Գառնիկ ՄԱՆՈՒԿՅԱՆ

ՈՒԹՆՅԱԿՆԵՐ
***
Մեխերով խաչված տարաբախտ որդին
Ամբոխի ծաղր ու
ծանակի ներքո
Հորն ուղղեց վերջին խոսքն ու
մահ գտավ.
-Աստված իմ, Աստված,
ինչո՞ւ ինձ թողիր:

-Թողեց, որ մարդու մեղքն
առնես վրադ,
Մեռնես ու հառնես, ու
աստվածանաս,
Թե չէ բյուրոց պես հողից
ծնվելով`
Պիտի նորից ետ
դառնայիր հողին:
***
Ցուրտ է ու մշուշ,
Չի շողում արփին,
Չի կանաչում դեռ
Օրերի հերկը:

Գրում ու հետն էլ
Խորհում եմ ցավով`
Կա՞ մեկը, որին
Պետք է իմ երգը:
***
Դու ինչքան էլ զորեղանաս,
Թեկուզ հառնես
աստղերից վեր,
Թեկուզ սիրեն աստվածները
Ու բարեհաճ ինչքան լինեն,

Մեկ է, մի օր ծխի նման
Կցնդի քո փառքն առհավետ,
Զի ամեն ոք ունի կյանքում
Իր մենության Սուրբ Հեղինեն:
***
Դեռ մի ջանա
Ինձ ճանաչել,
Նախ և առաջ
Զքեզ ծանիր:

«Բարիքներից»
Կուշտ եմ այնպես,
Դու իմ վերքին
Աղ մի՛ ցանիր:
***
Վատնած օրերն էլ չեն դառնա,
Ինչքան ձայն տաս ու որոնես,
Քանզի դրանք մոռացության
Շիրմատունն են վաղուց չվել:

Կորուստների ցավն անամոք
Կեղեքում է հոգիդ անվերջ,
Ու խորհում
ես դառնապատիր`
Դեռ ինչքան քիչ բան եմ տվել:
***
Քո ծննդից դեռ առաջ
Առկա է քո բախտն արդեն,
Կանխորոշված է վերուստ
Սաղմի մեջ ու բջիջի:

Նա է իշխում քեզ վրա,
Նա է գծում քո ճամփան,
Թե մինչև ուր կհասնես,
Թե հուրդ ե՞րբ կշիջի:
***
Անցյալն աչքիդ ասես թե
Մի հեքիաթ է թվում պերճ,
Եվ հեքիաթն այդ առօրյա
Գորշության հետ չես փոխի:

Զուր ես այդքան ետ նայում,
Փարվում այդքան անցյալին,
Ինչքան քաղցր էլ լինի նա,
Մեկ է, հուշ է ու մոխիր:
***
Անուրջների աշխարհը
կապույտ լույս է ու ոսկի,
Անաղարտ է, անթերի,
անմատչելի ու անհաս,
Շատերն ընկան ճանապարհ`
այդ աշխարհին
հասնելու,
Փնտրեցին, բայց չգտան,
նյութի հասան ու հացի:

Շատերի պես հուսավառ
ես էլ ելա փնտրելու,
Երկար, երկար փնտրեցի,
բայց ոչ մի տեղ չգտա,
Որոնեցի ամենուր,
գրքերի մեջ, երգերում
Ու դարձյալ նույն անարծաթ
երազողը մնացի:
***
Հասած մրգի նման
Կընկնի օրդ վերջին,
Եվ երկրային կյանքդ
Կլինի լիր-լրած:

Ինչքան կուզենայիր
Ապրել երկրորդ կյանքդ,
Այս անգամ էլ ուրիշ
Մոլորակի վրա:

Սաղմոս
Անցել ես արդեն
երկար մի ճամփա,
Մթնշաղին ես արդեն հասել քո,
Հասել ես արդեն սահմանագծին,
Որտեղից ճամփա էլ չկա այն կողմ:

Թողել ես հեռվում մանկություն
մի ջինջ,
Պատանեկություն`
խենթ ու հրեղեն,
Ամառներ կիզիչ, աշուններ շռայլ
Եվ ինչե՜ր, ինչե՜ր
ճամփին չես թողել:

Ապրել ես` ցավի եղյամով պատած
Եվ տառապանքի խաչը կրելով,
Մոմեր ես վառել Բարու խորանին
Եվ ինչ-որ տեղ էլ Չարին ներելով:

Բայց անմահական
ջրին չես հասել,
Չես հասել, ավաղ, երեք խնձորին,
Եվ խավարն, ահա, իջնում է վրադ,
Ագռավն է վայում մոտակա ձորից:

Եվ հուշի փոխված անցյալդ հիմա
Հոգիդ է գիշեր ու տիվ ասղտում,
Ձեռքով է անում
հեռվից անդադար`
– Վերադարձիր տուն,
վերադարձիր տուն…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։