Ներկայացված է «Գրական թերթիե մրցանակաբաշխությանը Արցախյան ազատամարտը և գրականությունը / Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

Անկեղծ ասած, վաղուց էի ուզում անդրադառնալ այս նյութին, բայց անընդհատ ինչ-որ բան ետ էր պահում, թվում էր դեռ ժամանակ կա՝ մինչև պատկերն ավելի ամբողջանա, հստակվի: Բայց սահմանային գոտում սանձազերծված ադրբեջանական ռազմական նոր ագրեսիան ցույց տվեց, որ այլևս դանդաղել չի կարելի, որովհետև իսկական հերոսներ են ո՛չ միայն նրանք, որ առաջինը ձեռք մեկնեցին զենքին, մարտի դաշտում պաշտպանել և պաշտպանում են ազգն ու հայրենիքը՝ հեղելով իրենց սուրբ ու ազնվական արյունը, այլև նրանք, որ կերտեցին ու շարունակում են կերտել նրանց սխրանքների պատմությունը՝ գրիչը թաթախելով նույն այդ արյան մեջ:
Իսկ նյութ՝ գրակա՛ն նյութ, կա: Հրապարակի վրա են Արցախյան ազատամարտի հերոսական և ողբերգական դրվագները արտացոլող փաստավավերագրական, հրապարակագրական գրքեր, տարբեր ժանրերի չափածո և արձակ ժողովածուներ: Շատ բան կարելի է քաղել հայաստանյան ու արցախյան գրական և ոչ գրական մամուլից: Հատկանշական է, մասնավորապես, «Հայ զինվոր» թերթի ներդրումը, որն ազատամարտի առաջին իսկ տարիներից իր էջերում տեղ է հատկացրել ազգի մարտական ոգին խթանող դասական ու արդիական գրական նմուշներին: Գործել է «Վահագն» հանդեսը, որը վարում էր Վահագն Դավթյանը և որը 1993-ի հոկտեմբերին իր առաջին խմբագրականում ահազանգում էր՝ «Ուզում ենք հարց տալ մեր բանաստեղծներին, գրողներին, երգահաններին, նկարիչներին. մի՞թե կարծում եք, թե մեր այսօրվա ազատամարտիկների, արցախյան զորագնդերի շարքերում չկան Աղբյուր Սերոբների, Գևորգ Չաուշների, Անդրանիկների, Սմբատների արժանի սաներ ու ժառանգներ: Չեն կարող չլինել: Անհնար է… Իսկ ո՞ւր մնացին նրանց մասին գրված երգերն ու բանաստեղծությունները, նրանց կերպավորող պատմվածքները, գեղանկարները… Չէ՞ որ հենց դրանց օգնությամբ է, որ հերոսները փոխվում են լեգենդի: Իսկ լեգենդը վիթխարի ուժ է»: Հանուն արդարության ասենք, որ, այո՛, ոչ բոլոր գրողները անմիջապես արձագանքեցին ժողովրդի նորօրյա զարթոնքին: Այնպես, ինչպես ոչ բոլորն անդամագրվեցին թեժ պայքարին, ձեռքն առան զենքը, դիմեցին դեպի խրամատները: Բայց այդպիսին է կյանքը: Այդպիսին են մարդիկ: Յուրաքանչյուրն իր սրտի կանչով, իր խառնվածքով, իր մտածողության ու կարողության չափով: Իր ճակատագրով: Ուրեմն, առավել ևս չի կարելի պատշաճը չմատուցել մանավանդ նրանց, ովքեր առաջինը եղան իբրև հայոց նոր վերածննդի անձնազոհ տարեգիրներ, ովքեր առաջինը գրեցին և գրում են 20-րդ դարի Ավարայրի նորօրյա մաքառումի այբուբենը: Ուրեմն, ո՛չ գեղեցիկ խոսքի, այլ հանուն ճշմարտության է ասվում, թե սա պատերազմ է ազգովին, քանզի մասնակից են ոչ միայն ապրողները, այլև մեռյալ-լուսավորյալները՝ Հայկից մինչև Անդրանիկ, Եղիշեից մինչև Դաշտենց… Ահա թե ինչու 1995-ին լույս տեսած «Դժոխք և դրախտ» գրքի նախաբանում Զորի Բալայանը համոզված էր, որ «Ղարաբաղյան շարժման մասին, մեր Հայրենական պատերազմի մասին կգրվեն բազմաթիվ գրքեր: Դեռ կգա մեր նոր Եղիշեն, որն անպայման ապագա սերունդների համար կթողնի 20-րդ դարի Ավարայրի տարեգրությունը: /…/ Բայց առայժմ մեզանից՝ հայ գրողներիցս յուրաքանչյուրը պարտավոր է իր ուժերի և հնարավորությունների ներածին չափով պատմել պատերազմի առօրյայի մասին, /…/ փորձել մեկնաբանել Ղարաբաղի ոգու բացառիկության գաղտնիքը»:
Խոստովանենք, գրողը ճիշտ նշանակետին է դիպել՝ Ոգու բացառիկության գաղտնիքը: Բացառիկություն, որի խորագույն իմաստը՝ ցանկության ու նվիրումի դեպքում, հասնում է ոչ միայն մեզ՝ հայերիս, այլև բարեկամ օտարներին: Չէ՞ որ միայն այս չափումների մեջ է ըմբռնելի Քերոլայն Քոկսի այն խոսքը, թե «Այս ժողովուրդը իսկապես դատապարտված է հաղթելու»:
Ցավոք, գրական ազատամարտիկներից ոմանք այսօր արդեն չկան, բայց հասցրին հավերժացնել իրենց անունները ժողովրդի պատմական հիշողության մեջ. Բագրատ Ուլուբաբյանը, որ հրապարակ է հանել Արցախի պատմությունը հին ժամանակներից մինչև մեր օրերը, Սամվել Շահմուրադյանը, Ռենալ Միրզոյանը, որ մեծ աշխատանք էին կատարում Արցախյան շարժման ու ազատամարտի փաստական վավերագրման համար, երիտասարդ տաղանդավոր բանաստեղծ Կոմիտաս Հակոբյանը, որ համոզված էր, թե ճախրանքի համար էր ծնվել և արյամբ ձեռք բերեց հայոց սերունդների հոգևոր երկնակամարում ճախրելու իր իրավունքը, քսաներկուամյա բանաստեղծ Աղվան Մինասյանը, որ զոհվելուց առաջ մի հրաշքով հասցրել էր ձայնաժապավենին հանձնել պատերազմի ընդմիջումներին գրած իր տաք տողերը, արձակագիր Մանուկ Մնացականյանը, որի սիրտը մի օր կանգ առավ երևանյան իր բնակարանում՝ Արցախյան ողբերգության և հերոսության դրվագների «Լուսավորչի կանթեղը» գեղեցիկ ժողովածուն մեր սեղանին դնելուց հետո, ազատամարտիկ-արձակագիր Լևոն Խեչոյանը, որի կարապի երգը եղավ հայոց ոգեկան արմատները պեղող իր գլխավոր երկը՝ «Մհերի դռան գիրքը», Վրեժ Իսրայելյանը, որի «Մահից առաջ և հետո», «Մահապարտներ», «Առաջին գիծ» և այլ կինոսցենարներն ու պատմվածքները հարստացրին մեր ժողովրդի արցախյան նորօրյա հերոսամարտերի գեղարվեստական վավերագրությունը…
Իսկ նրանք, որ դեռ «դիրքերում» են, շարունակում են նաև զոհվածների ու մեզնից հեռացածների փոխարեն: Զորի Բալայանը, Բակուր Կարապետյանը, Հովիկ Վարդումյանը, Գրիգոր Ջանիկյանը և ուրիշներ զարմանալի բեղմնավորությամբ հասցրել են ընթերցողներին հանձնել Արցախյան շարժմանն ու ազատագրական պատերազմին նվիրված իրենց ակնարկները, պատմվածքները, վիպակներն ու վեպերը: Վարդան Դևրիկյանի «Չսկսված և չավարտված պատերազմը» ներկայացնում է Արցախյան ազատամարտի տաք օրերի պատկերը՝ ականատեսի ու մասնակցի աչքերով:
Փաստավավերագրական ու գեղարվեստական բազմաթիվ գործեր են գրվել հերոս ազատամարտիկների մասին: Ամենից ուշագրավ կերպարը այդ շարքում անզուգական Մոնթե Մելքոնյանն է. դեռ 90-ականների կեսերին արցախցի գրող, Մարտունու պաշտպանական շրջանի պարետ Սեյրան Քամալյանը լույս է ընծայել «Ավոն մեր աչքերով» վավերագրական վիպակը, իսկ Ասպրամ Ծառուկյանի «Բարև, ինչպե՞ս եք, լա՞վ եք» ժողովածուն հուշային պատումներ են լեգենդար հրամանատարի կյանքի ու պայքարի դրվագներից: Հրանտ Գյուլասարյանի «Ճանապարհ կրակի միջով» վավերագրական վեպը պատմում է Ղևոնդ Հովհաննիսյանի ու նրա առյուծ տղերքի քաջագործությունների մասին, Աշոտ Պետրոսյանի «Մեծն Շահէն»-ը ծավալուն պատում է հայդուկապետ Շահեն Մեղրյանի հերոսական կյանքի մասին, իսկ Գրիգոր Ջանիկյանի «Հաղթազենները» ժողովածուի գեղարվեստական ակնարկները վերակերտում են ազատամարտիկ հերոսներից շատերի կերպարները: Ճշմարտությունն այն է, որ արցախյան ոգին և ազգային անկախության, մաքառման շունչը ներկա է ոչ միայն պայքարի ու կռվի նկարագրություններում ու արձագանքներում, այլև ավագների՝ Վահագն Դավթյանի, Սիլվա Կապուտիկյանի, Հրաչյա Հովհաննիսյանի բանաստեղծական տագնապներում ու ոգեշնչող տողերում, միջին ու կրտսեր սերնդի շատ գրողների տաք խոհերում ու ներշնչանքներում: Արցախյան հերոսամարտի արձագանքները լսելի են նաև Սփյուռքի մեր գրողների գործերում: Հատկանշական է, օրինակ, Զարեհ Խրախունու Երևանում հրատարակված «Ազատագրություն» ժողովածուի՝ «բոլոր հերոսամարտիկներուն» ուղղված, ներքին խոր հուզականությամբ աչքի ընկնող «Գիր ներողութեան» բանաստեղծությունը: Իսկ Հակոբ Պալյանի «Արցախի ազատագրական պայքարը՝ պրիսմակէս դիտուած» /Փարիզ, 2001/ ծավալուն ժողովածուն պարունակում է արձակագիր-հրապարակագրի՝ 90-ականի սկզբի պատերազմական տարիների մասին «օրը օրին գրուած» հոդվածները, ակնարկներն ու ելույթները:
Արցախյան ոգին ծլարձակեց խորհրդային կայսրության ճաք տված ժայռի նեղ ճեղքվածքների մեջ: «Կամք լարելու ժամանակներ էին, պատմության հին սռնին վտանգավոր ճաք էր տվել ու դուրս թռչող անիվը գլորվելու էր ավերիչ թափով,- գրում է Վահան Սաղաթելյանը «Արնախաչ» գրքի «Դրոշը» պատմվածքում: Ու «թափանցիկ դարձավ ընկալումը, որ քաղաքականության առուներում հոսող պղտոր ջրերն արդեն քանդել էին խաղաղության հին բանդերը»: Եվ ծնվեցին պայքարի հերոսները, ինչպես պատմվածքի հերոսը՝ Սեթոն, որին «հայ ժողովրդի պատմությունն ու ֆիդայիների ոգին շեղել էին ուսումից» ու քսան տարի հետո էլ նա «ֆիդայական ոգու նո՜ւյն գիժն էր», «արյան բռնկման նույն տենդի մեջ»: Այնուամենայնիվ, պատերազմը խաղալիք չէ, պատերազմը հաղթանակի ոգին է, բայց ոչ հաղթանակների շարանը: Ու տղերքը իսկական զինվոր են դառնում կռիվներում թրծվելով, տղամարդանալով, ինչպես հազար տարի առաջ: Այդպես էլ Արա Նազարեթյանի «Ավերակ տունը» պատմվածքի պատանի հերոս Սանոն՝ երբ «գնդակը գլխարկի հետ ծակեց ոտքի թաթը և պատերազմն ընկալվեց այնպես ինչպես կա, /…/ Սանոյի մանկազվարթ ծիծաղը մեկեն դեմքին սառավ…»:
Այս հերոսի հիմնական հատկանիշը նրա ազգային ճշմարիտ կերպարի, դիմադրության ոգու վերազարթնումի ընթացքն է: Լինի գեղարվեստական ժանրի գործերում՝ վեպ, վիպակ, պատմվածք, նովել թե հրապարակագրական-լրագրողական տաք հետքերով ծնված ակնարկ ու ռեպորտաժ, որ վարում էին մեծից փոքր՝ սկսած Սերո Խանզադյանի «Արցախյան կանչերից», Իգնատ Մամյանի «Պատերազմի ճամփաներով», Ռոմիկ Սարդարյանի «Զանգեզուրյան էսքիզներ» ակնարկաշարերից մինչև Ռոբերտ Եսայանի, Նորեկ Գասպարյանի և մյուսների հրատապ ելույթները, հերոսը ներկայանում է ձևավորման ընթացքի մեջ, իբրև բարդ բնավորություն, ներքին հոգեկան պայքարով, զարգացման որոշակի դինամիկայով, որը, պատերազմական իրադարձություններին զուգընթաց, ձեռք է բերում նոր համոզմունքներ, նոր հոգեբանություն, նոր դավանանք: Որովհետև, ինչպես արձանագրում է Հրաչ Բեգլարյանի «Վերջին մարտը» պատմվածքի հերոսը, «էս պատերազմը վրեժի պատերազմ է, պատվի պատերազմ, /…/ էս պատերազմը դաժան է ու գերի չեն ընկնում էս պատերազմում»:
Իրոք, արտասովոր, բացառիկ է Արցախի պատերազմը, որովհետև էլ ո՞ր երկրում, ո՞ր ժողովրդի մղած պատերազմներում կարող եք ցույց տալ, որ մի պառավ Մարեի վերադարձը իր հայրենի գյուղ ռազմավարական նշանակություն ունենա նրա պաշտպանության համար, ինչպես դա պատահում է Մանուկ Մնացականյանի «Միջօրե» պատմվածքում: «Ամո՞թն էր, թե այլ էր պատճառը՝ նրա գալուց հետո այլևս ոչ ոք չլքեց գյուղը և դեռ հակառակը՝ ուրիշ եկողներ էլ եղան՝ պինդ, առողջ, կռվող տղերք, մեծ մասամբ բնիկների թոռներ ու ծոռներ»: Ուրիշ էլ որտե՞ղ, եթե ոչ միայն Արցախի հողում կարող է պատահել անհնարինը՝ ռումբերի անձրև տեղալ օրը ցերեկով, ինչպես նկարագրված է Աղասի Այվազյանի “Problema” ժողովածուի «Ղարաբաղ» մանրապատումի մեջ. «Արցախցի աղջնակը տոտիկով հարվածեց գետնին, և մի պահ հետո նա մինչև կոկորդը թաղվեց ռումբերի և արկերի տակ»:
Պատերազմի այդ դաժանությունն է, որ առաջին հայացքից հակասության մեջ է մտնում հայի բնական էությանը հատուկ մարդկային բարոյական չափանիշների հետ: Ծագում է խղճի հիմնահարցը, Մուշեղ Մամիկոնյանական մեծահոգի-ազնվասրտության ֆենոմենի հաղթահարման գերխնդիրը: Դարերով սրբագործված, մեր գրականության նախընթաց փորձով ամրակայված ճշմարտություն, որ արդիական շարունակության մեջ անխուսափելի ճշգրտումներ է ենթադրում: Ահա թե ինչու, Հրաչ Բեգլարյանի «Տունը» պատմվածքի գյուղացի հերոսը, որ մարտական ոգով մկրտվելուց հետո, հաստատ համոզված էր, թե «հիմա լիներ, կդիրքավորվեր տան մեջ ու մենակ թուրքի մի բոլուկ ձորը կլցներ», սկսում է հասկանալ նաև, որ «այլևս չի կարողանալու խղճալ թշնամուն»: Արա Նազարեթյանի «Հետևակ» շարքի «Գնում էին երկուսով» պատմվածքի հերոսը ինքն իրեն արդարացնում է այն համոզմամբ, թե «էդ դաժանությունը իրենցից սովորեցինք» ու բավական է արդար լինենք լպիրշ անարդարի հանդեպ: Ու արյամբ սերտած այդ ճշմարտությունը գերի ընկած թուրքի տղամարդկության նշանը դանակով կտրած սումգայիթցի աղջկա մեջ նույնիսկ աֆորիստիկ ձևակերպում է ստանում՝ «Թող ինքն էլ հիշի: Հուշը հիշատակով է լինում, հիշատակ թողեցի»:
Պատերազմի բանաստեղծական տարեգրությունը ստեղծվում է մտածողական ու ոճական բազմազան եղանակներով: 90-ականի սկզբին զենքով իր անկախությունը նվաճած Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունն ունեցավ իր օրհներգը, որի խոսքի հեղինակն է բանաստեղծ Վարդան Հակոբյանը: Ստեղծվեցին հայոց նորակերտ բանակի առաջին մարտական քայլերգերը: Ոգեշունչ խոսքի ներքին լիցքերով էին բնորոշվում հատկապես ավագ ու միջին սերնդի բանաստեղծների քերթվածները, ինչպես Սոկրատ Խանյանի «Արցախյան ղողանջներ» ժողովածուում կամ Մկրտիչ Սարգսյանի «Սահման քաջաց» շարքում, իսկ Վահագն Դավթյանի մինչ այդ քնարական նրբությամբ շնչող տողը նույնիսկ մարտական շունչ ու զորություն է ձեռք բերում: Մասնավորապես, Արցախում զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված «Զա՛րկ, իմ զարմանալիդ» բանաստեղծությունը ներծծված էր ապագա հաղթանակների լավատես կանխազգացությամբ.
Ուրեմն, զա՛րկ, Արցախ, //Չկա ուրիշ հնար և ուրիշ ելք չկա… //…Զա՛րկ դեռ ու հավատա, որ արշալույսն այդ մեծ // Սրի ծայրին է քո, իսկ քո հողը մի բուռ՝ // Քո քարակոփ ու կուռ բռունցքի մեջ…
Նույն ոճը, քիչ ավելի խիստ ու ներքնապես ջլապինդ, հանդիպում էր նաև երիտասարդների մոտ: Այդպիսին էին, օրինակ, Խաչիկ Մանուկյանի «Վիրավոր Խաչ» ժողովածուի «Հայկի երկիր» շարքի՝ արնոտ դարերի պատերի տակ կորած հայոց արքային ուղղված հետևյալ տողերը.
Ժամն է, և գիտեմ, որ պիտի գաս //Հայկ Նահապետի անհաղթ փառքով // Եվ բռնակալին ողջո՛ւյնդ տաս // Առասպելակա՜ն տեգիդ զարկով:
Բայց, իհարկե, Արա Նազարեթյանի հերոսներից մեկի դիպուկ բնորոշմամբ՝ «Էս կռիվը նախ հաղթել է պետք»: Ու շարունակում են բանաստեղծական տողեր ծնվել նաև խրամատներում: Ինչպես Ռոբերտ Եսայանի ներշնչումներից շատերը, որոնք հաճախ սերունդների փոխկանչի խորհուրդը ունեն իրենց մեջ: «Ու ազատ կյանքըդ: – Ի ծայր քո սուրին…»՝ ավելի քան մեկ դար առաջ Ռափայել Պատկանյանի արձակած ճիչը կարծես իր արձագանքն է գտնում նորօրյա բանաստեղծի տողերում.
Սրի շեղբին երկրի բա՜խտն է լուսավորվում,
Եվ պրկվում է բախտը աղեղի պես Հայկի,
Որով դժոխային վիհը պիտի փակվի:
Իսկ ահա Կոմիտաս Հակոբյանի համար իրականությունն ավելի ցավոտ դեմք ունի.
Այստեղ՝ ցավի ու մահվան դաշտում // Ռումբերն ու արկերը // Թքում են արյուն, // Ու հիշողության ցանցում մեռնող // Րոպեներից նվվում է երակս:
Բանաստեղծի նյարդերը ձգված են մինչև վերջ և, թվում է, տեղ չկա ռոմանտիկ ապրումի համար.
Ես կռվում եմ, //Ու կը-րա-կում եմ չափածո…
Տեր իմ Աստված, // Այս ի՞նչ եղավ. //Շփոթվել են // Իմ գրիչն ու ավտոմատը:
Նոր օրերի չափումների մեջ նոր իմաստ է ստանում բառի ընկալումը, որն ասես դառնում է ավելի տարողունակ, ավելի զորեղ ու բազմաբովանդակ: Հրանտ Ալեքսանյանը «Երևակված երկիր» շարքում խոստովանում է.
Քո բառերը ապրում են // թռչնի թևերին, //
Գիսաստղի կրծքում, // բարդու բնի մեջ…
Գնդակների վրա…
Արտասովո՞ր է, բայց ահա այդպիսին է ճշմարիտ ընկալումը՝ առանց սեթևեթանքի, առանց գեղեցկացման, առանց գրականացման: Պատկերն ակամայից հանում է զգեստները, մնում մերկ ու անողոք՝ արձակված գնդակի նման…
Պատկերի նույն անսքող մերկությունն ունեն Արտեմ Հարությունյանի «Նամակ Նոյին», «Հուդայի արձակուրդը», «Հեռուստապոեմներ «Շուշի» և «Բաբելոն» հյուրանոցների աշտարակից» ժողովածուների շատ գործեր: Ահա, օրինակ, պատերազմի պատկերը՝ «Ստեփանակերտը՝ ադրբեջանցի-թուրքի «Գրադի» հարվածից հետո» բանաստեղծության ընդամենը մի քանի սեղմ ու դիպուկ տողերի մեջ պարփակված.
Շրջելով // քաղաքում// տեսա՝ //Կողպեք // կար // ամեն // ավերված // Տան // դռան // վրա- //Բաց // էին – // Տանիքները…
Թերևս հենց այս տողերն են, որ լավագույնս ձայնակցում են Դավիթ Հովհաննեսի «Պոեզիան այն է, ինչ պոեզիա չէ» բանավիճային կարգախոսին, քանզի իր «Տագնապներ»-ի չընդհատվող շարքում Դ. Հովհաննեսի տողը նույն բաց ու հատու մերկությունն ունի.
Արցախը չենք տա… // Այն, ինչ թղթով են մեզնից խլել – // Մեր սուրբ արյամբ ենք վերադարձնում…
«Գեղեցկությունը ժամանակ չունի, /…/ գեղեցկության ժամանակը միշտ է»՝ հաստատում է Մ. Մնացականյանի պատմվածքի հերոսը, իսկ բառի մեջ պարփակված գեղեցկությունը ժամանակի բուն նշանն է, հավաստում է Հրաչյա Թամրազյանը.
Բառը, //Բառը, // քունքի // զարկը // ժամանակի…
«Նոր տոմար» ժողովածուում հեղինակը հավատում է բացվող ժամանակներին, այսօրվա պայքարում ցանված սերմերի ապագա հունձքին.
