Վերջերս լույս տեսավ հայագետ, պատմաբան, կինոգետ, թարգմանիչ, բանասիրական գիտությունների թեկնածու Արծվի Բախչինյանի ‹‹Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում›› պատմությունների ժողովածուն (Արծուի ստորագրությամբ): Ինչպես հասկանալի դարձավ վերը թվարկված երկար (ու թերևս դարձյալ ոչ լրիվ) ցանկից, հեղինակի հետաքրքրությունների շրջանակը շատ լայն է և ընդգրկուն, ընդ որում ամենայն խորությամբ ու իմացությամբ, պրոֆեսիոնալիզմի բացարձակ դրսևորմամբ: Ինչպես գրքի առաջաբանում նշում է Էլդա Գրինը, ‹‹բարեբախտաբար նա չի դասվում այն մարդկանց շարքին, ովքեր հակված են խորանալու միայն մեկ, չափազանց նեղ ոլորտում: Նա զարմացնում է իր քաջատեղյակությամբ…››:
Գրքում տեղ գտած երկու տասնյակից ավելի պատմությունները, ինչպես հեղինակն է անվանում իր փոքրիկ, բայց, կոլորիտային գրվածքները, կարդացվում են իրական հետաքրքրությամբ և սրընթաց թեթևությամբ: Եվ թերևս պատճառներից մեկն էլ այն է, որ ‹‹պատմություններում նկարագրված դեպքերը, անունները և գործողությունները տեղի են ունենում իրական և հավաստի միջավայրում, ուստիև ոչ մի հերոս մտացածին չէ››. իրավիճակները ապրված են, այնքան ծանոթ և հին ու միաժամանակ մերօրյա և արդիական: Այո, նկարագրվածը մեր կյանքն է` առանց չափազանցությունների, անպաճույճ մերկությամբ, լավ ու վատ կողմերով: Հերոսներն էլ մենք ենք, մեզ ծանոթ մարդիկ մեր սովորական իրավիճակներում: Դա իհարկե նոր ոճ էր հեղինակի բազմապրոֆիլ գործունեության մեջ, մտավորական, ում աշխատանքին ծանոթ էի Վարդան Մատթէոսեանի համահեղինակությամբ գրված ‹‹Շամախեցի պարուհին›› (2007 թ.) աշխատությունից: Աշխատությունը Արմեն Օհանյանի կյանքին ու գործին նվիրված ուսումնասիրություն էր, որտեղ հեղինակները հանդես էին գալիս որպես գիտնական-բացահայտողներ` կատարելով հետազոտական խոր և բազմաշերտ վերլուծություններ: Դա հսկայական, հարգանքի և գնահատանքի արժանի աշխատանք էր, քանզի մենք բոլորս գիտենք Այսեդորա Դունկանին, Աննա Պավլովային, իսկ Արմեն-Սոֆիա Օհանյանին (ով չի զիջել իր տաղանդով և համբավով, ով նույնիսկ մեր օրերում զարմացնում է իր արկածային, բուռն կյանքով, իր ազատ և պայմանականություններից զերծ որոշումներով, ով գայթակղել ու հմայել է ոչ միայն մարմնի պլաստիկությամբ, այլև մտքի ճկունությամբ, ով անսահման հայրենասեր էր և միշտ ունեցել է իր քաղաքացիական դիրքորոշումն ու վճռականությունը), նրան` այդ կին-առասպելին, քչերը գիտեին: Եվ շնորհիվ այդ գրքի` ընթերցողը իմացավ նրան: Ու եթե ‹‹Շամախեցի պարուհին›› աշխատության մեջ մենք տեսնում ենք զգայական տպավորություններով չառաջնորդվող գիտնական վերլուծողին, ‹‹Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում›› ժողովածուն ասես բոլորովին այլ Արծվի Բախչինյան է հեղինակել: Երկու գրքերը` անհամեմատելիներն իրար հետ համեմատելուս պատճառն էլ հենց այն էր, որ ցանկանում էի ակնառու ներկայացնել Արծվի Բախչինյան մտավորականի իմացությունների և