Ապագան` լույսի մեջ խելագար,
Իսկ ներկան` դատարկ-հավերժորեն:
Խ. Մանուկյան
Անկախության տարիների հայ բանաստեղծության համատեքստում իր կայուն տեղն ունի Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունը: Գրականագիտական-քննադատական միտքը մշտապես իր ուշադրության կենտրոնում է պահել Խաչիկ Մանուկյան բանաստեղծին: Ուշագրավ է Գրիգոր Հակոբյանի անդրադարձը «Վիրավոր խաչ» բանաստեղծական ժողովածուին: Վերջինս բեկումնային նշանակություն ունի բանաստեղծի ստեղծագործական կյանքում: Հենց այդ հանգամանքն էր ընդգծում արդիականության չափանիշներով առաջնորդվող քննադատը` գրելով. «Բանաստեղծությունների այս ժողովածուն գրագետի այն գիրքն է, որն առարկայաբար պարփակում է թե՛ ստեղծագործական փորձարկումների, բանաստեղծական մշակույթի ընկալումների, գրականացվող իրողությունների և երևույթների շրջանակը և թե՛ ընդնշմարում արդեն այս ժողովածուում գոյավորվող այն ներուժը, որ անպայմանորեն գտնելու է բանաստեղծական բյուրեղացած կերպարում»1: Ասվածը փաստում է, որ այս ժողովածուով նոր փուլ էր ձևավորվում բանաստեղծի ստեղծագործական կյանքում: Այն նշանավորվում էր բանաստեղծական առավել կուռ կառույցների ստեղծումներով, քնարական հերոսի` իրականության տարբեր ոլորտների առավել խորքային ընկալում-ընդհանրացումներով, պատկերամտածողության բազմազանությամբ: Եվ ուշագրավ էր Գրիգոր Հակոբյանի այն կանխատեսումը, որ «Վիրավոր խաչ» ժողովածուն ենթադրում է հետաքրքիր շարունակություն2: Վերը նշված միտումներն առավել հղկվեցին և ամբողջացան ժողովածուից ժողովածու:
Հիշատակության է արժանի նաև Վանո Եղիազարյանի «Խաչիկ Մանուկյանի եթերային ապարանքը» հոդվածը: Վերջինս անդրադարձ է արդեն բանաստեղծական կյանքի առավել հասուն փուլում գտնվող, փորձարարական շրջանը վաղուց հաղթահարած ստեղծագործողի գրքին: Վ. Եղիազարյանն անդրադառնում է ժողովածուում տեղ գտած բանաստեղծությունների թեմատիկ բազմազանությանը, ազգային և համամարդկային շերտերին, պատկերային համակարգին, պատկերավորման միջոցներին, բառապաշարին, նյութ-հոգի հակադրությանը: Հոգևոր արժեքների կարևորման ուղերձներով էլ հոդվածագիրը պատճառաբանում է ժողովածուի խորագիրը3:
Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությունն ամբողջությամբ վերլուծելու փորձ է կատարել Դավիթ Գասպարյանը4:
Արմեն Ավանեսյանը անկախության պոեզիայի համատեքստում նույնպես անդրադարձել է Խաչիկ Մանուկյանի ստեղծագործությանը: Ուշագրավ են բանաստեղծություն կառուցելու մանուկյանական սկզբունքների ընդհանրացումները, բառ-միավորի և տող-միավորի տարածությունների քննությունը. «Բառ-միավորը ընդլայնում է իր իմաստակառուցվածքային սահմանները և դիտարկելի է իբրև տող-միավոր: Բանաստեղծության տողն էլ արտաբերվում է մեկ շնչով, ինչպես բառը, և հաջորդականության մեջ ստեղծում բացառիկ արագատեմպ ռիթմ»5:
Մեր նպատակը հերմենևտիկայի մեթոդի օգնությամբ «Սահանքներ» ժողովածուում անցյալ-ներկա-ապագա ժամանակային տիրույթների հարաբերությունները ներկայացնելն է: Հենց սկզբից ցանկանում ենք շեշտել, որ «Եթերային ապարանքում» տեղ գտած բանաստեղծությունների թեմատիկ-գաղափարական շերտի բյուրեղացում-խտացումը շարունակվում է այս շարքում: Ընդհանրապես Խաչիկ Մանուկյանի բանաստեղծական մտածողությանը բնորոշ են միևնույն թեմայի շրջանակներում պատկերային յուրօրինակ վարիացիաների, խտացում-ընդհանրացումների և մասնավորում-կոնկրետացումների յուրօրինակ միասնականության արտահայտությունները, որ յուրաքանչյուր նոր ժողովածուում ներկայացնում են գեղարվեստական վարպետության նոր աստիճան: Կարիք էլ չկա հատուկ շեշտելու այն հանգամանքը, որ շարքը չպետք է ըմբռնել զուտ իբրև իրարից անկախ բանաստեղծությունների հավաքածու: Այն կուռ միասնություն է, որ ներկայացնում է քնարական անհատի ներքին տարուբերումները, տրամադրությունների գունագեղ ու խայտաբղետ աշխարհը, հիացմունք-վայելք-զայրույթ-տառապանք-ցավ-հույս յուրօրինակ անցումները, որոնք, որքան էլ անվերահսկելի ու անտրամաբանական, ամեն դեպքում ենթարկված են գեղարվեստական լուրջ համակարգումների ու հետևողականության: Խաչիկ Մանուկյանի բանաստեղծական վարպետության գրավականներից է անհամակարգելին համակարգելու, բովանդակային հսկայական տիրույթը մեկ-երկու տողով ամփոփելու, ընդհանրականը մասնավոր պատկերամիավորի միջոցով տեղ հասցնելու կարողությունը: Ասվածը փաստում է, որ շարքերի առաջին բանաստեղծությունները չափազանց մեծ կարևորություն պետք է ներկայացնեն, քանի որ դրանք քնարական ճանապարհորդության սկիզբն են: Այսինքն` բանաստեղծական տրամադրությունների բազմակերպ ու խայտաբղետ ընթացքի ստիմուլ-ազդակն են ներկայացնում ժողովածուների և շարքերի առաջին բանաստեղծությունները: Դրանք և՛ պատճառ են, և՛ հետևանք: Պատճառ են ազդակային գործառույթով, հետևանք են ընդհանրականության աննկարագրելի ներուժով: Դա է պատճառը, որ շարքերի ընթերցումն ավարտելուց հետո դարձյալ վերադառնում ես պատճառ-հետևանքային կամ ստիմուլ-ազդակային սկզբնակետին:
Այսպիսին է այդ սկզբնակետը «Սահանքում».
Արագ փոխվեցիր,//Չհասցրի// Հասկանալ` ինչից ինչ են դարձել,//Շուռ եկա,//Մարդու տեղ հարցրի,//Ասին` վաղուց են եկել-անցել: //Ասի` բա ո՞ւր է ճիշտ դեմքը ձեր, //Ո՞ւմ փեշի տակ եք ձեզ թաքցնում,//Ախր,//Ինքնակամ կախարդվածներ,//Կյանքն այդպես դաժան// Չե՛ն հանգցնում (III, էջ 149):
«Բիբլիական ընդմիջումներ» ժողովածուի սկզբնակետը նույնպես բավականին ընդգրկուն է: Մանուկյանական բանաստեղծական տրամադրությունների շաղախն է ներկայացված այստեղ` «սեր-ատելություն-խնդություն- թախիծ- կենարար ավիշ-մահատարած թույն» հանրագումարով (I, էջ 11): Ժողովածուի բանաստեղծությունները ներկայացնում են այս պատկեր-ապրումների տարակերպ մասնավորեցումները: «Վիրավոր խաչ» ժողովածուում ազդակ-ամփոփումը բյուրեղացել է Էջմիածնի կերպարանքով (I, էջ 103): Էջմիածինը Խաչիկ Մանուկյանի պոետական մտածողության համատեքստում նախնական մաքրության, կատարելության և անհունի արտահայտիչ-խտացումն է, և պարզ է, որ ժողովածուի մյուս գործերն այս կամ այն կերպ պետք է հարաբերվեին այդ գաղափար-պատկեր-խտացումին:
Դառնանք խնդրո առարկա շարքին: Վերը բերված բանաստեղծությունը, որ շարքի սկզբնակետն է, միաժամանակ նաև խորագրի իմաստը բացող գործառույթ է իրականացնում: «Սահանքը» թեք մակերևույթով դեպի ցած ընթացող ջրի սրընթաց հոսանքն է կամ, առհասարակ, ջրերի շրջապտույտը: Փոխաբերական իմաստով այն նշանակում է անկասելի շարժում: Այսինքն` առաջնային է ընթացքի, շարժման գաղափարը, և հենց դրա համատեքստում էլ պիտի ներկայացնել ժողովածուի գլխավոր միտումները: Բերված բանաստեղծության ներքին տիրույթը ներկայացնում է փոփոխությունների, արտաքին ու ներքին անցուդարձի, տեղաշարժ-տեղափոխությունների մի անհանգիստ մթնոլորտ, որի վերջնարդյունքը մարդկային էության և կյանքի բովանդակազրկումը, քայքայումը և մանրացումն է: «Խեղաթյուրվել են բոլոր արժեքները, և մարդուն առավել ևս պետք է ամենակարող սերը` որպես հոգու սպեղանի»6: Սա արդեն ենթադրում է հակադրությունների մի կայուն համակարգ, որի ծայրաբևեռներում տեղ են գտնելու սկիզբը և վերջը, ճշմարիտ, կյանքային գիրը և գրի ժամանակակից աղավաղումները, հայրենիքի լուսավոր պատկերը և խոշտանգված ներկան: Այս բոլորն ինչ-որ կերպ տեղավորվում են անցյալ-ներկա հակադրության տիրույթներում, և ներկան լայն առումով ներկայացնում է անկման ծայրաբևեռը: Բայց այս հակադրությունը եռաբևեռ է, և որոշ ստեղծագործություններում առաջ է բերվում նաև ժամանակային չափման երրորդ տիրույթը` ապագան, որ քանդում է ներկայի փակուղին և շարքի տիրույթներում ծավալվող ընթացքը բեկում դեպի դրական ծայրաբևեռ: Նշված մոդելն առավելապես կիրառվում է հայրենասիրական բանաստեղծություններում.
Որտե՞ղ է կրակդ,//Ո՞ւմ շնչով է մարում,//Ո՞ւմ ունկն է խլանում//Երկնահունչ քո երգից,//Հանճարի քո լույսից//Ո՞ւմ աչքն է կուրանում,//Եվ ո՞ւմ չար ոգին է// Հրճվում քո վերքից… (III, էջ 254)
Հանճար-վերք հակադրությունը հայրենասիրական բանաստեղծություններում հայրենիքի դիմագիծն ընդհանրացնող արժեք ունի: Անցյալ-ներկա հարաբերության տիրույթներում կատարվող անկման գործընթացը բեկվում է նաև հայրենիքի պատկերներում: Բայց հենց այստեղ է, որ բանաստեղծության մանուկյանական մոդելը առաջադրում է նաև ապագայի չափումը.
Երկի՛ր իմ,//Կհնչե՛ն ղողանջներդ զվարթ,//Եվ թոշնած դաշտերդ//Նոր կյանքով կբուրեն…//Աշխարհի շուրթերին`//Կենարար սիրո կա՛թ,//Դեռ կգան,//Որ լուսե քղանցքդ համբուրեն (III, էջ 254):
Այս երևույթը տեսանելի է նաև նախորդ ժողովածուներում: «Վիրավոր խաչ» ժողովածուի «Նաիրյան էլեգիաներ» բանաստեղծության տիրույթներում ապագայի չափումը նույնպես դրական բեկում է նշանավորում.
Դեռ պիտի բոլորվեն ծայրից ծայր// Հավատիդ անսպա՛ռ լույսի քով,//Մորմոք չէ այլևս, ոչ էլ ցավ,// Ի՛մ երկիր, ծխացող վերքը քո (I, էջ 193):
Նույն ժողովածուի «Գոյամարտ» բանաստեղծությունը նույնպես ենթարկվում է զարգացման այդ տրամաբանությանը: Ապագայի տիրույթը լուսավորի և դրականի ոլորտն է.
Դեռ պիտի փարվի Տիգրան Մեծի՛ պես//Զորավոր շունչը Մա՛յր Հայաստանի (I, էջ 188):
Այսպիսով, պարզ է, որ հայրենասիրական բանաստեղծությունների ընդհանուր տիպը «Սահանք» շարքում ուղիղ գծով գալիս է նախորդ ժողովածուներից: Տեքստի ողբերգականությունը Խաչիկ Մանուկյանի ընկալումներում փակուղային չէ: Ապագան բերում է հույսի անհրաժեշտ չափաբաժինը, և բանաստեղծությունների վերջնահատվածները դառնում են ներկայի փակուղային մակարդակը քանդող «մուրճեր»: «Հայաստան» վերնագրով մյուս բանաստեղծությունում ողբերգականի շերտը թաքնագրային է և արտահայտվում է միայն «կիսված պատկեր» արտահայտությամբ: Ի տարբերություն նախորդ օրինակների` այս բանաստեղծության մեջ ապագայի դրական նոտան ոչ թե արդյունք է վերջնական շրջադարձի, այլ ստեղծագործության գերիշխող տրամադրությունն է: Դարձյալ կա ներկայի անլիարժեքության գիտակցումը, բայց շեշտը դրված է ներդաշնակության ձգտման վրա (III, էջ 215): Անցյալ-ներկա-ապագա հարաբերությունների տիրույթներում կատարվող շրջադարձբեկման արտահայտություն է «Ես կորցրել եմ իմ արքային» տողով սկսվող բանաստեղծությունը: Վարընթաց շարժման արդյունքում գոյացած կորստի, պարտության, նենգության, մանրացման տրամադրություններն են կենտրոնում, բայց բանաստեղծության ավարտը նշանավորվում է դեպի ապագայի դրական բևեռն ուղղված շրջադարձ-անցումով.
Ժամն է,//Եվ գիտեմ, որ պիտի գաս//Հայկ Նահապետի անհաղթ փառքով//Եվ բռնակալին ողջույնդ տաս//Առասպելական տեգիդ զարկով (III, էջ 220):
Խաչիկ Մանուկյանի պոեզիայում հայրենիքի անլիարժեք ներկայի պատկերումն արտահայտվում է նաև ներքին հակասությունների, ներքին մանրացումների վերհանումով.
Թիկնել,//Խոսում են//Ամբիոններից,//Սուտը հոսում է//Նորից//Վերից… (III, էջ 250)
Սրան հաջորդում է դեպի ապագա ուղղված մանուկյանական բանաձևումը.
Մենք հաղթելու ենք//Ներքին մարտում… (III, էջ 250)
Ազգայինի արտահայտմամբ չի սահմանափակվում մարդու մանրացման պատկերումը: Այսպես` հայ մարդու մանրացման արտաքին ու ներքին պատճառների արտահայտմանը երբեմն գումարվում է ընդհանրապես մարդու մանրացումը` բերելով համամարդկայինի շերտը.
Ատելության շնչով վեր խոյացած լեռ են,//Սեր, բարություն ու լույս չեն ճանաչում… (III, էջ 211):
Ապագայի դրական բեկումն արտահայտվում է չարությունը վերացնելու հույսի արտահայտություններով.
…Պիտի խեղդենք սրանց իրենց որջում (III, էջ 211):
Այսպիսով, Խաչիկ Մանուկյանի «Սահանք» շարքը ներկայացնում է անցյալ-ներկա-ապագա հարաբերությունների հետաքրքիր ու շրջադարձային պատկեր: Ներկայի անլիարժեքությանը ապագայի դրական նոտաները հակադրելը պայմանավորում է ռոմանտիկայի խոր դրսևորումներ7, որ տիրական են ողջ շարքում: Ժամանակային այս երեք տիրույթների վերացարկված դրսևորումներում գերխտացված են և՛ ազգային ներքին ու արտաքին, և՛ համամարդկային խնդիրները:
Գրականություն
1. Ավանեսյան Ա., Անկախության պոեզիան. XXI դար, Երևան, «Արմավ» հրատ., 2017:
2. Գասպարյան Դ., Հոգու Հայելի, Երևան, «Արմավ» հրատ., 2017:
3. Եղիազարյան Վ., Արդի հայ գրականություն և գրականագիտություն, Գիրք Ա, Երևան, «Արմավ» հրատ., Երևան, 2017:
4. Հակոբյան Գ., Հոդվածներ, Երևան, «Անտարես» հրատ., 2018:
5. Մանուկյան Խ., Հատոր 1, Երևան, «Զանգակ» հրատ., 2015:
6. Մանուկյան Խ., Հատոր 3, Երևան, «Զանգակ» հրատ., 2016:
7. Ջրբաշյան Էդ., Գրականության տեսություն, Երևան, Երևանի համալսարանի հրատարակչություն, Երևան, 1972:
————————————————-
1. Գրիգոր Հակոբյան, Հոդվածներ, Երևան, 2018, էջ 147:
2. Տե՛ս նույն տեղում, էջ 149:
3. Տե՛ս Վ. Եղիազարյան, Արդի հայ գրականություն և գրականագիտություն, գիրք Ա, Երևան 2017, էջ 8-21:
4. Տե՛ս Դավիթ Գասպարյան, Հոգու հայելի, Երևան, 2017:
5. Արմեն Ավանեսյան, Անկախության պոեզիա, XXI դար, Երևան, 2017, էջ 159:
6. Արմեն Ավանեսյան, նշվ. աշխ., էջ 160, ընդգծումը մերն է (Կ. Մ.):
7. Ռոմանտիզմ-ռոմանտիկա հարաբերությունների մասին տե՛ս Էդվարդ Ջրբաշյան, Գրականության տեսություն, Երևան, 1972, էջ 429:
Կարեն ջան, ողջունում եմ սխրանքդ… Հետևում եմ հոդվածներիդ, լավ գործ ես անում, ու ամենակարևորը՝ ազնիվ ու անկաշառ… Շարունակի՛ր… Սպասելու եմ նոր հոդվածներիդ…