Թափված արյունը պիտի ծաղկի // Ու պիտի լույս տա նոր երկրում:
Ավելի քան քսան տարի է անցել 1994-ի հրադադարից հետո, բայց պատերազմը՝ ավելի նենգ, երբեմն թաքուն, երբեմն բացահայտ սադրանքային ձևերով, երբեք չի ավարտվել: Հրադադարը թշնամին օգտագործել է սպառազինվելու, մեծամասշտաբ նոր ագրեսիա սկսելու համար: Սակայն այսօր արդեն պարզ է, որ հերթական անգամ սխալվել է իր հաշիվներում, քանզի նույնն է թշնամին, բայց նույնն է նաև նրա դեմ ելած հայի անպարտելի Ոգին: Քանզի ինչպես հավաստում է Վարդան Հակոբյանը՝ «Զենքը ուժ չէ, // Ուժն է զենք: Մեր փրկությունը մենք ենք ու մեր զինվորագրված բռունցքը»: Իսկ սահմանային վտանգավոր գոտում ամեն օր իր, իր ընտանիքի ու ազգի արժանապատվության համար կռիվ տվող բանաստեղծ-արձակագիր Սամվել Բեգլարյանը, ում «թոռների օրորոցայինը չդադարող կրակահերթերն են», ավելի քան հստակորեն է ձևակերպում ճշմարիտ հայրենասիրության բանաձևը. «Հայրենասիրության սահմանումը սահմանին է սահմանվում»:
Վերջին մեկ-երկու տարիներին Պաշտպանության նախարարության հետ Հայաստանի գրողների միության հիմնած գրական մրցանակաբաշխությունը՝ նվիրված Հայոց բանակի թեմային, ցույց է տալիս, որ ռազմահայրենասիրական թեմատիկան շարունակում է արդիական մնալ զանազան ժանրերով գրող տարբեր սերունդների գրողների համար: Բացի Արցախյան պատերազմի բովով անցած, պատերազմի լույսն ու մութը տեսած հեղինակներից, արդեն լսվում է նաև 90-ականի սկզբների ճակատագրական տարիներին իրենց մանկապատանեկան աչքերի և ընկալումների մեջ արտացոլած սերնդի ձայնը:
Արցախյան ազատամարտի գեղարվեստական տարեգրությունը, հետևելով մեր դասական գրականության հայտնի արժեքների մշակումներին, այսօր ևս արծարծում է հայ զինվորի բացառիկ էության հիմնահարցը՝ իբրև արդիական դրսևորում: Բնորոշ են Էդվարդ Միլիտոնյանի՝ այս օրերի տաք հևքով գրված «Քաջերին» բանաստեղծության տողերը.
Մենք ձեր ցավը // տանենք, տղերք, // Սահմաններին՝ չորս օրվա մեջ // Դարձաք լեգենդ ու // դարձաք երգ //Ու պատմության հրեղեն էջ…
Ո՞րն է գաղտնիքը, ինչո՞ւ է մեր մեջ արմատացած այն համոզմունքը, թե կռվի դաշտում մի հայ մարտիկը թշնամու հարյուր զինվոր արժե: Եվ պատասխանը մեկն է՝ որովհետև հայի պատերազմը միշտ էլ պաշտպանական պատերազմ է եղել, հարկադրվա՛ծ, ազատագրական, արդա՛ր պատերազմ: Ետևում Հայրենիքն է, հարազատ օջախն ու տունը, նահանջելու տեղ չկա, ուրեմն և միակ կարգախոսը «մահ իմացյալ…»-ի ճշմարտությունն է եղել: Ահա թե ինչու, միշտ էլ ծնվել են երգիչներ, որ տաք ու գեղեցիկ բառերի հուսալի պատյաններում ներկա և ապագա սերունդների համար փակել-պահպանել են ազգի գոյատևման ոգեկան կոդերը:
Այդպես՝ նաև այսօր:
(Լրագրային տարբերակ)

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։