մտահորիզոնի լայն, երբեմն նաև անսպասելի դրսևորումները, որոնցում թերևս ընդհանուրը մի բան է` շնորհալի ու խորաթափանց մարդու ձեռագիրը… ‹‹Ուզում եմ բարևս տալ և ժպտալ այս գիրքս բացող ամեն մեկին››, գրում է հեղինակը ‹‹Բարևաժպիտ›› վերնագրված նախաբանի մեջ: Ի պատասխան ես էլ առնում եմ Արծուիի բարևն ու ժպտում: Իսկապես ժպտում եմ, քանի որ լույս կա այս գրքում, ջերմություն և սեր, վերամբարձ` ոչինչ, վերևից նայողի խրատաբանություն` բացարձակ: Գեղեցիկ, բազմազան ու լուսավոր պատումներ, որ հրապուրում են իրենց թեթևասահ պարզությամբ, երանգային բազմազանությամբ: Հեղինակը չպարտադրող նրբանկատությամբ գլխի է գցում, որ ինչ-որ ջերմ, կարևոր բան է պակասել մարդկային հարաբերություններում, որ ֆուտբոլի դաշտը պատած ձնծաղիկներին տրորվելու բախտին արժանացնելը տարբերակներից լավագույնը չէր: Նույնիսկ այն դեպքերում, երբ չզայրանալը, չարհամարհելը անհնարին է թվում (օրինակ, կնոջը ծեծող Գրիշին, քաղքենի Լիլիկին կամ Լի՜լիին կամ թաղի ‹‹օրենքները պահող գողական›› տղաներին), ատելություն չէ, որ ծնվում էր ներսումս, այլ` խղճահարություն տգիտության և դրանից բխող բոլոր թշվառությունների հանդեպ: ‹‹Ներիր նրանց, հայր, քանզի չգիտեն, թե ինչ են անում››: Երևույթի այս մեծահոգի ընկալումն է մեզ հրամցնում Արծուին ու նաև լավատես, կառուցողական այն մղումը, որ բուռն ցանկություն է ծնում փոխել, լավացնել, ներել… Ու ես ցանկացա, որ երկիրս բուժվի այդ ախտերից, դառնա առողջ ու լուսավոր, այնպիսին, որ ժպիտով բարևող մարդը չըկալվի որպես շեղում նորմայից: Լայնաժպիտ կյանքը դառնա բնական ապրելաոճ, ինչպես բնական ենք համարում ‹‹հացլետներն›› ու վերմիշելը քրոջը հասցնել շտապող կնոջը. վեհագույն մի քայլ, մարդու մի տեսակ, որի գոյությամբ երկրի վրա արդարացվում է մեր ապրելու իրավունքը: Ահա նաև իր ուրույն ձևով աշխարհի անարդարության դեմ բողոքող, Լոռվա համուհոտով բուրող Սիրամարգ հոքիրը, քանի՜-քանի մարդ կարդալով նրա մասին կժպտա, մտածելով, որ ինչ-որ տեղ էլ կա իրենց հորաքրոջ նմանակը: Ահա տեսնում եմ ազգային թասիբ ունեցող այն պարսկահայ տղաներին, ովքեր իրենց համար դժվար, անչափ դժվար, կռիվ անելուց դժվար, բայց միակ սրտացավ ու խելացի որոշումն են կայացնում, գնել դա, այդ Իրը` հայ բակընկերուհու արժանապատվությունը անաղարտ պահելու համար: Կերպարներ` այնքան ծանոթ ու հայկական, սիրելի ու ջերմ, չհորինված և այս դեպքում նույնպես` չգունազարդված: Տեսա նաև հեղինակի կերպարը`անչար, աննախանձ, լուսավոր, աշխույժ հումորով և ճկուն մտքով, ինչպիսին լինում է իրական մտավորականը…
Այսքանը: Շնորհավորելով ‹‹Ձնծաղիկները ֆուտբոլի դաշտում›› ժողովածուի ծնունդը, հեղինակին մաղթում եմ նոր հաջողողություններ: Տա Աստված, շարունակենք անակնկալի գալ նրա հետաքրքրությունների, պրպտումների նորանոր դրսևորումներով, նրա ձեռքբերումներով, որոնք արդյունքում դառնում են մերը, մեր կյանքի այն պտղունց աղը, որ անհրաժեշտ է նույնիսկ ամենաշքեղ ուտեստին: