ՀՈՎՀԱՆՆԵՍ ՊԱՊԻԿՅԱՆ / ԲԱՆԱՍՏԵՂԾԻ ԵՎ ԹԱՐԳՄԱՆՉԻ  ՄՏԵՐՄՈՒԹՅՈՒՆԸ

 

Ռուս թարգմանիչ Լև Օզերովը, որ Համո Սահյանի գործերի թարգմանությամբ էր զբաղված, Հայաստանում իր ընկեր Լևոն Մկրտչյանին Մոսկվայից գրում է, թե՝ Սահյանի գործերում պատկերներ կան, որ չեմ կարողանում ըմբռնել: Օզերովը  նկատի ուներ.

«…Կծիկ-կծիկ սարեր, կիճեր պարան-պարան,

Շարան-շարան ժայռեր, քարափ ու քերծ»:

Լևոն Մկրտչյանն այս մասին հայտնում է Սահյանին: Վերջինս ասում է. «Դու նրան հրավիրիր Հայաստան»:

Օզերովը գալիս է: Երեքով մեկնում են Սիսիան: Որոտնաբերդի մոտ Սահյանը Օզերովին ցույց է տալիս հանդիպակաց սարերն ու կիրճերը.

– Հիմա Ձեզ հասկանալի՞ են իմ նկարագրած պատկերները:

– Արդեն պարզ է,- պատասխանում է Օզերովը՝ գոհ այդ հանդիպումից: 

Անցնում է որոշ ժամանակ, Օզերովը Լևոն Մկրտչյանի միջոցով նամակ է ուղարկում Սահյանին: 

Պատմում է Լևոն Մկրտչյանը. «Համո Սահյանին տարա Լև Օզերովի «Խաչիպապի իմաստուն ժպիտը» հոդվածը, որ ստացել էի առավոտյան: Հոդվածը գրված էր Սահյանին ուղղված նամակի ձևով: Համոն ասաց, որ իր մասին գրված լավագույն հոդվածն է:

– Տե՛ս, Լևոն, թե ոնց է գրել թվերի մասին… Կամ թե` քամու մասին: «Ձեր մի բանաստեղծության մեջ քամին սկզբում կանաչ է, ինչպես Լորկայի մոտ, հետո` շիկավուն, ապա` թուխ, իսկ հետո` ճերմակ…»: Ահա ինչ է գրում Սայաթ-Նովայի «Հոտով` հիլ, դարչին, մանուշակ, վարթ սուսամբար իս ինձ ամա,// Կարմրագույն` դաշտի ծաղիկ, հովտաց շուշան իս ինձ ամա» տողերի մասին. «Այդ անծանոթ հիլն ու սուսամբարն այնքան չքնաղ են, որ նույնիսկ առանց բառարան նայելու կարելի է այդ տողերով ժամադրության գնալ սիրելի կնոջ հետ…»:

Օզերովի նամակը ընկերոջ, մտերիմի, Սահյանի  պոեզիայով հմայված մարդու նամակ է՝ շատ ջերմ ու շատ բնութագրական:

«Պոեզիան: Ձեր պոեզիան, Համո Սահյան, ինձ` ընթերցողիս հետ անձնական խոր կապի տպավորություն է թողնում: Չիմանալով քնարերգուի անկետային տվյալները` ես ամեն ինչ կամ էլ գրեթե ամեն ինչ գիտեմ նրա հոգեկան աշխարհի մասին: Տաղանդի ուժով և վարպետությամբ Դուք ինձ ստիպում եք հետևել Ձեր հոգեկան աշխարհին: Մենք նստած ենք դեմ դիմաց և զրուցում ենք: Մեջտեղում` մեր միջև, Ձեր գիրքն է:

…Համո Սահյան, հասկացեք իմ ուրախությունը և սրտնեղությունը: Դուք գրել եք բանաստեղծություններ, որոնք ես պետք է գրեի:

…Դուք վերցնում եք առօրեական փաստը, արտաքինից ոչնչով աչքի չընկնող փաստ, որի կողքով անտարբեր կանցնեն շատերը: Դրա հետ բան եք անում, որից հետո փաստը ներկայանում է կերպարանափոխված: Ես կավելացնեմ նաև` ոգեշնչված: Դուք այն գուրգուրանքով պահել եք Ձեր սրտի մեջ, շփել եք ձեռքերով, տաքացրել: Քար: Եզ: Քարափ: Մասրենի: Թռչուն: Ամպ: Արևմուտ: Ճանապարհ: Երգ: Այգաբաց: Ես դիտմամբ եմ առանձնացնում այս գոյականները: Դուք վերցնում եք դրանք իբրև բնության պարգև: Եվ սովորական առարկայի մեջ բացում եք նրա աշխարհը: Բայց առարկայի աշխարհը չէր բացվի, եթե միաժամանակ չբացվեր Ձեր աշխարհը, պոեզիայի աշխարհը… Քարափը շնչավորված է, իսկ մարդը հավերժացվել, դարձել է նույն ինքը՝ բնությունը, ձուլվել նրա հետ»:

…Ինձ հմայեց Ձեր Խաչիպապ պապը: Ինչպիսի ծերունի: Ինչպիսի հարազատությամբ է մարմնավորել ժողովրդի գծերը: Ամեն ինչի վարպետ, նա ստեղծվել է բնության կողմից, որպեսզի, կատարելով իր բոլոր բարի գործերը, նորից ձուլվի բնությանը… Դուք քնարերգության մեջ որմնանկար եք արել: Այժմ ես այնպես եմ ծանոթ Խաչիպապին, որ եթե հանդիպեի նրան փողոցում (իսկ նա ժողովրդի մեջ միշտ էլ կենդանի է, քանի որ հենց ինքը ժողովուրդն է), կբարևեի և կխոնարհվեի նրա առաջ: Մինչև գետին կխոնարհվեի, որովհետև նա ինքը Հայաստանն է:

Դուք, Համո Սահյան, խոսքի նկարիչ եք: Բնանկարի մեջ Դուք կարողանում եք տալ դիմանկար, դիմանկարի մեջ` բնանկար: Այստեղ բնանկարը և խմբանկարը (մայրը և երեխաները օրորոցում) ձուլվում են իրար:

Խոսելով կտավի մասին` ես պետք է խոսեմ նաև գույների մասին: Դուք գույների վարպետ եք: Ձեր ներկապնակի շռայլությունը պետք է զգա յուրաքանչյուր անկանխակալ մարդ: Քամին Ձեր մի բանաստեղծության մեջ նախ կանաչ է, ինչպես Լորկայի մոտ, հետո` կարմիր, հետո` դեղին, իսկ հետո` սպիտակ: Քամիների մի ամբողջ գամմա: Եվ դա խաղ չէ: Ձեր քամին կապույտ է:  (Այնուամենայնիվ, կապույտը Ձեր սիրած գույնն է):

…Կարդալով Ձեզ` ես ուրախացա, որ Հայաստանում, տաղանդներով աներևակայելիորեն հարուստ Հայաստանում կա այնպիսի բանաստեղծ, ինչպիսին Դուք եք»:

 

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։