Սկիզբը միանշանակ հիշեցնում է Օրհան Փամուկին` ձյունը, որ անընդհատ գալիս է Կարսում, ձյունը, որ ոչ մի դեպքում չի դադարում հերոսի` Կայի ճակատագրում, Էլիֆ Շաֆաքի վեպում նույն կերպ գալիս է, բայց իբրև անձրև: Փամուկի հերոսը ոտքից գլուխ անշարժություն է, Շաֆաքի հերոսը ոտքից գլուխ շարժում է, նույնիսկ երբ անշարժ է: Սերունդների տարբերությունը բերում է ընկալման տարբերություն: Ընկալման բոլոր տարբերությունները հետագայում հաստատելու են ընկալման նույնությունը: Օրհան Փամուկի «Ձյունը» և Էլիֆ Շաֆաքի «Ստամբուլի բիճը» նույն պատմությունն են պատմում` ժամանակակից Թուրքիայի և թուրքի: Երկուսի մեկնակետն էլ սերն է` ցավի հետ այնքան միախառնված, որ դժվար է տարբերակել: Սառն է Օրհան Փամուկը` կշռադատող, ողջախոհ, համարյա անտարբեր, նա ճամփեզրին կանգնած պատմում է ճանապարհով անցնողների մասին: Էլիֆ Շաֆաքը պայթուցիկ է, աշխարհում ամեն ինչում նրան կարող ես մեղադրել, բայց ոչ անտարբերության մեջ: Նա երբևէ ճամփեզրին չի կարող լինել, նա ճանապարհ է: Եթե Փամուկը գերադասում է «պայթեցնել» ընթերցողին, Շաֆաքը «պայթում է» ինքը: Արդյունքը նույնն է` ընթերցանությունն ավարտվում է, գիրքը շարունակվում է, վեպն ավարտված է, ընթերցողը շարունակում է պատմությունը: Փամուկի վեպում հայը բացակա հերոս է, բայց հերոս է ավելի, քան նրա բոլոր ներկա ու գործող հերոսները: Նա գրում է հայերի բացակայության մասին այնքան պարզ ու այնքան արտահայտիչ, որ բացակա հայերը գործող անձ են դառնում ներկա թուրքերի կյանքում: Շաֆաքը «ուղղում է» այդ «սխալը». նրա վեպում հայերը գործող անձ են: Էլիֆ Շաֆաքը իր սերնդի վեպն է գրել` նոր սերնդի մտածողության ու նոր սերնդի գործողության, սերունդ, որ չէր լինի, եթե չգար Օրհան Փամուկի «Ձյունը»:
Սքանչելի պատմություն է պատմում Էլիֆ Շաֆաքը` զուգահեռելով թուրք ու հայ ընտանիքների ապրած հարյուր և ավելի տարիները: Նրա հերոսները անկանխատեսելի են` ոչ մի նախորդ դրվագից չես կռահի ինչ կանեն նրանք հաջորդ քայլին, բայց գործում է անխախտ տրամաբանություն, այնքան անխախտ, որ առաջին էջից հաստատ գիտես` ինչ են անելու նրանք վերջում: Այս տատերի, պապերի, հայրերի, մայրերի, քույրերի, եղբայրների, ծնված ու չծնված զավակների պատմությունը հրաշալի հանգուցվում է մի հարցում` մարդու ճակատագիրը: Բեկված ճակատագիրը, որովհետև նրանց բոլորի կենսագրության միջով, ինչպես երկրի պատմության միջով, անցել է 1915 թվականը: 1915 թվականը հայերի ու թուրքերի համար` սա է վեպի առանցքում. հայերը 1915-ը ապրում են իբրև ներկա, թուրքերը` անցյալ: Հայերը կոչում են դեպի անցյալ, թուրքերը` ապագա, կողք-կողքի ապրելու պայմանները հակասում են իրար: Այս Թուրքիան մենք չգիտենք, չեմ զարմանա, եթե այս Թուրքիան չիմանան նաև թուրքերը: Կաֆե «Կունդերայի» Թուրքիան, որտեղ աշխարհում ամեն ինչ սկսվում ու ավարտվում է ճանապարհով, ամբողջ աշխարհի տասնյակ ճանապարհներով, որոնք իբրև տարբերակ փռված են սրճարանի այցելուների հայացքի առաջ, բայց նրանք չունեն ընտրության հնարավորություն` ահա կաֆե «Կունդերայի» ալցելուների կյանքի պատմությունը: Օրհան Փամուկի բոլոր հերոսների կյանքի առանցքն անցնում էր թատրոնով` նրանք մի պահ միայն հանում են դիմակները, և այդ պահին վերջանում է նրանց կյանքի ժամանակը: Շաֆաքի հերոսները դիմակ չունեն, նրանք երբեմն միայն ազատվում են իրենց մաշկից: Արմանուշը և Ասյան նույնքան գլխավոր հերոսներ են, որքան Զելիհան, որ ապրում է ապստամբի իր կյանքը միայն առաջին հայացքից իր ցանկացածի նման` Քազընջըների ընտանիքի բոլոր անդամները ապրում են իրենց հատկացված ճակատագրի մասը, որտեղ իրենց անձնական որոշումները ոչինչ չեն նշանակում: Չտրվելով վեպը վերապատմելու գայթակղությանը, որը որքան անհնար, նույնքան հրաշալի է, ընդամենը մի քանի դրվագ. Քազընջըների չորս քույրերը և միայն մեկ եղբայր Մուստաֆան կրում են երկրի պատմությունը իր ողջ բազմազանությամբ` նրանք նման չեն իրար, բայց նման են իրենց սենդակիցներին: Նրանց միջոցով է ընթերցողի տուն մտնում պատմությունը` բերելով Ստամբուլի ամբողջ հմայքը: Թուրքերը ապրում են Կոստանդնուպոլսում, որ վերանվանել են Ստամբուլ, բայց դեռ չեն հաշտվել իրենց եկվոր լինելու հետ: Թուրքերը հաշտ չեն հայերի, հույների, հրեաների հետ, բայց նրանք նախևառաջ հաշտ չեն իրենք իրենց հետ: Նրանք որոնում են իրենց ու իրենց պատմությունը, որովհետև այն ամենը, ինչ նրանց պատմվում է պաշտոնապես, հիմնավորապես հերքում են նրանց քաղաքները, տները, հիշողությունները: Ստամբուլը հավերժական հիշողություն է ուրիշի հայրենիքի մասին, հարազատ` արվարձաններից մինչև կենտրոն, ծովով ու երկնքով, անձրևով ու սալահատակով, խիստ անձնական բույրերով, բայց խիստ օտարոտի գաղտնիքներով: ԱՄՆ-ից Ստամբուլ եկած Արմանուշը չի գտնում պապենական տունը, որի տեղում արդեն ինչ-որ մեծ ու անհասկանալի շենք է կառուցված, և ոչ ոք չի հիշում, թե առաջներում ինչ է եղել, բայց այդ հիշողությունը մայրցամաքից մայրցամաք բերելու ուժ ունի, այդ հիշողությունն ապրում է, այդ հիշողության մեջ են ոչ միայն նրանք, ովքեր ապրել են այդ տանը, այլև որոնում ու չեն գտնում: Բանուն եղբորը աշուրեի գավաթով թույն է տալիս, միակ եղբորը` Քազընջըների տոհմի միակ տղամարդուն, որ այդպես էլ վախեցավ զավակ ունենալ` մեղքի և դատապարտվածության զգացումը թույլ չտվեց տոհմը շարունակել, և նա 40-ամյակի նախօրեին ձախ ձեռքով վերցնում է գավաթը` հիանալի իմանալով, որ այլևս ոչինչ չի անելու կյանքում: Սպանությու՞ն, թե՞ ինքնասպանություն: Մեղքի հատուցում` եթե հանցանք-պատիժ հարթության մեջ ես հարցը տեսնում, և, ուրեմն, ոչ մի մեղք, երբ էլ գործված լինի, չի կարող մնալ անպատիժ: Հանգուցված ճակատագրերի այս վեպում ոչինչ պատահական չէ, ո՛չ մի խոսք, ո՛չ մի արարք, ո՛չ մի պատմություն. ամեն ինչ հրաշալիորեն համակցված հանգում է միակ հնարավոր ելքին: Շուշան տատի և Մուստաֆայի համարյա համաժամանակյա մահը փակում է 1915-ից սկսված հանցանքի պատմությունը, և սուտակը նռան մեջ` վերադառնում է տիրոջը: Առաջին հայացքից վեպի հերոսը Զելիհան է` նա է անձրևի միջով այնքան հանդուգն սկսում վեպը, որ ուզում ես կարդալ, կարդալ, կարդալ` իմանալու, էլ ի՞նչ կանի, ինչո՞ւ է այդքան կատաղած, ինչպե՞ս է պահելու իրեն որոգայթներում, որ ինքը չի լարել: Հետո գլխավոր հերոս է Բանուն` որդեկորույս մայր, որ հեռանում է տնից ու ամուսնուց, զբաղվում է ամեն ինչով ու 40-օրյա ինքնաորոնումից հետո դառնում գուշակ` աջ ու ահյակ գտնելով իր բարի ու չար ջիներին` Շեքերշերբեթ հանըմին ու Աղուլու բեյին, որ նրան պատմում են անցյալի ու ապագայի իրադարձությունները: Նույնքան գլխավոր հերոս են Ջևրիյեն ու Ֆերիդան. նրանց կյանքը բնավ պարզունակ պատմություն չէ, կոչված լցնելու վեպի հենքը` գլխավոր հերոսներին գործողության տարածք տալով: Իրապես գլխավոր հերոս է Ասյան, որ չգիտի իր անցյալը և չի որոնում, բայց հանդիպում է հորը` վախճանված քեռու տեսքով, որ ապրում է կաֆե «Կունդերայից» նահապետական թուրք ընտանիք հարթության մեջ ու գժանոց է համարում իր տունը, բայց գժի պես սիրում է տնեցիներին: Հայկական պատումը վեպ է գալիս ամերիկաբնակ Չաքմաքչյանների ու Իստանբուլյանների ընտանիքներով, ամերիկուհի Ռոզի հետ ամուսնացած Բարսամը ամուսնալուծվում է, որովհետև ավանդական հայկական ընտանիքում ամերիկուհին իրեն չի գտնում, Բարսամն այլևս չի ամուսնանում, և նրա միակ դուստր Արմանուշը երկուստեք միակ հույսն է` շարունակություն ունենալու: Շուշան տատի տխուր-ուրախ պատմությունը բացում է իրադարձությունների մեկնության հայկական կողմը: Հետո՝ վեպի վերջում, Բանուի Աղուլու բեյը կհավաքի պատկերի վերջին խճանկարները, որ հասկանալի դառնա, թե ինչու Լևենտ Քազընջըն մնաց անմայր ու մեծացավ անսեր, ինչու հայերի ու թուրքերի միջև անցնում է անտեսանելի պատ, որը ոչ մի կողմը չի ուզում քանդել: Չի ուզում ու պատրաստ չէ: Հայերը` անցյալը ներելուն, թուրքերը` անցյալը ընդունելուն: Եվ, այնուամենայնիվ, վեպում հակադրություն չկա, որևէ ճշմարտություն ո՛չ հաստատվում է, ո՛չ հերքվում: Էլիֆ Շաֆաքը որոնում է հենց այդ ճշմարտությունը: Նա գիտի ավելին, քան ճշմարտությունն է, որովհետև ճշմարտությունն ընդամենը օգնում կամ խանգարում է ապրել, իսկ նա պատմում է անհրաժեշտության մասին: Մարդկանց մասին, որ միմյանց անհրաժեշտությունն են եղել ու դառնում են, իսկ երբ իրենց անհրաժեշտ չեն զգում, հեռանում են: Հեռանում են` ինչպես Քազընջըների տոհմի տղամարդիկ 40-ը բոլորելով, որովհետև նրանց տանում է անհայտությունը: Իհարկե, վեպը Հայոց ցեղասպանության մասին չէ: Վեպը այսօրվա Ստամբուլի մասին է, բոլոր այն հարցերի, որոնց իր կյանքում պիտի պատասխանի այսօր ապրող թուրք մարդը: Ու հենց այդքանով վեպը Հայոց ցեղասպանության մասին է, որովհետև ազգայնական թե աշխարհիկ պետության ճանապարհով կգնա երկիրը, խաղաղություն թե պատերազմ կհայտարարի ինքն իրեն, ինչով ու ինչպես կապրի, միայն իր խնդիրը չէ: Սա վեպ է իրավունքի ու պարտականության իրարահաջորդումի մասին: Իրավունք, որ պարտականություններ է բերում: Պարտականություն, որ իրավունք է պահանջում: Ու այդ հարթության մեջ հայեր-թուրքեր, հայրեր-որդիներ բաժանում չկա: Այդ հարթության մեջ ժամանակը չի բաժանվում անցյալ-ներկա-ապագայի, որովհետև իրականում ժամանակը միասնական է, այդ մարդիկ են բաժանում, որ հասկանալի դառնա, որ տեղավորվեն հավերժության մեջ: Էլիֆ Շաֆաքը դա գիտի: Ստրասբուրգում 1971 թվականին ծնված թրքուհին իր փորձով գիտի յուրայինների մեջ օտար ու օտարների մեջ յուրային ապրելու գինը: Ասյա Քազընջըն չէ Ստամբուլի բիճը, բիճ լինում են ոչ թե ապօրինածինները, այլ անցյալ չունեցողները: Սա հասկացել են նաև Թուրքիայում, այլապես վեպի հեղինակի դեմ դատական հայցեր չէին հարուցի թուրք ժողովրդի ինքնությունը վիրավորելու մեղադրանքով ու իրենք էլ այդ հայցերը չէին հանի: 301 հոդվածի մեղավորը ո՛չ Օրհան Փամուկը, ո՛չ Էլիֆ Շաֆաքն են, սեփական պատմության հետ հարաբերվելու բովանդակությունն ու ձևը չգտածներն են, որ պատմությանն ու քաղաքականությանը փորձում են տալ իրավական սահմանում, բայց այդ պատասխանը ոչինչ է հիշողության առաջ: Ոչինչ է ճշմարտության առաջ, որ ապրում է այդ հիշողության մեջ: Օրհան Փամուկի գլխավոր հերոսը մեռնում է, որովհետև անցնում է դավաճանության միջով, ու ինքն էլ դավաճանում է, Էլիֆ Շաֆաքի հերոսները ապրում են, որովհետև նրանք ժամանակի մեջ իրենց հարցերին իրենց պատասխանները տալու պատասխանատվություն ունեն` իրավունք ունենալով այդ հարցերը տալ:
Հ.Գ.
Ինչո՞ւ Օրհան Փամուկը, Էլիֆ Շաֆաքը կարող են և կարողանում են անդրադառնալ 1915 թվականի Հայոց ցեղասպանությանը, հայ գրողները` ոչ: Իսկ ի՞նչ են արել Եղիշե Չարենցը, Ակսել Բակունցը, Գուրգեն Մահարին, Ստեփան Ալաջաջյանը, Հրանտ Մաթևոսյանը, Վարդգես Պետրոսյանը, Մուշեղ Գալշոյանը: Ինչի՞ մասին են «Երկիր Նաիրին», «Ծիրանի փողը» ու «Լառ Մարգարը», «Այրվող այգեստանները», «Եղեգները չխոնարհվեցինը», «Մեծամորը», «Կրակե շապիկը», «Բովտունը»: Բայց նրանք մեր անցյալն են, իսկ այսօ՞ր: Թուրք գրողները կարողանում են հաղթահարել մարդասպանի բարդույթը, հայ գրողները չե՞ն կարողանում հաղթահարել սպանվածի բարդույթը: Նրանք համարում են, որ իրենց և անցյալում մեղք գործած թուրքերի մեջ ոչ մի կապ չկա, մենք միասնական ենք տեսնում բոլոր թուրքերի՞ն: Հարցերի հարցը հո՞ղն է, որ նրանք կարծում են իրենցը, մենք համարում ենք մերը: Էլիֆ Շաֆաքը ապացուցում է, որ հիշողության ու ճշմարտության առաջ սահմաններ չկան, որ 1915 թ. հայերի ու թուրքերի հակասությունների պատմությունը չէ, ցեղասպանություն եղել է, և դա մարդկության պատմությունն է ու յուրաքանչյուրին է վերաբերվում, ով իրեն համարում է երկրի բնակիչ, որ չի ուզում բիճ կոչվել: Կաֆե «Կունդերայի» անվան բացատրության որոնումները իրենց տեղի ու դերի որոնումներն են՝ սեփական պատասխանը որտեղի՞ց ենք եկել, ո՞վ ենք ու ո՞ւր ենք գնում ընդհանրական հարցերի, որոնց պատասխանը ամեն ոք ինքն իր համար պիտի գտնի, ամեն պետություն` իր պատմության ու գոյության: