ԳՐԻ ԻՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՄԵՋ / Ֆելիքս ՄԵԼՈՅԱՆ

Ֆելիքս ՄԵԼՈՅԱՆ
(23.02.1940 – 15.12.2017)
Գրաքննադատ
ՀԳՄ անդամ 1977 թ.-ից

Ճշմարիտ է ասված, թե գրողներին չեն համադրում ու չեն հակադրում: Ճշմարիտ է նաև, որ և՛ համադրում են, և՛ հակադրում: Եվ ճշմարիտ ճշմարիտ է, որ ընթերցողը համադրում, հակադրում և ըմբոշխնում է, իսկ բանասերը, եթե մեջը չի մեռել ընթերցողը, համադրում, հակադրում, ըմբոշխնում ու խրատում է՝ չի կարելի համադրել և հակադրել: Ինքը ասում է, և մենք էլ՝ դրախտի ճամփան բռնած հոգով աղքատներս, արձագանքում ենք՝ չի կարելի, մի դեպքում չի կարելի գրողների մեջ ջոկողություն դնել, չի կարելի մեկի գիրքը հավանել, իսկ մյուսինը չհավանել, չտպագրել ու շնորհանդես չկազմակերպել: Եվ քանի որ մեր կենաց ծառի արմատները խորհրդային երկրի հողում են, կոլեկտիվ ենք և չորգլուխ անհատներ չենք, միաձայն քաղբյուրո ենք ընտրում, հոտի գլուխը շրջում և մեր կաղ ոչխար արխադաշին ճամփում «համաշխարհային սովնարկոմ»:
Շիրվանզադեն մեծ արձակագիր է, Բակունցը մեծ է, Զորյանը մեծ է, Դեմիրճյանը մեծ է, Համաստեղը մեծ է, Խանզադյանը մեծ է: Այսքան մեծ արձակագիր և դեռ մի երկու-երեք այսքան էլ մեծատաղանդ ու մեծանուն, և մեծ արձակ չունենք… Ստեփան Զորյան որ ասում եք, խոսքը, հասկանալի է, գեղարվեստական արձակի մասին է, իսկ որ մեծ արձակագիր Ստեփան Զորյան ենք ասում, դարձյա՞լ գրականությունից ենք խոսում, թե՞ այլևս գինու թասը բարձրացրել՝ մեր թամադայությանն ենք: Հանճարեղ ասվածը Հովհաննես Թումանյանի ու Եղիշե Չարենցի դեպքում գրական հայտնություն բնութագրելուց առաջ և մանավանդ հետո ժամանակների մեջ մշտահոլով վաստակի, հոգևոր անկորուստ արժեքի գնահատություն է, իսկ Պարույր Սևակի՞ դեպքում: Սևակն իր տեղում ավելի արժեքավոր չէ՞, քան Թումանյանի ու Չարենցի կողքին: Ինքը՝ մեր գործի գիտունը, այսօրվա բանաստեղծների ամբողջ ցուցակը խրոխտ հնչեցնում ու ջանում է մեզ համոզել, թե ժամանակակից հայ պոեզիան համաշխարհային մակարդակի է: Մենք, իհարկե, անմիջապես չենք համոզվում, կաղ ոչխար արխադաշին հիշում, մի քիչ տատամսում ենք, այսինքն թե՝ մենք ինքներս մեր «նեյնիմ» ասող Համո Սահյանին ենք ուզում, իր ասած այդ մակարդակը չենք ուզում, բայց դե մեջներս խորթություն չի ընկնում, բարիշ մնալու կայուն երաշխիք ունենք՝ ոչ ինքը գիտի, թե ինչ բան է այդ համաշխարհային մակարդակ կոչվածը, ոչ՝ մենք:
Գրականությունը ֆիզիկա է, քիմիա է, կենսաբանություն է, որ պատճառաբանենք ասենք, թե որովհետև ռուսներն ու ամերիկացիները մեծ ժողովուրդ են, նրանց մեծը մեծ է. իսկ մեր մեծը փոքր է, որովհետև մենք փոքր ժողովուրդ ենք: Իսկ ընթերցողի՞ն ինչ ասենք, ընթերցողը կընդունի՞ մեր այս «գիտական» չափանիշը, կկարողանա՞նք համոզել, որ ոչ թե Տոլստոյ ու Դոստոևսկի կարդա, այլ Շիրվանզադե ու Նար-Դոս, ոչ թե Ֆոլքների գիրքն առնի ձեռքը, այլ՝ Խանզադյանի: Սա ինչ արժեքների համակարգ է, որ կիրառելի չէ որևէ գրողի նկատմամբ և շրջանցում է գրականությունն ընդհանրապես: Սա մտքի ծուլություն չէ, անպատկառ վերաբերմունք չէ առ գրականություն ու առ ժողովուրդ, ցինիզմ չէ՞, որ խորշակի նման այրում, մոխրացնում է հունդ ու ծիլ և ամայություն սփռում շուրջբոլորը: Եթե շփերթ գնահատականներ տալուց առաջ հիշեինք «Խոնարհ աղջկա» լերդացած ցավը Բակունցի մեջ, նրա գավառական շողշողուն Կյորեսը, արքայական ոճի ծփանքը Դեմիրճյանի «Վարդանանքում», Զորյանի անշպար պատումների խաղաղ այրումը,- եթե չանտեսեինք գրողի նրանց պատվախնդրությունը, նրանց գորովը, նրանց գութը, նրանց տագնապը հայ մարդու ճակատագրի նկատմամբ և, ի վերջո, նրանց ազնվությունը կենսական նյութին, երևի թե մենք էլ ազնիվ գտնվեինք, թոթափեինք գավառամտությունը և մեծերի այդ շարուկը շլնքներիցս կախ ամբիոն չբարձրանայինք:
Իհարկե, այս ամենը ասելու ոչ տեղն է ճիշտ ընտրված, ոչ ժամանակը, բայց այսօր և այստեղ մեզ Հրանտ Մաթևոսյանն է հավաքել, և ինտրիգի հրահրողն էլ ինքն է: Մենք մեր խոսքի ածուն ասպատակությունից զերծ պահելու հոգսին էինք, ինքը հաղթած եկավ. գնացել հող ու հողվոր էր նվաճել՝ փոխեց մեր արձակի աշխարհագրությունն ու պատմությունը: Իրենից առաջ Հայաստանի քարտեզի վրա չկար Ծմակուտը, որ այդքան երևելի անուններ պահ տվեց պատմությանը, մեր մայրենին այդպես տիրուհու իրավունքներ չէր բանեցրել Նոյյան տուն մեր օջախում և օտարներին չէր համոզել, որ այս մեղավոր երկնքի տակ ամեն մի դարդուցավ հայերենով պիտի պատմվի: Իրենից առաջ ազգուտակ բոլորիս շուրթերին չէր մեր ինքնության, մնր արժանապատվության, մեր աշխարհատեսության այդ խենթավուն բանաձևը՝ «Մենք ենք, մեր սարերը», որ ասես դարեր առաջ մոռացել ու հանկարծ մտաբերել էինք: Իրենից առաջ մեր մեջ չէին անտառամեջցի հովիվները, Անդրոն, Աղունը, Ռոստոմը, Ալխո բեռնաձին ու Սիրուշ գոմեշը, որ աչք բացեցին գրի իրականության մեջ ու դեռևս թանաքոտ, վրաների թանաքը չչորացած՝ եկան, խառնվեցին ապրողներիս: Եվ քանզի մեր լեզվով կանչվածներն են, և հարակա է նրանց մասնակցությունը մեր երթին, ուրեմն՝ օտար ափեր մեզնից առաջ այդ մաճկալներն են ժամանելու, այլևս օտարներին ներկայանալու ենք նրանց պատկերով ու նմանողությամբ. «Ալխո բեռնաձին ձե՞ր ձին է: – Մերն է, մենք նրա զարմից ենք»:
Այլևս մենք Հրանտ Մաթևոսյանի զարմից ենք: Մեծ գրող Հրանտ Մաթևոսյանի:

«Նարցիս», 2006 թ., N2

ՕՐՀՆԵՐԳԻ ԾԱԳՈՒՄՆ ՈՒ ԼԻՆԵԼՈՒԹՅՈՒՆԸ

Տաղանդն ու խելքը հոմանիշնե՞ր են: Երևի թե: Խիղճն էլ է տաղանդ, բարությունն էլ է տաղանդ, նվիրումն էլ, սևեռումն էլ, որձի մեջ փափուկ իգությունն էլ, ավերի ելած էգի բռի որձությունն էլ: Մի գնա, ասում են, դու էլ գիտես՝ չլինելու բան է, որտեղի՞ց, իսկ սա էշին կրնկով նշան է անում՝ չո՛շ, ու ճամփա ընկնում: Եվ… Այս կոտոշն էլ է տաղանդավոր:
Տրակտորի հարևանությամբ, տրակտորի հռնդյունի մեջ սեր կապող տղա-յար և աղջիկ-յար, «համայնական դաշտերի վրայով» ճամփա ընկած կոմունիզմ (մատնացույց էր արվում), սերը հանուն (Ջան Ըստալին, ջան Ըստալին), ատելությունը՝ ընդդեմ (տրոցկիստ, նացիոնալիստ) – սա էր մեկնարկի հողը, ու ինքն էլ սկսնակ էր, բայց վարանեց ոտնափոխը այս հողին իջեցնել: Թե՞ իջեցրեց ու հետո իջեցնելուց հետո վարանեց՝ թող որ, այսպես թե այնպես ելավ մայրուղուց, էշի գլուխը շրջեց ու գնաց ապրելու սահյանական աշխարհում:
Որ ժամանակ ենք ասում ու չենք ասում մարդու ժամանակ, չի նշանակում, թե մարդուց տարիքով է ու մարդուց երկարակյաց: Ո՞ւր է՝ մարդուց առաջ իրեն տեսնող, իր գոյությունը վկայող չկա, ու թե մարդու արևը խավարեց՝ ինքն էլ գլուխը ցած կդնի: Ասել է թե՝ ժամանակի բովանդակությունը մարդն է, ասել է թե… Բայց Սահյան մարդը մեռավ, իսկ սահյանական պոեզիայի ժամանակն ահա ապրում է: Մուխը չի մարում՝ ինչո՞ւ: Չի չգոյանում, որովհետև գոյություն չի՞ ունեցել, չի՞ ապրվել մարդկանցով, որպես երազա՞նք է ապրվել:
Եթե ասես Սահյանի պոեզիան հովվերգություն է, առարկելը դժվար կլինի: Այսօրվա անբանը, այսօրվա զոռբան, այսօրվա գողուբոզը երեկ գյուղացի էին – գյուղը սրբատեղի չէր, ու հողվորի ոտքերը ամպոտ չէին: Է՜, հազար տարվա, հազար վկայությամբ բացահայտված ճշմարտություն է՝ մարդիկ գլուխ-զլխի հավաքվեցին, բրիգադ կապեցին, գյուղ ու քաղաք գոյացրին – խարդավանքի ու քսության, ավերի ու հոշոտումի լաբիրինթոս կսարքեն, սարդոստայն կհյուսեն ու կխճճվեն մեջը: Իսկ թե պարզվեց նաև, որ այդ ամբարիշտները հայեր են, սարդոստայնի նախշը, կարող ես չկասկածել, անզուգական կլինի: Այնպես որ՝ եթե գրիդ մեջ կողք-կողքի խաղաղ բանում են ու ծառ չեն հատում, ջուր չեն թունավորում ու շնչավոր չեն բնաջնջում՝ սուտ է, ուրեմն, մոգոնված է, աներասան երազանք է: Ուրեմն հովվերգություն է:
Բայց հովվերգություն չէ, Սահյանի պոեզիան իդիլիա չի մանում: Այն իրականությունը, ուր մարդը բաժան չէր բնությունից, աշխատանքը առընթեր չէր կյանքին, ուր աշխատանքի բարոյականությունը տիրական էր և աշխատավոր ծնում էր, գոյություն ունեցել է:
Իր պատմածն է. յոթ տարեկան իրեն հայրը ուղարկում էր կովը բերելու: Դիմացի սարալանջին էր արոտ անում անասունը, աղջամուղջով պիտի գնար, մթնով ձորը անցկացներ բերեր: Սահակ դային հանձնարարականը տալիս «վախես ոչ» չէր ասում, մտքով չէր անցնում, թե աչքը չարք կտեսնի՝ կվախենա, թե ինքնապավեն տավարածը նրա մեջ նոր-նոր է աչք բացում իր տիրույթների վրա: «Խոխեն» այլևս աշխատավոր էր, բնատուր իր գործին էր, Աստված հետը դրել էր – ահա Սիսիանի Լոր աշխարհը, տափատեր ես թե մշակ՝ արորադրության հողդ սա է:
Գերդաստանի անելիքն էլ էր սահմանագծված, բայց Սահակ դայու «քյուլփաթը» օրգանիզմ էր ու կոլեկտիվ չէր: Պապ ու թոռ բանում էին՝ կոլեկտիվ տնտեսություն էր, ջանք ջանքի գումարվում, բարեկեցություն թե գոյատևություն ապահովում էր, բայց սա մենատնտեսների կոլեկտիվ էր: Քո փայ տքնանքը ջոկ՝ դու ես դրան տեր կարգված, նրանը՝ ջոկ: Սահյանի Պապը բանաստեղծական իրականության մեջ տափատեր է, մշակ թե տափատեր մշակ՝ լուսարձակը նրան միայնակ է կորզում անցյալից, իր խառնվածքը, իր վարքը, իր պատկերը իր արածից է արտածվում: «Բուսնում-աճում» է իրենից, իր տքնանքի մեջ մեկուսի-միայնակ է: Եվ երբ գալիս է օրը, պիտի «պառկի ու խառնվի հողին», դարձյալ միայնակ է՝ կողքին հուղարկավոր չկա:
Խորհրդանի՞շ է: Խորհրդանշում է, իհարկե: Միայն թե այդ խորհրդանիշը դեռ երեկ մարմնավոր ապրում էր, խորհրդանիշ չէր, և Սահյանի գիրը վկայություն է, հովվերգություն չէ: Վանքը՝ աղոթող հավատավորով, կանգուն էր, աշունը օրոր էր ասում անտառին, ծիծառը ծիածան էր կտցահարում, թոնիրը համատարած – ի տես կար, ուսուցչուհին էքսկուրսիա չէր կազմակերպում թոնրատուն, իսկ թոնրատունն էլ աշակերտական տետրում գծիկով տրոհված բարդ բառ չէր, ծխում էր, ու լավաշի թանձր բույրը մշուշում էր գյուղի երկինքը: Եթե քեզ արտոնես բանաստեղծության միջից հանել պոեզիան ու ասես, թե Սահյանի «Վարք մեծացը» տարեգրություն է ու ինքն էլ՝ տարեգիր, եթե պեդես, թե Պապը այս հողի Ադամն է, ջրերի գերությունից ազատված ու այս հողին ոտք դրած առաջին մշակը՝ ավելի շաղվածի տպավորություն չես թողնի, քան եթե հովվերգություն ու հովվերգու ես ասում:
Սահյանը գյուղագի՞ր է, բնության երգի՞չ է, Չարենցից հետո ժամանակավրե՞պ է: Իսկ Թումանյանից հետո Չարենցը ժամանակավրեպ չէ՞: Իսկ Թումանյանն ինքը ժամանակավրեպ չէ՞. շարունակում է ո՞ւմ, եթե տեղից շարժես՝ երկինքներից վա՞ր կիջնի: Բոլոր մեծերն են ժամանակավրեպ: Կամ յոթ ամսական են, կամ՝ օրավել, իսկ եթե օր օրի ճիշտ ժամանակի ծնունդ են՝ կամ ետ են փախչում, կամ փախս են ընկնում առաջ: Որ չմաշվեն-չհատնեն ներկայի մեջ: Որ ժամանակի ատենաբանության հրե լեզուն չայրի թռիչքի պատրաստ բանաստեղծի իրենց թևերը, որ ծանր կշռաքարի պես փեշից չկախվի ու չթաղի ժամանակի թոհուբոհի մեջ: Գյուղագիր է, թող որ գյուղագիր է, միայն թե գյուղագրությունը գեղարվեստական որակի ցուցի՞չ է, թեմա է ու ասելիք չէ՞, դրսի հայացք չէ՞, վերաիմաստավորում չէ՞ հարյուրամյակներով կենսակերպի ու կուլտուրայի ավանդույթ ձևավորած գյուղի ու գյուղականի: Նաև բնության երգիչ է, բնության երգիչ էլ է, եթե խոսքիդ տակ գյուղական մեյդանում ի ծնե կույր աշուղը բնության գույն-գույն գեղեցկության գովքը չի անում: Սահյանը իմաստասեր է, և բնապատկերը նրա իմաստասիրական կառույցում հիմնաքար է: Սահյանի սիմվոլը մեր քաղաքակրթության հողից չի հառնում, նրա դաղձը մեր ջրանցքի ափին ծաղիկ չի տալիս, մեր զբոսայգին շիրմաքար է նրա անտառի աճյունին: Կեչին, քարափը, պախրան, ադամորդին սահմանադիր բնության նույն հոլովույթի մեջ են, և դրանց երկունքը, նիրհը, արթնացումը, խայտանքը, դրանց փոխկանչը բնությունից կտրվելու վտանգի սրսուռ գրգիռ ու անմիջական արձագանք է:
Սահյանի բանաստեղծությունը վերհուշ է, կարոտ է հունցում, և ինքնաբավ այդ երգի մեջ Հայոց ծագումի ու լինելության առասպելը ցամաք ակունք չէ: Սահյանը շարժումը դադարեցնում, ետ է շրջում հայացքը, անցյալ է որոճում ու կանաչ-կարմիր հավատի կորստյան տագնապ հնչեցնում: Ընթերցողը նրան այդ դիրքում է տեսել, և սահյանական ողջ պոեզիան այդ սևեռուն միջոցի ծնունդ է: Միայն թե ավերակ զանգատունը դատապարտվածություն չի գուժում, ազգայինի ակունքներից գալիքի տեսլականն է ծնվում, և աղոթք-սաղմոսներում այլևս Հայոց երթը դեպի ապագա Պապն է գլխավորում, երթի առջևում Պապի թիկունքն է փողփողում՝ երանելի-նախշուն օրերի մեջ հայ մարդը Սահյանին Պապի կերպարանքով է ներկայանում: Գրողներն իրար չեն շարունակում, գրողները սկսում են: Չարենցը չշարունակեց Թումանյանին, Սահյանը չշարունակեց Չարենցին: Չարենցի գրի առարկան Չարենցն է, Չարենցի գրի շարունակությունն էլ Չարենցն է: Մեծերից հետո, ճիշտ է, գրելը չի արգելվում, բայց պարապ գոյանում է: Մեզանում այդ պարապը, թվում է, Սահյանով է լցվում: Թե արդեն լցվել է…

«Գրական թերթ», 23 ապրիլի 2004 թ.

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։