Արտաշես ԱՐԱՄ

Արտաշես Արամ

***
Պատուհասվում ենք, բայց դաս չենք քաղում,
Կպատուհասվենք, բայց դաս չենք քաղի:
Նույնությամբ և նույն հատվածն ենք խաղում,
Կյանքը վերածած կրկնվող խաղի:

Արժեզրկվել է ամեն մի արժեք,
Եվ պանծացնում է գինը ապրանքի:
Կարիք չկա միտք և ուղեղ շարժել,
Կա ժամանակ, երբ բնազդն է հարգի:

Եվ ժամանակի հողմերն անխուսափ,
Մեր երկվությունն ու անդունդը մոտիկ:
Անխնամ` ածու, աննշան` խոզան,
Ո՛չ կամք, ո՛չ խարիսխ, ո՛չ փրկագոտի:

***
Աստղը ճչում է, ճայը ճառագում,
Ձեռագիր մատյան, գրեր խունացած:
Եվ շրջվում է էջը շառագույն,
Փոխկանչի մտած Եչը, Խեն ու Ձան:

Եվ խայտախարիվ թռչնագիր, լուսանցք,
Կի՛ն, որ հագել է մարմինը վիթի:
Հուսացողները դեռ պիտի հուսան,
Ընկրկողները ընկրկեն պիտի:

Անավարտ մատյան, խունացած գրեր,
Սիրտը` հին, ճաքած մի խնկաման, ու
Ո՞վ է դեպի ինձ աջն իր կարկառել,
Ուզածը ի՞նչ է, ի՞նչ է կամենում:

***
Ամուլ ամայություն, համատարած հեղձուկ,
Շուրջպարի են մտել անտոհմ ու անանուն:
Ամբիոններին կռթնած, ուրանո՛ւմ են, կեղծո՛ւմ
Հանուն փայաբաժնի, հանուն, հանուն, հանուն…

Լերկ ու ողորկ ստով, խաբեությամբ կոկիկ,
Հոգոցներ շաղ տալով, պարում են թև թևի:
Նյութը` նշանառու, իսկ թիրախը` ոգին,
Մի՞թե մղձավանջն այս պիտի երկար տևի:

Շփացած ու տարված հաշիշածոր քնով,
Մրափում են կիտած ոսկու շեկ շեղջերին:
Անցյալին է հառված հայացքն այն ծեր կնոջ,
Գալիքը ոչ ևս… գալիքն անզեղչելի…

***
Ո՞վ է տուն դառնում օտար ափերից,
Ո՞ւմ սիրտն է այդպես զարկում անկանոն:
Ձյունը մայթերին շաղ եկած բրինձ,
Որբ կանչերի մեջ մունջ ու կարկամ օր:

Եվ մի մոգական, թախծաթով ժպիտ
Էն աղջնակի շուրթերին թավիշ:
Դու ապագայի զարկը շոշափիր,
Պետք չէ կործանվել անորոշ ցավից:

Քո տաք շնչից էր, որ ցողը ցնդեց,
Հալվեց ձանձրույթի սառույցը դեղնած:
Փախչող հմայքդ` ալեծածան թեն,
Ինչպես կտուրի փայլաթիթեղն այն:

***
Դժգոհ է քահանան, դժգոհ է անթաքույց,
Եվ սաստիկ դժգոհ են աշխարհիկ այրերը:
Սառչել են, սառչում են սրտերը այն տաք, ու
Հեռավոր ճամփեքին մարում են քայլերը:

Ուղեկից, կենտ հույսի կանթեղը պլպլան
Մրի մեջ կորել է: Եվ թախիծ թանձրածալ:
Եվ թմբիրն է հեղվում գինու պես փրփրած,
Ձանձրալի աշխարհում չլինել ձանձրացած:

Ծովաղջիկն է տանում ջրանցիկ մարմինն իր
Օրնիբուն ծանծաղող ջրերի վրայով:
Խորացող վերքը թող ինքն իրեն դարմանի,
Դեռ պիտի ծառս լինեն գետերը վարարող:

***
Հնոցապանի նման զօրգիշեր
Շնչել ծուխ, այո՛, արտաշնչել մուր…
Հանուն ինչի՞ և ի՞նչը վերհիշել,
Գնա՛լ, հեռանա՛լ անհաղորդ ու լուռ:

Եվ լվացքատան գլխին ծխի ամպ,
Փողոցը հատող ուշացած անցորդ:
Երդումը դրժել հավատարմությամբ,
Օրինախախտ պահ և կարգազանց օր:

Եվ համառությամբ անկոր վիկինգի
Սառցաջրերը ճեղքելով լողալ:
Մահվան շեմին կամ եզերքին կյանքի,
Կարգավիճակը նույնն է` ձախողանք:

***
Սև եռանկյունին, քառանկյունը գորշ,
Իսկ մնացյալը` ջրափոս ու խութ:
Մեզ չի փրկելու ոչ մի գետնախորշ,
Ոչ մի սին պատրանք, ոչ մի թովիչ սուտ:

Կերոնի նման բռնկված հոգին
Այրվում է շեմին անդենականի:
Թող ամենագութ Աստծո գոգին,
Չարից հալածված անտունը քնի:

Քարեբաղնիքի վերածված քաղաք,
Շոգեհարում են, շոգեհարվում, զո՛ւր,
Եթե հոգում է կեղտը մակաղած,
Անզոր են դառնում օճառ ու փրփուր:

***
Արտոնյալների քրքիջն է պայթում`
Ինչպես խավարից արձակված գնդակ:
Քաղաք անվանյալ խուլ անապատում
Երթևեկում են համլետներ ցնդած:

Եվ մեռյալներն են փնտրում ողջերին,
Ողջերն են նիրհում բոժոժավորված…
Ո՞րն է ակունքը պղտորվող ջրի,
Երբ մաղձով լի է բաժակը օրվա:

Եվ համատարած խուժել է ցուցքը,
Քո՛նն է, քո կյա՛նքն է, դիտես-չդիտես…
Ինչ մնացել է, ինչ կա, տակո՛ւցք է`
Մեր հաջորդների հայացքին ի տես:

Տոնինո Գուերա
Տիեզերական ծավի, աստվածային կարմիր,
Մողեսների որսորդ, շատրվաններ սարքող…
Այդ խենթ իտալացին կայացրեց կյանքը իր
Հին վարպետաց նման, հին վարպետաց կարգով:

Եվ հայացքը նրա խաղաղ ու անվրդով,
Հայոց երկինքն ի վեր ծփաց ու ծավալվեց:
Եվ նա տեսածը իր չափեց սրտի սրտով
Եվ իր համար գտավ երկինքն ամենամեծ:

Եվ ծերությունը իր թողած ինչ-որ մի տեղ,
Վերջին ճամփան անցավ քայլքով պատանեկան,
Շրջվեց ու ապրողաց ուղղեց հարցն իր` մի՞թե
Կյանքը եզակի է, մահը` պատահական:
***
Սեր անվանյալը լքյալ ու անուժ`
Ինչպես Հիսուսը իր վերջին ժամին…
Գալու է կրկին, գալու է հանուն
Արժանավորի և անարժանի:

Եվ մարմին կառնի անգոն անանուն,
Եվ մատաղացու շղթան գառների,
Եվ ինքնամատույց զոհեր անարյուն,
Եվ մի հայեցող դասից քրմերի:

Անտրտունջ քայլել հոգսի հակն ուսած
Եվ թոթափել այն պտույտին հաջորդ…
Այս եսամեծար ստահակն, ու սա`
Սեփական երկրում` հեն ու նվաճող:

***
Դստերս` Շուշանիկին
Էն գիշերը` կույր և դու` լուսավոր,
Օ՜, առեղծվածի բաբախուն դյութանք:
Եվ տրոփում է սիրտը լի ցավով
Եվ բացվող օրվա լույս ու խնդությամբ:

Եվ քո մանկության դրվագներն են իմ
Աչքերի դեմով սահանցո՛ւմ, ցոլո՛ւմ:
Եվ քո ժպիտը` ծաղկած նռնենի,
Եվ քո մատներից սադափ է ծորում:

Խորության առջև քո ներաշխարհի,
Օտարի նման ակնածում եմ ես…
Իմ զարմանալի, իմ գերաշխարհիկ,
Քո կողքին անգամ կարոտում եմ քեզ:

***
Ոչ խորհրդավոր ընթրիք ու զրույց,
Խաժ աչուկներիդ խոհուն խավը, և
Գուցե դիպվածն իր ճանկերն է սրում,
Եվ պատահարն է վարգում հևիհև:

Գերեվար հուշեր և նահատակ իղձ,
Եվ հասակը քո ոսկեբանված էջ:
Ալեվետում են գորգը հատակի
Քայլերդ` անցած ժամանակի մեջ:

Կողքից, դարանած ընձառյուծի պես
Ինչ-որ հայացք քեզ զննում է ծածուկ:
Օ՜, գեղեցկության դու հաղթահանդես,
Քո ձույլ հմայքն է զվարթ թևածում:

***
Քո ձայնը աղոտ լույսի հայտանիշ,
Կիսախավարում որոնում եմ քեզ:
Պահը բաժինն իր պիտի հար տանի,
Մեզ թողած հուշի փշրանքները, տե՛ս,

Ձավն` անշուք, թող քո դեմքին անթառամ
Երբեք չդիպչեն հայացքներ քինոտ:
Դարավանդի կոր, ինչ-որ անտառակ,
Արշավախումբը աղի հանքի մոտ:

Քո անվան կողքին անուններ կային,
Չմտապահվա՛ծ աչքեր ու շուրթեր:
Հնարավոր է փախչել ներկայից,
Բայց անհնար է անցյալը ժխտել:

***
Հեռավոր մութի կաղկանձը, կոպե՜ր,
Պիտի գար, չկա ու չի երևում:
Եվ սեր ասվածը սառույց է կապել`
Ինչպես մեդուզան սառցաջրերում:

Ինչ ձգտում, ինչ տենչ, հեռանկար ինչ,
Շա՛հը: Դողում է սալարկը ողորկ:
Եվ ժամանակը` ծաղրանկարիչ,
Եվ կերպախեղված ներաշխարհ ու խորք:

Խաբված ժողովուրդ և գոց դարպասներ,
Քեդխուդայական խրախճանքը գոլ:
Քսությամբ, ոխով, արյամբ արբած նեռ
Եվ վերից կախված նրա ճանկը կոր:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։