ԹԱՓԱՌՈՂ ԹԱԽԾԻ ԲՈՒՅՆԸ… ԷՐԳԻՐ (Նորայր Գրիգորյանի դիմանկարի էսքիզ) / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ

(Նորայր Գրիգորյանի դիմանկարի էսքիզ)

 

– Յա՜, Մարաթուկի իմ հրաշագործ 
Սուրբ Աստվածածին,
մի թռչուն լիներ, 
նախշուն թևերով թռչեր ծերպից ծերպ
ու ձեն տար խռով 
Ագռավաքարի վերջին հսկային.
– Գիտե՞ս, խռո՛վ ծուռ, 
ծեր զինվորները ինչպե՞ս են կռվում…
Ն. Գրիգորյան 
Ժամանակակից հայ բանաստեղծ Նորայր Գրիգորյանի պոեզիան քաջ ծանոթ է ավագ և երիտասարդ սերնդի գրողներին, ընթերցողներին, պոեզիայի երկրպագուներին։ Ն. Գրիգորյանի բանաստեղծությունների ժողովածուները, որ արդեն անցել են մեկ տասնյակից, չեն կրկնում մեկը մյուսին և գրավում են ընթերցողին՝ սկսած արտասովոր վերնագրերից, ժանրերից, վերջացրած նոր ու թարմ լեզվով, ինքնատիպ բանաստեղծական խոհ-պատկերներով։ Ն. Գրիգորյանի ստեղծագործությունները բազմիցս տպագրվել են գրական մամուլում. նա այն երջանիկ բանաստեղծներից է, որ նաև թարգմանվել է մի քանի լեզուներով։
Իր բանաստեղծություններում Ն. Գրիգորյանն անկեղծ է ընթերցողի հետ, բայց որ ավելի կարևոր է, անկեղծ է առաջին հերթին ինքն իր հետ։ Դրանք ոչ թե գրված, այլ ծնված բանաստեղծություններ են, ճիշտ այնպես բնական ու պարզ, ինչպես մայր բնության ամեն մի ծնունդ։ Բնական ու պարզ և դրանից նաև այնքան ազատ ու անկաշկանդ, որ չեն ենթարկվում նորին մեծություն պոեզիայի ընդունված ու չընդունված օրենքներին, չափին, հանգին, լեզվին, ոճին։ Նրա բանաստեղծությունները չափածո խոհեր են, զրույցներ նրանց հետ, ովքեր իրենց բռնում են այն մտքի մեջ, որ իրենք էլ են այդպես մտածում, զգում, ցավում, ուրախանում, միայն թե չեն կարող այդպես գրել։
Ն. Գրիգորյանի պոեզիան ազատ է «բանաստեղծական ֆրակից», որ գրողները հաճախ հագցնում են իրենց տողերին՝ ճնշելով ու կաշկանդելով իրենց իսկ միտքն ու սիրտը կեղծ ձևերի, մոդայիկ կաղապարների մեջ։ Դուք նկատե՞լ եք, թե ինչ արտասովոր հմայք ունեն մոդայից կախվածություն չունեցող մարդիկ։ Ազատության գեղեցկությունը հավերժ մոդայիկ է ու հավերժ գեղեցիկ։ Այդպես է նաև պոեզիայի մեջ։
Եթե փորձենք կարճ բնութագրել Ն. Գրիգորյանի բանաստեղծությունները, ապա կարելի է ասել, որ դրանք ներքին մենախոսություններ են՝ ծնված զգացմունքների և իմացականության շատ խորին խորքերից։ Ն. Գրիգորյանն իր բանաստեղծության «խոփը» շատ խորն է խրում բանաստեղծության անդաստանի ակոսի մեջ ու այդ խորքից է հանում իր ասելիքը։ Պարզվում է, որ ընդերքում, ակոսների խորքում դեռ շատ չպեղված հունդեր կան, որ Ն. Գրիգորյանի գրիչը դուրս է բերում ու շարում սպիտակ թղթին։
Թվում է, թե հայ բանաստեղծության հողը վաղուց հերկել ու շքեղ անդաստանի են վերածել մեր բանաստեղծության հանճարեղ մշակները՝ սկսած Գողթան երգիչներից, Քուչակից, Երզնկացիներից, Հովնաթանից, Սայաթ-Նովայից, վերջացրած Տերյանի, Թումանյանի, Մեծարենցի, Վարուժանի, Չարենցի ու Սևակի փոքր ու մեծ գլուխգործոցներով։ Ի՞նչ չի ասվել, ի՞նչ լեզվով ու չափով չի ասվել, որ նոր պիտի ասվի։ Իր պոեզիայով իր համար էլ աննկատ ու առանց ամպագոռգոռ խոսքերի հենց այդ պարզ ու խորունկ հարցերի պատասխանն է գտնում Ն. Գրիգորյանը։ Շարունակելով հայ բանաստեղծության անդաստանը խորքից, միաժամանակ սրտի ու մտքի խորաթափանց «խոփով» հերկելով ավանդույթը, որ հաճախ նաև շատ ցավոտ է՝ նա մեզ հանգեցնում է այն կարևոր մտքին, այն ապահով ու տաք զգացողությանը, որ որքան էլ ծանր ու դժվար է եղել հայ բանաստեղծության երկունքը, միևնույն է, քերթողական արվեստի մայր հողը չի ամլացել, այն միշտ պարարտ է, իսկ սերմը՝ միշտ առողջ։
Ծնունդով, գեներով, արյան բաղադրությամբ հավերժ սասունցին՝ Նորայր Գրիգորյանը, այնքան լավ է հասկանում «բանաստեղծության հողի» լեզուն։ Իր սասունցի, մշեցի ապուպապերը՝ ոչ մի համալսարան չավարտած, անուսում-իմաստունները, դրախտի էին վերածել քարոտ Սասունը, սեփական մատներով, ձեռքերով խոսել հողի հետ՝ հետն էլ երգելով.
Էն խորոտ Մշո դաշտ խինգ խարիր գեղ էր,//Մեղրագետի ջուրը հիվնդի դեղ էր։
«Գորանի» արարող իր անուսում հանճարեղ պապերը հասկացել էին հողի գաղտնիքը. հողը սեր է սիրում, հողը երգ է սիրում։ Այդպես էր քարոտ Սասունը վերածվել անդաստանի։ Ու երբ նրանք էլ այն եղերական գարնանը «բարձին ու գացին» իրենց դրախտավայր երկրից, «բարձածի» մեջ գանձ ու հարստություն չէր, հողի ու երգի սերն էր։ Նոր երկրում էլ նրանց բաժին հասավ Սասունի նման քարոտ ու դժվար մի հող։ Նրա պապերը մոտ 50 տարի արդեն հողի ու երկնքի հետ կռիվ էին տվել նոր տունը անդաստան դարձնելու համար։
Երբ Թալինի շրջանի Ներքին Բազմաբերդ գյուղում ծնվեց Հայաստան գաղթած սասունցիների արդեն երրորդ սերունդը, նրանց արյան ժառանգականությունը նույնքան անխառն էր ու մաքուր, ինչպես Սասնա լեռներում ծնված ռանչպարներինը։ Սասունցիները ուծացման չեն ենթարկվում՝ որպես բացառություն հաստատելով օրենքը։
Նրանք իրենց նախնիներից ժառանգում են ամեն ինչ՝ առանց բացառության, և ամբողջ կյանքում մնում սասունցի։ Որտեղ էլ ծնվեն նրանք, նրանց հայրենիքը միշտ մնում է քարոտ Սասունը, «այդ խուլ երկրի ամենախուլ անկյունը, որտեղ ձորերը դառնում են կիրճեր և լեռնագագաթները՝ ապառաժներ»՝ կասեր Բակունցը։
Գաղտնիք չէ, որ սասունցիները հոգու խորքում նույն ծուռ խութեցիներն են՝ լեռնաբնակ այն ըմբոստ ժողովուրդը, որի մասին ստեղծվել է աշխարհի բանավոր ասքերից ամենահանճարեղը՝ «Սասնա ծռերը»։ Այն խութեցիները, որ կոշիկի փոխարեն փայտեր էին կապում իրենց ոտքերին, սառնամանիքին հագնում մի բարակ շապիկ, ուտում այն, ինչ գտնում էին իրենց բարձրիկ սարերի փեշերին, «թփռոշ» անտառներում։ Նրանք, որ դիմացկուն էին ու քաջ խենթության աստիճանի, նրանք, որ մի ահեղ ապստամբություն սկսեցին՝ ազատագրելով հայրենիքը երեքդարյա լծից։ Նրանք, ում ահից ամբողջ երկրում սարսափ տարածած արաբ բռնակալ Յուսուֆը վախկոտի պես թաքնվեց Մուշի եկեղեցիներից մեկի տանիքում, որտեղից էլ խութեցիները վայր նետեցին նրա պիղծ մարմինը։
Այս ոգին սասունցիները կրում են իրենց մեջ, եթե անգամ ծանոթ չեն իրենց նախնիների պատմություններին, թեև այդպիսի սասունցի չի լինում։
Ահա այստեղից՝ Խութից ու Սասունից գալով միայն կարելի է հասկանալ Ն. Գրիգորյանի պոեզիայի խորքը, նրա «գրիչ-խոփի» բացած ակոսի խորությունն ու ուժը։ Ն. Գրիգորյանի պոեզիան նաև իր ժամանակի արտացոլանք է, ինչպես ամեն մի իսկական ստեղծագործություն։ Իսկ նրա ժամանակը ներծծված էր Պ. Սևակի, Հ. Սահյանի, Վ. Դավթյանի, Հ. Շիրազի բանաստեղծությունների թարմությամբ ու շնչով, որոնց արմատներն էլ իրենց հերթին ամուր խրված էին հայ հին և միջնադարյան պոեզիայի արգասաբեր հողի մեջ։ Ավելի ուշադիր լինելու դեպքում հստակ ու տեսանելի է այն հետագիծը, որով անցել է բանաստեղծը. դա Չարենցի համապարփակ, խոր, ընդգրկուն, դրամատիկ պոեզիայի դարբնոցն է, որն իր անմիջական արտացոլանք է գտել Պ. Սևակի պոեզիայում՝ նրա դարակազմիկ քնարերգությամբ վառ պահելով հետսևակյան սերնդի ստեղծագործական ներշնչանքի քուրան։ Բանաստեղծական խոսքի այս հմուտ դարբինների զարմից է սերում Ն. Գրիգորյանի խոհի ու զգացմունքի խորությունը, ինքնատիպությունը՝ սինթեզվելով բնիկ սասունցու ազնիվ ու ազնվական տեսակի հետ։
Այսպիսին է Ն. Գրիգորյանի բանաստեղծ-հերոսը իր «Թղթե հանդերձանք», «Տեղատարափ անձրևների ժամանակաշրջան», «Մեղրագետ» և այլ ժողովածուներում, վերջին ժամանակներում գրված «Առանց ժամանակի կամ Երևանի ժամանակով», «Ծեր զինվորի ծոցատետրից» պոեմ բանաստեղծություններում։ Այսպես էր նա ծանոթ ընթերցողին՝ մեծակտավ, լայնախոհ, ընդգրկուն, իր ինքնատիպ ու ինքնաստեղծ բանաստեղծական «գյուտերով», բառապատկերներով, արտասովոր և ընդգրկուն աշխարհընկալմամբ։ Այդ նրա «հայտնագործությունն» է, որ «դրախտի դուռը ծիրանի ծառից է», իսկ «դուդուկի նվագը՝ արտագաղթից». նրա համար իր երկրի հողը Ադամի ժամանակների «էն հին կավից է», իսկ հայրենի «հողի ծաղիկը թափառող թախիծ է»։
Ահա այս խորհրդապաշտական պատկերներով է բացվում նրա պոեզիայի դարպասը՝ մեզ տանելով մի ուրիշ աշխարհ, որտեղից էլ բացվում են այլ աշխարհներ՝ մեկը մեկից ավելի «խորոտ» ու ավելի տաքուկ։ Մինչև այստեղ Ն. Գրիգորյանը քաջ ծանոթ է իր ընթերցողին։
Սակայն նրա պոեզիային ծանոթ ընթերցողը, ձեռքն առնելով հեղինակի նոր՝ «Էրգիր» ժողովածուն, մի պահ պիտի կանգ առնի՝ այս անգամ համակված ոչ միայն հիացմունքի, այլև զարմանքի և տարակուսանքի զգացումով։ «Չզարմանաս ընթերցող» (ասում է Չարենցը «HOMO SAPIENS»-ում), «Էրգիրը» գրված է իր մայրենի կամ հայրենի (կամ երկուսը միաժամանակ)՝ Սասունի բարբառով։ Բանաստեղծության արարման «խոհանոցին» անծանոթ մեկը դա կարող է համարել սովորական բան՝ ի՞նչ տարբերություն՝ գրական հայերենով, թե բարբառով։ Բայց ով ծանոթ է արարչագործության այդ սրբազան ծեսին, անմիջապես կհասկանա, որ տեղի է ունեցել ինչ-որ արտասովոր բան՝ նման բանաստեղծական ռեինկարնացիայի, փոխակերպման կամ բանաստեղծական ներշնչանքի վերաբնակեցման։
Որտե՞ղ, ինչպե՞ս, ինչի՞ց են արարվում ու լույս աշխարհ գալիս բանաստեղծների ամենահարազատ ու զտարյուն զավակները՝ բանաստեղծությունները՝ չի կարող ասել ոչ մի բանաստեղծ։ Թղթին հանձնվելուց առաջ նրանք ինչ-որ տեղ տիեզերքում արդեն ծնված են լինում… Հավանաբար հենց այդպես էլ արարվեց «Էրգիրը»։ Դժվար չէ հասկանալ, որ մաքրամաքուր գրական հայերենով գրելիս էլ Ն. Գրիգորյանի բանաստեղծության լեզվամտածողության ու լեզվազգացողության ոգին սնվել է ժողովրդական իմաստնության անսպառ գանձարանից՝ Սասնա բարբառից։ Այդ բարբառի թթխմորով, նրա աղ ու ջրով է հունցվել Ն. Գրիգորյանի բանաստեղծության հացը։ Իսկ ինչո՞ւ այս անգամ այն թխվեց հենց Սասնա բարբառով։ Բանաստեղծն այդպե՞ս էր ուզում, թե՞ նրա ձեռքը բռնեց ինչ-որ գերբնական ուժ և այդպես գրել տվեց։ Պատասխանը ծնվել էր հարցից առաջ, այն ժամանակի մեջ էր։
Այնքան մռայլ, անգույն են մեր ժամանակն ու իրականությունը, այնքան անպտուղ ու տարտամ բանաստեղծության ծնունդի համար… այս մղձավանջի մեջ կարո՞ղ է բարձր պոեզիա ծնվել։ Դժվար թե։ Իսկ եթե ասելիք կա, ի՞նչ անի բանաստեղծը։ Հայ բանաստեղծության պատմությունը մեկ անգամ չէ, որ «կլինիկական մահ» է ապրել։ 20-րդ դարի սկզբին Տերյանը բղավելու պես էր հնչեցնում իր տագնապալի հարցը. «Մի՞թե վերջին պոետն եմ ես…»։ Վերջինը չեղավ նա, վերջինը չի լինի նաև Ն. Գրիգորյանը։
Միշտ էլ եղել են անպտուղ ժամանակներ, երբ իրականությունը ստեղծագործելու հող չի տվել տաղանդավոր անհատներին։ Դա չարիք է, որը, սակայն, չի լինում առանց բարիքի։ Այն, ինչ փնտրում են ստեղծագործողները գորշ իրականությունից դուրս՝ որպես ստեղծագործական ներշնչանք, հենց դա էլ դառնում է նորի ու առաջադեմի սկիզբ։ Այդպես են ծնվել գրականության, արվեստի ամենաազնվական ուղղությունները՝ ռոմանտիզմը, սիմվոլիզմը, ավելի ուշ՝ սյուրռեալիզմը։ Դա փախուստ է «անկյանք կյանքից», ինչպես կասեր Չարենցը, բայց նաև մի ուրիշ, բանաստեղծական նոր աշխարհի հայտնագործում է՝ ավելի գեղեցիկ ու կատարյալ. դա գեղագիտության նոր աշխարհ ստեղծելու նախադուռ էր, որով ներս են մտնում ամենամեծերը։
Այն, որ Ն. Գրիգորյանի գրիչը հանկարծ սկսեց խոսել Սասունի բարբառով, մի անսովոր ու գեղեցիկ փախուստ է մեր անկյանք ու անպտուղ իրականությունից դեպի մաքրության ակունք, դեպի նախասկիզբ, որտեղ ամեն ինչ մանկության անաղարտությունն ունի, մի աշխարհ, որտեղ անխառն պահպանվել են մայրական կաթի բույրը, տատի գոգնոցի ուրցահոտը, պապի կոշտ ձեռքերի հողահոտը։ Բանաստեղծը գնում է՝ նորից ծնվելու ու նորից գալու արդեն մաքրված աշխարհ։ Նա գնում է՝ իր ապրելը, իր հավերժությունը զգալու, շոշափելու։ Գնում է ՝ հավատալու, որ հայրենիքը չի կարող նորից փախչել ու կորչել ոտքի տակից, կողոպտվել ու որբանալ իր տերերից։ Գնում է՝ Բակունցի Հազրոյի պես համոզված, որ «մինչև մահ կապրի այդ ժայռերի վրա, ինչպես իր պապերը, կցանի կորեկ, աշնանը կիջնի ձորերը, կհավաքի միրգ ու ցախ, ձմեռը կլսի հին զրույցներ՝ Ձենով Օհանի, Մսրա Մելիքի և Թլոր Մանուկի մասին»։ Այդ ոգեղենության ֆիզիկական զգացողությունը ապրելու ու դրանք այլևս երբեք չկորցնելու համար է Ն. Գրիգորյանը վերադառնում Էրգիր, մեր և էրգրացիների հետ խոսում Էրգրի լեզվով։
Ի՞նչ է բարբառը… տվյալ տարածքի ժողովրդի խոսակցական լեզուն… կասեք։ Ի՜նչ տափակ, խղճուկ ու սահմանափակ է այս բացատրությունը։ Իրականում այն ավելին է, քան խոսակցական լեզուն։ Բարբառը մարդու ինքնությունն է, նույնականացումը ինքնության հետ, ինքնարտահայտման այն ազատ ու բնական վիճակը, որի հետ ուրիշ ոչ մի բան չի կարող համեմատվել։ Դա անավարտ աղոթք է, աշխարհիկ «Հայր մեր». դա նման է «մամ» բառին, որ ակամայից արտաբերում են մարդու շուրթերը, երբ նա անտանելի ցավ է զգում կամ ուրախություն։ Ահա այդ անտանելի ցավից և ուրախությունից է ծնվել Ն. Գրիգորյանի «Էրգիրը», ծնվել է որպես պատասխան, որպես հայ մարդու տկարացած ոգու առողջացման դեղատոմս, որպես գազպեն, որպես մանանա…
Հեղինակը որոշել է այս անգամ խոսել «սասուներեն», այդպես են ծնվել բանաստեղծությունները, և դա այնքան բնական ու հասկանալի է։ Ժողովածուն նրա անկեղծության ավազանն է, որտեղ նա լողում է անկաշկանդ ու ազատ, ինչպես երեխա։ Սասուներենը… այն մի ամբողջ ժողովրդի հերոսական ասքի լեզուն է, լեզվամտածողությունը, հաղթանակի ու կարոտի երգը, տունը, հայրենիքը՝ բառի բոլոր իմաստներով։ Այն, ինչ տալիս է մարդուն բարբառը, ուրիշ ոչ մի բան չի կարող տալ։ Դա նման է սիրտը լցված մարդու լացին. կա՞ դրանից ավելի թեթևացնող բան. դա նման է որբ մարդու ծիծաղին. կա՞ դրանից ավելի սքանչելի բան։ Եվ վերջապես, բարբառը մարդու ծննդյան վկայականն է, անձնագրի չգրված տողը, որը ավելի շատ բան է ասում մարդու մասին, քան անգամ հայրանունը։ Տարբեր հայրանուններով մարդկանց բարբառը միավորում է այնպես, ինչպես չի միավորում անգամ ազգանունը։
Ն. Գրիգորյանի փոքրածավալ այս գիրքը, սակայն, ունի շքեղ մուտք։ Բանաստեղծն իր ժողովածուն բացող առաջին բանաստեղծությամբ որդիական խոնարհումով ոգեկոչում է համերկրացի մեծ քրմապետին, ամենառանչպար, ամենահասարակ ու ամենահանճարեղ սասունցուն՝ Խաչիկ Դաշտենցին՝ Արցախի փրկության հույսը կապելով նրա ոգեղեն ներկայության հետ։
Լուրիս, հուրիս ու ախպուրիս,//բադմը Մշո դաշտեն,//ցծու, ըսը՛ Արծախ ո՞ւր իս,//ջամպը ցծող Դաշտենծ։//Պա՛ծ զըմըր աճկեր, զե՛նկի հանը,//մենկլը մըր հետ հաշտ չենկ,//վը՞ր զՄհերի տուռ գըպանը,//պածո՛ւ, Ապո Դաշտենծ։
Չափազանցություն չի լինի, եթե ասենք, որ Ն. Գրիգորյանի ժողովածուի՝ հայրենասիրական թեմայով գրված բանաստեղծությունների մեջ շոշափելիորեն պարզ ու հստակ բաբախում է ժողովրդական դյուցազներգության հերոսական զարկերակը։ Դա ոչ միայն լեզվաոճական առանձնահատկություններից է, այլև այդ դյուցազներգությունը ստեղծող ժողովրդի և հեղինակի աշխարհընկալման հոգեհարազատությունից։ Դյուցազներգական կերպարները, դրվագները հաճախ են ուղեկցում հեղինակին՝ դառնալով բանաստեղծություն, բանաստեղծական տող կամ պատկեր։ «Ձովինար» բանաստեղծությունը ասվածի վառ վկայությունն է։
Միայն հայրենասեր ու կնամեծար սասունցին, որ նաև շատ պատվախնդիր է, պիտի կարողանար այդքան գեղեցիկ հնար գտնել՝ իր սիրելի դստերը՝ Ծովինարին օտար բռնակալին կնության տալով՝ այդքան բանաստեղծորեն պահպանել նրա ազգային ու կանացի անաղարտությունը։ Այդ կնոջ պաշտամունքը սասունցի տղամարդու հայրենասիրության կարևոր բաղադրիչն է։ Սասնա չքնաղ բնության գրկում դեռ կենդանի է Ծովինարի ոգին։ Այնտեղ, ուր «գըշընգշընգան հովեր պարագ» և «թռճնոծ լեզվիծ երկ գըթափի», հայտնվում է Ծովինարի չքնաղ պատկերը.
Վըր ճըրերուն գըշողշըղը//Ձովինարի պատկեր չըկնաղ։
Ծովինարի տաք շնչից ծնունդ առած սասունցիների սերունդները՝ լիքը ու կիսատ բուռ, հավերժ հավատավորն են իրենց հյուսած ասքի ու այդ ասքի Մեծ մոր՝ Ծովինարի։
Էրգու պուռ ճուր Վանա լջիծ.//մեգ լենկըծուգ, մեգ լը՝ գիսադ,//մենկ գյանկ առանկ Քու դակ շընճիծ,//ըզ Քու պատկեր ընդեխ դեսանկ:
Կնոջ պաշտամունքի ձոն է նաև «Հետանոս աստվաձուհիներուն» բանաստեղծությունը։  Այստեղ տեսանելի են ժողովրդական հավատալիքների հետքերը։ Հայոց աստվածուհիները լույսի պես իջել են Նեմրութ սարից. «լուսու բես իճակ Նեմրուտը սարեն,//ու ըշխար ձաղգավ ծըր գանաճ հրեն»:
Նույն ոգով է գրված նաև «Անահիտ» բանաստեղծությունը՝ նվիրված հայոց դիցարանի մայր աստվածուհուն։ Այնպես առատ են հորդում ժողովրդական խոսքին բնորոշ պատկերները, այնքան խտացված է ժողովրդական մտածողության լեզուն, որ թվում է, թե հենց նոր գրի է առնվել Սասնա ասացողներից մեկի մի գողտրիկ վիպերգ։ Մեկը մյուսից ինքնատիպ են հետևյալ բանաստեղծական պատկերները. մազերից ծորացող ու բարակիկ մեջքին իջնող լույսը, Վանա ծովի հետ համեմատվող աչքերը, «շրտունկ՝ ձովու էլման ալիկ», «վիզ՝ մարալի Սասնը սարու» և այլն։ Այս չքնաղ աստվածուհին սասունցի տղայի սիրող սրտին մրմուռ է տալիս և հազար տեսակ ճամփաներով ճախրող աստվածուհու հետևից չի կարող հասնել մոլորված սիրահարը. «գործի ըս քի ու…չհըսը,//կածիր, ծուլվար լուրտ ամբերուն»:
Այս շարքում կարելի է դասել նաև Մեղրագետում լողացող սիրո աստվածուհուն՝ Աստղիկին ձոնված բանաստեղծությունը։
Մեգլը գեղնի՞ էլնիս ճըրեն,//ու քո դեսկեն արև խընդը,//ու քու մարմնի ճերմագ հրեն//դղոծ հոկին մեգեն թընդը («Աստըղիգին»)։
Սասունցիները հայրենասեր են դեռ չծնված, և նրանց հայրենասիրության ասքին թարմ շունչ է տալիս նոր սերնդի ամեն մի սասունցի բանաստեղծ, որ գրիչ է վերցնում ձեռքը և փառաբանում երկնքի հետ խոսող իր բարձրիկ ծննդավայրը։ Սասունցու հայրենասիրության մեջ կորստի ցավ կա, բաց սասունցի լինելու հպարտությունը վեր է անգամ այդ ցավից։ «Ըմ հայրենիկ» բանաստեղծության մեջ հեղինակը տող առ տող հյուսում է իր հայրենիքի գեղեցկության ու կորստի ասքը։ Հայրենիքը հավք է, որ թռավ գնաց օտար երկրով, ծաղիկ է, որ բուրեց որքան ուժ ուներ, բայց հետո պոկեցին այն՝ բանաստեղծին թողնելով «անձաղիգ ու անդուն»։ Հետո հայրենիքը դարձավ չվերջացող հեքիաթ.
Ըմ հայրենիկ դարծավ հեկիատ.//բադմի՜, բադմի՜, չըվերճածավ,//անմահագան ճըրեր ու գատ//հա՛մ վերկ բուժեծ հա՛մ՝ հոկու ցավ։
Աշխարհում ոչ մի տեղ սասունցին չտեսավ իր հայրենիքի նման անուշ տեղ, ոչ մի ուրիշ վայրում չգտավ իրեն, ամեն տեղ թափառեց իրենից հեռու ու հասկացավ, որ իսկական հանգիստը իր հայրենի սարերի խոտերի մեջ է։ Բանաստեղծությունն ավարտվում է անմեկնելի պատկերավորությամբ.
Ըմ հայրենիկ էրգնուծ գախվուգ,//ըդ էրգինկ լը գախվուգ ուռնե,//ա՜րի, երկը՜ խորոդ հըվկուգ՝//ոճ մեգ ըդենց էրգիր չո՛ւնը:
«Ըմ դուն» բանաստեղծությունը հայ մարդու տան պաշտամունքի գեղեցիկ ձոն է, բայց այն նաև բնիկ սասունցի ու բնիկ սասունցու բանաստեղծություն է։ Տաք ու կարմիր քարերի վրա է սասունցին կառուցել իր տունը, «ուր էրգինկ ու հող գը փարվին, ուր լուս գիճնի էրտըկեն ներս»: Խաղաղություն ու լույս է տարածվում այս գողտրիկ բանաստեղծությունից, սեր ու պաշտամունք՝ թփերի ու վարդերի մեջ կորած հայրենի տան հանդեպ։ Բայց սասունցու տան մեջ ամենակարևորը մանկան օրորոցն է, որին միշտ «կըփարվին արև ու լուս ու զօրործ գօրին հերտով»։
Հայրենի բնաշխարհի գետերը, սարերը բանաստեղծի անվերջ ուղեկիցներն են, նրա ցավերի ու երազանքների վկան։ «Հըդ Արակսին» բանաստեղծության մեջ Ն. Գրիգորյանը, ցույց տալով մեր պատմության անփոփոխ ընթացքը, գրում է, որ Ռաֆայել Պատկանյանը դեռ քայլում է Արաքսի ափերով, ու չի փոխվել ոչ մի բան։ Արաքսը կրկին սգավոր է, չկան Մռավն ու Կարսը։ Սակայն հեղինակը հավատում է հաղթանակի օրվան, հուսով է, որ մայր գետի հետ ինքն էլ պիտի «շընգրդա».
Մեգը՛, ուրունկ տըռ գիկան՝//հաղտուգ սըրպու շորերով,//Մադաղիսիծ մինճև Վան//շքերտ գենին փողերով:
Ասենք, որ «Էրգիրը» նախատեսված չէ ընթերցող լայն շրջանների համար։ Հեղինակն ինքն էլ քաջ գիտի՝ բոլորը չէ, որ կհասկանան Սասունի բարբառը։ Բայց նրանց համար, ովքեր կհասկանան ժողովածուի լեզուն, այն կդառնա իսկական մասնատուփ՝ թանկ ու հարազատ։ Սասունի բարբառը հասկացող ընթերցողների համար ժողովածուն հանդիպում է արմատների հետ, նախնիների, մանկության այն լուսավոր աշխարհի հետ, որտեղ հնչել է մեր էպոսածին դյուցազունների լեզուն։ Այդ լեզվով են սասունցիները իրար կանչել մարտի դաշտ, այդ լեզվով է հոտաղը երգել իր սիրո խաղիկը, իսկ ռանչպարը խոսել իրեն բաժին հասած դժվար հողի հետ, այդ լեզվով է սասունցին սիրել իր հողը, նրա կախարդանքով ենթարկել նրան, բարիք ստացել ու երգել։ Սասունցին իր լեզվով է նույնիսկ պարել, նրա պարի մեջ անգամ այնքան շատ կա այդ լեզուն…
Սասունցի բանաստեղծը իսկական սասունցի չէր լինի, եթե իր պապերի սրտի լեզվով գրված գրքում չփառաբաներ նաև պապերի հայտնի ռազմապարը՝ «Յարխուշտան»։ Այդպես մեկ էլ Բակունցն է իր արձակում բանաստեղծորեն փառաբանել լեռնեցի հսկաների պարը։ Ն. Գրիգորյանի բանաստեղծությունը շնչում է հերոսականությամբ, բայց այն ունի լեզվաոճական այլ առանձնահատկություններ էլ։ Բնաձայնությունը, բաղաձայնույթը և առձայնույթը՝ որպես պատկերավորման միջոցներ, մեզ ծանոթ են դեռ Նարեկացուց։ Սակայն Ն. Գրիգորյանի «Յարխուշտը» բանաստեղծության մեջ ասես լսելի են Սասնա բարձր սարերի լանջին հնչող պարային ռիթմերի ձայները, ոտքերի դոփյունը, թմբուկի հարվածը, զենքերի զրնգոցը։ Ամենաուժգինը հնչում է «դղեկի» զարկի կոչը՝ «զըրգ»՝ զարկի՛ր։ Ազգային պարի լեզվով բանաստեղծը մի վերջին զարկի կոչ է անում, բայց այնպիսի զարկի, որ իսկապես լինի վերջինը.
Զըրգը՛, զըրգը՛, էլի զըրգը՛,//օր հըվըկվին զըրգող դղեկ,//չըխնայի՛կ, ըզլեշեր փռե՛կ.//զըրգը՛, զըրգը՛, էլի զըրգը՛:
Դավթի զարմից սերված սասունցի տղաներին քաջության ու սխրանքի տանող բանաստեղծը հիշեցնում է, որ նրանց «թիգունկին զույկ Էրգիր գը», և նրանց կռիվը ավելի ուժգին ու աննահանջ պիտի լինի։ Վերջին զարկից առաջ նրանք պիտի համախմբվեն ու մեկտեղվեն մարմնով, կամքով, հոգով, ուս ուսի զարկեն ու մեկը մեկից զորություն առնի։ Մի վերջին անգամ.
Օր ողպ ըսին ըն բոզ կիլեր,//շիվրի լուսնագ ուր էրգընկով,//դը թապ առե՛կ, չոկե՛կ, էլե՛կ,//զըրգե՛կ հերտով, զըրգե՛կ խըմպով։
«Էրգրի» բոլոր էջերը ներծծված են Սասնա չքնաղ բնության պաշտամունքի շնչով։ Սասնա բնաշխարհը, որ և՛ ներշնչանքի աղբյուր է, և՛ կարոտ, սասունցի լինելու անբաժան մասն է։ Այդ բնությունից, հողից ու ջրից են զորություն առել Սասնա սերունդները։ Բնության թեմայի մեջ առանձնակի ուժով է հորդում «սասուներենը»՝ այն լեզուն, որը էրգրից բերել են պապերը՝ որպես անկողոպտելի հարստություն, որով կյանքը ընկալել ու զգացել է բանաստեղծը, երբ առաջին անգամ լսել է մայրական օրորը, թոթովել մայրենի լեզվի բառերը։
Ն. Գրիգորյանի՝ Մեղրագետին, Մարաթուկ սարին նվիրված բանաստեղծությունները ամբողջությամբ ու խորքից արտահայտում են այն անանց սերն ու պաշտամունքը, որ տածում է սասունցին իր բնօրրանի հանդեպ։ Մեկ անգամ չէ, որ ժողովրդական բանահյուսության ու բանաստեղծության մեջ գովերգվում են Սասնա բնաշխարհի այդ երկու սրբությունները՝ «ջուրը հիվընդի դեղ» Մեղրագետը և մուրազը կատարող հրաշագործ ու բարձրիկ Մարաթուկը.
Ուր ջուխտ ախճիգ, ջուխտ պըռերով//ճուր գըգըրեն հոդաղներուն,//ուր քըրերով ու խըռերով//էրգնուծ գիջներ ջուխտագ առու:
Թե՛ արևելահայ, թե՛ արևմտահայ բանաստեղծությանը ծանոթ ու հարազատ է սիրո և բնության թեմաների ներդաշնակումը։ Ն. Գրիգորյանի «Էրգիր» ժողովածուում այդ միաձուլումը հասնում է կատարյալ ամբողջության։ Այդ կատարելությանը հասնելու վարպետության առյուծի բաժինը ժողովրդական լեզվինն է։ Այդպես են Սասնա հովիվները երգել իրենց սերը, այդպես է ռանչպարը իր սիրտը բացել սնձի գնացած խորոտ աղջկա առաջ։ Պերճախոս չէ սասունցի տղամարդը սիրո խոստովանության մեջ, այդ պատճառով այն, ինչ ասում է նա, թումանյանական խոսքի սեղմություն, խորություն և խտություն ունի։ Այդ խտությունն էլ իր հերթին սասունցին փորձում է նոսրացնել՝ սերը միաձուլելով բնության գեղեցկության հետ, և այդտեղ է, որ ծնվում են փոքրիկ գլուխգործոցներ։
«Էրգնուծ գիրկը» բանաստեղծության մեջ հնչում է սարերի ազատ գրկում ապրող սիրահար սասունցու հոգու կանչը։ Նրա համար միշտ էլ կա գորշ իրականությունից փախչելու տեղ՝ Սասնա չոլերը, որտեղ՝ «մեգ լը դեսար ինկ լը իկը»: Սիրահար տղան կելնի-կիջնի երկնի ջրով լիքը առվի հետ, քանի որ գիտի «ինկ լը էրգնու ջամպով գիկը»:
Տարվա եղանակներին նվիրված բանաստեղծությունները նույնպես ներծծված են սիրո շնչով, բնության այլաբանությամբ։ Սասունցի տղան աշնան հետ կիսում է իր գաղտնիքը, «գողդու» բան ասում աշնան ականջին. «ըն ախճըգը մազեր գարջ ին,//պայծ ուր հոկին՝ լուսու դուն («Պան մը ըսիմ»)։
«Կարուն» բանաստեղծությունը նույնպես կարծես բուրում է Սասնա սարերի, ձորերի ու անտառների ծաղկանց՝ վարդի, հասմիկի, սավդուկի, երեքնուկի բույրով։ Սասունցի տղան ծաղիկ հավաքելու է կանչում իր սիրածին՝ գաղտնի ցանկությամբ, որ «մոլըրվինկ մըճ ծորերուն», «ու քու հոդեն ձըռիմ լռիվ», և հավքերն էլ երնեկ տան իրենց։
Մեկ այլ բանաստեղծության մեջ սերը ներկայացված է խորհրդապաշտական վառ պատկերներով։ «Կեղի չոլերուն մըճ» սասունցի տղան մի գեղեցիկ տեսիլք է տեսնում, մի «խորոդ» հարս՝ բնական գեղեցկությամբ. «շորեր՝ նըխշուգ, ինկ՝ չըքըսվուգ,//մըներ հուռնիգ հրեղեն («Լուս ցորնի դեղ»):
Սակայն չքանում է տեսիլքը, հարսը ձուլվում է բնությանը, երկնքին՝ տղային մենակ թողնելով «մըջ արդերուն»։
Ժողովրդական բանահյուսության շնչով են ներծծված նաև «Երգու ձուռ», «Քու ջամպան», «Ըխտի կածինկ», «Խաղիգ» բանաստեղծությունները։
Ամփոփելով ասենք, որ «Էրգիր» ժողովածուում բանաստեղծը լսել է ներսից հնչող հոգու կանչը, միակ անխառն ու հավատարիմը, որից պոեզիա է ծնվել։ Դա փրկության պես մի բան է այս խառն ու խրթին ժամանակներում։

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։