:
Էշն իր կարծիքը հայտնեց հանրորեն.
-Դեռ Էշ չես, սակայն Առյուծ չես արդեն:
Իզուր էր Առյուծը խնդրում, ստորանում,
Գայլից պահանջում, բորենուն բացատրում:
Իհարկե նաև կարեկցանք լսվեց,
Սակայն պիտակն այն ոչ ոք չհանեց:
Առյուծն իր տեսքը սկսեց կորցնել,
Ու կամաց-կամաց հալումաշ լինել,
Սրան-նրան էլ ճանապարհ զիջել:
Եվ հանկարծ մի օր արևածագին
Առյուծի որջից մի թախանձագին,
Երկարաձիգ «ի-ա»-ներ լսվեցին:
Առակի խրատը պարզ է ու անշեղ:
Որոշ պիտակներ կան՝ Առյուծից ուժեղ:
Ռուսերենից թարգմանությունը՝
Գագիկ ՇԻՐՄԱԶԱՆԻ