Նաթելլա Լալաբեկյանի պատմվածքների և բանաստեղծությունների «Ոչ պատահական հանդիպում» ժողովածուն շարունակում է իր նախորդ չորս գրքերի որոնումները:
Հեղինակը ժամանակի և տարիների հսկա օվկիանոսում փորձում է իմաստավորել և «փրկել» յուրօրինակ վերապրված վերհուշի շնորհիվ երկիրը, մարդկանց, իրադարձությունները: Նոր տեսանկյունով է նայում ապրող էակների արարքներին ու հարաբերություններին: Չի վախենում նրանց նայել տարիների խորքից, որովհետև իր արձակը ունի զարմանալի ուժ և հատկություն. այն զգում և վերհիշում է մարդու ապրումների և կատարվածի պահը ամենայն մանրամասնությամբ և հոգեբանական ապրումի խորությամբ: Հենց դրա շնորհիվ է, որ տասնյակ տարիներ առաջ գործող դեպքերն ու մարդիկ, հարազատներն ու մտերիմները հայտնվում են գրքի մեջ ասես մի վայրկյան առաջ գործող էակներ, որոնց կյանքն ու ժամանակը ոչ թե անցյալում է, այլ հառնում է մեր աչքի առաջ որպես հենց նոր խաղարկվող դրամա: Մենք դառնում ենք նրանց ժամանակակիցները, նրանք` մերը:
«Ժամանակը» պատմվածք-էսսեն մտորում է «Ժամանակ» ֆենոմենի բազմաշերտության և խորհրդավոր սուբստանցիայի` էության շուրջ: Այդ պատմվածքը ուղղություն է տալիս, ուղղորդում է գրքի մյուս գործերին` ժամանակը և մարդը, ժամանակն ու ընտանիքը, ժամանակը և երկիրը, ժամանակն ու պատմությունը, ժամանակը և Աստված:
Հեղինակը գրում է. «Անկախ նրանից, թե ինչպես է շարժվում ժամանակը` դանդաղ թե արագ, առանձին վերցրած յուրաքանչյուր մարդու ժամանակը, ցավոք, շատ քիչ է, բայց, մարդկանց ժամանակի հետ մեկտեղ, որոնց կյանքի հետ մենք ուղղակի կամ մասամբ առնչվում ենք, այն դառնում է ավելի ու ավելի` ներհոսելով Ժամանակի Չտրոհվող Հավերժական միասնական հոսքի մեջ` մեր ներկայում»:
Գրողի արձակում մարդկային կենսափորձի ճշմարիտ իրականությունը վերակառուցվում է ոչ թե «մերկապարանոց» դեպքերի ու տեսարանների ոլորտում, այլ մարդու ստեղծագործ ինտելեկտի կարևորագույն գործիք հանդիսացող մի այլ ոլորտում` հիշողությունում: Այստեղից էլ ծնվում է զգայությունների ու տրամադրությունների ողջ բարդ ցանցը` այն «բռնելու» և վերպատկերելու միտումը:
Ն. Լալաբեկյանի գրական լեզուն սեղմ է և դիպուկ: Հատկապես լավ են ստացվում հարազատների և արվեստագետների դիմանկարները: Լավ է զգում նաև քաղաքային վայրերը` ընդհանրապես մարդուն շրջապատող առարկայական աշխարհը նրա հերոսների ներաշխարհի էական մասն է կազմում, որովհետև ազդում է հերոսի յուրօրինակ տեսադաշտի վրա: «Իմ պատշգամբները» պատմվածքում դրսի` «ուրիշների» աշխարհը կարծես միշտ իր ձեռքի տակ է` բնությանն ու մարդկանց «նայող» պատշգամբի» շնորհիվ, որն ասես «օպտիկական միջոց է` մարդկանց և բնության երևույթները մեդիտացիայի և հիշողության շնորհիվ (հիշենք ֆրանսիացի մեծ վիպասանի` Մարսել Պրուստի գրական մեթոդը) երկար զննելու և տեսիլային համակարգում խորիմաստ դիտարկումներ անելու…
Պատմվածքներում միշտ ներկա է հերոսի լիրիկական ձայնը, բայց այն մեծ մասամբ ճյուղավորվում է և ընդգրկում նաև հերոսից ու նրա նեղ միջավայրից դուրս վազող բարդ և երբեմն անմարդկային աշխարհը, աշխարհ, որ լի է բազմաձայնությամբ և արարքների խայտաբղետությամբ: Այդ պատմվածքներում գրողը միշտ մարդուն տալիս է հնարավորություն` վերստեղծել իր անցյալն ու հուշերի մեջ թաթախված ներկան, տարիների բարձունքից տեսնել մարդկային ցեղի զիգզագումներն ու հասունացման ընթացքը, չվախենալ անկումներից և վերելքից: Այդ քաոսի մեջ նա կարողանում է լսել իր Հայրենիքի` Հայաստանի և Արցախի չմարող կանչը, նրա մարդկանց և բնության ու եկեղեցիների կանչն ու իր հինավուրց երկրի անասելի գեղեցկությունը:
«Տերեփուկներ» իմպրեսիոնիստական բնանկարի և ստեղծագործ տրամադրության ու տեսիլքի մասին վարպետորեն գրված մի հատված է մանկության, մոր մասին հուշը, որ խառնվում է նավահանգստային քաղաքի անձրևի և քամու շառաչին, դանդաղ, մեր աչքի առաջ «հասունանում», դառնում նկար և հպանցիկ տրամադրություն:
Պատմվածքների մեծ մասում հեղինակը ինքնակենսագրական թվացող նյութը բարձրացնում` ձևափոխում-հասցնում է լիարժեք գեղարվեստական պատմվածքի մակարդակին, և այնքան աննկատ է դա անում, որ համարյա չի զգացվում այդ ձևափոխման սահմանը:
«Զանգեզուրցի տատիկս» պատմվածքում լեռնցի կինը ձեռք է բերում էպիկական հերոսուհու գծեր` փաստորեն որևէ դժբախտություն և արհավիրք անկարող եղան կոտրել նրա կենսասիրությունն ու մարդկային բարձր բնութագրերը. նա մինչև վերջ տանում է իր ծանր խաչը` մնալով անկոտրում, կենսասեր, իրական, շրջապատված բազմաթիվ թոռներով և հարազատներով:
«Նա Զանգեզուրի իսկական դուստրն էր` բարեկազմ, շիկահեր, կապտաչվի, ցցուն այտոսկրերով և նուրբ, ազնվազարմ դիմագծերով: Նա ասես մարմնացումն էր ղարաբաղյան լեռների մոգական գաղտնիքների, որոնք երբեմն արտաբերում էին նրա շուրթերը միայն իրեն հայտնի հմայանք-աղոթքների լեզվով:
Նրա մասին հիշողություններիցս մեկը, որ հայտնվում է մանկության խորքից` մահճակալիս թեքված նրա դեմքն է (ես պառկած էի բարձր ջերմությամբ), որ շշնջում էր ժողովրդական հմայության անհասկանալի բառեր, նաև` հոտավետ խոտաբույսի թեյը, որը խմեցնում էր ինձ և որից հետո արագ ապաքինվեցի…
Սակայն իմ կյանքի այդ շրջանն ավելի շուտ նրան անջնջելիորեն դրոշմել էր հիշողությանս մեջ որպես իր հասակի բարձունքից քնքշորեն նայող բարի տատիկ, որ շարունակ ինձ հյուրասիրում էր քաղցրավենիքներով` բոված շաքարաքլորով կամ շոկոլադով, որոնք նա հանում էր լայնշի փեշի ծալքերում թաքնված գաղտնի գրպանից»:
Օժտելով տատիկին հինավուրց ազգի` դարերի խորքից մեզ հասած ավանդույթներով` բարձր առաքինությամբ և մարդասիրությամբ (չնայած արհավիրքն ու վիշտը հետապնդում են նրան ամեն մի դաժան պատմական տասնամյակի ընթացքում), Ն.Լալաբեկյանը կարողանում է զարմանալի խորությամբ և ակնածանքով պատկերել, ընդգրկել նուրբ, երբեմն` կոշտ վրձնահարվածներով վեր հանել զանգեզուրցի կնոջ լուսավոր, տոկուն և միաժամանակ բարդ ներաշխարհն ու ապրելու ռիթմերը, յուրօրինակ լույս ու ստվերի շնորհիվ գծել-կերտել նրա իրական դիմանկարը:
Գրքի բանաստեղծությունների թեման մարդու և արարման, մարդու և բարոյական, անտես ուժերի հետ հարաբերության մասին է: «Շիվա» բանաստեղծությունում Հինդուի աստվածությունը` Շիվան, հայտնվել է «թանգարանի չորրորդ հարկում» և շարունակում է «պտտվել պարի մեջ` վեցձեռնանի Շիվան…»:
Հայտնվելով թանգարանում, Շիվայի` աստվածության առաջ, Լալաբեկյանը գրում է.
«Հավասարակշռելով արարման և ավերման իր պարը //Ոտքի մատնածայրերին: //Նրա համար էներգիայի պահպանման օրենքը չեզոք է, // Նա հանգիստ, հաշվի չառնելով մեր ուրախությունն ու վշտերը, // Շարժման մեջ է դնում կյանքի անիվը, // Համաձայն եմ. «Ինչ-որ բանի վերջը միշտ սկիզբն է մի ուրիշի».
Հայտնվում է մի ուրիշ աստվածության խորհրդանիշը` քրիստոնեական հրեշտակը.
«Դահլիճի մեկ այլ անկյունից տխուր նայում է //Բազմագույն, ոսկեզօծ փայտից սարքած քրիստոնեական հրեշտակը,// Նա անտարբեր չէ` ջերմ է, //Եվ ոչ թե բրոնզե Շիվայի պես սառը,//Բայց Շիվա՜, թող լինի ըստ քո ցանկության, // Մանավանդ որ հեշտ չէ մատնածայրերի վրա պարելիս // հավասարակշռել զրոյական շրջանի ուրվագծում պլյուսներն ու // մինուսները կեցության»:
Բանաստեղծը նաև գտնում է, որ մեր ամեն մի արարում նաև պատասխանատվություն է նախ` մեր բոլորի, հետո` բոլորի և Աստծո առաջ: Այդ մասին է «Մենք պատասխանատու ենք…» բանաստեղծությունը:
«Մենք պատասխանատու ենք մեր ստեղծածի, //Երաժշտության, նկարի, բանաստեղծությունների համար: //Շունչ ենք տալիս նրանց, //Եվ նրանք ապրում են սեփական կյանքով, //Բայց հետո վերադառնում են հանց երեխա //Եվ հարցնում. // Ինչո՞ւ ստեղծեցիք մեզ, //Մի՞թե պատահաբար»:
Գրքում յուրաքանչյուր պատմվածք և բանաստեղծություն իր գեղարվեստական տեղանքը գտնելով (հիշենք նորից Մ.Պրուստի Կոմբրեն), լրացնում է հաջորդ պատմվածքի ծնունդը, և կյանքի ու «ոչ պատահական հանդիպումների» կտավը գործվում-միահյուսվում ու հենք է դառնում, զարգանալով բոլոր ուղղություններով, ոչ մի պահ չկանգնելով ու չդադարելով որևէ երկրի սահմանի առաջ, գնում է անարգել մարդկային սրտի իրական սահմանները գտնելու, և այդ ընթացքը մեզ պատմելու` ապրված տեսիլքով նորից ու նորից հուսադրելու մարդու անվերջ վտանգված ճակատագիրը: